ԵՐԵՒԱՆ.- Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դաւիթ Լոքեան Չորեքշաբթի, 19 Յուլիսին ներկայ գտնուած է տարածքային զարգացման համաժողովին:
Նախարար Լոքեան համաժողովի մասնակիցներուն վստահեցուցած է, որ պետութիւնը շատ լուրջ կը վերաբերի տարածքային զարգացման եւ համաչափութեան ապահովման:
«Այսօր, երբ մենք այս ամբողջ գործընթացը հասունացրել ենք եւ արդէն գործնական կիրառման դաշտ ենք մտնում, մեր ջանքերի համախմբումը խիստ կարեւոր է: Արդէն աւարտում ենք մարզերում համաչափութիւնն ապահովելու եւ զարգացում ապահովելու համար ֆինանսական կառոյցի փաստաթուղթը: Մեր համապետական բիւջէի ներսում մենք ոչ ուղղակիօրէն առանձնացնելու ենք տարածքային զարգացման ֆինանսաւորման միջոցները, յետոյ համապատասխան նախարարութիւնները համաձայնեցնելով հարցերը մարզերի, մարզպետների եւ համապատասխան հոգաբարձուների խորհրդի հետ, որից յետոյ միայն սկսուելու են իրականացուել ներդրումները: Մարզերին տրուող ֆինանսաւորման ծաւալը 2018ից սկսած շատ աւելանալու է եւ 70 տոկոսի չափով ուղղուելու է տնտեսական զարգացման ծրագրերին, իսկ 30 տոկոսը սոցիալական եւ տնտեսական ենթակառուցուածքներին», ըսած է Լոքեան:
«2016-2020 թուականների զարգացման ռազմավարութեան համատեքստում մենք պէտք է 2025 թուականին Հայաստանի մարզերում գրեթէ 60 հազար աշխատատեղ ապահովենք», յայտարարած է Լոքեան: