ԼՈՒՍԻՆԷ ՄՈՒՍԱՅԷԼԵԱՆ
Վերջին հինգ տարիներին Ադրբեջանը 20 անգամ աւելի շատ զէնք է ներկրել, քան Հայաստանը, զէնքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Այս մասին ասւում է Ստոկհոլմում գործող Խաղաղութեան խնդիրների ուսումնասիրութեան ինստիտուտի հրապարակած զեկոյցում:
Ռազմական խնդիրներով, մասնաւորաբար՝ սպառազինութիւնների գնումների դիտարկմամբ զբաղուող այս հեղինակաւոր վերլուծական կառոյցի փաստաթղթում Ադրբեջանը դասւում է այն հինգ երկրների ցանկում, որոնք ռուսական զէնքի ամենաշատ պահանջարկն ունեն: Այդպիսով Ադրբեջանին բաժին է հասնում ռուսական ռազմական արդիւնաբերութեան ծաւալների չորս տոկոսը:
Այդ ցանկում առաջին հորիզոնականում Հնդկաստանն է՝ 38 տոկոս ծաւալով, որին յաջորդում են Վիետնամը, Չինաստանը, Ալժիրը:
Ռուսաստանի մասնաբաժինը սպառազինութիւնների գլոբալ արտահանման գործում վերջին տարիներին կազմել է 23 տոկոս:
Զեկոյցը փաստում է, որ 2012-2016 թուականին աշխարհում զէնքի խոշորագոյն մատակարարները շարունակում են մնալ ԱՄՆը ու Ռուսաստանը: Առաջատարների հնգեակում նրանց յաջորդում են Չինաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան:
Այս երկրներին նշուած ժամանակահատուածում բաժին է ընկել զէնքի արտահանման ընդհանուր ծաւալի 74 տոկոսը:
Ամերիկեան զէնքի հիմնական գնորդները, ըստ զեկոյցի հեղինակների՝ Սաուդեան Արաբիան, Արաբական Միացեալ Էմիրութիւնները ու Թուրքիան են. այս երկրները, ներառեալ Վաշինգտոնը, ընդհանուր առմամբ զէնք է մատակարարում առնուազն 100 երկրների:
Արտահանուող ամերիկեան սպառազինութիւնը, ըստ փաստաթղթի, նախորդ հնգամեակի համեմատ աճել է 21 տոկոսով: Ողջ ծաւալի գրեթէ կէսը ուղարկուել է Մերձաւոր Արեւելք:
Ինչ վերաբերում է զէնքի խոշորագոյն ներկրողներին՝ ապա վերջին հինգ տարիներին այդ ցանկը գլխաւորում է Հնդկաստանը, որին բաժին է հասնում ռազմական մատակարարումների համաշխարհային ծաւալի 13 տոկոսը:
Մասնագէտները ռազմական մատակարարումների աճ են նկատել Ասիայում, Ովկիանիայում, Մերձաւոր Արեւելքում: Հակառակ միտումն է արձանագրուել Եւրոպայում, Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկայում եւ Աֆրիկայում: Այդուհանդերձ, զեկոյցը փաստում է, որ 2004 թուականից աշխարհում վաճառքների ծաւալն անշեղօրէն աճել է. վերջին հնգամեակում 2007 – 2011 թուականների համեմատութեամբ աւելանալով 8.4 տոկոսով: Ընդ որում՝ վերջին հինգ տարիները ամենաբարձր ցուցանիշներով են նշանաւորուել Սառը պատերազմի աւարտից ի վեր:
Խաղաղութեան խնդիրների ուսումնասիրութեան ստոկհոլմեան ինստիտուտի մասնագէտները զեկոյցում հաշուի են առել միայն սպառազինութեան մատակարարման ընդհանուր ծաւալները միտումնաւոր շրջանցելով գործարքների ֆինանսական կողմը:
Վերլուծաբանների կարծիքով՝ ֆինանսական ցուցանիշները յաճախ չեն համապատասխանում իրականութեանը, քանի որ կարող են կեղծուել պետութիւնների կողմից:
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»