ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արցախփրէս».- Հայաստան-Սփիւռք 6րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրոյցում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանը:
«Սփիւռքը, Ցեղասպանութեան ճանաչման ոլորտում աւանդական դարձած աշխատանքներին զուգահեռ, միաժամանակ շատ աւելի մեծ շեշտադրում պէտք է կատարի արցախեան հարցի վրայ: Դա վերաբերում է ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական ոլորտներին, ե՛ւ ի հարկէ Արցախի ճանաչմանը: Ընդհանուր առմամբ, այսօր Հայաստանը կամայ-ակամայ դարձել է ինչ որ չափով առաջամարտիկ՝ ցեղասպանութիւնների կանխարգելման հարցում: Դա պէտք է շարունակուի, եւ առանց հակադրելու մէկ հարցը միւսին, միաժամանակ, շատ աւելի լուրջ շեշտադրումով պէտք է առաջ մղուեն Արցախի Հանրապետութեան հետ կապուած բոլոր հարցերը», ընդգծեց նա:
Շաւարշ Քոչարեանի դիտարկմամբ՝ հայկական Սփիւռքը լուրջ ազդեցութիւն ունի որոշակի միջազգային կազմակերպութիւններում ձեւաւորուող կարծիքների վրայ, ինչի առումով Սփիւռքի դերակատարումն անգնահատելի է:
«Երբ խօսքը գնում է Ցեղասպանութեան միջազգային ճանաչման մասին, բոլորս շատ լաւ գիտակցում ենք, որ առիւծի բաժինը հասնում է Սփիւռքին: Ադրբեջանը փորձեր է կատարում մեկուսացնելու Ղարաբաղը, մինչդեռ Սփիւռքը լուրջ աշխատանքներ է կատարում Արցախին մեկուսացումից հանելու համար», եզրափակեց Շաւարշ Քոչարեանը: