ԵՐԵՒԱՆ, «ՓանԱրմինիըն».- Պետական եկամուտների կոմիտէում վերջին կէս տարում պարբերաբար փոփոխութիւններ են լինում: «ՓանԱրմինիըն» գործակալութիւնը ի մի է բերել կառոյցում ընթացող գործընթացները. կրճատումներից ու հաւաքուած գումարների աճից մինչեւ հարկային համաներում ու ինքնազբաղուածների ազատում հարկումից: Ի՞նչ է եղել ՊԵԿում վերջին շրջանում:
ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ
Պետեկամուտների կոմիտէն նախատեսում է կատարել կառուցուածքային փոփոխութիւններ, որոնց հետեւանքով կը կրճատուի 483 հաստիք (աշխատատեղ): Կը վերանայ մի քանի մաքսատուն, տարածքային տեսչութիւններ ու բաժիններ, փոխարէնն, օրինակ, առեւտրային կազմակերպութիւնների հսկողութեան բաժին է ստեղծուելու:
ԻՆՔՆԱԶԲԱՂՈՒԱԾՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄ ՀԱՐԿՈՒՄԻՑ
2017 թուականի Յունուարի 1ից գործունէութեան 23 տեսակով ինքնազբաղուած մօտ 1570 անձ ազատւում են հարկումից: Նրանք ներգրաւուած են հագուստի նորոգման, փայտեայ իրերի պատրաստման, լեզուների ուսուցման ու մի շարք այլ ոլորտներում:
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
Մինչեւ 2012ի Դեկտեմբերի 31ը եկամտահարկի եւ սոցվճարների (ընկերային վճարումներ) նուազագոյն գումարների վճարման պարտաւորութիւններ ունեցող 4300 անհատ ձեռներեց կազատուի այդ գումարների վճարումից ու տոյժերից: Նրանք կը խնայեն մօտ 800 մլն. դրամ: Սոցվճարներն ուշացրած անձինք, նօտարներն ու ինքնազբաղուած անձինք, 2 կամ աւելի գոյք օտարած եւ ԱԱՀ գծով պարտաւորութիւն ունեցող անձինք եւս ազատւում են տոյժ-տուգանքներից: Դա կը վերաբերուի մօտ 15,000 անձանց:
ՀԱՒԱՔԱԳՐՈՒՄՆԵՐԻ ԱՃ
2017ի առաջին եռամսեակում նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ ՊԵԿի հարկային հաւաքագրումները աճել են 24.3 մլրդ. դրամով: 2016 թուականի Հոկտեմբերից 2017 Ապրիլ ամիսներին ՊԵԿը ապահովել է 653.8 մլրդ. դրամ հարկային եկամուտներ:
ԽՈՇՈՐՆԵՐՆ 29 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԱՒԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՄՈՒԾԵԼ
Խոշոր հարկ վճարողներն առաջին եռամսեակում աւելացրել են մուտքերը 13.9 մլրդ. դրամով (մօտ 29 միլիոն դոլար) կամ մօտ 14 տոկոսով: Միաժամանակ վերջիններիս կողմից դուրս գրուած հաշիւ-ապրանքագրերի թիւն աճել է մօտ 18 տոկոսով՝ մինչեւ 1.420 մլն. հատ: ՊԵԿ նախագահ Վարդան Յարութիւնեանի խօսքերով, խոշոր վարկ վճարողների մօտ ստուերը 48.8 տոկոսից նուազել է եւ դարձել 33.2 տոկոս:
ԲԱՐԵԽԻՂՃ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵԱՆՔԸ ՀԵՇՏԱՑՆՈՒՄ ԵՆ
2017ի Յունուարին արտաքին տնտեսական գործունէութեան բարեխիղճ եւ պարտաճանաչ մասնակիցներն մաքսային մարմնի գործընկերոջ կարգավիճակ են տուել, ինչը նրանց մաքսային ձեւակերպումների եւ հսկողութեան գործընթացներում տարատեսակ պարզեցումներից օգտուելու հնարաւորութիւն է տալիս:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՆՁՈՐՆԵՐԻ ՍԿԱՆԴԱԼԸ
2017ի Ապրիլին, մի շարք խանութներում ու շուկաներում ադրբեջանական ծագման խնձորի խմբաքանակներ յայտնաբերուեցին:
Պարզուեց, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողութեան վարչութեան աշխատակիցները որոշ անհատ ձեռնարկատէրերի օգտին ապօրինի գործողութիւններ կատարելու համար խմբի կազմում՝ նախնական համաձայնութեամբ նրանցից կաշառք են ստացել, որի հետեւանքով առանց մաքսային ձեւակերպումների եւ անհրաժեշտ լաբորատոր (տարրալուծարանի) հետազօտութիւնների Բագրատաշենի մաքսակէտով ներկրուել է օրէնքով սահմանուած թոյլատրելի չափաքանակը գերազանցող (50 կգ.) տարբեր տեսակի միրգ-բանջարեղէն:
ՔՐԷԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐ
2016ի Հոկտեմբերից 2017ի Ապրիլն ընկած ժամանակահատուածում հարկային յանցագորեծութիւնների ու մաքսանենգութեան վերաբերեալ 271 քրէական գործ է հարուցւում՝ 103ը մաքսային, 168ը հարկային յանցագործութիւնների դրուագներով:
Մասնաւորապէս, ադրբեջանական խնձորի ներմուծման գործով ձերբակալւում են ՊԵԿ նախաբացթողումային հսկողութեան վարչութեան Բագրատաշէնի բաժանմունքի մաքսային տեսուչը եւ նոյն բաժանմունքի հերթափոխի պետը: