2018 թուականի Մայիսի 9ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Գալուստ Կիւլպէնկեան» սրահում տեղի ունեցաւ տօնական միջոցառում՝ նուիրուած Երկրորդ Համաշխարհային պատերազմի յաղթանակին եւ Շուշիի ազատագրմանը:
Դահլիճը լեփ-լեցուն էր մարդկանցով: Տօնական տրամադրութիւնը համակել էր բոլորին: Միջոցառումը նշելու, Երկրորդ Աշխարհամարտի վետերանների յիշատակի առջեւ խոնարհուելու եւ Շուշիի ազատագրման հերոսներին մեծարելու առիթը վերստին հաւաքել էր թբիլիսահայ համայնքային գործիչներին ու հասարակայնութեան արժանաւոր անդամներին:
Դահլիճում պատուաւոր տեղեր էին զբաղեցրել Վրաստանից Արցախեան պատերազմի մասնակիցներ Ստանիսլավ Մանուկեանը եւ Արթուր Բէգլեանը, Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» մարտական գործողութեան հեղինակ կոմանդոսի, ՀՀ Զինուած ուժերի գեներալ-մայոր Արկադի Տէր Ղուկասեանի քրոջ դուստրը:
Միջոցառմանը իր պատուաւոր ներկայութիւնն էր բերել Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ռուբէն Սադոյեանը, դեսպանատան աշխատակազմի ընկերակցութեամբ:
Հնչեց Հայաստանի Հանրապետութեան պետական օրհներգը:
Միջոցառումը բացեց Վիրահայոց թեմի մշակոյթի բաժնի տնօրէն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լեւոն Չիդիլեանը: Վերջինս ներկաներին շնորհաւորեց Մայիսեան յաղթանակների կապակցութեամբ, որի սկիզբը Երկրորդ Համաշխարհային պատերազմի յաղթական աւարտն էր, արժեւորեց Շուշիի մեծ յաղթանակը, կարեւորեց օրերս տեղի ունեցած սիրոյ եւ համագործակցութեան համաժողովրդական շարժման յաղթանակը եւ իր խօսքը եզրափակեց Հայաստանի առաջին Հանրապետութեան 100ամեակի տօնակատարութեան ակնկալիքով, Մայիսն անուանելով հայ ժողովրդի համար քառատօների ամիս:
Թեմի մշակոյթի բաժնի տնօրէնը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի հեռախօսով ներկաներին ուղղած շնորհաւորանքը եւ ոգեկոչումը՝ յաղթանակներով շարունակել առաջընթացը յանուն մայր հայրենիքի բարգաւաճման, յանուն ազատ ու անկախ Արցախի, յանուն հայ ժողովրդի բարեկեցիկ ու խաղաղ կեանքի:
Մայիսեան յաղթանակների կապակցութեամբ շնորհաւորանքի ուղերձով հանդէս եկաւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ռուբէն Սադոյեանը: Դեսպանը անդրադարձ կատարեց Երկրորդ Համաշխարհային պատերազմին Հայաստանի եւ հայ ժողովրդի մասնակցութեանը, խոնարհումի խօսքեր ուղղեց Շուշիի ազատագրման հերոսներին եւ հայ ազգին մաղթեց նորանոր յաղթանակներ:
Վրաստանում ՀՀ դեսպանութեան ռազմական կցորդ, գնդապետ Սամուէլ Ռամազեանը արձանագրելով Երկրորդ Աշխարհամարտում հայ ժողովրդի ազատատենչ զաւակների հերոսական սխրանքները, հանգամանալից բանախօսեց Արցախեան պատերազմի էջերի մասին, արժեւորելով Շուշիի ազատագրման փառաւոր յաղթանակը: Շուշիի ազատագրումը դա ազգի գոյատեւութեան ինքնագիտակցումն էր, պայքարի տարիներին կոփուած յաղթելու անսասան կամքը, հայրենիքն ազատագրելու գերնպատակը: Գնդապետն իր խօսքն աւարտեց հայրենիքը սիրելու, լեզուն պահպանելու, հայ մնալու եւ հայի տեսակը միշտ եւ ամէնուրեք բարձր պահելու յորդորով:
Միջոցառման ընթացքում ցուցադրուեցին դրուագներ, Հայրենական պատերազմում հայերի սխրագործութիւններին, Արցախեան հերոսամարտերին եւ Շուշիի ազատագրմանը նուիրուած վաւերագրական տեսաֆիլմերից:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի մենակատարներ Նինա Կարապետեանի, Անի Յովհաննիսեանի, Ռուզաննա Միքայէլեանցի, Դոնարա Արսէնեանի, Սերգէյ Նազարովի եւ Պետրոս Ադամեանի անուան թատրոնի դերասան Հենրիխ Պետրոսեանի կողմից Հայաստանին, Հայոց բանակին եւ հայ ժողովրդին նուիրուած ազգային հայրենասիրական երգերի կատարումները յիրաւի Մայիսի 9ը թբիլիսահայութեան համար դարձրին տօնական, գարնանաշունչ եւ յաղթական:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ
ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ