ԳԱՐՈԻՇ ՀԱՐԵԱՆՑ
Պատահեց, որ եղաւ, բայց ոչինչ, որ չեղաւ լրիւ մեր ուզածով: Մենք մնացինք մեր ունեցածի սահմաններում, սակայն ցանկացանք ունենալ աւելին… թէեւ երէկ մեր ու ձեր բաւարար միամօրիկն անկարող եղաւ օգնելու: Այդպէս կամեցաւ ինքը՝ իր ու մեր ճակատագրերի թելադրանքով, սակայն, ցաւ ի սիրտ, չկարողացաւ ի կատար ածել աւելին: Քանի որ ինքն էր նաեւ դոյզն-ինչ մեղաւոր՝ թուացեալ անմեղներից ցմահ գանակոծուած, քանզի հիմա էլ է նոյն խառնաշփոթն իշխում ամէնուրեք, առաւել եւս արդի հայ գրականութեան անդաստանում, իսկ ինքը, միածին ՆԱն այլեւս չի տնօրինում այն ամէնին, որ իրօք մի ժամանակ իր վսեմ գոյաբանութեան գրաւականն էր միակ՝ իբրեւ հաւատարիմ հատուցման սուրբ բանալի: Մի գուցէ: Բայց մենք այդօրինակ բանալու տեղն էլ գիտենք, կողպէքինն էլ, որը դեռ մեր տաք եւ ապահով սրտերում է եւ գուցէեւ ընդմիշտ է մնալու այնտեղ որպէս որդեգիր փրկութեան ելքուղի: Երբ մերոնցից մէկը շտապում է հեռանալ առնուազն երկինք, յուսահատութիւնը չի հասցնում պաշարել մեր անառիկ ոգեղէնութեան ամրոցները, որովհետեւ մենք՝ բոլորով աննուաճ ենք ապրում, մեզ հետ էլ նա՝ մեր այսօրուայ հերոսը, անուանի երաժիշտ ու հմուտ երաժշտագէտ, փորձառու խմբավար ու կազմակերպիչ, ճանաչուած արձակագիր ու շիփ-զտարիւն մտաւորական Հենրիկ Յակոբի Անասեանը, որ մեծի հետ մեծավարի ու շիտակ է ընկերութիւն անում, կրտսերի հետ էլ կրտսերավարի վստահութեամբ: Մենք նրան այսպէս ենք ճանաչում, քանզի նա անխարդախ, ասպետական ընկերութիւն է ծաւալում ամէնքի հետ, նրանից բոլորն են գոհ, դժգոհի դեռ չենք հանդիպել: Առօրեայ կեանքում, առաւել եւս ծրագրուած եւ կամ անակնկալ, չնախատեսուած հանդիպումներում, կամ թէկուզ բաց ու գոց դատարաններում, կամ էլ այլուր, վկայութիւն տալը բնաւ էլ չի դիտւում բարութեան շտապ օգնութիւն, ընդհակառակը՝ վկայելն իրօք բիբլիական հասկացութիւն է, եբեմն փրկութեան բանալի է, յաճախ էլ՝ հաւաստի համոզչականութեան հաւատարմութիւն: Արուեստագէտի, գրողի ճշմարտացի դիմանկար ներկայացնելիս պէտք է առաջնորդուել հերոսի մարդկային ու բարոյական մեծղի դրսեւորումներով, բարոյակամային յատկանիշների առկայութեամբ, որ անհատականութեան կայուն ողնաշար են կազմում: Բիբլիական անխամրելի, անմոռաց մի հոգատարութեամբ է այդ համոզմունքը նախ սեփականաշնորհւում մեզ, ապա եւ արթմնի, հետապնդուող ինքնութեամբ էլ շարունակւում: Նման իրավիճակների ականատեսն ու ականջալուրն ենք լինում գրեթէ բոլորս: Ոմանց հետ համաձայնելով, ոմանց հետ էլ բաց հակաճառելով, մերն անցկացնելու ապարդիւն փորձերով թաթախուն՝ հրաժարւում ենք վկայել, որ վաստակն իրօք անտեսանելի կշիռ էլ ունի, պէտք է այն զգալ, գիտակցել նրա անհրաժեշտութիւնը, կեանքի կոչել ամենայն հրամայական: Քաւ լիցի: Հաւատաւոր գրողի հասարակական յարգանքն ու, մանաւանդ, սիրալիրութիւնը մեզ միշտ են ապաւէն: Դա է մեզ հրամցւում եւ նոյնաձեւ էլ կարծես պարտադրւում գոյաբանութեան իրողութեամբ, որ է յաւելեալ դիմադրողականութիւն, ճշմարիտ վկայել, կը նշանակէ՝ մասնակից դառնալ այն իրադարձութիւններին, որոնք որ հաւաքագրում-կայացնում են տուեալ հերոսի դիմանկարը, այն էլ առանց շրջանակի միջամտութեան: Այս ամէնի պարզորոշ գիտակցութեամբ է ապրում եւ արարում, Լերմոնտովեան բանաձեւի համաձայն, մեր ժամանակի հերոսներից մէկը՝ Հենրիկ Յակոբի Անասեանը, որ ոչ երկիւղ ունի, քանզի արարել եւ արարում է, ոչ էլ սխալի ինքնակամ այցելութիւն, քանզի ինքնավստահ է դեռ էն գլխից: Կալիֆորնիայի Հայ գրողների միութեան /ԿՀԳՄ/ վարչութեան նախկին անդամն ու ներկայ նախագահը շարունակում է կերտել իր սեփական կենսագրութիւնը, որն աղերս չունի ժամանակի հետ, քանզի մեզ պատիւ է ընձեռնուած վկայելու եւս մէկ գործընթաց, որի համաձայն էլ անհատը փորձում է փոխել ճակատագրի ընթացքն ու ափ դուրս գալ չոր ու յաղթական: Կը նշանակէ լիովին շարունակել ապշահար ապրելու երանելի գործընթացն ու մնալ բարիկադների վրայ այնպէս, ինչպէս որ էին Գարիբալդին ու Սպարտակը: Երանելի է լինել ոչ միայն Աստծոյ կողքին, այլեւ նրան հաւասարի դիրքում, որ պարտութիւն չի նշանակում: Ճիշդ հակառակը, Այո, մեզ պատիւ է վիճակուած վկայելու մի գործընթաց, որի համաձայն գրականութեան մէջ իրերի դասաւորուածութիւնն ու կարգ ու կանոնի յաջորդականութեան գիտակցումը մնում են պայքարի առաջին հարթակի վրայ: Դա է պատուանդանը գրական կենդանի արարման, որը վաղաժամ թառամել չի արտօնում, պարտադրում է ոռոգել, քաղհանել ու շարունակաբար խնամել գալիք բերքն ու մշակի համբաւը:
Հարկ է, որ չաւելորդ անգամ նշուի այն բարեգութ արդիւնաւէտութիւնը, որը մեզ էլ է գահավիժող ջրերի երես հանում: Հանճարեղ փաստ է, որ Հոմերոսը կոյր է, Բեթհովենը՝ խուլ, Ազատութեան արձանը՝ համր, բայց ես եւ դու, իմ աւագ գրչեղբար, ոչ կոյր ենք, ոչ էլ մանաւանդ՝ խուլ, ուստի հիմա պարտաւոր ենք իբրեւ հանճարեղ թշուառներ, մեր ներքին պայծառատեսութեամբ հանդերձ, մեր ամենալուր խլութեամբ եւ մեր լեզուանի համրութեամբ զինեալ, դեռ չենթարկուող գահեր ենք շուռ տալու, համապատասխան կատարելութեանը հասնելու համար: Իսկ դու մեզ հետ ես միշտ, մեր կողքին ես արարում նաեւ 6րդ հատորիդ ինքնաբուխ ակնարկներն ու անպաճոյճ պատմուածքները՝ յատկապէս «Ես Եւ Թրքուհի Սեդան», «Քէալլա Նիկողոսը», «Արեւի Հոտը», «Լիլիթն Ու Իր Կոտրուած Սէրը» եւ այլ հոգեզմայլ յօդուածներ, պատումներ ու պատմութիւններ, իրական գետնի վրայ թափառող, բայց արդէն հեղինակի, նրա կողմից որսուած արարումներ: Հպարտ ենք, որ դու մեր կողքին ես ու մեզ հետ: Սա այն պահն է, երբ օտարւում են ամենայն խորթն ու ապազգայինը, հարկ է, որ ժամանակի մարտավկայ կոչենք ինքներս մեզ արթուն ժրաջանութեամբ, չտարուենք անպտուղ ժամավաճառութեամբ, չշեղուենք եւ օտարամոլութեան հովերի հետ գռքաշ չգնանք դէպի թափառական ու թափօրական, մեղմ ասած, համակ ստերջութեան կոկորդն ի վար: Այլ կարողանանք մնալ ինքնարտայայտման դելտային ի մերձ, գետաբերանի ստոյգ հարեւանութեամբ, ծովամերձ վկայակոչման պարզ ալեբախութեամբ տոգորուն ու դասական անպարտելիութեամբ էլ զինեալ, քանզի էլ ինչ, եթէ ոչ անկանգ ջուր, այլ յարահոս ու կենդանի վկայագրով ընթացք, նորաթուխ հացի նման պարզ ու բուրումնաբոյր՝ ամէնուրեք եւ ամէն ինչի հետ շունչ շնչի, թեւանցուկ ու թեւատարած, յոյս, հաւատ ու սէր արարելով մեր շուրջն ու մեր իսկ ճանապարհին, քանի դեռ այսօրը երէկ չի դարձել, զգօն մնանք, որովհետու վաղն էլ է երեկանալու արմատացաւի հաշուին, լրիւ է օտարուելու ձգտման հնարաւորութիւնը, եթէ յապաղենք ատելութեան կեռմաններում, տանուլ տանք արարման հնարաւորութիւնն ու մորեմերկ կենանք՝ նախանձի գեր հողմերին ընդառաջ՝ ստրկական խոնարհումով հանդերձ: Ուրեմն, արժէ անցնել առաջ առողջ ու լայն քայլերով, գրելով, արարելով մեր լաւագոյնը, որպէս անշէջ խթան անյաւակնոտ ու բարի ինքնահաստատման: Վարձքդ ի կատար, մեր մշտարթուն, անսպառ եռանդուն, քո 7 հուռթի հատորների պէս ամբողջական, առինքնող ու միշտ շիտակ մեծարանքի արժանի, երբեք էլ ուխտադրուժ դրուատանքի չձգտող, հնչիւնով ու գրչով մաքառող, պատուանդանի վրայ կեցող բարութեան անթերի մարմնացում, գրչեղբօր եւ աւագ ընկերոջ օրինակելի կերպար որպէս: Մենք եւս հարուստ ենք քեզանով, մեր ժամանակի աղերից մէկն էլ դու ես, քո անշպար հոգու մագնիսական դաշտը մեզ էլ է պատկանում, քանզի քո անուրանալի ժամանակակիցներն էլ մենք ենք, գրական-երաժշտական դասակ ու վաշտ կազմած, ինքնատիպ ու հատորային պաշտպանուածութեամբ լի, ոչ թէ ինքնաբաւ, այլ չարին հակոտնեայ ու նախայարձակ, բարուն զինակից ու թիկնապահ, լաւին աջակից ու խորհրդատու, յոյսին՝ ապաւէն անհոգ, հաւատին կամուրջ՝ վերադարձի ցնծութեամբ պրկուած, սիրոյ համար էլ գրչակից ասպետ ու զօրավար խանդաղատանքի: Յիրաւի, իմ 70 գարունների արեւափունջ լոյսով ու ջերմութեամբ ոչ միայն ողջունում եմ քեզ՝ մեծարգոյ գրչեղբայր Հենրիկ Անասեան, քո 80 տաք ու գարնանաբոյր գարունների հաւաքական շեմին, այլեւ գրական ու երաժշտական նորանոր արարումներ մաղթում ի փառս հայ արդի գրականութեան ու երաժշտականութեան, թող քո «Կոնցերտ Դուդուկի Համար» ստեղծագործութեան վերելքային աստիճաններով բարձրանան ներկայ եւ գալիք միւս գործերդ եւս: Արդարութիւնը պահանջում է ոչ թէ վերջերգ, այլ ստեղծագործական եռանդի սեփական մի նոր յաղթարշաւ, ոգեղէնութեան անմնացորդ շրջայցի դրսեւորում իբրեւ: Այժմ եւ միշտ: Վաղն էլ թող լինի այնպէս, ինչպէս որ եղաւ երէկ եւ այսօր: Հաւատում եւ սպասում ենք դրան նոյնպէս: Քեզ հետ հաւասարօրէն:
Յունիսի 13, 2017
Լոս Անջելես
Պռաւօ Գարուշ, շատ երկար գրելով հանդերձ՝ ոչինչ չըսելու կարողութեանդ համար…