ԵՐԵՒԱՆ, «ՓանԱրմինիըն».- Հայաստանում մօտ 52,000 աշխատող երեխայ կայ: Տուեալները 2016 թուականի Դեկտեմբերին հրապարակել է ԱՎԾն, Աշխատանքի միջազգային կազմակերպութեան հետ համատեղ՝ 2015 թուականի ընթացքում կատարուած ուսումնասիրութիւնների արդիւնքում: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի, Երեխաների իրաւունքների պաշտպանութեան վարչութեան պետ Էդուարդ Իսրայէլեանը:
ԱՎԾի հետազօտութեանը մասնակցել է 5-17 տարիքային խմբի 453 հազար երեխայ, որի 9 տոկոսը կամ 39,300 երեխայ ընդգրկուած է եղել երեխայի համար արգելուած համարուող աշխատանքում:
ՄԻՊի 2016 թուականի տարեկան զեկոյցում, որտեղ յղում է կատարւում ԱՎԾի հրապարակմանը, մասնաւորապէս գրուած է. «Առաւել խոցելի են եղել գիւղաբնակ երեխաները, քանի որ ընթացիկ զբաղուածութիւն ունեցող երեխաների 88 տոկոսը եղել են գիւղաբնակ: Մտահոգիչ է վնասակար աշխատանքի պատճառով աշխատող երեխաների ստացած վնասուածքների փաստը (հենաշարժիչ համակարգին եւ վերջոյթներին հասցուած վնասուածքները տղաների մօտ կազմել են դէպքերի 6.2 տոկոսը, իսկ աղջիկների մօտ այն կազմում է գրեթէ երկու անգամ աւելի՝ 11.2 տոկոսը):
Հետազօտութեան տուեալները վկայում են նաեւ երեխաների դպրոց յաճախելիութեան մակարդակի եւ զբաղուածութեան միջեւ ակնյայտ փոխադարձ կապի մասին, ընդ որում՝ յատկապէս արտայայտուած երեխայի արգելուած եւ վնասակար համարուող աշխատանքների առումով (չաշխատող երեխաներն ունեցել են դպրոց յաճախելիութեան աւելի բարձր մակարդակ, քան աշխատող երեխաները (95.2 տոկոս եւ 92.8 տոկոս)»:
Էդուարդ Իսրայէլեանը յայտնել է, որ այս ոլորտը վերահսկող յստակ մարմին չկայ, եւ դա «օրէնսդրական բաց է»: Նրա խօսքով՝ իրենց ինստիտուտը ունի լիազօրութիւններ միայն այն դէպքում, երբ տեղի է ունեցել երեխաների իրաւունքների խախտում եւ այն չի արձանագրուել պետական կամ ՏԻՄ մարմինների կողմից:
«Նախկինում կար աշխատանքի պետական տեսչութիւն, որը ժամանակին ունէր աշխատող երեխաների խնդիրներով զբաղուելու լիազօրութիւն, բայց այլեւս նման հարցերով զբաղուող տեսչութիւն չկայ, ինչը նշանակում է, որ այս ոլորտը մեզ մօտ բաց է. օրէնսդրական խնդիր կայ», նշել է նա:
Յայտնենք, որ Յունիսի 12ը Երեխաների ծանր աշխատանքի դէմ պայքարի համաշխարհային օրն էր: