ՄԻԳԱՆՈՒՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Նայիրի Միրզայեան-Ասլանեանը ծնուել է Օգոստոս 10, 1985 թուին, Գլենդէյլ քաղաքում: Նա առաջնեկ զաւակն էր Ժիրայր եւ Արփի Միրզայեանների եւ աւագ քոյրը՝ Մարալ եւ Թամար Միրզաեանների: Թէեւ միայն 2 եւ 4 տարով էր մեծ իր քոյրերից, նա իրեն դասում էր նրանց երկրորդ մայրը՝ միշտ հոգատար նրանց հարցերով եւ միշտ նուիրուած նրանց բոլոր կարիքներին:
Որպես դուստր նոյնպէս, Նայիրին անմնացորդ կերպով նուիրուած էր իր ծնողներին, որոնք յատուկ վստահութեամբ ու հաւատքով էին լցուած Նայիրիի ու նրա հզօր կամքի նկատմամբ:
Նայիրին դեռ մանկուց հանդիսանում էր նահապետական ու բազմամարդ իր ընտանիքի կենտրոնը, բոլորին հոգ տանող, նրանց զօրավիգ կանգնող եւ բոլորին խինդ ու ծիծաղ պարգեւող տան աստղն ու կրակը:
Սերտօրէն կապուած էր տատիկներին ու պապիկներին, հօրեղբայրներին, մօրեղբայրներին, հօրաքրոջը, զարմիկներին ու զարմուհիներին:
Ու նրա այս խինդն ու եռանդը չէր սահմանափակւում ընտանիքի սահմաններում: Համայնքային-ազգային կեանքում նոյնպէս նա ստանձնել էր ակտիւ եւ աշխոյժ մասնակցի եւ ապա ղեկավարի դեր:
9 տարեկանից քոյրերի հետ միասին նա անդամակցեց Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան «Շանթ» եւ «Զաւարեան» պատանեկան եւ «Ռուբէն» երիտասարդաց միութիւններին, նախ որպէս պարզ անդամ, ապա որպէս վարչութեան, Կենտրոնական վարչութեան, ՀՅԴ «Ահարոնեան» կոմիտէի անդամ եւ պատանեկան միութեան վարիչուհի:
Այս երկար տարիների ընթացքին նա միշտ վայելեց իր գաղափարակից փոքր ու մեծ ընկերների, պատանիների ու երիտասարդների սէրն ու յարգանքը եւ իր անաչառ ու խստապահանջ, բայց միաժամանակ հոգատար մօտեցումով իր խորին ազդեցութիւնն ունեցաւ բազմահարիւր կրտսեր ընկերների կեանքում եւ նրանց գաղափարական անհատականութեան ձեւաւորման մէջ:
Հենց այդ հարազատ յարկի տակ էլ նա ծանօթացաւ եւ կապուեց իր կեանքի ընկերոջ՝ Աւօ Ասլանեանի հետ:
Այս կրակոտ ու եռանդուն, գաղափարապաշտ ու նուիրեալ հոգիով ընկերուհու մասին քչերը գիտէին, որ հազիւ 15 տարեկանում նա ախտորոշուել էր լոփուս հիւանդութեամբ եւ 18 տարի շարունակ անտրտունջ պայքարել ու դիմադրել էր այս չարաղէտ հիւանդութեանը: Նրան ճանաչողները չեն յիշում որեւէ դէպք երբ հիւանդութիւնը սահմանափակէր նրա այս կամ այն երազանքը, զսպէր նրան վեր սաւառնելուց ու կեանքին ձգտելուց: Ընդհակառակն, կարծես այդ նոյն հիւանդութիւնը արհամարհելով նա ապրում էր իր ամէն մի օրը աւելի բեղուն, աւելի կատարեալ, աւելի իմաստալից, քան մնացեալս ենք ապրում:
20 տարեկանում Նայիրին ունեցաւ ուղեղի իր առաջին կաթուածը, որը վնասեց նրա տեսողութեանը: Սակայն տեսողութեան նուազումը չազդեց կեանքի գոյները առաւելագոյնս տեսնելու եւ վայելելու նրա կարողութեան վրայ: Նա խորապէս գնահատում էր այն ամէնը, ինչը տրուած էր իրեն կեանքում, ամէն մի օրն ու ժամը: Նա յաճախ էր ասում, թէ ինքը բողոքելու իրաւունք չունի, քանի կան իրենից շատ աւելի վատ պայմաններում գտնուող մարդիկ:
Նա գոհ էր ու երջանիկ իրեն բաժին հասած կեանքով ու հարստութեամբ: Նրա հարստութիւններն էին իր ընտանիքը, ծնողները, քոյրերը, հարազատներն ու ընկերների լայն շրջանակը: Սակայն Նայիրիի կարճատեւ կեանքի իրական գանձը եղաւ իր ամուսինը՝ Աւօն:
Նրանք իրար ճանաչեցին պատանեկան շրջանից ու սիրեցին իրար անմնացորդ սիրով: 2011 թուին արդէն նշանուած էին ու միասին էին կտրում կեանքի ճամբան ու նրա վերիվայրումները, անշեղ քայլելով նաեւ իրենց գաղափարական ուղիով՝ անսահման ուժ, կորով ու ժամանակ նուիրելով իրենց ազգին, հայրենիքին ու մատաղ սերնդի հայեցի դատիարակութեանը:
2013ի Յուլիսի 20ին նրանց պսակադրութեան Սուրբ խորհուրդը կատարուեց հենց այս կամարների տակ, որտեղ հարազատների ու ընկերների մեծ ուրախութեան մթնոլորտում նրանք խոստացան ցմահ հաւատարիմ մնալ իրար:
Ու ի՜նչ խոստում էր դա: Ինչպիսի՜ իրական ու անխորտակ սիրով երաշխաւորուած…
5 կարճ տարիներ նրանք ապրեցին միասին, շրջեցին աշխարհը, ուրախացան ու տխրեցին միասին: Նայիրիի հիւանդութեան հետեւանքների դէմ պայքարեցին ուս-ուսի տուած, առանց որեւէ վարանումի ու յուսահատութեան նշոյլի:
2016ին Նայիրին հերթական անգամ հիւանդանոց ընկաւ ծանրացող հիւանդութեան նոր դրսեւորումներով: Շրջապատող հարազատներին նա ինքն էր յոյս ներշնչում որ յաղթելու է հիւանդութեանը:
2018ի Մարտից սկսեալ Նայիրիի առողջութիւնը գնալով յետքայլ արձանագրեց: Հիւանդանոցում անցկացրած օրերը հետզհետէ աւելի ու աւելի երկարատեւ դարձան, իսկ տանը ու ընտանիքի հետ անցկացրած պահերը աւելի թանկ ու հազուադէպ:
Նրան բուժող բժիշկներն ու հիւանդանոցի աշխատակազմը նոյնպէս հիացած էին այս քաջ աղջկայ կամքի ուժով ու ապրելու մեծ ձգտումով, որի շնորհիւ նա դիմացաւ եւս 8 ամիս: Այդ ընթացքում հնարաւոր ու անհնարին բոլոր միջոցները ի գործ դրուեցին նրա թանկագին կեանքը փրկելու համար:
Սակայն միշտ չէ որ բոլորի աղօթքներն ու երազանքները իրականանում են նրանց ցանկացած ձեւով:
Նայիրիի մեծ հոգին այլեւս չէր կարողանում դիմանալ նրա հողեղէն մարմնում եւ Հոկտեմբերի 27, 2018 թուին նա ընդմիշտ փակեց իր յոգնած աչքերը եւ սաւառնեց հեռո՜ւ-հեռո՜ւ՝ ուր իր մարմինը եւ հիւանդութիւնը այլեւս չէին կարող սահմանափակել նրա գեղեցիկ հոգու թռիչքը:
Թռի՛ր, սաւառնի՛ր ազատ ու անկաշկանդ մեր սիրելի Նայիրի…
Դու այս կարճ կեանքում քո խօսքն ասեցիր աշխարհին, քո դրոշմը դրիր մեր հոգիներում: Քո անցած ուղին ու յանուն կեանքի մղած քո պայքարը թող դաս լինի բոլոր նրանց, ովքեր պիտի շարունակեն ապրել, քեզ իրենց սրտերում ու յուշերում պահելով:
Երանի թէ բոլոր աղջիկները, բոլոր քոյրերը, բոլոր կանայք ու բոլոր հայուհիները ունենան նոյն նուիրուածութիւնը, որով դու կառչեցիր քո ծնողներին, քո քոյրերին, քո սիրեցեալ ամուսնուն ու քո նուիրական գաղափարին:
Հողը թո՛ղ թեթեւ գայ վրադ մեր սիրելի Նայիրի…