«Ֆորպզ»ի ռուսական ծառայութիւնը ներկայացրել է ամենաազդեցիկ 100 ռուսաստանցիների ցանկը, որում տեղ է զբաղեցրել նաեւ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամուել Կարապետեանը: Նա ցանկում 95րդն է:
Ամենաազդեցիկ ռուսաստանցիների առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ վլադիմիր Պուտինը, նրան յաջորդում է «Սբերբանկ»ի վարչութեան նախագահ գերման Գրեֆը, իսկ երրորդ հորիզոնականում «Գազպրոմ»ի վարչութեան նախագահ Ալեքսէյ Միլերն է:
Չորրորդ հորիզոնականում «Ռոսնեֆտ» ընկերութեան գործադիր տնօրէն Իգոր Սեչինն է, հնգեակը եզրափակում է Ռուսաստանի Դաշնութեան վարչապետ Դմիտրի Մեդուեդեւը:
Ամենաազդեցիկ ռուսաստանցիների ցուցակում ներառուած է նաեւ ՌԴ Դաշնային անվտանգութեան ծառայութեան տնօրէն Ալեքսանդր Բորտնիկովը:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը զբաղեցրել է 21րդ հորիզոնականը, պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուն 30րդն է:
Միլիարդատէր գործարար, «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկում 26րդն է:
Ամենաազդեցիկ ռուսաստանցիների ցանկում յայտնուել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի խօսնակ դմիտրի Պեսկովը: Նա զբաղեցրել է 70րդ հորիզոնականը: