Հայ կրթական հիմնարկութիւնը (ՀԿՀ) տարիներ շարունակ, կրթաթոշակային ծրագիրի միջոցով ֆինանսաւորել է ՀՀ տարբեր համալսարաններում, Արցախում եւ Ջաւախքում տարբեր մասնագիտութիւններով ուսուցում ստացող հայ ուսանողներին՝ տրամադրելով կրթաթոշակ ուսման ամբողջական վճարի տեսքով:
Ամէն տարի, Սեպտեմբեր կամ Հոկտեմբեր ամիսներին, ՀԿՀ բարերարները ժամանում են Հայաստան: Նշուած ժամանակահատուածում, նրանք հանդիպում են ՀԿՀի կողմից հովանաւորուող ուսանողներին, քննարկում յետագայ ծրագրերը եւ յանձնում հաւաստագրեր:
Այս տարի, 1250 ուսանողի դիմումներից ընտրուել են 170 նոր ուսանող, եւ շարունակական բարձր առաջադիմութեան արդիւնքում՝ իրենց ուսումն են շարունակելու արդէն իսկ համակարգում գտնուող ուսանողները: Արդիւնքում՝ Հայ կրթական հիմնարկութիւնն այս տարի վճարում է 300 ուսանողի ամբողջական վճար, այդ թւում նաեւ՝ սիրիահայ ուսանողների, վերջիններիս տրամադրելով ուսման վարձի 40 տոկոսի չափով կրթաթոշակ:
Սեպտեմբերի 24ին, երեկոյեան ժամը 6ին, «Մերիտիըն» կենտրոնում տեղի ունեցաւ մեր կրթաթոշակների հաւաստագրերի յան-ձնման միջոցառումը: Միջոցառմանը ներկայ էին ԱՄՆից ժամանած բարերարներ, կրթական տարբեր կազմակերպութիւնների ներկայացուցիչներ եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաներ:
***
Հայ կրթական հիմնարկութիւնը հիմնադրուել է 1950 թուականին, Լոս Անջելեսում, աջակցելու հայ ուսանողներին եւ կրթական հաստատութիւններին: Վաղ տարիներին, ՀԿՀն դպրոցներ է հիմնել Մերձաւոր Արեւելքում, այդ թւում՝ Լիբանանում, Յունաստանում եւ Սիրիայում: 1960-1970 տարիներին, ՀԿՀն Միացեալ Նահանգներում ֆինանսաւորում էր հայկական ամէնօրեայ դպրոցներին: 1986ին, UCLA-ի համալսարանում հիմնադրուեց Ռ. Յովհաննիսեանի անուան նորագոյն պատմութեան ամբիոնը, որի համար Հայ կրթական հիմնարկութիւնը նուիրաբերեց 500,000 տոլար: 1988ի աւերիչ երկրաշարժից յետոյ, Հայ կրթական հիմնարկութեան ուշադրութիւնն ամբողջովին ուղղուեց դէպի Հայաստան, իսկ 1991ի անկախացումից յետոյ՝ հիմնարկութիւնն իր գրասենեակը հիմնեց Երեւանում:
Այս տարիների ընթացքում, Հայ կրթական հիմնարկութիւնը 200ից աւելի դպրոց է վերանորոգել ու հիմնանորոգել Հայաստանում, Արցախում եւ Ջաւախքում: Հարիւրաւոր ուսանողներ տարիներ շարունակ ստացել են կրթաթոշակներ՝ ուսման ամբողջական վճարի չափով: Մանրամասների համար, այցելել www.aefweb.org կայքը։