ԶՐՈՅՑ ԳԼԵՆԴԵԼԻ «ԹԱՄԸՍ ՋԵՖԸՐՍՈՆ» ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԷՆՈՒՀԻ ԱՐՄԻՆԷ ԱԼԵՔՍԱՆԻ ՀԵՏ
Պատրաստեց՝
ՄԻԳԱՆՈՒՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Գլենդելի Հանրային դպրոցների միացեալ կրթաշրջանը անցեալ ուսումնական տարուայ Ապրիլի 17ին, Արմինէ Ալեքսանին նշանակեց որպէս Thomas Jefferson տարրական դպրոցի նոր տնօրէնուհի: Այս նոր նշանակումը մեծ ուրախութիւն եւ ոգեւորութիւն պատճառեց մեր համայնքին եւ Thomas Jefferson տարրական դպրոց յաճախող աշակերտութեանն ու ծնողներին:
Դպրոցական տարեմուտի նախօրէին որոշեցինք այցելել եւ հարցազրոյց ունենալ նորանշանակ տնօրէնուհու հետ: Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցազրոյցը Արմինէ Ալեքսանի հետ եւ շնորհաւորում նրան՝ այս նշանակման առիթով, մաղթելով նրան եւ մեր աշակերտներին բարի վերամուտ եւ յաջողութիւններով լի ուսումնական տարի:
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԾԵՐ
Արմինէ Ալեքսանը ծնուել է Իրանի Թեհրան մայրաքաղաքում, 1968 թուին: Տարրական կրթութիւնն ստացել է տեղի «Ալիք»և«Վաչէ Յովսէփեան» դպրոցներում, ապա 1977ին ընտանեօք փոխադրուել է Անգլիա, ուր երկրորդական եւ միջնակարգ ուսումն ստացել է Լոնդոնում, միաժամանակ հետեւելով Կիրակնօրեայ հայերէնի ուսուցման դասընթացների: Եղել է Անգլիայի ՀՄԸՄի անդամ եւ դպրոցն աւարտելիս նաեւ յաջողութեամբ է անց կացրել համալսարանի Օ-մակարդակի հայերէնի քննութիւնները: Նրա ընտանիքը ապրել է Լոնդոնի հայաշատ կենտրոններից հեռու, սակայն ծնողները անզիջում կերպով Արմինէին ու եղբօրը՝ Արմէնին, իւրաքանչիւր Կիրակի օր հասցրել են Կիրակնօրեայ վարժարան եւ սկաուտական աշխատանքի, զաւակների հոգիներում սերմանելու համար հայեցի ոգի եւ դաստիարակութիւն:
Ուսումնասիրութիւնը եւ կրթութեան նկատմամբ խորն ակնածանքը, ծնողներից փոխանցուել են զաւակներին: 1982 թուականին, երբ ընտանիքն այս անգամ հաստատւում է Ամերիկայի Միացեալ Նահանգներում (նախ՝ Բոստոն, ապա՝ Քալիֆորնիա), զաւակները հետեւում են բարձրագոյն կրթութեանը: Արմինէն UCLA համալսարանից ստանում է բակալաւրական տիտղոս՝ երկու ճիւղերում՝ հոգեբանութիւն եւ լեզուաբանութիւն: Աւարտելով համալսարանը՝ քոյր եւ եղբայր նուիրւում են ուսուցչական ասպարէզին ու մտնում Լոս Անջելեսի Հանրային դպրոցների միացեալ կրթաշրջանը՝ որպէս ուսուցիչ:
Տիկին Ալեքսանը պաշտօնավարել է Ramona տարրական դպրոցում՝ ստանձնելով նախ ուսուցչի, ապա համադրիչի եւ փոխտնօրէնի հանգամանքներ: Նոյն միջոցին շարունակելով ուսումը՝ ստացել է մագիստրոսականը Կրթական տնօրինութիւն ճիւղում, Pep-perdine համալսարանից: Ապա ստանձնել է Fletcher դպրոցի փոխտնօրէնութիւնը, այնուհետեւ՝ Cheremoya եւ Clifford Math and Technology Magnet դպրոցների տնօրէնութիւնը: 2017ի Ապրիլի 17ին, ընդունել է Գլենդելի Thomas Jefferson տարրական դպրոցի տնօրէնուհու պաշտօնը:
Ամուսնացել է 1995 թուին Հրանդ Փափազեանի հետ եւ ունի չորս զաւակ, որոնք սովորում են դպրոցական զանազան կարգերում: Ամուսինը նոյնպէս զբաղւում է ուսուցչութեամբ եւ դասաւանդում Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանում:
Որպէս ամերիկեան կրթական ոլորտում բազմավաստակ մասնագէտ, չորս զաւակների մայր եւ 2016ից սկսեալ որպէս Ազգային վարժարանների խնամակալ մարմնի անդամ՝ նա հետեւում է զանազան տարիքի աշակերտութեան հարցերին ու գերխնդիրներին ու իր մասնակցութիւնը բերում սերունդների կրթութեան յոյժ կարեւոր գործին:
ՆՊԱՏԱԿՆԵՐ
«Կեանքում ինձ համար ճշդած նպատակներիս ես հասել եմ հետեւողականութեամբ եւ սիրով: Սովորելը, ամէն օր յառաջանալը ու մտովին աճելը, նորանոր փորձառութիւններ ձեռք բերելը եւ միաժամանակ դրական մօտեցումը կեանքին ու սովորելուն, կարեւորագոյն նպատակներ են ինձ համար, թէ՛ սեփական զաւակներիս, թէ՛ աշակերտներիս պարագային: Իմ պատգամը նրանց մի՛շտ սա է եղել, որ առէ՛ք կեանքում այն, ընտրէ՛ք այն ասպարէզը եւ ուսման ուղին, որտեղ ձեր սիրտն է ու որտեղ դուք գիտէք, որ կը յաջողէք ու կը յառաջանաք», յայտնում է Ալեքսանը։
Արմինէ Ալեքսանը հաւատում է եւ սեփական ընտանիքում փորձում է իրականացնել հաւասարակշռութիւնը աշխատանքի ու հանգստի, պարտականութեան ու իրաւունքի, ճիգ ու ջանքի եւ հաճոյքի միջեւ: Երեխաները պէտք է ժամ տրամադրեն սովորելուն, զարգանալուն, չխնայեն ճիգ ու ջանք, բայց նաեւ պիտի ունենան իրենց մանկութիւնը վայելելու առիթ:
Նրա դեռեւս չիրականացած նպատակներից մէկն է իր մասնագիտութեամբ օգտակար հանդիսանալ նաեւ Հայաստանին ու հայրենի նոր սերնդին. «Հայաստանը մեր ընտանիքի կեանքի առանցքն է: Առաջին անգամ եղել եմ այնտեղ 93 թուին եւ այնուհետեւ եւս չորս անգամ, որտեղ կ՛ուզէի երկար ժամանակ անցկացնել ու ազգօգուտ աշխատանք կատարել՝ ըստ իմ մասնագիտութեան»:
ՋԵՖԸՐՍՈՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ
«Ջեֆըրսոն» տարրական դպրոցը Գլենդելի բազմավաստակ հանրային դպրոցներից մէկն է, որն ունի նաեւ մեծ թուով հայ աշակերտներ ու ծառայում է շրջանի հայահոծ բնակչութեանը: Դպրոցն օժտուած է FLAG երկլեզու (հայերէն-անգլերէն) ծրագրով, որն արդէն աշխատում է համարեա մէկ տասնամեակ ու տուել է բազմաթիւ դրական արդիւնքներ եւ շրջանաւարտներ:
«Մեր նպատակը կրթադաստիարակչութեան ասպարէզում այն է, որ մեր աշակերտների ապագայ կեանքի մէջ ունենանք մեր դրական ազդեցութիւնը ո՛չ միայն կրթութեան, այլ նրանց նկարագրերի կերտման իմաստով: Այս նպատակին հասնելու համար, դպրոցի աշխատակազմը, տնօրէնութիւնը, ծնողներն ու մանաւանդ աշակերտութիւնը պէտք է միշտ համագործակցեն սերտօրէն, աշխոյժ եւ գործօն մասնակցութեամբ: Ուսուցիչները հաճոյքով պէտք է աշխատանքի գան, որպէսզի աշակերտներն էլ հաճոյքով սովորեն, ու ծնողները առանց մտավախութեան իրենց զաւակներին վստահեն մեզ:
Լինելով չորս լեզուների տիրապետող անհատ, ես հաւատում եմ բազմալեզու կրթութեան կարեւորութեանը ու յոյսով եմ, որ իմ դրական ներդրումը պէտք է ունենամ դպրոցի կեանքում, որպէսզի իմ ստանձնած արդէն յաջողակ դպրոցը աւելի՛ ու աւելի բարձունքների հասնի, ու երբ իմ հեռանալու պահը հասնի, այն թողնեմ աւելի յաջող դիրքերում, քան երբեւէ եղել է այն, ինչպիսին էր իմ տնօրինած նախկին դպրոցը, որը տարիներ շարունակ զբաղեցնում է իր պատուաւոր տեղը LAUSD-ի լաւագոյն հնգեակում:
Ամէն ջանք պէտք է ի գործ դնեմ՝ ինձ վստահուած դպրոցը եւ աշակերտութիւնը յաջողութեամբ ու ձեռնահասութեամբ ղեկավարելու եւ բանիմաց ու կիրթ, նաեւ առողջ մարմնով ու հոգով սերունդներ դաստիարակելու համար», եզրափակում է Արմինէ Ալեքսանը։