(ԾՆՆԴԵԱՆ 85ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ, ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ)
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
1968ի գարնան օրերից մի օր, ինձ իր մօտ է կանչում «Երեկոյեան Երեւան» թերթի գլխաւոր խմբագիրը (ես այդ թերթի թղթակիցն էի՝ թերթի հիմնադրման օրից, 1957թ.) եւ յանձնարարութիւն է տալիս.
– Անասեան, կը գնաս քաղաքի բոլոր ճանաչուած ռեստորանները եւ մասնագիտական յօդուած կը գրես երաժշտախմբերի մակարդակի, յայտագրերի, անհատ կատարողների վարպետութեան մասին: Եւ հնարաւորինս՝ շուտ բեր յօդուածը:
– Չէ՞ք կարծում, որ նման լուրջ յօդուածի համար մէկ ուրիշ, աւելի փորձառու մասնագէտի է պէտք դիմել…
– Դու տասը տարի է, որ թղթակցում ես մեր թերթին եւ մենք լաւ գիտենք քո հնարաւորութիւնները… վաղուանից կ՛անցնես գործի, վե՜րջ, ոչ մի առարկութիւն:
Նոյն օրը երեկոյեան, տանը, ընթրիքի ժամանակ հետեւեալ զրոյցը տեղի ունեցաւ մեր ընտանեկան «ժողովում».
– Կարեւոր յանձնարարութիւն եմ ստացել թերթի խմբագրութեան կողմից,- նկատելի մտահոգութեամբ դիմում եմ մերոնց:
– Ի՞նչ յանձնարարութիւն տղաս,- հարցնում է հայրիկս:
– Յօդուած գրել ռեստորանների երաժշտախմբերի, երաժիշտների կատարողական մակարդակի, յայտագրերի մասին:
– Է~հ գրիր, իսկ ի՞նչ կայ որ…,- սա էլ Մարիետան է:
– Էն կայ որ, սիրելիս, բոլոր, այսպէս կոչուած «երաժիշտները» ճանաչում են ինձ եւ աշխատում են Ռաբիսի (Գործիքային երաժիշտների բիւրօ) տնօրէնութեան տակ, իսկ այդ հիմնարկութեանը դիպչելը՝ այնքան էլ հաճելի պարտականութիւն չէ: Չգիտեմ ինչ անել… հրաժարուելն էլ ամօթ է… կ՛ասեն վախեցաւ…։
– Հիմա հասկացայ,- մտահոգ հայեացքով ասաց հայրիկս,- իրօք, այնքան էլ դիւրին պարտականութիւն չեն դրել վրադ: Քեզ լաւ ճանաչելով, գիտեմ, որ գրելու ես յօդուածը…, եւ, եւ անաչառ ես լինելու:
– Այո՜, հայրիկ, գրելու եմ, սակայն Մարիետան պիտի օգնի ինձ…
– Ո՞նց, ինչպէ՞ս…,- զարմացած հարցնում է կինս:
– Դու պիտի ընկերանաս ինձ, ինձ հետ լինես, ուր էլ այցելելու լինեմ:
– Չեմ հասկանում, ե՞ս ինչ գործ ունեմ, ի՞նչ եմ անելու նման մի միջավայրում:
– Պարզապէս ոչինչ, կողքիս պիտի լինես, որպէսզի քեզնից ամաչելով, քաշուելով՝ չկարողանան հիւրասիրել ինձ, հասկանո՞ւմ ես, թէ չէ կարող են շանտաժի (սպառնալիքի-Խմբ.) ենթարկել ինձ, ասելով՝ թէ. «Անասեանը եկաւ, կերաւ, խմեց, յետոյ էլ մեր վրայ յօդուած գրեց»:
– Հասկացա՜յ, եղաւ.- աջ ձեռքը քունքին տանելով, զինուորական կեցուածք ընդունելով ասաց Մարիետան:
Առաջին իսկ այցի ժամանակ յայտնի դարձաւ, որ ամբողջովին անուշադրութեան էր մատնուած երաժշտախմբի գործունէութիւնը: Հիմնականում ոչ մասնագէտ երաժիշտները, նուագում, երգում էին ցածրորակ, անյայտ «հեղինակների» գործեր, երգում, նուագում էին այն՝ ինչ գիտէին: Երաժիշտները լաւ էին ճանաչում ինձ եւ օգտուելով այդ հանգամանքից՝ փորձում էին իմ «աշխատանքը» վերածել խնջոյքի, սակայն Մարիետայի ներկայութիւնը ստիպեց նրանց հրաժարուել այդ մտքից ու՝ բաւարարուել միայն մէկ շիշ հանքային ջուր հիւրասիրելով:
Եւ այսպէս՝ բոլոր ռեստորաններում պատկերը նոյնն էր. հնարովի յայտագիր, անորակ երգեր, մի քիչ աւելի լաւ կամ վատ կատարումներ, եւ՝ մշակման կամ գործիքաւորման լրիւ բացակայութիւն:
Մի քանի օրուայ ընթացքում զգալիօրէն ցնցուեց ՌԱԲԻՍ անունով յայտնի ամբարտակը: «Երեկոյեան Երեւան» թերթում տպագրուելիք յօդուածը լաւ բան չէր խոստանում շատ երաժիշտների համար:
Երաժիշտների կողմից ինձ գայթակղելու ամէն մի փորձ ձախողութեան մատնուեց: Յօդուածը չտպագրելու խնդրանքով ինձ դիմեցին ծանօթներ, մտերիմներ, սակայն ես մնացի անդրդուելի: Մէկ շաբաթ Մարիետայի հետ քաղաքի հինգ ռեստորանները շրջելուց յետոյ պատրաստեցի մի ծաւալուն մասնագիտական յօդուած:
– Էս ի՜նչ երկար յօդուած ես գրել Հենրիկ,- էջերը շուռումուռ տալուց յետոյ ասաց պատասխանատու քարտուղարը,- կարծում եմ պէտք է փոքր ինչ կրճատել:
– Դուք կրճատէք ընկեր…, ես, ճիշդն ասած կրճատելու բան չեմ գտնում…
– Եւ…, եւ յետոյ… ահագին երաժիշտների անուններ ես դրել, ախր դրանց գործից կը հանեն է՜…:
_ Մեր նպատակը չէ՞ բարելաւել ռեստորանների երաժշտախմբերի վիճակը…, է թող հանե՜ն:
– Այո՜…, բայց, բայց…, մի խօսքով մի քիչ մեղմացրու, մի քանի անուն էլ հանիր միջից,- վճռական տոնով ասաց նա եւ յօդուածը մեկնեց ինձ:
Ակամայ մի միտք սկսեց տանջել ինձ: Ինչո՞ւ էր պարոնը իր վերաբերմունքը մեղմացրել Ռաբիսի երաժիշտների նկատմամբ, ի՞նչ էր պատահել…
Յաջորդ օրն իսկ փոքր ինչ կճատուած յօդուածը կրկին տարի խմբագրատուն:
– Չէ՜, չէ՜, Հենրիկ, էսպէս չեղաւ,- արդէն բոլորովին ոչ սովորական տոնով «վրայ տուեց» պարոնը,- դու գրեթէ ձեռք չես տուել յօդուածին: Տա՜ր. տար…, նորից վերանայիր, աշխատիր անուն-մանունից զերծ մնալ: Լաւ, լա՜ւ, հլա սպասիր…, Հենրիկ ջան, ախպեր ջան, արի ձեռ քաշիր էդ յօդուածից…։ Զուր տեղը գլխացաւանք ենք ստեղծում մեզ համար:
– Այդ ինչպէ՞ս…, ձեռք քաշե՞լ…, բա ե՞ս, իմ անունը, իմ պատիւը, բա չեն ասի՞ «Անասեանը եկա՜ւ, յոխորտաց, գրեց մրեց ու վախեցաւ յօդուածը տպագրել»: Եւ յետոյ…, չէ՞ որ դուք էք պատուիրել յօդուած գրել:
– Այո՜, ճիշդ է, ես եմ պատուիրել, բայց…, բայց պարագաները փոխուել են… հասկացիր վերջապէս: Կը ներես, որ ես քեզ նման մի տգեղ պատմութեան մէջ գցեցի: Ի՞նչ գործ ունենք մենք էդ ռաբիս-մաբիսի հետ: Ես չեմ ուզում անցաւ գլուխս ցաւի տակ դնել, նոյնը խորհուրդ եմ տալիս քեզ:
…Յստակ էր պատկերը. թերթի գլխաւոր խմբագրին մեղմ ասած՝ «գնել էին»: Նրա կաշառուած լինելը էլ աւելի հաստատուեց, երբ սկսեցին սպառնալից հեռախօսազանգեր հնչել մեր տանը: Տեսնելով որ ոչինչ չի ստացւում, ռաբիսականները փոխեցին մարտավարութիւնը: Մէջտեղ ելան ծանօթ-մանօթ ընկերներ, ազդեցիկ մարդիկ, որոնք սեղան-մեղան, հաց-մաց, կերուխումներ կազմակերպեցին այս կամ այն՝ ճիշդ կամ հնարովի առիթներով: Մի խօսքով, ամէն հնարաւոր միջոց օգտագործուեց՝ ինձ նպատակակէտից շեղելու համար, բայց ես մնացի անդրդուելի:
Այդ պրկուած օրերից մէկի ժամանակ, առաւօտ կանուխ՝ մէկ էլ հեռաձայն.
– Տղայ ջա՜ն…, յօդուած ես գրում իմ երաժիշտների մասին, լաւ ես անում, բան չունեմ ասելու, բա չես ասո՞ւմ,- մի անգամ էլ այդ երաժիշտների հիմնարկի ղեկավարին տեսնեմ, յօդուածը ցոյց տամ, կարող ա մի բանում էլ ես օգնեմ քեզ…, հը՜. ի՞նչ ես ասում:
– Եթէ ցանկութիւն ունէք կարդալ յօդուածը՝ վաղն իսկ կը բերեմ:
– Իհա՜րկէ ունեմ…, վաղն առաւօտեան ժամը տասին սպասում եմ քեզ:
Ամբողջ գիշեր չքնեցի: Զգում էի, որ այդ հանդիպումը լաւ բան չէր խոստանում: Ես հանդիպելու էի մի մարդու հետ, որի հաստատութիւնը ցաքուցրիւ էի տուել իմ յօդուածով:
Հազիւ էի ոտքս ներս դրել Ռաբիսի մուտքից ներս, ընդունարանում տեսայ մի խումբ, չարախնդօրէն հայեացքներն ինձ ուղղած մարդկանց, իսկ անկիւնում էլ՝ երկու փողկապաւոր պարոնների:
Ուշադրութեամբ յօդուածը կարդալուց յետոյ, տնօրէնն ասաց.
– Ի՞նչ ասեմ… ամէն ինչ ճիշդ է…, բայց…, բայց կը ներես, դու ո՞րքան հոնորար (վճարում-Խմբ.) ես ստանալու այս յօդուածի համար…։
– Այդ ի՞նչ հարց է ընկեր Խաչատրեան,- զգալով մօտալուտ վտանգը՝ ասացի ես:
– Հա՜րց է էլի…, դու հեչ ընկեր-մընկեր չունե՞ս…, նրանց հետ էլ ես էդպէս վարւո՞ւմ…, լա՜ւ, լաւ երիտասարդ, թողնենք այս անիմաստ խօսակցութիւնը…,- ահա քեզ մի կլորիկ գումար,- գրասեղանի դարակից հարիւրանոցների մի փաթեթ սեղանին շպրտելով՝ ասաց տնօրէնը եւ շարունակեց,- դու մի ամբողջ տարի նման յօդուածներ գրելով այդքան գումար չես աշխատի, վերցրու այս փողը ու ձեռ քաշի էդ յօդուածից:
Ամբողջ մարմնովս մի ահաւոր սարսուռ անցաւ: Սակայն ես ինձ նմիջապէս գտայ, արագօրէն սեղանի վրայից վերցրի յօդուածս ու պայուսակիս մէջ տեղաւորելով՝ փորձեցի քայլել դէպի ելքի դուռը:
– Էդ ո՞ւր ախպեր ջան, բա էս փողը չես վերցնո՞ւՄ…,- հլա սպասի՜…, վայ թէ քիչ ա հաաաա՜,- ասաց պարոնս ու արագօրէն դարակից հանեց մէկ տրցակ եւս:
Մինչ ես մօտենում եմ դրանը, փորձելով դուրս պրծնել սենեակից՝ տնօրէնը ստիպողաբար փորձում է փողի տրցակներից գէթ մէկնումէկը գրպանս խոթել, բայց գերագոյն ճիգով ինձ յաջողւում է դուրս պրծնել այդ չարաբաստիկ սենեակից:
Իմ ետեւից դուրս է գալիս նաեւ Ռաբիսի արքան, ամենակարող Սուրէն Խաչատրեանը: Ես մեխուել եմ տեղում, ու փորձում եմ կռահել, թէ ինչո՜ւ է այսքան մարդ հաւաքուել՝ էն էլ առաւօտուայ այս ժամին: Նկատում եմ անկիւնում նստած, բնաւ երաժիշտ չյիշեցնող փողկապաւոր զոյգ տղամարդկանց՝ ու սպանիչ հայեացք գցելով նրանց վրայ՝ արագօրէն դուրս եմ գալիս Ռաբիսից:
Այս չարաբաստիկ դէպքից յետոյ, մէկ անգամ էլ փորձեցի «լեզու գտնել» «Երեկոյեան Երեւան»ի հետ.
– Հենրի՜կ, արի, արի ձեռք քաշի այդ նիւթից, դու կրակի հետ ես խաղում- ասաց խմբագիրը: Դու չգիտես թէ ինչ զանգեր են գալիս եւ ինչ մարդիկ են դրանք: Կրկնում եմ՝ ձեռք քաշի, էնքա՜ն նիւթ կայ գրելու, դու էլ արդէն փորձուած լրագրող ես, որպէս ԽՍՀՄ Ժուռնալիստների անդամ՝ բոլոր ճանապարհները բաց են քեզ համար, նոյնիսկ ռուսական մամուլում էլ ես երեւում, էլ ի՞նչ ես ուզում:
– Այդ ամէնը ճիշդ է, սակայն սա սկզբունքի խնդիր է, իմ անուան, իմ պատուի հարցն է շօշափւում:
Չէ, ոչ,- մենք լեզու չգտանք իրար հետ: Եւ ես որոշեցի անմիջապէս գնալ «Գարուն» ամսագրի խմբագրութիւն, այդ տարիների համար ամենահամարձակ պարբերականի՝ ինձ համար որպէս «յեղափոխական» գրող, ամսագրի խմբագիր Վարդգէս Պետրոսեանի մօտ:
– Հենրի՜կ, էս ի՞նչ է պատահել, որ եկել ես մեր խմբագրատուն, դու վաղուց մոռացել ես մեզ, էս ո՞ր քամին է քեզ բերել մեզ մօտ:
– Ախր, ընկեր Պետրոսեան, իմ յօդուածները սովորաբար առօրէական թեմաների, մշակութային ձեռնարկների շուրջն են ծաւալւում, իսկ «Գարուն»ը լուրջ ամսագիր է: Ա՜յ, հիմա, կարծում եմ բերածս նիւթը յարմար է «Գարուն»ի համար:
– Լա՜ւ, լա՜ւ, համեստ մի ձեւանայ, ասա տեսնեմ ի՞նչ նիւթ ես բերել…, հա՜, ասեմ որ որոշ լուրեր հասել են ինձ քո անուան հետ կապուած, ի՞նչ կայ, ի՞նչ է եղել:
Ես ամենայն մանրամասնութեամբ պատմեցի ամէն ինչ՝ զանց առնելով դրամով ինձ գայթակղելու փորձի մասին:
– Ահա խնդրեմ այն յօդուածը, որի շուրջն է պտըտւում բազում ասեկոսէներ եւ այլ անպատշաճ խօսակցութիւններ,- ասացի ես ու յօդուածը մեկնեցի նրան:
Պետրոսեանը առանց մէկ բառ իսկ արտասանելու, կարդաց յօդուածը, եւ իրեն յատուկ կէս ժպիտով ասաց.
– Ամէն ինչ յստակ է եւ ճիշդ ժամանակին, ինչո՞ւ չի տպում Սուրէնը, մանաւանդ, որ ինքն է պատուիրել քեզ:
– Ինձ թւում է ահաբեկել են եւ…, եւ կամ էլ… կաշառել:
Մի քանի վայրկեան խորը մտածմունքի մէջ ընկաւ գրող-հրապակագիրը, յետոյ նստած տեղից վեր ելաւ եւ ասաց.
– Գնա՜, հանգիստ գնա: Ես հէնց «Գարուն»ի այս համարում կը տպեմ քո յօդուածը, թէեւ համարը պատրաստ է, բայց մի նիւթ կը հանեմ եւ այս կարեւոր յօդուածը կը դնեմ: Միայն թէ որեւէ մէկին չասես, որ «Գարուն»ը տպելու է, թէ չէ իմ հոգին էլ կը հանեն…, թող բոլորի համար անակնկալ լինի:
Ինձ ոչինչ չէր մնում անել, քան լռելեայն, առանց որեւէ խօսք ասելու, դուրս գալ տաղանդաւոր գրողի ու մեծ հայրենասէրի աշխատասենեակից:
Յօդուածը լոյս տեսաւ «Գարուն» ամսագրի 1968 թուականի Օգոստոս ամսուայ համարում՝ «Ռեստորանային Երաժշտութեան Շուկայում» վերնագրի տակ: Յօդուածի հրատարակումից յետոյ, պատկան մարմինները «հաշուեյարդար» տեսան Ռաբիսի մարդկանց հետ: Աշխատանքից ազատուեցին Ռաբիսի տնօրէնն ու մի քանի երաժիշտներ:
Վարդգէս Պետրոսեանի հետ իմ յաջորդ հանդիպումը կայացաւ 15 տարի անց, 1982 թուականի ամրանը, երբ ես Երեւանում էի գտնւում: Այս անգամ արդէն մեր խօսակցութեան թեման արտագաղթն էր: Մեծ գրողն արդէն այն ժամանակ էր զգում երեւոյթի վտանգաւոր ու ահագնացող լինելը:
Հրաժեշտի պահին նա ինձ նուիրեց այդ թեմային նուիրուած «Հայկական Էսքիզներ» գրքի առաջին առանձնատիպի՝ իր մօտ եղած միակ օրինակը՝ զգայացունց մակագրութեամբ: