Ստորեւ՝ Արցախի վերածնունդի օրուան եւ Ղարաբաղեան շարժման 30ամեակին նուիրուած ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձի բնագիրը՝ ամբողջութեամբ.
1988 թուականի Փետրուարի 20ին Լեռնային Ղարաբաղի մարզ-խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտայայտում էր արցախցիների ազատ ինքնորոշուելու կամքը: Երեք տասնամեակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացաւ ողջ հայութիւնը: Այսօր նշում ենք այդ պատմական շրջադարձային իրադարձութեան 30րդ տարեդարձը, որն Արցախի Հանրապետութիւնն իրաւամբ հռչակել է Արցախի վերածննդի օր:
Աւելին, այն դարձաւ հայ ժողովրդի վերածննդի օրը: Մոնթէն ճիշդ էր ասում, երբ պնդում էր, որ եթէ կորցնէինք Արցախը, կը շրջէինք հայոց պատմութեան վերջին էջը: 1988 թուականի Փետրուարի 20ը հայ ժողովրդի միասնութեան, վճռականութեան եւ ազգային զարթօնքի պահն էր:
Մեր ժողովրդի խաղաղ եւ օրինական քայլերին Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում եւ այլ վայրերում կազմակերպուած կոտորածներով: Այդ օրերին արդէն պարզ դարձաւ, որ Արցախի ժողովուրդը դատապարտուած է ֆիզիկական բնաջնջման կամ յաղթանակի:
Մեզ պարտադրուեց պատերազմ: Պատերազմ սանձազերծողները վստահ էին, որ մեծ առաւելութիւն ունեն եւ, հայերին ոչնչացնելով ու Արցախը դատարկելով, Ղարաբաղի հարցը կը փակեն արագ եւ ընդմիշտ: Երեք տասնամեակների հեռաւորութիւնից այսօր արդէն վստահօրէն կարող ենք պնդել, որ Ղարաբաղեան շարժումը փրկել է հարիւր հազարաւոր կեանքեր:
Արցախի հայութիւնը, թիկունքում ունենալով համայն հայութեան աջակցութիւնը, կարողացաւ պատուով դուրս գալ այդ ծանր փորձութիւնից: Այսօր մեզ թշնամի անուանողներն ինչում ասես մեզ չեն մեղադրում, բայց Արցախի ժողովրդի միակ մեղքն այն է, որ նա չի պարտուել եւ չի բնաջնջուել այդ պատերազմում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ղարաբաղեան շարժումը պատմութեան որոշակի փուլում պէտք է փոխակերպում ապրեր: Պետականութեան հռչակմամբ շարժումը ոչ թէ մարեց, այլ դարձաւ պետական քաղաքականութիւն: Համազգային պոռթկումի եւ զարթօնքի պսակը մեր երկու հայկական պետութիւններն են:
Ղարաբաղեան շարժման 30րդ տարեդարձը մենք տօնում ենք՝ լսելով նոյն յոխորտանքները, նոյն սպառնալիքները, ինչ 30 տարի առաջ: 30 տարի շարունակւում է հայատեացութեան քարոզչութիւնը: Թւում է, թէ ոչինչ չի փոխուել: Սակայն մենք ենք փոխուել: Արդէն 30 տարի ադրբեջանական լուծը թօթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ թէ՛ տնտեսապէս, թէ՛ քաղաքականապէս, թէ՛ մշակութապէս:
Մեր հասարակական գիտակցութեան մէջ գուցէ եւ արդարացուած ընկալում կայ, որ արուածը բաւարար չէ: Ուստի, մենք անընդհատ պէտք է բարձրացնենք մեր պահանջների եւ ակնկալիքների նշաձողը:
Որպէս ժողովուրդ եւ պետութիւն՝ մենք դեռ շատ գործ ունենք անելու: Հսկայական անելիք կայ բոլոր ասպարէզներում, բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն՝ ծանրագոյն պայմաններում, իսկապէս քիչ չէ: Ակնյայտ է՝ սա վերջին դարերի հայոց պատմութեան թերեւս ամենակարեւոր երեսնամեակն է: Մենք անելու ենք անհամեմատ աւելին եւ կրկին համարելու ենք, որ քիչ է:
Անազատութիւնը չունի արդարացում, եւ ազատութիւնը չունի այլընտրանք: Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններում մենք կառուցում ենք ժամանակակից եւ ժողովրդավարական պետութիւններ: Մենք անվերապահօրէն յարգում ենք մարդու հիմնարար իրաւունքները, քանի որ ողջ հայ ժողովրդի համար ազատութիւնը եւ մարդու արժանապատուութիւնը բացարձակ արժէքներ են:
Կեցցէ՜ Հայաստանի Հանրապետութիւնը:
Կեցցէ՜ Ղարաբաղեան շարժման ծնունդ Արցախի Հանրապետութիւնը: