ՊՈԼԻՍ.- Երեւանեան համացանցային լրատուական «Թերթ» գործակալութիւնը, «Եթէ Հիմա Այդ Ընտրութիւնները Չկարողանանք Անել, Եկեղեցին Կքայքայուի. Սահակ Մաշալեանը՝ Պոլսոյ Պատրիարքի Ընտրութիւնների Մասին» վերնագիրով եւ Հռիփսիմէ Յովհաննիսեանի ստորագրութեամբ թողարկած է լրատուութիւն մը, զոր ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ.
«Դեռեւս համայնքի ջանքերը մէկտեղելու, հաշտութեան ուղղութեամբ շարժուել ենք ջանում. Tert.am-ի հետ զրոյցում խօսելով Պոլսոյ պատրիարքարանի ընտրութիւնները կազմակերպելու գործընթացի մասին՝ ասաց Պոլսոյ հայոց պատրիարքարանի Կրօնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալեանը:
«Հիմա պատրիարքն ապրում է, հետեւաբար պէտք է, որ նրա հանգստեան կոչուած լինելու մասին դատարանի որոշումները եւ նաեւ այն փաստաթղթերը, ըստ որոնց, նա եկեղեցում չի ծառայել, բոլոր բժշկական փաստաթղթերը ներկայացուեն պետութեանը եւ պէտք է ցոյց տանք, որ մենք հանգստեան ենք կոչել Մեսրոպ Մութաֆեանին, աթոռը թափուր է», ասաց նա:
Նա նշեց, որ դեռ այդ փաստա-թղթերը պետութեանը չեն ներկայացուել, իր կռիւն էլ ժամանակին դրա համար էր: «Հոկտեմբերի 26ին արդէն որոշուած էր այդ օրը: Մէկ-երկու շաբաթուայ մէջ պէտք է լուծուէր դա, սակայն Արամ Աթեշեանը չցանկացաւ դա անել: Դրա համար մենք որոշեցինք տեղապահ ընտրել», ասաց նա:
Նրա խօսքով՝ քանի որ հիմա ընտրութիւնների հետ կապուած ոչ մի գործընթաց սկսուած չէ պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ Աթէշեանն է, ինքն էլ խոչընդոտում է ընտրութիւնների անցկացմանը:
Հարցին՝ արդեօք ընտրուած տեղապահ Գարեգին Բեքչեանը ոչինչ չի՞ կարող անել, նա պատասխանեց. «Ներկայումս՝ ոչ: Հիմա Արամ սրբազանը տեղի չի տալիս: Հակառակ նրան, որ վեհափառը Գարեգին Բեքչեանին ճանաչեց որպէս ընտրուած տեղապահ, Արամ Աթէշեանը նրան չի ճանաչում»:
Դիտարկմանը, թէ տեղապահի ընտրութիւններն էլ իրենց արդիւնքը չտուեցին, Սահակ սրբազանը պատասխանեց. «Այդ ընտրութիւնները մեզ համար նշանակութիւն ունեն, բայց Արամ սրբազանի համար դրանք նշանակութիւն չունեն, հետեւաբար պետութեան համար էլ դրանք նշանակութիւն չունեն: Պէտք է մենք դիմենք պետութեանը պատշաճ ձեւով եւ թէ եկեղեցական իրաւունքները, թէ՛ պետական պահանջները յարմարացնող ճանապարհ որոնենք»:
Սահակ եպիսկոպոս Մաշալեանի խօսքով՝ մէկ-երկու շաբաթուայ մէջ նրանք պէտք է որ կարողանան համապատասխան ատեաններ դիմել: «Այս գործընթացներն անխուսափելի են: Եթէ հիմա այդ ընտրութիւնները չկարողանանք անել, եկեղեցին կը քայքայուի, ներքին պառակտում կը լինի», ասաց նա:
Սրբազանի խօսքով՝ Արամ Աթէշեանի՝ պատրիարքի փոխանորդի պաշտօնում մնալու ձգտումները կապուած են աթոռը շատ սիրելու հետ: «Ցանկանում է երկարացնել գործընթացը, որովհետեւ պատրիարք ընտրուելու յոյս չունի», ասաց նա:
Հիմա Պոլսոյ պատրիարքի տեղապահ ընտրուած Գարեգին Բեքչեանը Ստամբուլում է, հանդիպումներ է ունենում: Այսօր էլ, Սահակ Մաշալեանի խօսքով՝ հանդիպել է համայնքի առաջնորդների հետ, փորձել է պարզել, թէ ինչ դիրքորոշումներ կան:
Անդրադառնալով համայնքում դերակատարում ունեցող անձանց կեցուածքի մասին հարցին՝ Սահակ Մաշալեանը նշեց. «Իրենք առաւել շատ պետութեան կողմից են, եւ վախենում են այս իրավիճակից, շփոթուած են: Քիչ ժամանակ յետոյ արդէն ամէն ինչ կը յստակեցուի: Պետութեան կեցուածքն էլ կը թուլանայ, որովհետեւ հանրաքուէի արդիւնքները դրական եղաւ եւ դժուար թէ խնդիր յարուցեն պատրիարքարանի ընտրութիւնների հետ կապուած», ասաց նա:
Դիտարկմանը, թէ տեսակէտ կայ, որ հանրաքուէի ժամանակ հայ համայնքի մեծամասնութիւնը «ոչ» է քուէարկել, հնարաւո՞ր է դա լարի թուրքական իշխանութիւններին հայերի դէմ, նա պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ «ո»չ ենք քուէարկել: «Ո»չ չենք քուէարկել: Ո՞վ դա գիտի, գաղտնի քուէարկութիւն է եղել, այնպէս որ հայերի մէջ ե՛ւ «այո», ե՛ւ «ոչ» քուէարկողներ եղել են: Դա ազդեցութիւն չի ունենայ պատրիարքարանի ընտրութիւնների վրայ. մեր քուէները յիսուն միլիոն քուէների մէջ 25,000ից 30,000 են»:
Յիշեցնենք, որ Փետրուարին Էջմիածնում կայացուած որոշման համաձայն՝ Մարտի 15ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսոյ Հայոց պատրիարքի տեղապահի ընտրութիւն: Ընտրութիւնից յետոյ, որում համոզիչ յաղթանակ է տարել Արամ Աթէշեանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչեանը, անակնկալ կերպով միջամտել է Ստամբուլի նահանգապետարանը: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրութիւնների սկսուելը ուղարկել էր գրութիւն, որն իրաւաբանօրէն անհնար է համարում պատրիարքական ընտրութիւնների գործընթացի մեկնարկը: Այս գրութիւնը Պոլսոյ Հայոց պատրիարքի տեղապահի ընտրութիւններից անմիջապէս յետոյ պատրիարքարանի հոգեւորականներին է ներկայացրել տեղապահի ընտրութիւններում պարտուած փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը եւ յայտարարել, որ չի հեռանայ տեղապահի պաշտօնից:
Նշենք նաեւ, որ տեղապահի ընտրութիւնները նախատեսւում էին կազմակերպել Թուրքիայում սահմանադրական հանրաքուէից յետոյ:
Իմ տպաւորութիւնս այն է, որ թէ՛ Աթէշեանը, թէ՛ Պէքճեանը հոգեւոր ամէն հէնքէ պարպուած գձուձ փառամոլներ են: Ասոնցմէ առաջինը այդ մէկը լայնօրէն փաստեց այսքան տարիներու իր տեղակալութեամբ, իսկ երկրորդը՝ ոչ մէկ ճիգ թափեց հակառակը ցուցանելու ուղղութեամբ. մէկ եւ միայն մէկ բան հետապնդեց, ամենաանվայել լեզուագարութեամբ, այն է՝ իրե՛ն յաձնել պատրիարքական աթոռը:
Այս երկուքը զիրար կ’արժեն եւ հաւասարապէս ամօթ կը բերեն Հայ եկեղեցիի անունին:
Գալով Մաշալենին՝ սմսեղուկ մըն ալ ի՛նք կը թուի ըլլալ:
Պոլսոյ պատրիարքութիւնը յայտնօրէն սնանկացած կ’երեւի: