ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Օգոստոսի 23ին Արցախի Շահումեանի շրջանի շրջկենտրոն Քարվաճառում տեղի ունեցաւ մանկավարժների ամէնամեայ խորհրդաժողովը:
Խորհրդաժողովը նախագահում էին Արցախի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան եւ սպորտի նախարար Սլաւա Ասրեանը, նախարարութեան գնահատման կենտրոնի տնօրէն Եուրի Քարամեանը, նախարարութեան Կր-թութեան պետական տեսչութեան բաժնի վարիչ Մանուէլ Մխիթարեանը, Շահումեանի շրջանի վարչակազմի կրթութեան, գիտութեան եւ սպորտի բաժնի վարիչ Խորէն Վարդանեանը, Շահումեանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ռոմա Բաբաջանեանը:
Առաջինը ելոյթ ունեցաւ Խորէն Վարդանեանը: Նա նշեց, որ 2016-17թթ. ուստարում Շահումեանի շրջանի 11 միջնակարգ եւ 5 հիմնական դպրոցներում սովորել է 700 աշակերտ, նախորդ տարուայ 710ի փոխարէն, որոնցից 118ը Քարվաճառի դպրոցում (նախորդ տարուայ 130ի փոխարէն): Գերազանց սովորողների թիւը կազմում է մօտ 14 տոկոս: Միաժամանակ Վարդանեանը նշեց, որ շատ յաճախ գնահատականները չեն համապատասխանում աշակերտների իրական գիտելիքներին եւ խիստ չափազանցուած են:
Շահումեանի շրջանի ԿԳՍ բաժնի վարիչը նշեց, որ առարկայական օլիմպիադաների (ողիմպիականներու-Խմբ.) մասնակիցների թիւն ու ցուցաբերած արդիւնքները գրեթէ անփոփոխ են նախորդ տարիների համեմատ: Շահումեանի շրջանում անցած ուսումնական տարում 12րդ դասարանն աւարտել է 32 աշակերտ: 6 աշակերտ յանձնել է միասնական քննութիւն, որից 3ն ընդունուել է տարբեր բուհեր: Շրջանում առաջին դասարան է յաճախել 74 աշակերտ (նախորդ տարուայ 83ի փոխարէն), մանկապարտէզներ՝ 59 երեխայ: Այս տարուայ Յուլիսի մէկից մանկապարտէզ է գործում նաեւ Քարվաճառ քաղաքում: 2017-18թթ. ուստարում նախատեսւում է, որ շրջանի դպրոցներ կը յաճախի 711 աշակերտ:
Անդրադառնալով դպրոցների վերանորոգման խնդրին՝ Վարդանեանը նշեց, որ թէեւ շրջանի դպրոցներից շատերում իրականացուել են վերանորոգման աշխատանքներ, այդուամենայնիւ կան դպրոցներ, որոնք հիմնանորոգման կարիք ունեն, ինչպէս օրինակ Ակնաբերդ, Նոր Բրաջուր, Հաւսաթաղ համայնքների դպրոցները: Չարեքթար գիւղը կարիք ունի դպրոցի նոր շէնքի, իսկ Նոր Մանաշիդը՝ դասասենեակների աւելացման:
Վարդանեանը նաեւ նշեց, որ շրջանի շատ դպրոցներ ունեն ռուսերէնի, անգլերէնի, մաթեմատիկայի եւ ֆիզիկայի մասնագէտների կարիք:
Վարդանեանը կարեւորեց ՏՏ (տեղեկատուական արհեստագիտութեան-Խմբ.) օգտագործումը դպրոցում, ինչն, ըստ նրա, թոյլ կը տայ աւելի բարձր արդիւնաւէտութեամբ գիտելիքներ փոխանցել աշակերտներին:
Իր խօսքի վերջում նա շնորհաւորեց ներկաներին ուսումնական տարուայ սկզբի կապակցութեամբ եւ մաղթեց բեղմնաւոր աշխատանք:
ԳԹԿ կենտրոնի տնօրէն Իւրի Քարամեանն իր խօսքում նշեց, որ 2017-18թթ. ուստարուանից 10րդ եւ 11րդ դասարանների աշակերտները հնարաւորութիւն կ՛ունենան իրենք ընտրել արտաքին ընթացիկ ստուգումների առարկաները:
Բանախօսն իր դժգոհութիւնը յայտնեց շրջանում 9րդ դասարանի մաթեմատիկայի աւարտական քննութեան արդիւնքների վերաբերեալ, որի 60 մասնակիցներից 24ն անբաւարար էին գնահատուել: Նա կարեւորեց անաչառ եւ անկողմնակալ գնահատումը, ինչը թոյլ կը տայ խուսափել նման անախորժութիւններից:
Քարամեանը նաեւ մտահոգութիւն յայտնեց Շահումեանի շրջանի դպրոցներում հոգեբանների բացակայութեան վերաբերեալ, նշելով, որ Նոր Մանաշիդ եւ Նոր Էրքեջ համայնքներում մէկական աշակերտ խիստ կարիք ունեն հոգեբանական աջակցութեան մասնագէտի:
Կրթութեան պետական տեսչութեան բաժնի վարիչ Մանուէլ Մխիթարեանը ներկայացրեց 2016-17թթ. ուստարուայ արդիւնքում իրենց տեսչութեան կողմից շրջանի Ծար, Քարվաճառ, Դադիվանք, Չարեքթար եւ Ակնաբերդ համայնքներում իրականացուած ստուգումների արդիւնքները: Այդ բնակավայրերի դպրոցներում վիճակն ընդհանուր առմամբ գնահատելով բաւարար, Մխիթարեանն այդուամենայնիւ նշեց իրեն մտահոգող որոշ հանգամանքներ: Մասնաւորապէս Ծարում եւ Չարեքթարում առկայ է մասնագէտների պակաս:
Կրթութեան, գիտութեան եւ սպորտի նախարար Սլաւա Ասրեանն իր խօսքը սկսեց նոր ուսումնական տարուայ կապակցութեամբ շնորհաւորանքով: Նախարարը դժգոհութիւն յայտնեց շրջանում ցուցանիշների ցածր մակարդակից՝ յատկապէս շեշտելով մարզական միջոցառումներին մասնակցութեան պակասը: Հարկ է նշել, որ վերջինը հիմնականում պայմանաւորուած է շատ գիւղերում մարզադպրոցների բացակայութեամբ կամ դրանց ոչ այդքան բարւոք վիճակով, ինչպէս նաեւ շրջանի բնակչութեան սակաւութեամբ եւ նօսր բնակեցուացութեամբ:
Նախարարը կարեւորեց բնագիտական առարկաների դասաւանդման խորացումը եւ դրանց մասնագէտների պատրաստումը, քանի որ վերջինների լուրջ կարիք կայ: Ասրեանը նաեւ մատնանշեց ոչ մասնագէտ ուսուցիչների առկայութիւնը դպրոցներում եւ բուհերում ու դպրոցներում տրուող ցածր որակի գիտելիքները՝ խոստանալով պայքարել դրա դէմ:
Ասրեանը նաեւ նշեց, որ 2017-18թթ. ուստարում մի քանի դպրոցներում փորձնական կը ներդրուի երգուպարի ուսուցանումը, որը յաջորդ ուստարուանից, հաւանաբար, պարտադիր կը դառնայ նաեւ Արցախի միւս դպրոցներում:
Խորհրդաժողովի աւարտին որոշ ուսուցիչներ դժգոհութիւն յայտնեցին արձակուրդայինների ուշացման վերաբերեալ: Բարձրացուեց սոցիալական ապահովութեան ծրագրի անհրաժեշտութեան հարցը, ինչին Ասրեանը պատասխանեց, որ իրենց նախարարութիւնն առաջիկայ տարիներին հնարաւոր է ստեղծի նման ծրագիր:
Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Խորէն Վարդանեանը, կոչ անելով բարձր պատասխանատուութեամբ եւ արդիւնաւէտութեամբ աշխատել նոր ուսումնական տարում եւ յիշել, որ պատերազմող պետութիւնում առաւել կարեւոր է, որ ամէն մարդ իր գործը կատարի իր կարողացածի առաւելագոյն չափով:
«ԱՐԱՐԱՏ»
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ