ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴԵԱՆ
Վերջին տարիներին Հայաստանում աղքատութեան մակարդակը գրեթէ չի փոխւում:
Ազգային վիճակագրական ծառայութիւնն (ԱՎԾ) այսօր (Երեքշաբթի, 5 Դեկտեմբերին) ամփոփել է 2016ի սոցիալական պատկերն ու արձանագրել՝ մէկ տարուայ ընթացքում մեր երկրում աղքատութիւնը նուազել է մօտ կէս տոկոսով (0.4 տոկոսով՝ կազմելով՝ 29.4 տոկոս):
Վիճակագիրները նաեւ արձանագրել են՝ եթէ սոցիալական տրանսֆերտները (դրամական փոխանցումները-Խմբ.) նուազեն, ապա Հայաստանում աղքատութեան մակարդակը կտրուկ կ՛աճի:
Պատկերը նոյնն է նաեւ մարզերում՝ ամենաաղքատը շարունակում է մնալ Շիրակի մարզը, 2014ի համեմատ այս մարզում աղքատութեան մակարդակն աւելացել է 1,5 տոկոսով: Այստեղ, ի դէպ, երեխաների կէսից աւելին աղքատ է:
Այն, որ մէկ տարուայ ընթացքում գրեթէ ոչինչ չի փոխուել, անգամ ԱՎԾ պաշտօնեաներն են յայտարարում՝ ՀՀ ԱՒԾ նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովայի խօսքով՝ 2016թ. Հայաստանի տնտեսական աճի համեստ՝ 0.2 տոկոս տեմպը (կշռոյթը-Խմբ.) բաւարար չէ աղքատութեան մակարդակի նուազման համար: Մեր երկրում տասը բնակչից երեքը աղքատ է, սպառում է՝ նախանշուած 48 հազարից (48,367 դրամից) աւելի քիչ գումար:
«Ծայրայեղ աղքատութեան մակարդակը՝ 1.8 տոկոս է: 8 տոկոսը՝ շատ աղքատ, 19.6 տոկոսը ուղղակի աղքատ է: 2016թ. աղքատ է մօտ 880 հազար մարդ: Նրանցից շատ աղքատ է՝ մօտ 295 հազար, ծայրայեղ աղքատ են՝ մօտ 54 հազարը»:
Տարիներ շարունակ Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է, 2016ն էլ բացառութիւն չէ: Այստեղ աղքատ է բնակչութեան գրեթէ կէսը: 2014ին այս մարզում աղքատութեան մակարդակը կազմում էր 44 տոկոս, 2016ին՝ 45.5 տոկոս:
Աղքատութեան ցուցիչով Շիրակին յաջորդում է Լոռին, Կոտայքը, Տաւուշը: Աղքատութեան յաղթահարման համար ՀՀին անհրաժեշտ է մօտ 63 միլիարդ (63.2 միլիարդ) դրամ կամ համախառն ներքին արդիւնքի (ՀՆԱի) 1.2 տոկոսը: Սա ի ի լրումն սոցիալական աջակցութեան համար արդէն իսկ յատկացուած միջոցների (2014ին անհրաժեշտ էր՝ 66.2 միլիարդ դրամ): Ծայրայեղ աղքատութեան վերացման համար կը պահանջուի 1.4 միլիարդ դրամ ի յաւելումն սոցիալական աջակցութեան ծրագրերի ու բարձր հասցէականութեան: ԱՎԾում գիտեն նաեւ՝ դժուար է հասցէականութիւն ապահովել: ՀՀ ԱՎԾ նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովա. «Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցութեան անթերի տրամադրումը շատ անհաւանական է, ուստի աղքատութեան յաղթահարման համար աւելի շատ գումարներ են պէտք»:
Եթէ Հայաստանում սոցիալական տրանսֆերտները դադարեցուեն, մեր երկրում աղքատութիւնը մօտ 13 ու կէս տոկոսով (13.4 տոկոսով) կ՛աւելանայ՝ հասնելով բնակչութեան գրեթէ կէսին (42,8 տոկոս): Տրանսֆերտները նպաստում են աղքատութեան կրճատմանը:
Աղքատ ընտանիքների պատկերն էլ չի փոխուել: 15-17 տարեկանների շրջանում աղքատութեան մակարդակն աւելի բարձր է, քան այլ տարիքային խմբերում: Բազմանդամ տնային տնտեսութիւններում աղքատ լինելու ռիսկն (վտանգը-Խմբ.) աւելին է: ՄԱԿի մանկական հիմնադրամի հայաստանեան գրասենեակի ներկայացուցիչ Տանեա Ռադոչայը մտահոգ է՝ աղքատութեան մակարդակը բարձր է յատկապէս երեխաների շրջանում: Շիրակի մարզում, օրինակ, աղքատ է այստեղ բնակուող երեխաների ուղիղ կէսը:
«Հայաստանում աղքատ է երեխաների 1/3ը»:
Ռադոչայը ներկայ միջազգային կառոյցներից թերեւս միակի ներկայացուցիչն էր, ով բաց տեքստով խօսեց սոցիալական խնդիրների մասին: Չնայած պատկերը չի փոխուել, այդուհանդերձ՝ Համաշխարհային բանկի Հարաւային Կովկասի, Եւրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրէն Մերսի Թեմբօն նշում է՝ ուրախ կը լինեն շարունակել ԱՎԾի հետ համագործակցութիւնը: Իրենք օգնում են աղքատութեան յաղթահարմանը: Գործատուների հանրապետական միութեան նախագահ Գագիկ Մակարեանը «Ռադիօլուր»ի հետ զրոյցում ընդգծում է՝ առաջիկայ տարիներին նոյնպէս աղքատութեան պատկերը չի փոխուելու:
Տնտեսագէտների մեծ մասը շարունակում է պնդել՝ սոցիալական պատկերը կը փոխուի, եթէ Հայաստանում երկնիշ տնտեսական աճ գրանցուի: Սակայն դրա մասին կառավարութեան առաջիկայ երեք տարիների միջնաժամկէտ ծախսային ծրագրերում նշուած չէ: