Ռ. ԿՈՐԻՒՆ
Մեր հայկական իրականութեան պահանջարկութիւնից մղուելով դաստիարակութիւնը, ուսումը եւ դպրոցը առաջնահերթ տեղ են գրաւում ընտանիքներում: Ընտանիքներ ձգտում եւ փափաքում են կրթուած եւ ուսեալ զաւակներ ունենալ, որն իրականանում է ի սկզսբանէ ծնողների, ուսման մշակների՝ դաստիարակների, ուսուցիչների եւ դասախօսների միջոցով: Դպրոց ասելով մեր հայեացքի դէմ պատկերւում է՝ ուսում, աշակերտ եւ ուսուցիչ: Դպրոցն այն լուսոյ տաճարն է, ուր աշակերտը սովորում եւ ուսում է ստանում ուսուցիչների հոգատարութեան ներքոյ: Ուսուցչութիւնը պաշտօն չէ, առաքելութիւն է, սէր եւ կոչում է, նուիրում յանուն հայակերտութեան, մարդակերտութեան, վեհին ու վսեմին: Մեր սփիւռքեան կեանքում հայ ուսուցչի դերը շատ մեծ է, մեր զաւակների հայեցի կրթութեան հոգատարութիւնը նրանց է յանձնուած, մեծ պատասխանատուութիւն եւ նուի-րական ծառայութիւն:
Կեանքից հեռացողը արժանաւոր ուսուցիչ էր մի կեանք ուսուցչական վաստակով, նա ծնուել էր Իրանի Բուրվարի գաւառի Սանգսֆիդ գիւղում 1924թ., ծնողները՝ Թովմաս եւ Թամար, եօթ զաւակներով: Հանգուցեալը գիւղական կեանքում մեծացած եւ ուսում ստացած մէկն էր: Նա գիւղական վարժարանի ուշիմ եւ փայլուն մոնթերից (աշակերտ) է եղել գնահատուելով իր վարժապետ Խորէն Տէր Վրուրեանից: Յետագային Թեհրանում Խ. Տէր Վրուրեանը նրան հրաւիրում է իր սեփական Թաբան՝ տարրական դպրոցում հայոց լեզու դասաւանդելու:
Թաբան հայկական դպրոցը գտնւում էր Հեշմաթիէ (Սարդարաբադ) թաղամասում: Դպրոցը Թեհրանում ճանաչուած էր իր կարգ ու կանոնով եւ լաւ դասաւանդութեամբ, ուր հարիւրաւոր հայ աշակերտներ են այնտեղ դաստիարակուել մեր ազգային արժէքներով: Լաւ յիշում եմ հայրենի բանաստեղծ Գեղամ Սարեանը այցելում է այս դպրոցը եւ սրտագին դիմաւորութեան արժանանում: 1979ին Խ. Տէր Վրուրեանի արկածալի ցաւալի մահով դպրոցը պարապութեան է մատնւում աշակերտութեան նուազումով եւ անտարբերութեան հետեւանքով դպրոցի տարածքը շրջանի քաղաքապետարանի միջոցով ընդգրկւում է կառուցուելիք զբօսայգու մէջ: Այնուհետեւ Թէմուր Ադամեանը տեղափոխւում է Ազգային իշխանութեան Նայիրի Ազգ. տարրական դպրոցում: Նա երկար տարիներ պաշտօնավարելով՝ հանգստի է կոչւում որպէս պետական թոշակառու:
Հանգուցեալը ամուսնանում է գիւղում, Սանդուխտի հետ՝ բախտաւորուելով վեց զաւակներով. նրանք բոլորն էլ կազմում են իրենց ընտանիքները եւ բազմաթիւ թոռներ ու ծոռներ նուիրելով իրենց պապիկին եւ տատիկին: Դուստր ու որդի, փեսայ եւ հարս, թոռ ու ծոռ բոլորը Թէմուրին եւ Սանդուխտին հայրիկ եւ մայրիկ էին կոչում, կարելի է ասել հայկական օրինակելի ընտանիք, այդ բազմանդամ ընտանիքներից եւ ոչ մէկը չի արտագաղթել, այլ որոշները բնակարան եւ գործ են ստեղծել հայրենիքում:
Նա որպէս կրթական գործիչ շրջապատում յարգուած եւ սիրուած մէկն էր, նա աշխարհ տեսած մարդ էր ճամբորդելով՝ Հայաստան, Գերմանիա, Միացեալ Նահանգներ եւ այլուր: Նա իր հարազատութեան եւ ճանաչողաց շրջապատում փոքր յաջողութիւններով ուրախանում եւ քաջալերանք էր դառնում ապագայ առաւել բարձր թռիչքների: Նա սրտանց ու հոգով կապուած էր առ հայրենիք, առ ազգութիւն եւ առ մեր եկեղեցի: Նա կապուած էր ընթերցանութեան, պահում էր մի տետր իր յոյզերը գրի առնելով:
Երբ վերջին անգամ իմ Թեհրան գտնուելուս օրերին այցելեցի իմ շատ սիրելի քեռի Թէմուրին եւ քեռակին Սանդուխտին նրանց գտայ ապառողջ վիճակում. գանգատներ‘ իրենց առողջական վիճակից: Դեհ կեանքը սա է, մարդս ուշ թէ շուտ գնալու է, որեւէ կասկածանք, բոլոր ստեղծուածների պարագան էլ նոյնն է լինելու, բայց երանի նրանց, որ իրենց երկրային կեանքը իմաստաւորում են յիշատակելի ծառայութիւններով, պայծառ եւ բարի անուն թողնելով իրենց յետնորդների սրտերում, մեր քեռին դարձաւ մէկը յիշարժան անձերից:
ԹԷմուրի կողակից Սանդուխտը կեանքին հրաժեշտ է տուել Փետրուարի սկիզբը. նրանք սիրալիր ամուսիններ էին ամենայն սիրով նուիրուած իրենց զաւակներին՝ օրինակելի ծնողներ: Ծանր է եղել կնոջ մահը Թէմուրի համար, այնպէս որ ինք եւս կնոջ մահից 15 օր անց հոգին աւանդում է՝ Փետրուարի 19, 2018թ., միանալով կնոջը: Յուղարկաւորութիւն-թաղումը կատարուել է հոծ սգաւորների ներկայութեամբ, հայկական գերեզմանատնում: Եղել են արտայայտուողներ ուսուցիչների եւ ճանաչողաց կողմից:
Թող որ Աստուած նրանց հոգին լուսաւորի էն անդէական կեանքում միասին խաղաղութեան մէջ ապրելու համար:
Ի խորոց սրտէ ցաւակցութիւններ զաւակներին, հարազատներին եւ բոլոր ճանաչողաց:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:
Մարտի 15, 2018թ.
Սանլանդ, Լոս Անջելես