ԷՋՄԻԱԾԻՆ.- Սեպտեմբերի 11ին, Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Իրաքի Քրիստոնէական աւանդապահութեանց նախարար Ռաադ Քաչաչիին եւ Իրաքի Քրիստոնէական եկեղեցիների առաջնորդներին՝ ուղեկցութեամբ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Աւագ արք. Ասատուրեանի:
Աւագ արքեպիսկոպոսը նորին սրբութեանը ներկայացրեց պատկառելի պատուիրակութեան անդամներին՝ ուրախութիւն յայտնելով նրանց՝ Հայաստան այցի կապակցութեամբ, եւ ներկայացնելով նրանց տպաւորութիւնները հոգեւոր կեանքում վերջին շրջանում արձանագրուած ձեռքբերումների վերաբերեալ:
Այնուհետեւ ներկաներին իր օրհնութիւնն ու պատգամը բերեց Գարեգին Բ. Հայոց հովուապետը՝ ընդգծելով, որ Մերձաւոր Արեւելքի երկրներն ու ժողովուրդները մշտապէս իր աղօթքների մէջ են:
Նորին Սրբութիւնը նաեւ գնահատանք յայտնեց Աւագ սրբազանին գեղեցիկ նախաձեռնութեան համար՝ յաւելելով, որ նման այցերն ու մէկտեղումները զօրացնում են միմեանց: Ամենայն Հայոց կաթողիկոսը մաղթեց, որ Աստուած ամուր, անսասան եւ օրհնեալ պահի եղբայրական կապերն ու գործակցութիւնը Քրիստոնէական եկեղեցիների եւ այլ կրօնների միջեւ:
Զրոյցի ընթացքում հանդիպման համար իր շնորհակալութիւնը յայտնեց Իրաքի Քրիստոնէական աւանդապահութեանց նախարար Ռաադ Քաչաչին՝ փոխանցելով նաեւ Իրաքի պետութեան ջերմ ողջոյնները եւ Իրաք այցելելու հրաւէրը: Նախարարն իր խօսքում անդրադարձ կատարեց պետութեան հետ կրօնական համայնքների կապերի եւ գործակցութեան, ինչպէս նաեւ պետութեան կողմից իրականացուող վերականգնողական ու կառուցողական աշխատանքների եւ ցուցաբերուող զօրակցութեան մասին: Այս առնչութեամբ նորին սրբութիւնը հաստատեց, որ այսօրուայ պայմաններում հոգատար վերաբերմունքը համայնքների նկատմամբ առաւել չափով կարեւոր է:
Մուսուլի, Քերքուկի եւ քրդական մարզի Ասորի եկեղեցու առաջնորդ Նիկոդիմոս արք. Տաուտ Շարաֆը, Իրաքի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ժան արք. Բենիամին Սուլէյմանը, Իրաքի Կաթոլիկ Ասորի եկեղեցու առաջնորդ. Եփրեմ Եուսուֆ արքեպիսկոպոսը, Երիցական եկեղեցու երէց Եուսուֆ Ջեմիլ Էլ Սագգան եւս իրենց սրտի խօսքն ուղղեցին Ամենայն Հայոց հայրապետին՝ հանգամանօրէն ներկայացնելով Իրաքում տիրող դժուարին իրավիճակը, քրիստոնէական համայնքների դիմագրաւած մարտահրաւէրները: Հոգեւոր առաջնորդները հայցեցին նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի աղօթքները Իրաքում խաղաղութեան վերհաստատման համար:
Հանդիպմանը ներկայ էր Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Նաթան արք. Յովհաննիսեանը: