ՍԱԻԹ ՉԵԹԻՆՕՂԼՈՒ
Թուրք պատմաբան Սաիթ Չեթինօղլուն գրախօսական է գրել Արսէն Եարմանի կողմից հրատարակուած «Հայկական Բժշկական Ընկերութիւնը. 1912-1922» գրքի համար: Գրքում հեղինակը ներկայացնում է ընկերութեան պատմութիւնը, որի հիմնադիրների մեծ մասը եղել են Ստամբուլի լաւագոյն բժիշկները: «Արմէնփրէս»ը ներկայացնում է Չեթինօղլուի գրախօսականն ամբողջութեամբ:
«Թուրքահայ պատմաբան Արսէն Եարմանն այս անգամ ընթերցողին է ներկայացնում մոռացուած Հայկական բժշկական ընկերութեան պատմութիւնը, որի հիմնադիրների մեծ մասը ժամանակի Ստամբուլի ամենափայլուն բժիշկներն էին՝ իւրաքանչիւրն իր ասպարէզում, ինչպէս նաեւ ընկերութեան տպագիր «Դարման» պարբերականը:
Եարմանը, կենտրոնանալով Հայկական բժշկական ընկերութեան (1912-1922) գործունէութեան, տպագիր մամուլ հանդիսացող «Դարման» հանդէսի վրայ, լոյս է սփռում հայ ժողովրդի ամենաալեկոծ, ամենափոթորկոտ տարիների գոյապայքարի վրայ: Հեղինակը, ընթերցողին ներկայացնելով ընկերութեան պատմութիւնը՝ առանցքում ունենալով հայ բժշկութեան պատմութիւնը, իրականում խոշորացոյցի տակ է առնում հայ հասարակութեան տասնամեայ ժամանակահատուածի ողբերգական պատմութիւնը: Ուսումնասիրութեան մէջ ներկայացուած են Առաջին Աշխարհամարտի նախօրեակին, զօրահաւաքին, պատերազմի, Ցեղասպանութեան ընթացքում տիրող իրադրութիւնը, պատերազմից յետոյ բախտի բերմամբ ողջ մնացածների վերադարձի, դիմադրութեան եւ այլ փուլերում հայութեանը ոսպնապակու տակ առնող շատ վկայութիւններ: Եարմանը մի կողմից բացայայտում է հայ հասարակութեան տասնամեայ պատմական ժամանակահատուածը, միւս կողմից կարող ենք ասել, որ նրա աշխատանքն անցել է ընդգրկուն միկրոպատմութեան սահմանները եւ դարձել հայոց պատմութեան մանրակրկիտ ուսումնասիրութիւն: Արսէն Եարմանի աշխատութիւնը որոշ իմաստով օսմանեան բժշկութեան պատմութիւնն է: 490 էջանոց ուսումնասիրութիւնը՝ 480 բժշկի կենսագրութեամբ եւ 100 լուսանկարներով, կենտրոնանում է օսմանեան պալատի, Բալկանեան եւ Առաջին Համաշխարհային պատերազմների գլխաւորութեամբ օսմանեան պատերազմների եւ ազգային գոյապայքարի տարիների անձնազոհ հայ բժիշկների վաստակի վրայ՝ բացայայտելով բժշկութեան պատմութեան կարեւոր փուլը: Նա վեր է հանում այնպիսի մարդկանց անուններ, որոնք մոռացութեան են մատնուել, եւ որոնց այսօր մենք շատ բան ենք պարտք, եւ օրակարգ է բերում անյայտ կամ մոռացուած իրադարձութիւններ: Հայ բժիշկները Եւրոպայում, մասնաւորապէս Իտալիայի եւ Ֆրանսիայի համալսարաններում ստացած կրթութեան շնորհիւ մեծ ներդրում են ունեցել օսմանեան բժշկութեան եւ բժշկական կրթութեան մոդեռնացման գործում: Եղել են օսմանեան պալատում ծառայող, սուլթանին եւ նրա մտերիմներին անձնական բժշկական ծառայութիւն մատուցող բազմաթիւ հայ բժիշկներ (Շաշեան ընտանիքը, Սերվիչեն, Սնապեան, Խորասանջեան)՝ սկսած Ամիրդովլաթ Ամասիացուց: Օսմանեան բժշկութեան, հետեւաբար մեր օրերի բժշկութեան հիմնաքարերը դրուել են հայ բժիշկների կողմից: Սա հնարաւոր է տեսնել Թուրք բժիշկների միութեան պատմութեան մէջ:
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԻՄՆՈՒՄԸ ԵՒ «ԴԱՐՄԱՆ» ՏՊԱԳԻՐ ՕՐԳԱՆԸ
Ընկերութեան տասնամեայ պատմութիւնը բաժանւում է երեքական տարի տեւողութեամբ երկու ընդմիջուող շրջանի: Առաջին շրջանում (1912-1915)՝ նախապատերազմեան երեք տարիներին, Հայկական բժշկական ընկերութիւնը բողոքում էր Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան եւ երիտթուրքական յեղաշրջման՝ «հաւասարութիւն, ազատութիւն, արդարութիւն» կարգախօսի գործնականում չկիրառուելուց, հայ բժիշկների արժանիքների արդարացի չգնահատուելուց եւ նրանց խտրականութեան ենթարկուելուց:
«Հայկական բժշկական ընկերութիւնը միեւնոյն ժամանակ հրապարակ է դուրս գալիս որպէս Օսմանեան կայսրութեան անցկացրած քաղաքական եւ սոցիալական վերափոխութեան հետեւանք»: Արսէն Եարմանի՝ ընկերութեան ստեղծման շարժառիթների վերաբերեալ այս խօսքերը հնարաւորութիւն են տալիս աշխատութիւնն ընթերցել ոչ միայն որպէս ընկերութեան, այլեւ որպէս Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան համառօտ եւ խտացուած պատմութիւն:
Միութիւն եւ առաջադիմութիւնը քարոզում էր նոր եւ արդար «օսմանիզմ»ի գաղափարը, սակայն հայ բժիշկները 1911թ. նկատել են, որ արժանիքների եւ ունակութիւնների բաւարար լինելու դէպքում անգամ չէր նշանակում նրանց հանրային հաստատութիւններում, եւ հետաքրքրուած չէր նրանց իրաւունքների պաշտպանութեամբ: Ահա այս վերաբերմունքն էր, որ դրդեց նրանց ստեղծել հայկական բժշկական ընկերութիւնը, յատկապէս հետաքրքրուել Ստամբուլի եւ գաւառների բոլոր հայ բժիշկների խնդիրներով՝ ուժեղացնելով նրանց միջեւ համագործակցութիւնը:
Չորս տարին պէտք է որ բաւարարէր բոլոր պետական հեղինակութիւնների՝ հաւասար եւ արդար օսմանիզմի գաղափարի պաշտպանութեան եւ կիրառութեան համոզմունքին հասնելու համար: Հայկական բժշկական ընկերութեան ստեղծման ժամանակ՝ 1912թ., արդէն սկսել էր պակասել նրանց թիւը, ովքեր լիայոյս էին ազատութիւնների ընդլայնման հարցում: Ժամանակի անարդարութեան դէմ համատեղ պայքարի մղող մթնոլորտը համապատասխան վարչութիւններին բողոքագրով դիմելու գաղափարի փոխարէն վեր հանեց բժշկական ընկերութիւն հիմնելու այլընտրանքը, որը բժիշկներին կը տար միասնաբար գործելու հնարաւորութիւն: Անցած ժամանակահատուածի ընթացքում տեղի ունեցածը ցոյց տուեց, որ օսմանիզմի իդէալը մի քանի տարուայ մէջ մեծ չափով եւ անդառնալիօրէն սպառել էր իրեն: Բալկանեան պատերազմի ընթացքում երկրում տիրող քաղաքական մթնոլորտը բաւական հեռու էր ազատութիւնների ընդլայնման յոյսն արդարացնելուց: Ներկայացուած դիմումներից ոչ մի արձագանգ չստանալով՝ յստակ դարձաւ, որ անկարելի է բողոքագրերից արդիւնք ակնկալել եւ միասնական շարժումը կազմակերպելու գաղափարի հասունացմամբ ձեւաւորուեց Հայկական բժշկական ընկերութիւնը: Բալկանեան պատերազմից անմիջապէս յետոյ ստեղծուած ընկերութիւնը գործունէութիւնն սկսել է պատերազմի աստիճանաբար աճող սպառնալիքի պայմաններում եւ կարճ ժամանակ անց իրեն գտել է հայ հասարակութեան համար ծայրաստիճան աւերիչ հետեւանքներ ունեցած Առաջին Համաշխարհային պատերազմի բովում: Այս ընթացքում որպէս պետական քաղաքականութիւն 1915թ. գործի դրուած հայերի տեղահանութիւնը շատ ծանր հետեւանքներ է ունեցել ոչ միայն հայ հասարակութեան, այլեւ հէնց Հայկական բժշկական ընկերութեան համար: Տեղահանութեան ընթացքում սպաննուել է ընկերութեան հիմնադիր անդամներից դոկտոր Նազարէթ Տաղաւարեանը: 1912թ. հիմնուած Հայկական բժշկական ընկերութեան գործունէութիւնը տեւել է ընդամէնը մի քանի տարի. Առաջին Համաշխարհային պատերազմի պայմաններում, անտեսելով Բալկանեան պատերազմներում ընկերութեան անդամ բժիշկների կատարած գործերը, 1915թ. արգելուեց ընկերութեան գործունէութիւնը: Այս արգելքը ձգւում է մինչեւ 1919թ., երբ ընկերութիւնը վերսկսում է աշխատանքները դոկտոր Վահրամ Թորգոմեանի գլխաւորութեամբ: Ընկերութեան՝ յետպատերազմեան՝ երկրորդ շրջանում (1919-1922) հայ հասարակութեան մտահոգութիւնները տեղափոխւում են բոլորովին այլ հարթակ: Հայ հասարակութիւնը՝ որպէս մէկ ամբողջութիւն, դէմ յանդիման կանգնած է գոյապայքարի հիմնախնդրի առաջ, որի հիմնական ճանապարհը քաղաքական գործընթացներից քաջատեղեակ լինելն ու դրանց վրայ ազդելու կարողութիւնն է: Այս տեսանկիւնից ընկերութիւնն աշխատել է գործունէութիւն ծաւալել բժշկութիւնից մինչեւ քաղաքականութիւն ընկած լայն տեսածիրում:
Ընկերութեան տպագիր օրգան «Դարմանը»՝ հայ գիտակների ձայնն ու ժամադրավայրը, այս վերջին շրջանի արգասիքն էր, որով ընկերութիւնն ու «Դարմանը»՝ որպէս համագործակցութեան օրգան, փոխլրացնում էին մէկը միւսին: «Դարման» հանդէսը կայսրութեան հայ բժիշկների կողքին հէնց սկզբից նպատակ է ունեցել լսելի դարձնել առողջապահութեան ոլորտում գործունէութիւն ծաւալող բոլոր հատուածների ձայնը՝ յանձինս դեղագործների եւ ատամնաբոյժների: Ընկերութիւնը տէր է կանգնում «տեղահանութեան» ընթացքում մահուան ճանապարհին կորած, կոտորուած հայ ժողովրդի բժիշկ զաւակներին. Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած աղէտի ընթացքում մահացած հայ բժիշկների, դեղագործների եւ ատամնաբոյժների համար ընկերութեան հրատարակած «Յիշատակարանը», որն ի մի է բերում Հայկական բժշկական ընկերութեան սպաննուած բժիշկների մասին տեղեկութիւններ եւ փաստեր, կոչւում է «Հայ Բժշկութեան Տուած Զոհերը՝ Ցուցակագրուած Վաւերագրական Փաստերով»: Պատերազմի ընթացքում հայ ժողովրդի հանդիպած անարդարութեան հատուցման եւ արդարութեան վերականգնման համար այս յուշարձան-փաստաթուղթը՝ որպէս ապացոյց, ուղարկուել է զինուորական դատարան՝ վերջինիս ցանկութեան հիման վրայ: Հայկական բժշկական ընկերութիւնը, չմոռանալով նահատակ զաւակներին, ակտիւ դերակատարում է ունեցել հանրային հաւաքական յիշողութեան ձեւաւորման գործում: Այն իր մասնակցութիւնն է բերում 1915թ. Ապրիլի 24ին տեղի ունեցած հայ մտաւորականների աքսորի տարելիցի առթիւ Ստամբուլում կազմակերպուած սգոյ արարողութեան յանձնաժողովին: Հայկական բժշկական ընկերութիւնն իր ներկայացուցիչն ունի Ապրիլի 11ի սգոյ յանձնաժողովում, որը նպատակ ունի խորհրդակցել այլ ընկերութիւնների ներկայացուցիչների հետ՝ զոհուած հայ մտաւորականների այրիներին եւ երեխաներին անհրաժեշտ օժանդակութիւնը ցուցաբերելու համար: Ընկերութեան՝ 1921թ. Ապրիլի 24ին տեղի ունեցած 8րդ նիստում նախ խօսք է առել նախագահը եւ ժողովի բացման ժամանակ յիշեցնելով, որ այսօրուայ նիստը համընկնում է Ապրիլի 24ի հետ, 10 րոպէ դադար է տուել՝ որպէս յարգանքի նշան: Այս ընթացքում ամբիոն բարձրացած դոկտոր Թորգոմեանը յայտնել է, որ յարգանքով խնկարկում է բոլոր զոհերի, այդ թւում՝ դոկտոր Փաշայեանի, դոկտոր Տաղաւարեանի, դոկտոր Սեւակի եւ միւսների յիշատակը: Ինչպէս ընկերութիւնն է տէր կանգնել «տեղահանութեան» ընթացքում տուժածներին, այնպէս էլ տուժածների ընտանիքներն են իրենց հնարաւորութեան սահմաններում փորձել փոխադարձաբար միաւորել ուժերը միութեան հետ: Մէկ այլ համերաշխութեան օրինակ է զոհուած բժիշկների մտաւոր պաշարների նուիրաբերումը հայ հասարակութեանը: Տիկին Տաղաւարեանը Հայկական բժշկական ընկերութեանն ուղղուած նամակում գրում է երջանկայիշատակ ամուսնու՝ դոկտոր Տաղաւարեանի 101 հատոր ֆրանսերէն բժշկական գրքերի նուիրաբերման եւ գրքերը Հայաստան տեղափոխելու ցանկութեան մասին: Ժողովը երախտիքով է ընդունել այս նուիրաբերութիւնը եւ տիկին Տաղաւարեանին պատուաւոր անդամ յայտարարելով՝ որոշել է ընկերութեան անունից նրան ուղարկել շնորհակալական նամակ: 1920թ. 9րդ նստաշրջանը մեկնարկել է դոկտոր Մ. Խորասանջեանի այրու՝ երջանկայիշատակ ամուսնու եւ երիտասարդ տարիքում մահացած զաւակի յիշատակին նուիրուած մի նամակի ընթերցումով, որտեղ խօսւում է դոկտորի աւելի քան 600 կտոր բժշկական գրքերի՝ Հայկական բժշկական ընկերութեան գրադարանին նուիրաբերուելու մասին: Ժողովն այս նուիրաբերութիւնն ընդունել է երախտիքով, իսկ տիկին Խորասանջեանին եւ որդուն՝ փաստաբան Պետրոս Խորասանջեանին շնորհել պատուաւոր անդամի կոչում: Ընկերութեան 12րդ նիստն անցկացուել է 1921թ. Յուլիսի 11ին եւ մեկնարկել նախագահի պատմական յայտարարութեամբ: Նախագահը, ժողովի բացմանը յայտնել է, որ այս օրը համընկնում է Հնչակեան 20 գործիչների կախաղան բարձրացուելու 6րդ տարելիցի հետ եւ մասնաւորապէս ասել. «Հայկական բժշկական ընկերութեան անունից յայտնում եմ իմ վշտակցութիւնը եւ առաջարկում եմ մի պահ ընդմիջել ժողովը»: Բացի այդ, նախագահը աւելացրել է նաեւ, որ 1920թ. Հոկտեմբերին Կարսում մէկ կրակոցով սպաննուել է ընկերութեան անդամներից դոկտոր Սուրեանը: Ծաւալուն տեղեկութիւն է տրուել Փարամազի եւ ընկերների՝ 20 գործիչների մասին, որոնցից Բեննէ Թորոսեանը բժիշկ էր, իսկ Հրանդ Եկաւեանը՝ բժշկական վարժարանի ուսանող: Ընկերութիւնը ներկայացնում է նաեւ բժիշկ-հասարակութիւն համագործակցութեան մի օրինակ: Այն չի խնայել իր բժշկական եւ նիւթական օժանդակութիւնը թուրքական Կարմիր մահիկից, հայկական Կարմիր Խաչից, եկեղեցիներից, պատրիարքարանից, Հայաստանի Առաջին Հանրապետութիւնից, դպրոցներից, խմբերից, որբանոցներից, Կիլիկիայի դաժան պայմաններում գտնուող աղէտի զոհերից…
Ընկերութիւնն ու անդամ բժիշկներն իրենց աշխատանքներով կարեւոր յանձնառութիւններ են իրականացրել 1915ի գործընթացը նոր յաղթահարած վիրաւոր հայ ժողովրդի վէրքերը դարմանելու, նրանց յոյս ներշնչելով ոտքի կանգնեցնելու գործում: Առաջին Համաշխարհային պատերազմի եւ հայերի «տեղահանութեան» առաջացրած աղէտի պայմաններում բնական պէտք է համարել, որ հանդէսն աշխատել է տեղ տալ առողջապահութեան ոլորտի ողջ գործունէութեանը: Այս տարիներին Ստամբուլի Հայկական բժշկական ընկերութիւնը դարձել էր մի կենտրոն, որ արձանագրում էր հայ հասարակութեան առողջապահական բոլոր կարիքները, ձեռք էր առնում անհրաժեշտ միջոցներ հիւանդութիւնների չտարածման համար, ժողովրդին տեղեկացնում էր առողջական խնդիրների մասին եւ զգուշացումներ էր անում հայ հասարակութեան ղեկավարներին՝ անհրաժեշտ միջոցների ձեռնարկման համար: Հայ հասարակութեան մէջ տիրող ծանր պայմանների պատճառով ընկերութիւնն իր ուշադրութիւնն ու ուժերը կենտրոնացրել էր նախ եւ առաջ հասարակութեան խնդիրների լուծմանը:
Առաջնային տեղ էր զբաղեցնում հայ հասարակութեան մնացուկներին տեղահանութեան արհաւիրքի ազդեցութիւններից աստիճանաբար ազատելով ոտքի կանգնեցնելը, պաշտպանելը եւ դէպի ապագայ ճանապարհելու մտահոգութիւնը: Ընկերութեան՝ 15 օրը մէկ անցկացրած բժշկական, հասարակական եւ քաղաքական քննարկումները հրապարակուել են «Դարման»ի էջերում: Այս արձանագրութիւնները ցոյց են տալիս, որ հաւաքներն իրականացւում էին այնպիսի ոգով, որտեղ մտաւորականները գիտակցում էին ժողովրդի առջեւ ունեցած պատասխանատուութիւնը, ունէին անձնազոհութեան եւ ժողովրդի իւրաքանչիւր խնդրին ընդառաջ շտապելու պատրաստակամութիւնը: Պարբերական ժողովների արձանագրութիւնները որոշ իմաստով կարծես հայ հասարակութեան բարոմետրը լինէին. այս էջերի տողերում հնարաւոր է տեսնել ուրախութիւնն ու տխրութիւնը: Ուշագրաւ է, որ ժողովներում կարեւոր էր էթիկական բանավէճը:
Հայկական բժշկական ընկերութիւնը 1914թ. Յունիսի 17ի նիստում ընդունել է «Բժշկութեան բարոյական սկզբունքները» (Principes D՛ontologie Medicalռ): «Դարման»ում արտացոլուած ժողովի արձանագրութիւններից հասկանում ենք, որ ընկերութիւնն ունէր վերին աստիճանի դեմոկրատական կառուցուածք: Չենք չափազանցնի, եթէ ասենք, որ ընկերութեան 100 տարի առաջուայ դեմոկրատական կառուցուածքը չի գերազանցուել նոյնիսկ մեր օրերում: Ընկերութիւնն իրականացուած քայլերից անդին՝ կառուցուածքով եւ գործունէութեամբ փարոս է նաեւ մեր օրերի համար:
Ամէն մի ժողով գիտական բանավէճ էր: Որեւէ հիւանդութիւն՝ իր տարբեր կողմերով, ախտորոշման եւ բուժման մեթոդներով քննարկւում էր ամենայն մանրամասնութեամբ: «Դարման»ում սրա արտացոլումը հնարաւորութիւն էր տալիս ժողովներին չմասնակցած բժիշկներին տեղեկացուած լինել բժշկութեան զարգացումներից: Այս տեսանկիւնից «Դարման»ը կատարում է ուղեցոյցի, դպրոցի դեր: Հանդէսն ունէր թղթակիցներ ինչպէս երկրի ներսում, այնպէս էլ նրանից դուրս: «Դարման»ին վերապահուած կարեւորութեան ցուցանիշ էր այն, որ շատ մարդիկ թերթի իրենց բաժանորդագրութիւնը նուիրում էին բազմաթիւ հաստատութիւնների: Ոմանք էլ Օննիկ Փափազեանի նման, ազգասիրութիւնից եւ անձնազոհութիւնից դրդուած, ստանձնում էին հանդէսի տպագրութեան գործը:
Բացի այդ շատ ուսանելի է հանդէսի էջերում բժիշկների վարած երկխօսութիւնն ընթերցողների հետ: Ընկերութիւնը հայ հասարակութեան ամէն շերտի եւ ամէն կառոյցի հետ սերտ կապէր ստեղծելու հետ միասին ջերմ յարաբերութիւններ է հաստատել նաեւ երկրի ներսում եւ արտերկրում գտնուող այլ կազմակերպութիւնների հետ: Ընկերութեան նախագահն ու անդամները կապեր ունէին նաեւ հայ հասարակութեան մէջ գործող այլ կազմակերպութիւնների հետ: Նրանցից ոմանք ղեկավար պաշտօն են ստանձնել միաժամանակ երկու կազմակերպութիւններում: Ընկերութեան երկրորդ շրջանի հիմնադիր նախագահ Վահրամ Թորգոմեանը միեւնոյն ժամանակ տնօրինում էր նաեւ հայկական Կարմիր Խաչը: «Տեղահանութեան» ընթացքում իր զաւակներին գրեթէ ամբողջութեամբ կորցրած հայ հասարակութեան պատահականօրէն ողջ մնացած որդիները, կարող ենք ասել, որ չունէին ընտրութեան հնարաւորութիւն: Թորգոմեանը եւս այն եզակիներից է, ում պատահականութեան բերումով յաջողուել է հետ վերադառնալ մահուան ուղեւորութիւնից:
Հայկական բժշկական ընկերութեան գործունէութիւնը զուգորդւում էր նաեւ Եդիքուլէի Սուրբ Փրկիչ հայկական հիւանդանոցի հետ՝ ընկերութեան ղեկավարներից մինչեւ գործունէութեան ասպարէզներ բազմաթիւ մակարդակներում: Հայկական բժշկական ընկերութեան հիմնադիրներից եւ ղեկավարներից ոմանք միեւնոյն ժամանակ զբաղեցրել էին ղեկավարների, գլխաւոր բժշկի կամ բժշկի պաշտօններ Եդիքուլէի Սուրբ Փրկիչ հայկական հիւանդանոցում: Դրանցից են դոկտոր Հ. Բ. Մատթէոսեանը, դոկտոր Գրիգոր Դաւիդեանը, դոկտոր Վահրամ Թորգոմեանը, դոկտոր Նազարէթ Տաղաւարեանը, դոկտոր Կարապետ Եաղուբեանը:
Առողջապահական ոլորտում ընկերութեան կատարած կարեւոր քայլերից մէկն էլ օժանդակ առողջապահական անձնակազմ կրթելու ծրագրի իրականացումն է: «Դարման» հանդէսի էջերում տեղ են գտել բազմաթիւ լուրեր Հայկական բժշկական ընկերութեան՝ հայկական Կարմիր Խաչի հետ գործակցութեամբ սեմինարներ կազմակերպելու, հիւանդապահ եւ բուժքոյր պատրաստելու աշխատանքների հետ կապուած: Առաջին Համաշխարհային պատերազմի վերջում հայ հասարակութեան կարիքներն այս ասպարէզում ընկերութեանն ստիպել են այսօրինակ կրթական ծրագիր պատրաստել եւ գործունէութեան գուցէ նշանակալի մասն ուղղել այս ոլորտին: Ընկերութիւնը 1914թ.՝ դեռ պատերազմի սկզբին, սկսել էր բուժքոյրեր պատրաստել, որոնք կը ծառայէին Օսմանեան կայսրութեանը պատերազմին մասնակցութեան դէպքում: 1914թ., երբ պարզ էր դարձել, որ պատերազմն անխուսափելի է, Հայկական բժշկական ընկերութիւնն օսմանեան բանակի եւ թուրքական Կարմիր մահիկի համար Ստամբուլի Փերայի Էսայեան վարժարանում բացել է հիւանդապահութեան եւ բուժքոյրութեան դասընթացքներ՝ Թորգոմեանի եւ մահուան ուղեւորութիւնից չվերադարձած Նազարէթ Տաղաւարեանի, Ռուբէն Սեւակ Չիլինգարեանի նման բժիշկների նախաձեռնութեամբ եւ մասնակցութեամբ, եւ այս թեմաներով տարբեր կոնֆերանսներ կազմակերպել Ստամբուլի տարբեր թաղամասերում:
Առաջին Աշխարհամարտի ընթացքում հայկական օժանդակ առողջապահական անձնակազմի ցուցաբերած յաջողութիւններն իրենց տեղն են գտել օտարազգի դիտորդների յիշողութիւններում: Պատերազմի ընթացքում Ուրֆայում հիւանդանոցի ղեկավարութիւնը ստանձնած Եակոբ Քունցլերի յուշերում տեսնում ենք, որ հայ հիւանդապահներն ու բուժքոյրերը պատերազմի ողջ ընթացքում ծառայութիւն են մատուցել ոչ միայն Ստամբուլում, այլեւ Անատոլիայի այլ քաղաքներում: Քունցլերը նկատում է, որ առողջապահական պայմանները շեշտակիօրէն վատ էին այն վայրերում, ուր ներկայ չէին հայ հիւանդապահներն ու բուժքոյրերը: Ընկերութիւնը յետպատերազմեան շրջանում մօտիկից հետաքրքրւում է հայ հասարակութեան ապագան հանդիսացող որբերով, նրանց ապաստան որբանոցներով եւ յանձն է առնում բազմաթիւ որբանոցների եւ ապաստանների բժշկական հոգսերը:
Փոխանցելով հայ որբերի հետ կատարուած ընկերութեան աշխատանքը՝ Արսէն Եարմանն առաջին անգամ կանոնակարգուած կերպով ներկայացնում է տեղեկութիւն՝ որբերի եւ որբանոցների վերաբերեալ: Արսէն Եարմանը տեղեկութիւններ է տրամադրում առեւանգուած կանանց, երեխաների եւ նրանց փրկութեան (որբահաւաքութեան) վերաբերեալ: Հայ հասարակութեան ապագայի մասին մտահոգութիւններն ու հանրային առողջութիւնը ընկերութեան հետաքրքրութիւնների առանցքում էին: Առողջ սերունդ ունենալու համար ուշադրութեան կենտրոնում էր պահւում վեներական հիւանդութիւնների դէմ պայքարն ու առողջ ամուսնութիւնների խնդիրը: Ստամբուլի հայութեան մէջ տարածւում էին վեներական հիւանդութիւնները եւ նուազում ամուսնութիւնները, այդ պատճառով անհրաժեշտ էր կազմել վիճակագրութիւններ եւ կազմակերպել կանխարգելիչ միջոցառումներ: Մեջլիսը (ընկերութեան) այս հարցով ժողովրդին լուսաւորելու համար որոշել է առողջական թեմաներով կոնֆերանսներ կազմակերպել տարբեր թաղամասերում: Ամուսնական փաստաթղթերի շուրջ աշխատանքը այս ոլորտի աշխատանքներից ամենագլխաւորն էր: Ընկերութիւնն իր բոլոր աշխատանքներում յատուկ շեշտադրում է կատարում այն բանի վրայ, որ հայ որբերի եւ կանանց պաշտպանութեան աշխատանքներն առանձնակի կարեւորութիւն ունեն հայ հասարակութեան ապագայի համար: Այս տեսանկիւնից պէտք է նկատի առնուեն ամուսնական փաստաթուղթը, որբերի եւ կանանց ամուսնութիւնը:
Ընկերութեան հետաքրքրութիւնների շրջանակում էր նաեւ Կիլիկիան, որտեղ զբաղւում են բախտի բերմամբ ողջ մնացած, պատերազմից յետոյ ետ վերադարձած տեղահանութեան-ցեղասպանութեան տուժածների խնդիրներով: Տարածաշրջանային իրադրութիւնը քննարկւում է ընկերութեան պարբերական ժողովներում: Խնդիրը մեծ էր. նրանք, ում յաջողուել է վերադառնալ Կիլիկիա, ընկած են շրջափակման մէջ: Հայ բժիշկները չեն խնայում իրենց օգնութիւնը ետ վերադարձածներից:
Ժողովրդին օգնութեան եկածների մէջ էր Այաշից պատահմունքով հետ վերադարձած հետաքրքրական անձանցից Աւետիս Նակկաշեանը, ով զինադադարի ժամանակ կրկին վերադարձել էր Ստամբուլ: Նակկաշեանը Ստամբուլ վերադառնալուց որոշ ժամանակ անց սկսում է աշխատել Կիլիկիայում (Ադանայի շրջակայքում): Ապա ստիպուած է լինում հեռանալ այնտեղից, երբ ֆրանսիացիները թուրքերի հետ կնքում են Անկարայի պայմանագիրը եւ լքում շրջանը: Ընկերութիւնը հայ հասարակութեան կրօնական եւ աշխարհական մէջլիսների կողքին զբաղեցնում էր նրանց պէս կարեւոր եւ յարգալից տեղ եւ ունէր ընտրեալ խորհրդի հեղինակութիւն:
«Դարման»ի էջերում գրուած է նաեւ ընկերութեան՝ արտերկրում վայելած յարգանքի եւ ներկայացուցչական գործունէութեան մասին՝ ի հեճուկս Կարմիր մահիկի (Hilal-i Ahmer) ներկայացուցիչների յարուցած խոչընդոտների: Հանդէսի վերջին համարը լոյս է տեսել 1922թ. Յուլիսին: Այս վերջին համարում տեղ գտած ժողովում դոկտոր Եաղուբը առաջարկում է Ապրիլի 11ը (1915թ. Ապրիլի 24) Սգոյ օր ընդունել նաեւ հայ բժիշկների համար եւ մասնակցել անցկացուելիք արարողութեանը՝ ներկայացուցիչ ուղարկելով ընկերութիւնից: Այս առաջարկը նկատի է առնւում, եւ որոշւում է, որ արարողութեանը ընկերութիւնը ներկայացնելու է ղեկավար կազմը… Այս ելոյթից յետոյ վարդապետ Տիրատուրեանը, նկատի առնելով Ապրիլի 11ի զոհերի համար կատարուելիք սգոյ արարողութիւնը, նահատակ հայ բժիշկների հոգիների համար աղօթք է կարդացել:
1922թ. Օգոստոս ամսին Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի կառավարութեան՝ յունական բանակի դէմ տարած յաղթանակով բազմաթիւ այլ հայկական կազմակերպութիւնների հետ մէկտեղ փակուեց նաեւ Հայկական բժշկական ընկերութեան գործունէութեան ասպարէզը: Այդուհետ ընկերութիւնը դադարեցրել է գործունէութիւնը եւ վերջ դրել «Դարման» հանդէսի կեանքին:
«Արմէնպրէս»
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
St. Vincent
Jewelry Center
Downtown Los Angeles
7th, Hill & Broadway St.
213-629-2124
www.SVJC.com
Sahak
& Janet
Kazanjian