ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հոլիվուդի Հայ Դատի յանձնախումբը Փետրուարի 1ին հանդիպեց Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Միչ Օ՛ֆերըլին՝ ներկայացնելու եւ քննարկելու շրջանի հայ համայնքին առնչուող հարցեր: «Որպէս Հոլիվուդի եւ 13րդ շրջանում գտնուող այլ քաղաքների ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, մենք շատ արդիւնաւէտ հանդիպում ունեցանք մեր շրջանի քաղխորհրդի անդամ Միթչ Օ՛ֆերելի հետ: Քաղխորհրդի գրասենեակի հետ համագործակցելով, ակնկալում ենք իրականութիւն դարձնել մեր տեսլականը՝ վերակենսաւորելու «Փոքրիկ Հայաստան»ը՝ որպէս ապահով, գեղեցիկ եւ ամերիկահայերի մշակութային ինքնութեան ու վերածննդի կենտրոն», իր խօսքում նշեց Հոլիվուդի Հայ Դատի յանձնախմբի համանախագահ Լարա Երէցեանը:
Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Միչ Օ՛ֆերելն էլ հաւաստիացրեց, որ պատրաստ է համագործակցել հայ համայնքի համար առաջնահերթ առաւել լայն շրջանակի հարցերի շուրջ: «Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել Հայ Դատի Հոլիվուդի յանձնախմբի անդամներին, ում հետ հանդիպեցինք մեր գրասենեակում՝ քննարկելու համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող համագործակցութեան ուղղութիւնները, որոնց թւում են՝ հետիոտնի անվտանգութեանը, ոչ-շահութաբեր կազմակերպութիւններին տրուող ֆինանսական յատկացումներին, ներգաղթեալներին վերաբերող խնդիրներ: Բարձր եմ գնահատում մեր համագործակցութիւնը, եւ ինձ տրուած հնարաւորութիւնը՝ վստահեցնելու, որ բնակիչների եւ մեր շրջանից օգտուողների կարիքները լսւում են եւ դրանց պատշաճ արձագանգ է լինում»:
Նշենք, որ Լոս Անջելեսի քաղխորհրդի 13րդ շրջանն ընդգրկում է նաեւ հայաշատ քաղաքներ, այդ թւում՝ Հոլիվուդ, Էթուոթըր Վիլիջ, Սիլվերլէյք, եւ այլ:
Ամերիկայի Հայ Դատի Հոլիվուդի յանձնախմբի նպատակներն ու գործունէութիւնը ներառում է թեմաների լայն շրջանակ, այդ թւում՝ շրջանի հայ համայնքի ներգրաւումը քաղաքական-հասարակական գործընթացներում, ամերիկահայ բնակիչների կեանքի որակի բարելաւումը, կառավարութեան տարբեր մարմիններում հայ համայնքի հաւաքական տեսակէտի ներկայացում, եւ այլ:
Ըստ այդմ, յանձնախումբը մշտական կապի մէջ է ընտրուած պաշտօնեաների, կառավարութեան անդամների հետ՝ ում պարբերաբար ներկայացնում է համայնքին յուզող խնդիրներն ու աշխատում համատեղ լուծումներ գտնելու ուղղութեամբ: