Բանկոմատներն այսօր դարձել են մեր կեանքի անբաժանելի մասը, սակայն քչերը գիտեն, որ այդ գիւտի հեղինակն է ծագումով հայ ամերիկացի Լիւթեր Ջորջ Սիմջեանը:
Առաջին բանկոմատը գիտնական Սիմջեանը ստեղծել է 1939 թուականին եւ առաջարկել City Bank of New York բանկին, որը կէս տարի անց վերադարձրել է մեքենան՝ չգնահատելով սարքի հնարաւորութիւնները:
Միակ բանը, որը Սիմջեանի ստեղծած բնօրինակը տարբերում է ժամանակակից սարքերից այն է, որ բանկոմատը տրամադրում էր կանխիկ գումար, սակայն այն դուրս չէր գրում հաշուեհամարից, քանի որ կապուած չէր բանկի հետ:
«Թւում է՝ բանկոմատներից օգտւում են միայն թղթախաղ խաղացողներն ու մարմնավաճառները, որոնք չեն ցանկանում անձամբ տեսնել գանձապահին: Բանկում ասացին, որ այդ մարդկանց թիւը բաւականաչափ չէ, որպէսզի բանկոմատները շահութաբեր լինեն», իր բանկոմատի առաջին քայլերը նկարագրել է անձամբ Սիմջեանը:
Լիւթեր Ջորջ Սիմջեանը ծնուել է 1905 թուականին, Այնթապում: Հայոց Ցեղասպանութեան ժամանակ կորցրել է իր ողջ ընտանիքին: Տեղափոխւում է Բէյրութ, այնուհետ՝ Մարսել: 1920թ. արտագաղթում է ԱՄՆ: 15 տարեկանից աշխատում է որպէս լուսանկարիչ: Եէյլի բժշկական դպրոցի (Yale School of Medicine) լաբորատորիայում որպէս լաբորատորիայի լուսանկարիչ աշխատելու տարիներին նուիրւում է բժշկութեան ուսումնասիրմանը: 1928 թուականին դառնում է լուսանկարչական բաժանմունքի տնօրէնը եւ ստեղծում մի քանի սարք, ինչպիսին է նկարների մանրադիտակի լուսարձակը:
ԱՄՆում մի քանի գիւտի հեղինակ է: Աւելի քան 200 արտօնագրի հեղինակ է: Ընդ որում՝ Սիմիջեանն արտօնագրել է ինչպէս թղթադրամի, այնպէս էլ 1965 թուականին՝ մետաղադրամի համար նախատեսուած բանկոմատի գիւտերը:
Բանկոմատի ներդրման երկրորդ՝ աւելի յաջող փորձը պատկանում է շոտլանդացի Ջոն Շեփարդ-Բարոնին, որը 1967թ., ոգեւորուած շոկոլադի վաճառքի աւտոմատի աշխատանքից, ստեղծեց նոր բանկոմատ: Այն դրամական միջոցները տալիս էր չէքի դիմաց, որն անհրաժեշտ էր նախապէս ստանալ բանկում: