ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Այսօր (Չորեքշաբթի, 15 Փետրուարին) իր համապետական եւ տարածքային ընտրական ցուցակները հրապարակեց նաեւ ՀՅԴն: Կուսակցութեան նախընտրական շտաբի ղեկավար Աղուան Վարդանեանը տեղեկացրեց, որ ցուցակում 170 անձ է ներառուել, որոնցից 45ը անկուսակցական են, սակայն հանդիսանում են ՀՅԴի գաղափարակիրներն ու համախոհները: ՀՅԴ ցուցակների հրապարակուած մասի հպանցիկ, համեմատական վերլուծումը թոյլ է տալիս կատարել մի քանի հիմնական դիտարկում, որոնք ինչ որ առումով բնորոշում են խորհրդարանական այս ընտրութիւններից կուսակցութեան հիմնական ակնկալիքները:
Նախ՝ ի տարբերութիւն ՀՀԿի նախօրէին հրապարակուած ցուցակի, ՀՅԴի պարագայում մեծ անակնկալներ ըստ էութեան չկան: Ցուցակը ղեկավարում են մարդիկ, ովքեր հանդիսանում են կուսակցութեան ներկայացուցիչները եւ ում ներկայութիւնն առաջին համարների ներքոյ խօսում է ընտրական եւ յետընտրական շրջանում կուսակցութեան կանխատեսելիութեան, ծրագրային ուղեգծի, ձեռագրի անփոփոխելիութեան եւ թիմի հիերարխիկ (նուիրապետական-Խմբ.) կուռ կառուցուածք ունենալու մասին: Հանրային ընկալումներում քաղաքականութիւնը դեռեւս մնում է անձնաւորուած, եւ այս տեսանկիւնից Արմէն Ռուստամեան, Աղուան Վարդանեան, Դաւիթ Լոքեան եռեակի առաջնորդումը թոյլ է տալիս ընտրողին յստակ պատկերացնել, թէ ինչ դէմքով կամ դէմքերով է ներկայանալու ՀՅԴն:
Երկրորդ՝ յատկապէս ցուցակի երկրորդ տասնեակի նկարագիրը վկայում է, որ չնայած առաջնորդման հարցում մնալով պահպանողական, ՀՅԴն էականօրէն թարմացնում եւ երիտասարդացնում է իր թիմի ակտիւը: Ցուցակի այս հատուածում ՀՅԴն առաջադրել է առաւելապէս վերջին մի քանի տարիներին իրենց ակտիւ, նախաձեռնողական գործունէութեամբ աչքի ընկած երիտասարդների, ում համար այս ընտրարշաւը նաեւ ինքնադրսեւորման եւ քաղաքականապէս աւելի հասունացման հնարաւորութիւն է լինելու:
Երրորդ՝ ցուցակի առաջին տասնեակում ընդգրկուել են ՀՅԴ քուոտայով (սահմանուած բաժինով-Խմբ.) ներկայիս կառավարութեան անդամները: Սա յուշում է, որ կուսակցութիւնը մի կողմից գնահատում է իր «կադրերի» աշխատանքը եւ շեշտադրում կատարում թիմային ներկայանալիութեան վրայ: Այդ ցուցակից որոշակիօրէն հետեւում է, թէ մօտաւորապէս ի՛նչ դերաբաշխում է կատարուելու, եթէ ՀՅԴն Աժ-ում մեծամասնութիւն կազմի կամ մեծամասնութիւն կազմող կոալիցիայի մաս դառնայ: Այսինքն, ընտրողն այս ցուցակին ծանօթանալով մօտաւորապէս պատկերացնում է այն «ստուերային» կամ վիրտուալ կառավարութիւնը, կադրային բանկը, որը ՀՅԴն առաջարկում է իրեն:
Չորրորդ՝ ՀՅԴ ոչ համամասնական եւ ոչ էլ ռէյտինգային ցուցակներում որեւէ օդիոզ, այսպէս կոչուած քրէաօլիգարխիկ կերպար չկայ: Համամասնական ցուցակի պարագայում սա թւում է հասկանալի: Սակայն ուշագրաւ է նաեւ տարածքային ցուցակներից նրանց բացակայութիւնը, ինչով ՀՅԴի ցուցակը տարբերուելու է ԱԺ անցնելու պոտենցիալ (հաւանականութիւն-Խմբ.) ունեցող միւս մրցակից ուժերի ցուցակներից: Այնտեղ ներգրաւուել են մարդիկ, որոնք հանդիսանում են հասարակութեան միջին խաւի դասական ներկայացուցիչ եւ որպէս այդպիսին՝ ոչ թէ մօտ են հասարակութեան ճնշող մեծամասնութեան հոգսերին, խնդիրներին ու կենսակերպին, սոցիալ-կենցաղային, հասարակական միջավայրերում այդ ամէնն ամբողջութեամբ կրողներն ու կիսողներն են: Դրանք իրենց մասնագիտական, գործունէութեան ոլորտներում կայացած մարդիկ են, որոնք եթէ ոչ հանրապետութեան, ապա գոնէ համապատասխան տարածաշրջանների կտրուածքով յարգանք են վայելում: Այսպիսի դէմքով եւ այսպիսի ցուցակներով ներկայանալով ՀՅԴն անուղղակիօրէն հռչակում է, որ իր առջեւ չի դնում միջոցների հարցում խտրութիւն չդնելով խորհրդարան ացնելու նպատակը՝ չնայած մրցակից ուժերում պրոցեսը հէնց այդ ուղղութեամբ տանելու նախանշաններին:
Եթէ խնդիրը ցանկացած գնով խորհրդարան անցնելը լինէր, ապա առնուազն տարածքային կամ ռէյտինգային ցուցակներում կ՛ընդգրկուէին մարդիկ, ովքեր կարող էին համարձակ ներքաշուել այսպէս կոչուած ընտրողների «որսի» այն արշաւում, որն անխուսափելիօրէն սկսուելու է Ապրիլի 2ին ընդառաջ: Այդ ռեսուրսից օգտուել թոյլ էր տալիս ՀՅԴի իշխանական ուժ լինելու հանգամանքը: Վերջինս ՀՅԴին պահանջարկուած էր դարձնում քաղաքական ուժերը որպէս խորհրդարան մտնելու ցատկահարթակ դիտարկող այն շրջանակների մօտ, որոնք ունեն դրա համար բաւարար մարդկային, ֆինանսական ռեսուրսներ, սակայն դուրս են մնում իշխանական կամ այսպէս կոչուած այլընտրանքային միւս ուժերի ցուցակներից:
Սա փաստում է երկու բան: Առաջին՝ ՀՅԴն իրականում իր քաղաքական ռեսուրսը, յենարանը համարում է ոչ թէ լիւմպեն (տգէտ-Խմբ.) ընտրազանգուածին, որն ընտրատեղամաս է գնում յանուն ընտրակաշառքի, ընտրութիւնները անձնական խնդիրների լուծման շանս (առիթ-Խմբ.) համարելով, այլ սեփական գաղափարակիր ընտրազանգուածին եւ յատկապէս հասարակութեան գիտակից, պետական մտածողութիւն ունեցող, ազգային-քաղաքական, սոցիալ-տնտեսական ոլորտներում իր մօտեցումներին համախոհ պոտենցիալ ընտրողներին: Մարդկանց, ովքեր առաջնորդւում են իրենց քաղաքական ու քաղաքացիական համոզմունքներով, չեն տառապում քաղաքական դաշտը սեւ ու սպիտակի պրիզմայով (պրիսմակով-Խմբ.) գնահատելու մտասեւեռումներով եւ որոնց մի ստուար մասը, գուցէ չհաւատալով ընտրութիւնների միջոցով փոփոխութիւնների հասնելու հնարաւորութեանը, իր քաղաքացիական դիրքորոշումն արտայայտել է ընտրութիւնները բոյկոտելով (չմասնակցելով-Խմբ.):
Ներկայացնելով առանց ձախողուած, հասարակութեան կողմից մերժելի կերպարների քաղաքական եւ գաղափարական առումով մրցունակ թիմ՝ ՀՅԴն թերեւս, խնդիր է դնում ակտիւացնելու եւ գրաւելու յատկապէս այդ ընտրազանգուածին: Դրա մասին, ի դէպ, խօսել է նաեւ կուսակցութեան նախընտրական շտաբի պետ Աղուան Վարդանեանը: Այսինքն խնդիր է դրուել ստեղծել իրավիճակ, երբ պետական եւ քաղաքացիական մտածողութեամբ օժտուած, բայց քաղաքականապէս պասիւ (կրաւորական-Խմբ.) քաղաքացին կ՛որոշի թոյլ չտալ փոքրամասնութիւն կազմող լիւմպենին ընտրակաշառքային հիստերիային տուրք տալով որոշելու, կանխորոշելու իր ապագան առաջիկայ 5 տարուայ հեռանկարով:
Երկրորդ՝ ՀՅԴն նաեւ փորձում է սեփական վարքագծով եւ օրինակով ցոյց տալ, որ իր համար սկզբունքայինը ընտրական գործընթացը քաղաքական տրամաբանութեան մէջ դնելն ու խաղի այդ կանոնները արժեհամակարգային եւ առաջնորդող դարձնելն է: Խորհրդարանական կառավարման համակարգում սա այլընտրանք չունի: Այլընտրանքը խորհրդարանի ապաքաղաքականացումն է, բարոյազրկումը եւ պերմանենտ (մշտական-Խմբ.) անկայունութեան, քաղաքական ճգնաժամերի հիմքեր ստեղծելը: Բայց որքան այս մօտեցումը բխում է քաղաքական համակարգի առողջացման տրամաբանութիւնից, նոյնքան էլ ռիսկեր (վտանգներ-Խմբ.) է ստեղծում ՀՅԴի համար: Որովհետեւ հրաժարուելով խաղալ զոռբայութեան, «ձայն որսալու» կանոններով, ՀՅԴն ստիպուած է լինելու միւս մասշտաբային (մեծ-Խմբ.) քաղաքական ուժերի կողմից գործադրուելիք ապաքաղաքական մեխանիզմների դէմ մրցել քաղաքական գործիքակազմով: Այս իմաստով ՀՅԴն, ինչպէս նաեւ քաղաքական սկզբունքներով առաջնորդուող միւս ուժերը խորհրդարանական ընտրութիւնները փորձում են վերածել արժէքների ու անտիարժէքների պատերազմի: