ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ ՊԵՐՃ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ ԵՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԱՐԱՄ ԱԼԱՋԱՋԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Աշխարհի ամենահայահոծ քաղաքներից մէկում կառուցուելիք Հայ-Ամերիկեան թանգարանը կը խորհրդանշի հայ ժողովրդի ապրելու կամքը, ստեղծելու շնորհը, խաղաղութիւն եւ համակեցութիւն սերմանելու առաքելութիւնը: Գլենդելի կենտրոնում նախատեսուած Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակը նշանաւորող թանգարան-մշակութային կենտրոնն ըստ նախաձեռնողների՝ «յաւերժացնելու» է հայկական ինքնութիւնը Միացեալ Նահանգներում սերունդների համար:
Հայ-Ամերիկեան թանգարանը նոր փուլ է նախանշելու Կալիֆորնիայի եւ Միացեալ Նահանգների հայ համայնքի կեանքում: Ժամանակակից չափանիշներով եւ միջոցներով այս կառոյցը կը ներկայացնի հայի նկարագիրը՝ մեր պատմութեան, մշակոյթի միջոցով, հայերի ներդրումն Ամերիկայում եւ աշխարհում: Դառնալով մեր անցեալի ու ներկայի հանդիպման վայրերից, միաժամանակ՝ թանգարանում կերտուելու է ապագան: «Թանգարանները պահպանում են ազգի մշակութային հարստութիւնը սերունդների համար, եւ իրենց գործառոյթով ու բացառիկ դիրքով՝ դառնում են ազգի մշակութային բանականութիւնը», ժամանակակից թանգարանի առաքելութիւնն այսպէս է բնորոշել Թանգարանների միութեան նախագահ Էմանուէլ Արինզէն:
Հայ-Ամերիկեան թանգարանը նաեւ որպէս հարթակ է ծառայելու տարբեր մշակոյթների երկխօսութեան համար՝ կիսելով համակեցութեան հայերի փորձառութիւնը: Կալիֆորնիայի բազմազգ հանրութիւնը ստեղծագործական միջավայրում հնարաւորութիւն կ՛ունենայ ծանօթանալու հայի ինքնութեանն ու ներկայացնելու իր ազգայինը: Թանգարանը նախատեսւում է, որ կը դառնայ համաշխարհային արուեստի կենտրոններից՝ իր մշտական ու ժամանակաւոր ցուցադրութիւններով, մշակութային ձեռնարկներով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս ծնուեց թանգարան եւ մշակութային կենտրոն ստեղծելու մտայղացումը:

ՊԵՐՃ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցը նշելու նպատակով, համայնքի բազմաթիւ կազմակերպութիւններից կազմուած Հարիւրամեակի յանձնախումբը 2014 թուականին որոշեց ստեղծել պատմական մի կոթող, որ կը խորհրդանշէր պատմական տարելիցը: Ինչպէս Ցեղասպանութեան յիսուն ամեակին, Մոնթեբելլոյում կառուցուեց յուշահամալիրը: Այս նպատակով ստեղծուեց ենթայանձնախումբ, որն էլ առաջարկեց հիմնել այնպիսի կառոյց, որ կը խորհրդանշի մեր ազգի վերածնունդը, մնայուն մի արժէք, որ նախատեսուած լինի նաեւ սերունդների համար: Թանգարանն ու մշակութային կենտրոնը այն վայրն էր, որը ոչ միայն հայերին, նաեւ՝ օտարներին կը տեղեկացնէր Հայոց Ցեղասպանութեան, նաեւ՝ հայ ազգի մասին:
Միաժամանակ, թանգարանի տեսլականներից դարձաւ՝ նպաստել Ամերիկայի էթնիկ մշակութային բազմազանութեան ընկալմանն ու արժեւորմանը: Այս նպատակով, որոշուեց, որ ապագայ մշակութային կենտրոնը կը ներկայացնի նաեւ այլ էթնիկ խմբերի, նրանց պատմութիւնն ու մշակոյթը: Այս առումով էլ ապագայ կառոյցը բացառիկ է, քանզի Կալիֆորնիայում չկայ մի թանգարան, որը ներկայացնում է միաժամանակ տարբեր ժողովուրդների: Ըստ այդմ, մեր թանգարանի 50 տոկոսը՝ մշտական պատկերասրահը կը յատկացուի հայերին, միւս յիսունը՝ ժամանակակից եւ շրջիկ սրահները՝ այլ ժողովուրդներին, հայերի հետ նրանց ունեցած յարաբերութիւններին:
Թանգարան եւ մշակութային կենտրոն ունենալու առաջարկն ողջունուեց Հարիւրամեակի յանձախմբի կողմից, եւ 2015 թուականին, որոշուեց ստեղծել համայնքի տարբեր կազմակերպութիւններ ներառող մի մարմին, որը նախագիծը կեանքի կոչելու պատասխանատուութիւն կը ստանձնէր: Հայ-Ամերիկեան թանգարան եւ մշակութային կենտրոնի յանձնախումբը կազմուած է տասը հոգեւոր, մշակութային եւ բարեսիրական կազմակերպութիւններից՝ Հայ կաթողիկէ եկեղեցի, Հայ Մշակութային Հիմնարկութիւն, Հիւսիային Ամերիկայի Հայ աւետարանչական միութիւն, Արեւմտեան շրջանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն, Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութիւն, Հայ Օգնութեան Միութեան Արեւմտեան շրջան, «Նոր Օր» բարեգործական հիմնարկութիւն, «Նոր Սերունդ» մշակութային միութիւն, Հիւսիսային Ամերիկայի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Արեւմտեան թեմն ու Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդարանը: Այս թանգարանը ստեղծւում է համայնքի տարբեր հատուածներ ներկայացնող մարմինների կողմից, եւ պատկանելու է մեր ողջ համայնքին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ բաժիններից է կազմուած լինելու Հայ-Ամերիկեան թանգարանը:
ՊԵՐՃ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Թանգարանն ունենալու է երկու բաժին՝ մշտական պատկերասրահը, որտեղ ներկայացուելու է հայ ժողովրդի պատմութիւնը, մշակոյթը, Ցեղասպանութիւնը, Եղեռնից յետոյ տարրբեր երկրներում, այդ թւում՝ ԱՄՆում հաստատուած ու յաջողութիւնների հասած հայերի պատմութիւնը, նրանց ներդրումը համաշխարհային իրականութեան մէջ: Առանձին բաժին է յատկացուելու ամերիկահայութեան պատմութեանը, Կալիֆորնիայի հայերին եւ այս նահանգում նրանց ունեցած նպաստին: Փորձելու ենք ինտերակտիւ ձեւով նաեւ վերարտադրել Հայաստանի պատմութեան տարբեր փուլերը՝ դրանք առաւել առարկայական դարձնելու այցելուներին: Այս աշխատանքներն իրագործելու նպատակով՝ ներգրաւելու ենք պատմաբաններ եւ այլ մասնագէտների:
Թանգարանի ժամանակաւոր ցուցասրահներում, նախատեսում ենք ներկայացնել տարբեր ազգերի, եւ առաջին հերթին նրանց, ովքեր ապրում են մեր կողքին: Այս հատուածը տրամադրուելու է նաեւ շրջիկ ցուցադրութիւններին: Թանգարանը կառուցուելու է միջազգային չափանիշներով, որպէսզի ընդունելի լինի համաշխարհային տարբեր թանգարանների համար՝ այստեղ իրենց ցուցահանդէսները ներկայացնելու:
Այդ նպատակով, մենք ընտրեցինք թանգարանների ստեղծմամբ զբաղուող աշխարհի ամենահեղինակաւոր ու ճանաչուած՝ Լորդ Քալչըրըլ Ռեսորսիս ընկերութիւնը: Նրանք ծանօթ էին հայերին՝ Կանադայի Մարդու իրաւունքների թանգարանում իրենց աշխատանքից, որտեղ բաժին կայ յատկացուած նաեւ Հայոց Ցեղասպանութեանը: Սկսեցինք աշխատել Հայ-Ամերիկեան թանգարանի ծրագրման շուրջ՝ ելնելով մեր նպատակներից, առաքելութիւնից, բովանդակութիւնից: Ընկերութիւնն իր հերթին, հանդիպումներ անցկացրեց հայ համայնքի ներկայացուցիչների, քաղաքի ղեկավարների հետ՝ պարզելու նաեւ նրանց պատկերացումներն ապագայ թանգարանի մասին: Լորդ Քալչըրըլ Ռեսորսիս ընկերութիւնը, ամբողջացնելով մեր տեղեկութիւննները՝ ներկայացրեց թանգարանի զարգացման ծրագիր, որը հաւանութեան արժանացաւ յանձնախմբի կողմից:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Թանգարանի նախագիծը նախորդ տարուայ վերջին ներկայացուեց հանրութեանը: Ինչպէ՞ս ընտրեցիք վայրը եւ նախագծի հեղինակներին:
ՊԵՐՃ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Թանգարանը որոշուեց, որ պէտք է կառուցուի Գլենդելում, քանի որ այս քաղաքն ամենահայաշատն է Հարաւային Կալիֆորնիայում, միաժամանակ՝ մօտ է մեծ թուով հայ բնակչութիւն ունեցող այլ քաղաքներին: Սկսեցինք բացառիկ բանակցութիւններ վարել քաղաքապետարանի հետ: Թանգարանի կառուցման համար ամենայարմար տարբերակն այդ ժամանակ Գլենդելի Հանրային քոլեջի հարեւանութեամբ գտնուող տարածքն էր, որ հնարաւորութիւն կը տար մեզ սերտօրէն համագործակցել քոլեջի հետ: Սակայն, 2016 թուականի գարնանը քաղաքապետարանն առաջարկեց նոր վայր՝ Գլենդելի կենտրոնում՝ Բրենդ եւ Կոլորադօ փողոցների հատման կէտում, ինչը հաճելի անակնկալ էր մեզ համար: Թանգարանը կը կառուցուի Արուեստի եւ Ժամանցի կենտրոն յայտարարուած տարածքում, եւ կ՛ամբողջացնի քաղաքի մշակութային կենտրոնը:
Հայ-Ամերիկեան թանգարանի շէնքի նախագծի համար 26 ճարտարապետական ընկերութիւն ցանկութիւն յայտնեց նախագծեր ներկայացնել: Բազմաթիւ հանդիպումների ու բանակցութիւնների արդիւնքում, ընտրեցինք «Ալաջաջեան-Մարկոսի Ճարտարապետներ» ընկերութեանը: 1986 թուականին հիմնադրուած այս կազմակերպութիւնն յայտնի է տարբեր քաղաքներում իր բազմաթիւ իւրայատուկ կառոյցներով: Ընկերութեան համահիմնադիր, ճանաչուած ճարտարապետ Արամ Ալաջաջեանը մասնակցել է նաեւ Լոս Անջելեսի Ժամանակակից արուեստի թանգարանի ստեղծմանը՝ հանրայայտ Արատա Իսոզակիի հետ միասին: Գործ ընկերոջ՝ Մարկոսիի հետ նրանք արժանացել են յատուկ մրցանակի Վատիկանի կողմից՝ Գլենդելի Սուրբ Գրիգոր լուսաւորիչ հայկական կաթողիկէ եկեղեցու դիզայնի համար: Թանգարանը ցանկանում ենք, որ համապատասխանի միջազգային չափանիշներին եւ ընդունելի լինի համաշխարհային տարբեր թանգարանների կողմից՝ այստեղ շրջիկ ցուցահանդէսները հնարաւոր դարձնելով: Այդ նպատակով, ճարտարապետին ընտրելիս մենք առաջնորդուեցինք այն սկզբունքով, որ թանգարանն ամբողջացնէր հայկական ոճը, Գլենդելի ոգին ու համամարդկային արժէքներ կրէր:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պարոն Ալաջաջեան, ի՞նչ նշանակութիւն ունի այս նախագիծը ձեր համար: Արդեօք այն արտացոլո՞ւմ է հայկական ճարտարապետութեան տարրեր:
ԱՐԱՄ ԱԼԱՋԱՋԵԱՆ.- Կարծում եմ, որ այս նախագծով բացառիկ առիթ է ներկայացել մեր համայնքին եւ ճարտարապետներիս, մի կոթողային կառոյց ստեղծելու այս երկրում, ինչու չէ նաեւ աշխարհում, որը հայեացք է եւ քայլ դէպի առաջ: Արդէն 31 տարի գործող մեր ճարտարապետական ընկերութեան համար, սա բացառիկ նախագիծ է, եւ մեր աշխատակազմի բոլոր անդամներն են մասնակցել գծագրմանը՝ առանձնայատուկ սիրով ու գուրգուրանքով: Սա հոգուց բխած աշխատանք է: Ասում են, որ սովորաբար, ծաւալը հետեւում է գործառոյթին, բայց այս դէպքում՝ ծաւալը պատմութեանն է հետեւում՝ մանաւանդ նման ազգային նախագծում:
Արտաքինից, կառոյցը յիշեցնում է Հայաստանի լեռնային լանտշաֆթը (բնավայր-Խմբ.), մակերեսին ժայռեր են՝ կազմուած առանձին հատուածներից շթաքարերից (ստալակտիտ), որ միանալով՝ կարծես լեռ են ձեւաւորում: Այդ մասերը խորհրդանշում են հայ ազգին, որ մեր պատմութեան ընթացքում, Ցեղասպանութեան պատճառով ստիպուած է եղել մասնատուել ու տարածուել աշխարհով մէկ, սակայն համախմբուելով մենք դառնում ենք անսասան մեր լեռների պէս: Միաժամանակ, այն ներկայացնում է Գլենդելում, Կալիֆորնիայում բնակուող տարբեր ազգերի համակեցութիւնը:
Առաստաղի հատուածում մեր աւանդական ճարտարապետութունից փոխառուած երդիկն է, որտեղից լոյսն է ներթափանցում: Թանգարանի ներսում, պատերին մեր այբուբենի տառերն են, որ մեր մշակութային առաջին գիւտն է, մեր այբուբենը, որը սահմանել է մեր ազգային ինքնութիւնը: Հայկական ճարտարապետութիւնն ու զարդանախշերն արտացոլող այլ մասնիկներ էլ կը լինեն, որ կը բացայայտենք աապագայում:
Այս թանգարանը նաեւ համամարդկային բնոյթ է կրելու. բացի հայկականից, ներկայացուելու են նաեւ այլ մշակոյթներ: Մենք ցանկանում ենք, որ հայկականը որպէս համաշխարհայինի մաս ընկալուի, աշխարհի թանգարանների մի մասնիկը դառնայ: Ոորովհետեւ, որպէս առանձին միաւոր երկար չի կարող գոյատեւել միջավայրում, եւ պէտք է դառնայ այդ միջավայրի մասնիկը՝ բայց հայկական համ ու հոտով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպիսի՞ն է թանգարանի ներքին կառուցուածքը:

ԱՐԱՄ ԱԼԱՋԱՋԵԱՆ.- Թանգարանը երեք յարկանի է: Առաջինում նախատեսուած է կառուցել ամֆիտատրոն՝ թատերական ներկայացումների, համերգների համար: Երկրորդ յարկում տեղակայուելու են մշտական եւ ժամանակաւոր պատկերասրահները: Մշտական ցուցասրահն ամբողջովին հայկական է՝ պատմութիւն, մշակոյթ, հայերի մասին բազմաթիւ այլ տեղեկութիւններ, այդ թւում՝ ԱՄՆում տարբեր ոլորտներում մեր հայրենակիցների ունեցած ներդրումների մասին: Մենք ունեցել ենք տարբեր ոլորտներում գործիչներ, որոնց կեանքն ու գործունէութիւնը հայեցի է եղել, եւ նրանք մեր ազգի պատմութեան մաս են կազմում՝ անկախ նրանից ծնուել են հայրենիքում թէ դրսում: Այդ անհատների մասին տեղեկութիւնների պահպանումն ու ներկայացումը եւս մեծ աշխատանք է պահանջում, որ պէտք է թանգարանի գործառոյթներից լինի:
Ժամանակաւոր ցուցադրութիւնների համար սրահներում կը ներկայացուեն այլ ազգերի մշակոյթներ եւ շրջիկ ցուցահանդէսներ: Միջազգային չափանիշներով ստեղծուելիք թանգարանը թոյլ կը տայ հիւրընկալել աշխարհի տարբեր թանգարաններից ցուցահանդէսներ: Այդպիսով, Գլենդելի, Կալիֆորնիայի եւ ընդհանրապէս ԱՄՆ տարբեր նահանգներից մարդիկ հնարաւորութիւն կ՛ունենան ծանօթանալու համաշխարհային նշանակութեան արուեստի գործերի, այլ մշակոյթների պատմութեանը, եւ տարբեր երկրներում նաեւ հայերի ներդրումներին:
Նախագիծն այնպէս է, որ եթէ այցելուն եկել է ժամանակաւոր ցուցահանդէս դիտելու՝ անպայման պէտք է անցնի մշտականի միջով, որ կարողանայ դուրս գալ՝ ելքն ու մուտքը կազմակերպուած են մէկ կէտի վրայ:
Երրորդ յարկում զետեղուելու են արխիւները, եւ լինելու է հետազօտական կենտրոն: Այստեղ կը լինի նաեւ խոհանոց, որտեղ կը ներկայացուեն նաեւ տարբեր ազգերի ճաշատեսակներ:
Միաժամանակ, այդ հատուածը բազմանպատակ է՝ կ՛անցկացուեն հաւաքոյթներ: Կառոյցի վերեւում բացօթեայ կանաչ հատուած կը լինի՝ քանդակների այգին: Թանգարանում կը գործի գրախանութ եւ յուշանուէրների վաճառասրահ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս է տեղի ունենալու ֆինանսաւորումը:
ՊԵՐՃ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Ամերիկայում, սովորաբար, թանգարանի եկամուտի 28 տոկոսը ստացւում է այցելուներից, մնացած գումարը ապահովւում է նուիրատուութիւններից, կառավարութեան աղբիւրներից, եւ յատուկ կազմակերպուած ձեռնարկներից: Մեր թանգարանն էլ կը գործի նոյն կերպ: Ուրախ ենք նշելու, որ Կալիֆորնիայի նահանգապետն արդէն մէկ միլիոն դոլար է յատկացրել նախնական աշխատանքները սկսելու համար: Մենք յետագայում դիմելու ենք նահանգապետարանին, Լոս Անջելեսի մարզին, եւ Գլենդելի քաղաքապետարանին, ինչպէս նաեւ մեր համայնքին՝ նուիրատուութիւնների համար: Ոգեւորիչ է նաեւ այն հանգամանքը, որ այսօր արդէն 75 նուիրատուներ արձագանգել են մեզ, եւ իրենց առաջին քայլերով դռներ կը բացեն այլոց առաջ: Մշակութային մեր կենտրոնով ոգեւորուած են, եւ անհամբեր սպասում են իրագործմանը նաեւ օտարները, այդ թւում՝ քաղաքի եւ նահանգի քաղաքական ու մշակութային գործիչները: Մենք նաեւ աշխատանքներ ենք տանելու՝ ներգրաւուելու համար Գլենդելում բնակուող այլ համայնքների, որոնց մշակոյթն ու պատմութիւնը կը ներկայացուի մեր թանգարանի ժամանակաւոր ցուցասրահում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Թանգարանը ֆիզիկապէս դեռ գոյութիւն չունի, սակայն արդէն գործում է, ներկայացւում են ցուցադրութիւններ:
ՊԵՐՃ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- 2016թ.ի Ապրիլին, հիւրընկալեցինք առաջին շրջիկ ցուցադրութիւնը Հայ-Ամերիկեան թանգարանի հովանու ներքոյ՝ «Հայաստան. Բաց Վէրք» խորագրով, որը Մեքսիկայի Յիշողութեան եւ հանդուրժողականութեան թանգարանի ցուցադրութիւնն էր: Գլենդելի Բրենդ գրադարանում շուրջ 3000 այցելու ունեցանք, որից 1000ից աւելին հանրային դպրոցներից նաեւ ոչ հայ աշակերտներ էին: Ցուցադրութիւնը լուսաբանեցին ամերիկեան հեռուստաընկերութիւնները: Այս ձեռնարկն առիթ էր, որ հանրութիւնը ծանօթանայ մեր թանգարանի նպատակներին եւ տեսլականին: Ամէն տարի նախատեսում ենք մշակութային տարբեր ձեռնարկներ կազմակերպել, որպէսզի համայնքը սկսի ճանաչել մեզ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ-Ամերիկեան թանգարանը ե՞րբ պատրաստ կը լինի:
ԱՐԱՄ ԱԼԱՋԱՋԵԱՆ- Թանգարանի կառուցումը ենթադրում է նաեւ տուեալ տարածքի համապարփակ կառուցապատման ծրագիրը, որ կ՛իրականացուի քաղաքապետարանի հետ համատեղ: Նախատեսւում է ստեղծել բացօթեայ մի շրջան, որ կը լինի հանգստեան գօտի՝ կանաչ տարածքներով, այլ համապատասխան կառոյցներով, պէտք է ստեղծուեն կայանատեղիներ: Այս նպատակով, քաղաքապետարանի հետ շարունակում ենք բանակցութիւնները ծրագրման հարցերով, որոնք կ՛աւարտուեն Նոյեմբերին: Բարեյաջող ընթացքի դէպքում, քաղաքապետարանը կ՛աւարտի իր կողմից իրականացուելիք կառուցապատման աշխատանքները 2021ի վերջին, որից յետոյ մենք կը սկսենք: Լաւատեսական հաշուարկներով, թանգարանը պատրաստ կը լինի 2023թ.ին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որքանո՞վ է տեղեկացուած համայնքը, եւ այս փուլում ինչպէ՞ս կարող է մասնակցել թանգարանի ստեղծման աշխատանքներին:
ՊԵՐՃ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Թանգարանի ստեղծման աշխատանքների ամենասկզբից, մշտապէս տեղեակ ենք պահել հանրութեանը մեր գործունէութեան մասին: Տարբեր թեմաներով կազմակերպել ենք հանրային քննարկումներ, տեղեկատուութիւն ենք տարածել մեր կայքի, սոցիալական էջերի, լրատուամիջոցների միջոցով: Համայնքին ներկայացրել ենք նաեւ շէնքի նախագիծը: Արդէն հազարաւոր մարդիկ դիտել են, կարծիքներ ու մեկնաբանութիւններ են արել, որոնք մենք հաշուի ենք առնելու եւ ներառելու ենք բոլոր հիմնաւորուած փաստարկները: Հիմնական արձագանգը դրական է: Շատ կարեւոր, է որ այս փուլում մեր համայնքը մօտենայ մեզ եւ յայտնի, թէ ինչպէս է ցանկանում տեսնել Հայ-Ամերիկեան թանգարանը՝ թէ՛ բովանդակային, թէ՛ նախագծային առումով: Յաջորդ տարի էլ պատրաստւում ենք ձեւաւորել առանձին յանձնախմբեր, որտեղ իւրաքանչիւրը կարող է մասնակցել:
ԱՐԱՄ ԱԼԱՋԱՋԵԱՆ.- Ունենալ նման թանգարան, արդէն իսկ պարտաւորեցնող է մեր համայնքի համար, քանզի ստեղծւում է աշխարհի ամենահայահոծ քաղաքներից մէկում: Սա պահանջում է նաեւ մեր ժողովրդի ներդրումը բոլոր առումներով, որովհետեւ սա նաեւ պատկանելիութեան հարց է, միեւնուն ժամանակ մեր դէմքն է ներկայացնելու աշխարհին: Կոչ եմ անում մեր երիտասարդներին, ովքեր այս գործի ջահակիրները պէտք է լինեն, այսօրուանից աշխուժօրէն մասնակցեն թանգարանի ստեղծմանը, ներկայացնեն իրենց տեսլականն ու մտայղացումները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ-Ամերիկեան թանգարանն ու մշակոյթի կենտրոնը ի՞նչ կարեւորութիւն ունի ամերիկահայերի եւ ընդհանրապէս մեր ազգի համար:
ԱՐԱՄ ԱԼԱՋԱՋԵԱՆ.- Մենք կարող ենք հարիւրաւոր յուշարձաններ կառուցել, սակայն մշակութային նման կենտրոնն է, որ մեր զարգացման գրաւականն է: Հասունացել է ժամանակը, որ սահմանենք մեր ապագան, որովհետեւ յաղթահարել ենք մեր անցեալը, ոչ թէ թօթափել ենք վիշտը, այն կը մնայ այնքան ժամանակ մինչեւ չվերականգնուի արդարութիւնն ու մեր հողերը չվերադարձուեն, բայց սա միջոց է առաջ նայելու եւ ցոյց տալու, որ մեր ազգը վերապրել է, եւ համաշխարհային մշակոյթին շատ բան է տուել եւ շարունակելու է ստեղծել ու տալ: Սա բացառիկ առիթ է մեր համայնքի համար, որ նեցուկ կանգնենք այս թանգարանին՝ բոլոր առումներով, եւ այն մարդիկ ովքեր պիտի մասնակցեն կայացմանը՝ փառք ու պատիւ իրենց, որովհետեւ նման մշակութային կենտրոն ունենալը բարձր գիտակցութեան հարց է: Դպրոցները, եկեղեցիներն անհրաժեշտ են, բայց սա էլ չափազանց կարեւոր է, որովհետեւ համաշխարհային առումով, մենք յայտնի ենք հէնց մեր մշակոյթով: Օտարը գուցէ չընդունի մեր կրօնն ու չմտնի մեր եկեղեցին, բայց՝ մշակութային կենտրոն կ՛այցելի, որտեղ կը տեղեկանայ, կը ծանօթանայ մեր արժէքներին ու ներդրմանը:
Այս թանգարանը նաեւ մեր սերունդների համար է, քանզի ներկայացնում է այսօրը, վաղն ու ապագան: Սա երեք ժամանակների համատեղման վայր է լինելու: Միաժամանակ, շատ մեծ նշանակութիւն ունի հայապահպանման հարցում, այս թանգարանում մեր զաւակներն ամբողջական տեղեկութիւններ են ստանալու իրենց ազգային ինքնութեան բաղադրիչների մասին, իրենց հայրենակիցների, ովքեր մասնակցել են նաեւ այդ երկրի զարգացման գործին: Նոյն ձեւով, թանգարանը իւրօրինակ կրթական կենտրոն կը լինի օտար աշակերտների համար:
Հայ-Ամերիկեան թանգարանը պէտք է համախմբի նաեւ մեր արուեստագէտներին: Վերջին շրջանում, յատկապէս, նոր ալիք է ձեւաւորւում արուեստի տարբեր ոճերում՝ մեր տաղանդաւոր արուեստագէտները թափանցել են երկրի մշակոյթի մայր երակների մէջ, եւ մեծ ճանաչում են վայելում: Այսօր, Ամերիկեան լաւագոյն թանգարաններում որպէս թանգարանագէտներ ու արուեստի քննադատներ գործում են բազմաթիւ հայ երիտասարդներ: Մշակութային ապագայ կենտրոնում պէտք է համատեղենք այս բոլոր ուժերին:
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Levon Travel
408 E. Broadway
Glendale, CA 91205
818.552.7700
Group Services
Kahren Beniasians
Anahid Zakarian
Greta Kovakian
Narineh Isaghoulian
805 E. Broadway., Suite D, Glendale, CA 91205
818-247-2400