Եթէ ոտքերն այտուցւում են, մի շտապէք տագնապել: Հիմնականում՝ դա վտանգաւոր չէ՛: Պարզապէս կարդացէք մեր յուշումները, որոնք կարող են բացատրել պատճառները:
Ի՞նչ է այտուցը: Գիտական սահմանումների համաձայն, դա հիւսուածքներում հեղուկի աւելորդ կուտակումն է…
Դուք ամբողջ օրը ոտքի վրայ էք անցկացրել եւ երեկոյեան նկատում էք, որ ոտքերն այտուցուած են: Անհանգստանալ պէտք չէ. գիշերուայ քնի ընթացքում այտուցները կ՛անցնեն:
Դուք ո՛չ յարմարաւէտ, նեղ կօշիկ էք հագել: Եւս մէկ պատճառ՝ ոտքերի այտուցման համար: Սեղմուած ոտքը արեան շրջանառութեան դանդաղեցման ապտճառ է դարձել: Հրաժարուէք այդ կօշիկից եւ ընտրէք առաւել յարմարաւէտը, որը չի սեղմի ոտնաթաթը եւ կ՛ունենայ փափուկ ու ճկուն ներդիր:
Աւելորդ քաշը նոյնպէս ոտքերի այտուցման պատճառ կարող է լինել: Նոյն է նաեւ յղի կանանց մօտ, յատկապէս վերջին երեք ամսում: Նրանց մարմինը 50 տոկոս աւելի արիւն եւ այլ հեղուկ է արտադրում՝ պտղի զարգացումը եւ ծննդաբերութիւնը ապահովելու համար: Անհրաժեշտ է հնարաւորինս յարմարաւէտ կօշիկ հագնել եւ խուսափել ոտքի վրայ մնալուց:
Երակների վարիկոզ լայնացման դէպքում արեան հոսքի խանգարման պատճառով, ոտքերի այտուցն առաջանում է աստիճանաբար, եւ առաւել նկատելի է երեկոյեան:
Այտուցման հիւանդագին պատճառ կարող է լինել նաեւ սիրտանօթային եւ երիկամների ոչ բաւարար աշխատանքը: Այս դէպքում, այտուցը կարող է քոր գալ ու ուղեկցուել ջերմութեան տեղային բարձրացմամբ: Այս դէպքում բժշկի օգնութիւնից բացի, ձեզ հետեւողական ուշադրութիւն է անհրաժեշտ:
Մեր յուշումները միայն նպատակ ունեն ձեզ առաւել ուշադիր դարձնել մարմնի ահազանգերին: Առո՛ղջ եղէք: