ԵՐԵՒԱՆ, «ՓանԱրմինիըն».- Յայտնի ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց Ցեղասպանութեան մասին «Խոստումը» ֆիլմին գրեթէ զուգահեռ Թուրքիայի իշխանութիւնների ջանքերով նկարահանուել էր «Օսմանեան Լէյտենանտը» (The Ottoman Lieutenant) ֆիլմը՝ հոլիվուդեան առաջատար աստղերի մասնակցութեամբ՝ իբրեւ պատասխան Ցեղասպանութեան մասին ֆիլմին:
«Օսմանեան Լէյտենանտ»ում իրադարձութիւնները կրկին ծաւալւում են Առաջին Աշխարհամարտի տարիներին, այստեղ եւս կենտրոնականը սիրային եռանկիւնին է, սակայն ֆիլմում նկարագրւում է ոչ թէ օսմանեան իշխանութիւնների կողմից կազմակերպուած հայերի կոտորածն, այլ շեշտը դրւում է ներկայիս Թուրքիայի իշխանութիւնների այն «արդարացման» վրայ, որ պատերազմի ընթացքում ու զուտ պատերազմական գործողութիւնների արդիւնքում զոհուել են բազմաթիւ հայեր ու միւս ազգերի ներկայացուցիչներ: «Օսմանեան Լէյտենանտը» պատմում է մի խիզախ թուրք սպայի մասին, ով ամերիկացի բուժքոյրի հետ օգնում է պատերազմում վիրաւորուած հայերին. այսպէս նրանք փորձում են հաստատել Թուրքիայի կողմից ներկայացուած պատմական փաստերը:
Ինչպէս ցանկացած պատուէր՝ զուրկ հեղինակի ստեղծագործական մօտեցումից, «Օսմանեան Լէյտենանտը» թէ վարձոյթում, թէ կինոքննադատների ու կինոդիտողների աչքերում ցուցաբերել է վատագոյն արդիւնքները՝ տապալուելով, ըստ էութեան, բոլոր ճակատներում:
Այսպէս, չնայած այն հանգամանքին, որ ֆիլմի հեղինակները չեն նշում արտադրական բիւջէն (որը կարող է բաւականին բարձր լինել՝ հաշուի առնելով, որ ներգրաւուած են յայտնի դերասաններ Ջօշ Հարթնեթը, Բեն Քինգսլին ու Մայքլ Հոյսմանը), «Օսմանեան Լէյտենանտը», մեկնարկելով Մարտի 10ին ամերիկեան 216 կինոթատրոններում, հաւաքել է ընդամէնը 240,978 դոլար:
Յուսադրող չեն նաեւ կինոքննադատների գնահատականները: Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 21 տոկոս է, ինչը համարւում է «փտած կինօ». 23 գրախօսութիւններից 17ը բացասական են: Կինոդիտողների վարկանիշում միջին գնահատականը 5ից 2.4 է՝ 440 գնահատած անձանց շրջանում: Տխուր պատկեր է նաեւ Metacritic հռչակաւոր ագրեգատորում (զուգորդող կայք-Խմբ.), որտեղ ֆիլմի գնահատականը 26 է (կարմիր)՝ 13 քննադատական յօդուածների հիման վրայ:
Կինոյի խոշորագոյն IMDb ռեսուրսում 1895 գնահատականների հիման վրայ ներկայումս ֆիլմի վարկանիշը 4.7 է, ինչը համարւում է վատ կինոյի ցուցանիշ: