ՍԱՄՈՒԷԼ ՍՄԲԱՏԵԱՆ
ԽՕՍՔ՝ ԾՆՈՒԱԾ ԳՐՔԻ ՀԵՏ
Փորձեմ գրառել մտորումներս՝ վերհանելով սոնավանական երկերի գաղափարական ենթատեքստային շերտերը աշխարհաքաղաքական արդի բարդ ժամանակի հոլովոյթում՝ ահագնացող հակամարտութիւններ, պատերազմներ… «Լիբրետօ Անապատի Համար» ժողովածուի հեղինակը սկիզբ-զարգացում-աւարտ դասական կառուցուածքով իր եռապատում գրքի էջերում այդ խնդիրների լուծման հեռանկարն է բացայայտում՝ «բանաստեղծելով», որ այսպէս շարունակուել չի կարող:
Պատմութիւնը կրկնում է իրեն նոյնութեամբ
Ժամանակն է Բարաբայի վերընտրութեան:
Եւ այսպէս, հայոց Հուրի-Միթանի թագաւորութիւնից յետոյ Վանայ ծովի աւազանում կազմաւորուած հայկական առաջին կայսրութեան ժամանակներից էլ վաղ ծփացող Կապուտակ ծովում բնաւորուած Սիմահաւքի, մերօրեայ «երգակից-յետնորդներից» մէկի՝ Սոնա Վանի «Լիբրետօ Անապատի Համար» ժողովածուից ընթերցենք «Ես Յաւերժական Սարդն Եմ» պօէմի առաջին տողերը իբրեւ համանուագի ուվերտիւրա-նախերգանք:
Ես յաւերժական սարդն եմ
ութոտանի
ես ձգւում եմ պատուհանի
ու էկրանի միջեւ
անվերջօրէն
իրական ու վիրտուալ
մահերի միջեւ ընկած
սնամէջ ժամանակում…
Հակապատկերներով «համերաշխուած», սահմռկեցնող նկարագրութիւններից զերծ, այս եռապատում գրքի հեղինակը գեղագէտի իր բարձունքից, լուսաստուերային տօներով՝ միտք-բառ-պատկեր եռամիասնութեան յարափոփոխ խոհականութեամբ, անցեալ, ներկայ, ապագայ մեկնակէտից եւ ժամանակային երեք ստորոգելիների մէկտեղմամբ ողջ աշխարհին ենթատեքստային խրատախօսքի ուժով յիշեցնում է ինքնաքննադատ կենսակերպի իմաստաբանութիւնը: Եւ, իրօք, չէ՞ որ կարելի է ապրել առանց պատերազմի: Մինչդեռ «ամէն բան կրկնւում է նոյնութեամբ… ուրեմն (սխալ է) ինչ-որ մի բան»: Այո, ինչ-որ մի բան…
Ժողովածուի առաջին գլխի՝ պատերազմական թեմայի բովանդակային ասելիքը յանգեցնում է ուժեղ-թոյլ անհաւասար յարաբերակցութեան, այսինքն՝ բնութեամբ տրուած օրինաչափութիւնը հեզաբար ընդունելու տխուր իրողութեան գիտակցմանը: Իսկ «ուժեղ-ուժեղ» զոյգի մէջ պայքարը ենթադրում է պարզ մի բան՝ թոյլերից աւար առուածը բաժան-բաժան անելու եւ ամենայն ինչ իրար մէջ բաժանելու եւ արդէն աւելի ուժեղ դիրքերից աւելին նուաճելու մոլուցքը:
Պատերազմական խնդրահարոյց միւս տարբերակը՝ «թոյլը թոյլի» դէմ, կարծես չկայ էլ, քանի որ դա արդէն ինքնասպանութիւն է եւ ոչ թէ պատերազմ, ինչին բորենի երկրներն են սպասում՝ հնարամիտ նենգութեամբ բորբոքելով հակամարտութիւնների օջախներ, որոնցից այսօր ամենացայտունը հայ զինուորի քաջութեամբ յաղթական աւարտին հասցուած, բայց դեռեւս չարչրկուող հայ-ադրբեջանական խնդիրն է: Եւ այս ամէնի հանրագումարը ստիպել է մեր հայրենակցին ձեռնոց նետել արհաւիրքին ահա այս կերպ.
Պատերազմ
ես կին եմ
ու
յայտարարում եմ քեզ
որպէս անհատական թշնամի
այսօրուանից
բացատրել պէ՞տք է…
ես մանուկներ եմ արարում
մինչ դու սպանում ես նրանց
դաժանաբար
Վերջին քառատողը բանաստեղծական հնարք չէ, այլ իրականութեան արձանագրում, եւ ո՞վ, եթէ ոչ մայրը, կինը եւ 90ամեակը թեւակոխած Արեգնազ Ապրեսեանի դուստրը կարող էր գրել ժողովածուի երկրորդ գլխի՝ «Ողջոյն, Քոյրեր Իմ» պաթետիկ պօէմը.
Ես եմ Դեր Զօրի վերջին հարսը
կոյսը՝ ընդհատուած եաթաղանով
շատախօս ծնօտներով
անասելի
ծնկներով խրուածը աւազի մէջ
բայց ես այդպիսին չէի միշտ.
ջրահարս էի ես առաջ
նախշուն պոչով
ծովից ծով ձգուող Հայաստանում…
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ
Եթէ Գարեգին Նժդեհի «Հակամարտութեան օրէնքն է կառավարում աշխարհը» ասոյթի տրամաբանութեամբ վերծանելու լինենք Սոնա Վանի բանաստեղծութիւնների շերտերը, միեւնոյն է՝ չենք գտնի ճակատագրապաշտական թանձր դրուագների նկարագրութիւններ.
նախ լոյսն է
ապա՝ ձայնը
(բնութեան օրէնքները պահպանւում են, խղճինը՝ ոչ)
լոյսը
ձայնը
փոշին
կօշիկները
«Բնութեան օրէնքները պահպանւում են, (խղճինը՝ ոչ)»: Այս իմաստաբանութեամբ հաստատւում է, որ բնութեան օրէնքներից՝ մշտառկայ հակամարտութեան մէջ մարդը իր նախաստեղծ բնոյթով պահպանում է խիղճը՝ յարընթաց խեղդելով իր մէջ գազանին, ապա թէ ոչ կեանքը կը վերածուէր գազանանոցի՝ առանց վանդակների: Մինչդեռ մարդ արարածն առեղծուածային ծաւալի ահեղ ու մարտնչող չարի դիմագիծ է այսօր ձեռք բերել: Մարդկութեան գազանաբարոյ այդ զբաղմունքի գեղարուեստական փայլուն մարմնացումն է ամփոփուած հետեւեալ ութատողում.
մայրը ճչում է ու ընկնում վար
հողը թանգարան է ստորգետնեայ
սա զինուորն է մահից չորս դար յետոյ
իսկ սա՝ չորս ժամ յետոյ ընդամէնը
ամէն բան կրկնւում է նոյնութեամբ… ուրեմն սխալ է
ինչ-որ մի բան
ես յաւերժական սգուորն եմ
չորս սեւ գլխաշորերով:
Գրոտեսկային զօրեղ գրչահարուածներով պօէտը վարպետօրէն խտացնում եւ գաղտնազերծում է մեր անհանգիստ ժամանակներում ահագնացող հակամարտութիւնների հետքը եւ այդ հետքերով արշաւող ռազմատենչ զինեալների նկրտումների մահաբեր ժամանակագրութիւնը:
ԱՇԽԱՐՀԸ ՍՈՆԱ ՎԱՆԻ ՊՕԷՏԻԿԱՅՈՒՄ
Հեղինակը 2015թ. լոյս ընծայած «Լիբրետօ Անապատի Համար» ժողովածուում չունի ցեղասպանների դէմ ատելութեան գէթ մէկ տող, նա գեղագիտօրէն մաքրում-ախտահանում է չարիքի պատճառները:
Ժողովածուի թարգմանական տարբերակներում օտար ընթերցողը չի գտնի հային վերագրուող «անմեղ գառան» խեղճուկրակ կերպարայնութեամբ դրուագներ: Հեղինակը արտացոլում է ջարդերի եւ տեղահանութեան ենթարկուած հայութեան հոծ զանգուածների անելանելիութիւնից ծնուած ներքին, յուսահատ հոգեվիճակի խռովքը:
Երեք պատումներում համազօր ուժի բանաստեղծաշարքերի նոյնակերպ տրամադրութիւնները Սոնա Վանը վերարտադրում է գրքի առաջաբանում՝ պատմական-վաւերագրական «Ինքնակենսագրութեան փոխարէն» էսսէի տեսքով: Այն նորաոճ մեկնութեամբ խոստովանական-կենսագրական յուշագրութեան նմուշի փայլուն ստեղծագործութիւն է, որի ատաղձը Վան քաղաքի փրկութեան համար մղուած կռիւների մասնակից, Սոնա Վանի քահանայ պապի ոդիսականն է, ում օրագրից էլ որդին՝ Անոյշաւան Տէր Յովհաննիսեանը, ընթերցել է դրուագներ դստեր՝ Սոնայի համար՝ միաժամանակ խնայելով նրա մանկական հոգին, բաց թողնելով դաժան նկարագրութիւնները:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ՝ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ-ՊՕԷՏ ԲԱԽՏԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՅԵԼԱՆՔՈՒՄ
Հայոց Մեծ Ցաւի «դիմանկարը» պօէտը «վրձնել է» լատինական ասոյթի ոգով՝ «պօէզիան նոյն գեղանկարչութիւնն է»: Այլաբանական կերպաւորումներով պատերազմի եւ ցեղասպանութեան թեմաներով գործերը պօէտը կերտել է առանց արիւնալի տեսարանների նկարագրութեան: Նրա ստեղծագործական հաւատամքը արդի ոճաբանական լեզուամտածողութեամբ զուգահեռւում է Արշիլ Գորկի գեղանկարչին, ով օտար երկրում հռչակուեց «սիւրռէալիստական էքսպրեսիոնիզմ»ի հիմնադիր, իսկ նրա գլուխգործոցները արժանացան «էպիկական խորհրդապաշտութեան տիեզերական արտայայտութիւն» բարձրագոյն գնահատականի:
Ցեղասպանութեան պատկերման գեղարուեստահոգեբանական աշխարհընկալմամբ արուեստի երկու՝ գեղանկարչութեան մէջ վերացարկուած, իսկ պօէզիայում էլ մոդեռն ուղղութիւններից առաւել ընդունուած՝ վեռլիբր ժանրին հաւատարիմ, նրանք Մեծ Եղեռնի իրադարձութիւնները սրբագրել են դարի սկիզբ, դարի վերջ՝ սեփական ժամանակային ապրումների խորքային զգացումներով՝ քօղարկելով բաց վէրքերը՝ ենթատեքստային յօրինուածքներում: Ճակատագրի բերումով Վանից սերուած գեղանկարիչ Ոստանիկ Ադոյեան-Արշիլ Գորկին եւ պօէտ-էսսէիստ Սոնա Տէր Յովհաննիսեան-Սոնա Վանը, հայ ժողովրդի հանդէպ կատարուած եղեռնագործութիւնների պատճառահետեւանքային միջնաժամանակում, գեղագիտական աղերսների ընդհանրութեամբ են կերտել իրենց ստեղծագործութիւնները. նկարիչը՝ իր ծննդավայրից բերած գունամտածողութեամբ, պօէտը՝ Երեւանում ձեւաւորուած գրական նուաճումների հունձքով: Երկու արուեստագէտները հայրենակենտրոն զգացողութիւններով լեցուն, երկուստեք հրաշալի գործերով խորապէս նպաստում են հայ մարդու հոգում Ցեղասպանութեան զոհի բարդոյթի վերացմանը: Թէ՛ նկարներում, թէ՛ բանաստեղծական երկերում չի թարմացւում 100ամեայ վիշտը, փոխակերպւում է իբրեւ ոգեկոչ՝ վասն հայորդիների կամքի աներերութեան, արժանապատիւ կեանքի եւ արարման: Այսպիսով, կերպարուեստի եւ պօէզիայի՝ ովկիանոսից այն կողմ բնակուող մեծատաղանդ ներկայացուցիչներն իրենց գործերում լեզուապատկերամտածողութեան լիցքերի հոսքով ներշնչում են հայրենակիցներին՝ գնահատել ազգային ինքնութեան Աստուածապարգեւ խորհուրդը:
ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ՝ ԻԲՐԵՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՔՕՂԱԾԱԾԿՈՅԹ
Արձակ բանաստեղծական ասքագիր-եռապատումը նպատակամիտուած է պօէզիայի ամենահաս, հանրամատչելի, զօրաւոր արտայայտչաձեւերով ուղերձ յղելու մարդկութեանը՝ հաւատարիմ մնալ Արարչի նախասահմանած բարի կամքի, խաղաղ կեցութեան, մարդասիրութեան, արդարութեան հաստատման սուրբ պատուիրաններին: Ապա թէ ոչ, ահագնացող ծաւալ ընդգրկող հակամարտութիւնների, պատերազմների, ահաբեկչութիւնների էսկալացիան սպառնում է աշխարհին… ինքնացեղասպանութեամբ:
ժամանակը ինչպէս մետաղական անձրեւ
երկու հազար փայլուն մեխեր… Քրիստոս
երկու հազար փայլուն մեխեր… Քրիստոս
(«Ես Ձայն Եմ Լսում» ժողովածու (2006թ.)
Մինչեւ ե՞րբ…
Ահա եւ այդ հարցի պատասխանի ժամանակն է մօտեցնում Սոնա Վանը՝ ահազանգելով անտարբերութեան թմբիրի մէջ յայտնուած աշխարհին՝ ընդդէմ ռազմատենչ ուժերի:
Մինչեւ ե՞րբ…
ՑԵՂԱՍՊԱՆ ՊԱՊԵՐԻ ԽԱՐԱՆԸ ՄԱՔՐՈՒՄ Է ԱՅՍՕՐՈՒԱՅ ՍԵՐՈՒՆԴԸ
«Ուզում եմ կոչ անել Թուրքիային եւ ողջ աշխարհին՝ վերադարձրէ՛ք Արարատն ու Անին հայերին, վերադարձրէ՛ք, որովհետեւ ձեզ համար դրանք միայն տարածք են, իսկ հայերի համար՝ հայրենիք»: Այս ուղերձի հեղինակը ներկայ Թուրքիայի առաջադէմ մտաւորականներից է՝ «Բելգէ» հրատարակչութեան տնօրէն եւ խմբագիր, յայտնի իրաւապաշտպան Ռագըփ Զարաքօլուն: Նա Սոնա Վանի՝ Դեր Զօրի նման զգայուն թեմայի շուրջ բանաստեղծութիւնները համարել է մինչ այսօր արուեստով ներկայացուած մեծ տաղանդի կնիք կրող երկեր: Նա խնդրել է թարգմանիչ Յակոբ Չաքրեանին՝ տրամադրել «Լիբրետօ Անապատի Համար» գրքի թուրքերէն թարգմանական տարբերակը՝ Ստամբուլի «Բելգէ» հրատարակչութիւնում տպագրելու համար, որն իրականացաւ 2016ի Մայիսին, 1500 օրինակով, սակայն, ըստ «Բելգէ»ի հաղորդման, Թուրքիայում յայտնի իրադարձութիւնների պատճառով «Լիբրետօ…»ի ողջ խմբաքանակը բռնագրաւուեց:
Բարեբախտաբար, տողերիս հեղինակը թուրքերէն տարբերակի տպագրութիւնից շաբաթներ անց երեսուն օրինակ ձեռք է բերել տարածաշրջանային հարցերի փորձագէտ, ազատամարտիկ Սարգիս Հացպանեանի շնորհիւ:
ԱԿԱՄԱՅ ՎԵՐՋԱԲԱՆ, ՔԱՆԶԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՍԵԼԻՔԸ ԱՌՋԵՒՈՒՄ Է
Համառուսաստանեան հեղինակաւոր «Պօէտ» մրցանակի դափնեկիր Իննա Լիսնեանսկայան, «ունկնդրելով» եռապատումի կուլմինացիոն (ծայրագոյն բարձր-Խմբ.) մասը կազմող դերզօրեան թեմայով՝ ոչ ողբացեալ պատկերումների շարքով 100ամեայ «ոսկրածուփ աւազամատուռներից» պօէտական եզակի մտայղացմամբ քերթուածքներից յորդող ղօղանջները, Սոնա Վանին դասել է Մեծ Եղեռնի թեմայով գրական կոթողներ արարողների աստղաբոյլում. «Երբ իրականութիւնը ինքնին գրոտեսկային (այլանդակ-Խմբ.) է, եւ պատմական յիշողութիւնն էլ առաւել դժոխային պատկերներ է պարունակում, քան երեւակայութիւնն է ի զօրու ստեղծելու, գրողի խնդիրը դառնում է մարդկային յիշողութիւնը փրկելը՝ դժոխային հոտերը բուրմունքի վերածելու ալքիմիան: Սոնա Վանի օժտուած ու կարեկից գրիչը այս խնդիրը լուծում է մեծ նկարչին յատուկ ջրաներկային գոյների թեթեւութեամբ… Հայերի Ցեղասպանութեան թեմայով Սոնա Վանի գործերը, անկասկած, պէտք է համարել մինչ օրս գրուած ամենահզօրներից:
Սոնա Վանը մեր ժամանակների մեծագոյն երեւոյթներից է»:
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Honoring the memory of those who perished in the Armenian Genocide
Chris R. Holden
California Assembly District 41
Senator Anthony J. Portantino
25th Senate District
Ardashes Kassakhian
Glendale City Clerk
In Memory of Professor Harut Barsamian
Tamara Barsamian
Ի Յիշատակ Մէկուկէս Միլիոն Սրբադասուած Նահատակներուն
Ալթիպարմաքեան Ընտանիք
In Memory of Vazken Najarian
Bogikian Medical Office
ՀՕՄի Փասատինայի
«Սօսէ» Մասնաճիւղ
Armenian Relief Society
Pasadena Sosse Chapter
Խոնարհութիւն, Խունկ եւ Ծաղիկներ
Անզուգական Շաւարշ Քրիսեանի եւ Մեր Ցեղասպանութեան Բոլոր Նահատակներուն
Յիշատակին Առջեւ
ՔՐԻՍԵԱՆ ԸՆՏԱՆԻՔ