ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի մօտ Ամերիկայի Միացեալ Նահանգներու դեսպանատունէն ստացած ենք յայտարարութիւն մը՝ Հայաստանի յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններուն առնչութեամբ:
Յայտարարութիւնը կատարուած է յանուն Եւորպական Միութեան, Գերմանիոյ, Անգլիոյ եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու ներկայացուցիչներուն:
Ստորեւ սոյն յայտարարութեան բնագիրը.
«Վերջին մէկ տարուայ ընթացքում Եւրոպական Միութիւնը, Միացեալ Նահանգները, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ընտրական գործընթացների հետ կապուած Հայաստանին նշանակալի ֆինանսական ու տեխնիկական օժանդակութիւն են ապահովել, այդ թւում՝ սարքաւորումներ, որոնք կ՛օգնեն ազատ ու արդարացի խորհրդարանական ընտրութիւնների անցկացմանն Ապրիլի 2ին: Մենք գոհ ենք Կիրակի օրը կայանալիք ընտրութիւնների համար նախատեսուած ընտրողների նոյնականացման սարքաւորումների վերջին փորձարկումների արդիւնքներից: Ուզում ենք գովեստով նշել Հայաստանի ընտրական գործընթացներին աջակցելու այս ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարութեան յանձնառու աշխատանքը եւ ՄԱԿի Զարգացման ծրագրի կողմից դրա արդիւնաւէտ իրականացումը՝ խիստ սեղմ ժամկէտներում:
Մենք խորապէս հաւատացած ենք, որ այս քայլերը կը նուազեցնեն քուէարկութեան օրը կեղծիքներ թոյլ տալու հաւանականութիւնը եւ կը սահմանափակեն ընտրական գործընթացներին միտուած միջամտութիւնները տեղամասերում: Մենք յստակ փաստում ենք, որ քուէարկութիւնը լինելու է փակ եւ որ տեղամասերում տեղակայուած նոյնականացման սարքաւորումներն ու տեսախցիկները նախատեսուած չեն արձանագրելու ընտրողի քուէն: Մենք ողջունում ու պաշտպանում ենք վստահելի տեղական ու միջազգային դիտորդական նախաձեռնութիւնները, որոնց միջոցով Հայաստանի գրեթէ բոլոր 2009 տեղամասերում կ՛ապահովուի դիտորդական ներկայութիւն՝ նպատակ ունենալով ապահովել ընտրութիւնների անցկացման վերաբերեալ հաւասարակշռուած եւ օբյեկտիւ վերլուծութիւններ:
Հարկ է նշել, որ Ապրիլի 2ի ընտրութիւնների վերաբերեալ մեր գնահատականը չի սահմանափակուելու միայն քուէարկութեան օրն իրականացուած ընտրական ընթացակարգերի դիտարկմամբ: Մենք տեղեակ ենք եւ մեզ մտահոգում են ընտրողների ահաբեկման, քուէներ գնելու փորձերի ու որոշ մրցակցող ուժերի օգնելու նպատակով վարչական ռեսուրսի համակարգային կիրառման մասին պնդումները: Մենք շարունակում ենք յորդորել ընտրութիւններին մասնակից բոլոր կողմերին հաւատարիմ լինել Հայաստանի ընտրական օրէնսդրութեան տառին ու ոգուն եւ կոչ ենք անում համապատասխան իրաւապահ կառոյցներին ու ընտրական կառոյցներին անկողմնակալ ու համոզիչ կերպով իրականացնել գործող օրէնքները:
Յուսով ենք, որ ընտրութիւնների անմիջական արդիւնքները ճանապարհ կը հարթեն դէպի բարեկեցութիւն, խաղաղութիւն եւ առաջընթաց: Հայաստանի ժողովուրդն արժանի է դրան»: