2017թ. Նոյեմբերի 26ին տեղի ունեցաւ արդէն աւանդական դարձած «Չինաստանում Հայ հետազօտողների եւ ուսանողների IV առցանց գիտաժողովը», որի նպատակն է կապ հաստատել Չինաստանում գտնուող հայ հետազօտողների եւ ուսանողների միջեւ, համախմբել այս կարեւոր մտաւոր ռեսուրսը (միջոցը-Խմբ.), հայկական գիտական միտքը լաւագոյնս ներկայացնել Հեռաւոր Արեւելքում: Գիտաժողովի ընթացքում Նարէ Հարոյեանը (Շանհայի մանկավարժական համալսարան) խօսեց տարբեր քաղաքակրթութիւնների ներկայացուցիչների միջեւ ծագող խնդիրները, երբ նրանք աշխատում են տարբեր ազգութիւններից բաղկացած աշխատավայրում, Արմինէ Արզումանեանը (Ռենմինի համալսարան, Պեկին) ներկայացրեց Չինաստանի Եւրասիայում աճող ազդեցութեան շրջանում Հայաստանի հնարաւոր դերի շուրջ իր աշխատութիւնը, Արեւիկ Մարգարեանը (Դալիանի համալսարան) բարձրացրեց Դայիանի համալսարանի Հայկական կենտրոնի արդիւնաւէտութեան կարեւորութեան բարձրացման հարցը, Դիցանոյշ Բաբայեանը (ՀՀ ԳԱԱ Հ. Աճառեանի անուան լեզուի ինստիտուտ), ով ներկայումս բնակւում է Չինաստանում ներկայացրեց Հայերէնագիտութիւնը Ֆրանսիայում քսաներորդ դարավերջին եւ քսանմէկերորդ դարասկզբին: Հետազօտող Անի Մարգարեանը Նանծին քաղաքից ներկայացրեց հայկական աւանդական տարազներին վերաբերող սեփական հետազօտութիւնը:
Գիտաժողովը վարում էին Չինաստանի Հայկական համայնքի գործադիր մարմնի անդամներ Սարէն Աբգարեանը (Շանհայի Ծիաթոնի համալսարան), Նարէ Հարոյեանը (Շանհայի մանկավարժական համալսարան) եւ Չինաստանի Ուսանողական միութեան ղեկավար Արաքսեա Ներսիսեանը (Չինաստանի կենտրոնական ազգագրական համալսարան):
«ՉԻՆԱՀԱՅ»