ԱՆԻ ՂԱԶԱՐԵԱՆ
Հայերէն լեզուն ամենահարուստ լեզուներից մէկն է, եւ մենք, որպէս հայ ժողովուրդ, պէտք է մեր լեզուն սիրենք ու պահպանենք: Լեզուի կարեւոր մասը ուղղագրութիւնն է եւ հայ աշակերտները պէտք է սովորեն մեր ուղղագրութիւնը՝ անսխալ գրելու եւ կարդալու համար։
Մենք մէկ բառի արմատից նոր բառեր ենք ստեղծում, որը նոյն միտքն ունեն, բայց՝ փոքր տարբերութեամբ: Օրինակ՝ «յեղ» արմատով բառերը տարբեր տեսակի փոփոխութեան են ենթարկւում եւ նշանակութիւն ներկայացնում: Օրինակ՝ գրում ենք յեղաշրջում (վիճակի փոփոխութիւն) կամ յեղակարծ (կարծիքի փոփոխութիւն), բայց ո՛չ՝ «հեղաշրջում» ու «հեղակարծ», որովհետեւ «հեղ» արմատը նշանակում է հոսել: Նաեւ, ունենք «ուղտ» (կենդանին) եւ «ուխտ» (խոստում) բառերը, կամ «հոր» (փոս) եւ «հօր» (հայր) բառերը: Կարեւոր է հասկանալ այս եւ ուրիշ բառերի ուղղագրութիւնը, որպէսզի կարողանանք մեր լեզուն ճիշդ ձեւով օգտագործել, գրել ու արտայայտուել:
Մեսրոպեան ուղղագրական կանոնները սովորելուց յետոյ, դժուար չի այդ կաննոնները մշտապէս յիշելը եւ ճիշդ գրելը: Օրինակ՝ այն բառերը, որ հնչիւնափոխւում են «ի»ի, գրւում են «է» տառով: Օրինակ՝ «տէր»ը դառնում է «տիրել», եւ «սէր»ը դառնում է «սիրել» եւ այլն։
Սփիւռքում մենք Մեսրոպեան ուղղագրութիւնն ենք սովորում, եւ այս հնարաւորութիւն է տալիս մեզ՝ աշակերտներիս, որ հարազատ զգանք մեր նախնիների գրական ստեղծագործութիւնների ժառանգութեանը: Ես շատ գոհ եմ, որ իմ ծնողները ինձ ուղարկել են հայկական վարժարաններ, ուր ես սովորել եմ իմ մայրենի լեզուն: Մեր ուսուցիչները մեզ օգնում են, որ մենք սովորենք մեր հարուստ լեզուի ուղղագրութիւնը: Որպէս 10րդ դասարանի աշակերտուհի Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի, որը հիմնադրման օրից որդեգրել է Մեսրոպեան ուղղագրութիւնը, ես հաճոյքով սերտում եմ մեր փառապանծ լեզուն եւ ուղղագրութիւնը: Հպարտ եմ զգում, որ կարողանում եմ հայերէնը ճիշդ ձեւով գրել: Իմ յոյսն ու երազն է, որ վերադառնալով մեր մայր ուղղագրութեան՝ Մեսրոպեանին, ունենանք մի եւ միասնական ուղղագրութիւն թէ՛ հայրենիքում եւ թէ Սփիւռքում: