ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Արցախի հիմնահարցն իր բնոյթով լինելով անկախ Հայաստանի թիւ մէկ մարտահրաւէրը, միաժամանակ մեծ չափով պայմանաւորում է Հայաստանի Հանրապետութեան թէ՛ արտաքին եւ թէ ներքին քաղաքական գործընթացները: Կրկին հարցի բնոյթով պայմանաւորուած՝ բանակցային գործընթացը բացարձակ խորհրդապահական բնոյթ ունի, հետեւաբար բանակցային գործընթացի մէջ խորամուխ լինելը, դրա էութիւնը հասկանալու ու վերլուծելու փորձերը առաջին հայեացքից կարող են անշնորհակալ գործ թուալ: Այնուամենայնիւ, յատկապէս ժամանակագրապէս միմեանց մօտ փաստերի համադրումը կարող է հետաքրքիր մտորումների տեղիք տալ եւ նոյնիսկ յաւակնել՝ հասկանալու բանակցային գործընթացի բուն էութիւնը:
Բոլորովին վերջերս՝ Յունուարի 18ին, Կրակովում, ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հանդիպումը, Յունուարի 23ին ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կերասինի եւ ՄԱԿ ներկայացուցչի հանդիպման ընթացքում ծաւալուն անդրադարձը կոնֆլիկտին, նոյն օրը Սերժ Սարգսեանի եւ Էմանուէլ Մակրոնի հանդիպման ընթացքում վերջինիս խիստ զգուշաւոր յայտարարութիւնները հիմք են տալիս կարծելու, որ բանակցային գործընթացում տեղի են ունենում զարգացումներ, որոնք իրենց բնոյթով տեղապտուտային չեն:
2016 թուականի Ապրիլին Ադրբեջանը խախտեց բանակցային գործընթացի ամբողջ պարադիգմը (յարացոյցը, օրինակը-Խմբ.), որը ձեւաւորուել էր 2007 թուականի Նոյեմբերից՝ մադրիդեան փաստաթղթի շուրջ բանակցութիւններ վարելու վերաբերեալ հակամարտ կողմերի սկզբունքային համաձայնութիւնից յետոյ: Չնայած առկայ վտանգին բանակցային գործընթացի ձեւաչափն ու սկզբունքները մնացին անփոփոխ, Հայաստանն էլ հանդէս չեկաւ բանակցային սկզբունքների վերանայմամբ, որպիսին կարող էր դիտուել Արցախի անկախութեան ճանաչումը կամ վերջինիս հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը: Սա միջազգային ատեաններում կարող էր դիտուել որպէս Հայաստանի յանձնառութեան վերահաստատում՝ բանակցային գործընթացին համերաշխելու առումով, միւս կողմից այն կարող էր Հայաստանի համար դիւանագիտական բարենպաստ հող նախապատրաստել ադրբեջանական բացայայտ ագրեսիայի ֆոնին (համապատկերին-Խմբ.):
2016 թուականի Մայիսի 16ին Վիեննայում, Յունիսի 20ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ընթացքում, այլեւս խախտուած բանակցային գործընթացը վերաշարունակելու ուղղութեամբ Հայաստանի համար նախապայմանային նշանակութիւն ունեցող դրոյթները պաշտօնապէս շարադրուեցին որպէս կայացած համաձայնութիւն. մշտադիտարկման եւ միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ներդրում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողութիւնների աւելացում: Այսօր արդէն ակնյայտ է, որ այս երեք կէտերից առաջանցիկ զարգացում կարող է գրանցել միայն դեսպան Կասպրշիկի թիմի կարողականութիւնների մեծացումը, քանի որ համաձայնութիւնների համալիր իրագործումը, ըստ Ադրբեջանի կարող է երկարաձգել եւ ամրապնդել ստատուս-քուոն:
Ամենեւին պատահական չէ, որ տեւական դադարից յետոյ 2017 թուականի Հոկտեմբերի 16ին, Ժնեւում կայացած նախագահների հանդիպմանը յաջորդած, 2018 թուականի Յունուարի 18ի ԱԳ նախարարների հանդիպումը ընդգծեց. «Սկզբունքային համաձայնութիւն ձեռք բերուեց՝ իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի կարողութիւնների ընդլայնման վերաբերեալ պայմանաւորուածութիւնը»:
Արցախեան բանակցային գործընթացում վերջին զարգացումը Յունուարի 24ին ՌԴ փոխարտգործնախարար Գէորգի Կերասինի եւ ՄԱԿ տարածաշրջանային ներկայացուցչի հանդիպումն էր, որի վերաբերեալ պաշտօնական որեւէ մանրամաս բացակայում է:
Յունուարի 24ին, Ելիսէեան պալատում կայացած համատեղ մամլոյ ասուլիսի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը, զգացմունքայնութեամբ բնորոշուող, ֆրանսիական դիւանագիտութեան համար բաւական զուսպ, յայտարարութիւն արեց՝ ըստ էութեան ընդգծելով երկու հանգամանք՝ կոնֆլիկտի (վէճի, թնճուկ-Խմբ.) փոխզիջումային կարգաւորում եւ ստատուս քուոյի անկայունութիւն: Առաջին հայեացքից Ֆրանսիայի նախագահը չափից դուրս զգոյշ է բառերի ընտրութեան հարցում, ինչը, կարծում ենք, կարող է պայմանաւորուած լինել խորքային գործընթացներով՝ զուգահեռ ընթացող որեւէ գործընթացի չխանգարելու նկատառումով:
Ընդհանրապէս, արցախեան կոնֆլիկտը թերեւս միակն է աշխարհում, որի կարգաւորմանը ներգրաւուած են ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը: Գոնէ վերջին շրջանում երեք միջնորդներից երկուսը՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան առաւել ակտիւ են: Այստեղ առանձին քննարկման առարկայ է Միացեալ Նահանգների պահուածքը: Յայտնի է, որ ռուս-ամերիկեան չկարգաւորուող եւ շարունակական կերպով բարդացող յարաբերութիւններում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը ռուս-ամերիկեան համագործակցութեան լաւագոյն հնարաւորութիւնն է Ռուսաստանի համար, հաշուի առնելով երկուստէք խիստ անհամաձայնութիւնները աշխարհաքաղաքական ամենատարբեր զարգացումների եւ յատկապէս սիրիական կոնֆլիկտի հարցում: Մինսկի խումբը համագործակցութեան լաւ հարթակ է նաեւ ՌԴ-ԵՄ յարաբերութիւններում, քանի-որ, անկախ տնտեսաքաղաքական վատթար յարաբերութիւններից, երկու սուբյէկտներն էլ գտնւում են անվտանգային գրեթէ նոյն միջավայրում:
Անդրադառնանք ամերիկեան գործօնին: Դոնալդ Թրամփի ընտրութիւններից յետոյ, ինչպէս փորձագիտական լայն շրջանակները, այնպէս էլ ամերիկեան պաշտօնեաները պնդում էին, որ նոր վարչակարգի պարագայում Սպիտակ տանն ու Պետդեպում (արտաքին գործոց նախարարութեան մէջ-Խմբ.) դեռեւս չի բիւրեղացել Հարաւային Կովկասում ԱՄՆ արտաքին քաղաքական կուրսը (ընթացքը, ուղղութիւնը-Խմբ.): Շուրջ մէկ տարի անց, բացառութեամբ ՀՀ անկախութեան առթիւ նախագահ Թրամփի հետաքրքրական շնորհաւորանքի, ոչ մի փոփոխութիւն տեսանելիօրէն չի արձանագրուել: Ակնյայտ է, որ ԱՄՆն չէր կարող Հարաւային Կովկասում չյատկորոշէր իր քաղաքական առաջնահերթութիւնները, այսինքն, այստեղ խօսք կարող է լինել կուլիսային պայմանաւորուածութիւնների մասին:
Վերեւում խօսեցինք Մինսկի խմբում՝ ռուս-ամերիկեան թերեւս անխոչընդոտ համագործակցութեան մասին: Առաւել քան հաւանական է, որ արցախեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում տեղի է ունեցել ռուս-ամերիկեան պայմանաւորուածութիւն, որով Ռուսաստանը քարտ-բլանշ է ստացել երկու առումով՝ բացառել էսկալացիոն (իրավիճակի սրման-Խմբ.) նոր գործողութիւնները եւ մօտեցնել կոնֆլիկտի կարգաւորումը, ինչին սկզբունքօրէն չի առարկել նաեւ ԵՄն՝ ի դէմս Ֆրանսիայի:
Միայն սրանով կարող է բացատրուել բանակցային գործընթացի ռուսական ակտիւութիւնը (աշխուժութիւնը-Խմբ.), որը չէր կարող ինքնագործունէութեան հետեւանք լինել: Նաեւ այդ համատեքստում կարելի է դիտարկել նախորդ տարուայ Նոյեմբերի 20-21ին ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի այցը Հայաստան: Այցից մէկ օր առաջ Լաւրովը Բաքւում էր, եւ ոչ աւել ոչ պակաս, Հայաստանում նա արձանագրեց, որ հակամարտութիւնն անհնար է կարգաւորել, երբ կողմերից մէկը չի կատարում ստանձնած պարտաւորութիւնները: Բնոյթով նախադէպը չունեցող այս յայտարարութիւնը չէր կարող լինել փորձառու դիւանագէտի ջղային անդրադարձը պաշտօնական Բաքուին, այն աւելին էր եւ նպատակ ունէր ընդգծել ռուսական անհանդուրժողականութիւնը Ադրբեջանի հանդէպ, քանի որ վերջինս սպառնում է պատճառ դառնալ արեւմուտքի առջեւ ռուսական յանձնառութիւնների վտանգմանը: Գուցէ նաեւ սրանով կարելի է բացառել շփման գծում սադրանքների թուի էական նուազումը:
Ամէն դէպքում, վերջին շրջանում հայկական դիւանագիտութեան ընդհանրապէս, եւ դրա արցախեան մասնաբաժնի համար՝ մասնաւորապէս, կարեւորագոյն ձեռքբերումը անցած տարուայ Նոյեմբերի 24ին Հայաստանի Հանրապետութեան եւ Եւրոպական Միութեան միջեւ ստորագրուած «Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան մասին» համաձայնագիրն է: Դրա Արցախին վերաբերող հատուածը ոչ այլ ինչ է, եթէ ոչ Հայաստանի Հանրապետութեան տեսակէտներին օրէնքի ուժի հաղորդում Եւրոպական Միութեան անդամ 28 պետութիւններում: Սա, կարծում ենք ղարաբաղեան բանակցային գործընթացի թերեւս մեծագոյն ձեռքբերումներից է:
Ինչեւէ, բանակցային գործընթացի իւրաքանչիւր զարգացման անհրաժեշտ է ուշադրութեամբ հետեւել, այդ գործընթացը շուտով կը հատի իր պատմութեան քառորդ դարը:
Այդ ընթացքում եղել են կարգաւորման փուլային եւ փաթեթային տարբեր ձեւաչափեր, որոնք մերժուել են մերթ Ադրբեջանի, մերթ Հայաստանի ու Արցախի կողմից: Այսօր էլ բանակցային սեղանին գտնուող մադրիդեան փաստաթուղթը, թէեւ տարբերւում է Լաքվիլայում 2009 թ.ին գաղտնազերծուած տեքստից (բնագիրէն-Խմբ.), այնուամենայնիւ, ընդունուել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, իսկ Արցախի կողմից այն պաշտօնապէս ընդունուած չէ: Որքան էլ ԵԱՀԿն հակամարտութիւնների կարգաւորման եւ անվտանգութեան ապահովման ամենահեղինակաւոր կառոյցն է աշխարհում, որքանով էլ ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը բանակցային միջնորդներն են, միեւնոյնն է խաղաղութեան միակ երաշխաւորը այս տարածաշրջանում Հայաստանի Հանրապետութիւնն է իր ռազմաքաղաքական ներուժով ու խնդրի ներհասարակական ընկալմամբ, իսկ բանակցային քիչ թէ շատ ընդունելի ձեւաչափին ու բովանդակութեանը պաշտօնական Երեւանի համաձայնութիւնն ուղղակի շեղում է Հայաստանի դէմ եղած միջազգային ճնշումը՝ այն ուղղելով Ադրբեջանի կողմը ու դիւանագիտական գործողութիւնների պարարտ հող նախապատրաստում: