ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ
Մեծ պատերազմից առաջ մենք՝ հայերս, մեր եկեղեցու բակով սահմանափակած մի կրօնական համայնք էինք («միլլեթ»):
Մեզ հասած հալածանքների եւ հարուածների ժամանակ ստիպուած էինք խնդրելու մեր եկեղեցու պետին, որ մեզ համար զուր բողոքներ, աղերսներ անի աշխարհի մեծերին:
Մենք ստիպուած էինք մեր խղճուկ դպրոցները զետեղել եկեղեցիների բակերում: Եւ եկեղեցիների բակերում էլ նրանք ազատ չէին հալածանքներից: Մենք ազատ չէինք, նոյնիսկ, աղէտների ժամանակ օգնելու մեր դժբախտ եղբայրներին:
Եւ այսպէս անվերջ:
Վերջացաւ մեր պատերազմը:
Թէ ինչպէս՝ էդ ուրիշ խնդիր է, բայց մեր հայրենի հողի վրայ, թէկուզ եւ մի մասի վրայ, մենք արդէն ունենք Ազատ Հայաստանի Հանրապետութիւն:
Այժմ արդէն մեզ վրայ եկող հարուածների դէմ, աղերսարկու եկեղեցականի փոխարէն, կարող ենք մեր Հանրապետական բանակը հանել: Կարող ենք կառուցանել՝ ինչ դպրոցներ էլ ցանկանանք եւ ուր ցանկանանք:
Էդպէս էլ ամէն մի քայլափոխին զգալու ենք, որ մենք այժմ ազատ քաղաքացիներ ենք եւ ոչ թէ երէկուայ անազատ կրօնական համայնքի ծխականները:
Եւ ահա, մեծ պատերազմի ու նրա հետ կապուած աղէտների հետեւանքով, հայ աշխատաւոր ժողովուրդը, հայ գիւղացին ընկել է ծանր կացութեան մէջ:
Իր բերանի հացից սկսած. նա շատ բան է կորցրել էս մի քանի տարուայ ընթացքում: Շատ բան է կորցրել, բայց ձեռք է բերել մեր դարերով երազած ազատութիւնը:
Եւ որովհետեւ ունի ազատութիւն, ունի շինարար բազուկ, շուտով կ՛ունենայ ամէն բան:
Սակայն նրա այս ծանր օրերին օգնութեան գալու եւ նրա շինարար աշխատանքին մասնակից լինելու պարտաւոր է ամէն մի հայ՝ մօտիկից սկսած մինչեւ հեռաւոր գաղութները:
Էս օգնութիւնը երէկուան բարեգործութիւնը չէ, երբ դեռ կրօնական համայնք էինք միայն: Էստեղ ամէն մի հայի պէտք է առաջնորդի ոչ թէ խղճահարութիւնը, այլ քաղաքացիական պարտքի խոր գիտակցութիւնը:
Ամէն մի հայ պէտք է զգայ, որ ինքն Ազատ Հայաստանի քաղաքացին է եւ գալիս է գործակցելու իր երկրի կառավարութեանը:
Ահա այդ գործակցութեան համար է, որ Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպուեց Հայաստանի օգնութեան կոմիտէն՝ անկուսակցական հասարակական մի մարմին: Նշանակալից երեւոյթ է, որ, իրարից անկախ ու անտեղեակ, նման մարմիններ են առաջ գալիս եւ մեր գաղութներում: Էս նշանակում է, թէ կենդանի է հայութիւնը:
Կենդանի է եւ ուժեղ: Երեւանից սկսած մինչեւ հեռաւոր գաղութները շարժւում է այն դէպի հայրենիք:
Ինչքան էլ խոչ ու խութեր, ինչքան էլ դժուարութիւններ ու թշուառութիւններ հանդիպեն ճանապարհին, նա հասնելու է իր նպատակին:
Հայաստանի ազատ հողի վրայ նա շինելու է իր ազատ ու առատ տունը, հայկական բարձրաւանդակի վրայ զարգացնելու է իր ազգային հանճարը եւ իր խօսքն ասելու է աշխարհքին:
Նա կարող է, եւ իր կարողութիւնով նա իրաւունք ունի:
Յատուած «Հայաստանի Օգնութեան Կոմիտէների Առիթով» յօդուածից, 1921թ.: