ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆ
1920թ. Ապրիլի 11ին Երեւանի փողոցներում թռուցիկներ փակցուեցին, իսկ թերթերում տպագրուեց տեղեկութիւն այն մասին, որ Ամենայն Հայոց վեհափառ հայրապետի բարձր հովանով Զատիկ՝ Կիրակի օրը, քաղաքի եւ Հայաստանեայց բոլոր եկեղեցիներում կատարելու են հանդիսաւոր հոգեհանգիստներ «1915 թուի Մայիս ամսին Պոլսում եւ գաւառներում նահատակուած բոլոր հայ հոգեւորականների եւ մտաւորականների համար»:
Հոգեհանգիստը կայացաւ Ապրիլի 13ին: Այդ օրը Էջմիածնի Մայր տաճարում մատուցուեց պատարագ: Արարողութեան աւարտից յետոյ արդէն դրսում՝ տաճարի մուտքի առջեւ էլ տեղի ունեցաւ առաջին սգահանդէսը, որին մասնակցում էին մեծ թուով քաղաքացիներ, գիմնազիայի աշակերտներն ու հոգեւոր դասը: Սգահանդէսը բացեց գրող, գիմնազիայի տեսուչ Վրթանէս Փափազեանը: Նրա սրտառուչ, ազդեցիկ խօսքին յաջորդեցին եւս մի քանի ելոյթներ: Հաւաքուածներին տեղեկացուեց, որ Փափազեանն առաջարկութեամբ դիմել է Հայաստանի խորհրդարանին՝ Ապրիլի 24ը համազգային սգոյ օր յայտարարելու համար:
Ցաւօք, 1920թ. Ապրիլի 13ից յետոյ Մեծ Եղեռնի զոհերի յիշատակի ոգեկոչումը Հայաստանում արտօնուեց միայն… 45 տարի անց: Իսկ Վրթանէս Փափազեանն իր նշանաւոր ելոյթից 13 օր յետոյ վախճանուեց…