2019 թուականի Փետրուարի 19ին, Թբիլիսիի Յովհաննէս Թումանեանի նախկին բնակարանում, ներկայիս Վիրահայոց թեմի «Յովհաննէս Թումանեանի տուն» գիտամշակութային կենտրոնում, հանդիսաւորապէս մեկնարկեց Ամենայն Հայոց բանաստեղծի փառապանծ 150ամեայ տարեդարձի տօնակատարութիւնը։
Հիւրասէր այս տունը կրկին մարդաշատ էր, հիւրընկալուել էին ամիսներ առաջ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի նախագահութեամբ ստեղծուած տարածաշրջանային յոբելեանական յանձնախմբի անդամները, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսսպան Ռուբէն Սադոյեանը, դեսպանութեան դիւանագէտները։ Թբիլիսիից ուղիղ կապ հաստատուեց Երեւանի եւ բանաստեղծի ծննդավայր Դսեղի հետ, որտեղ նոյնպէս ընթանում էին տօնական միջոցառումներ։
Թումանեանի տան աւանդոյթի համաձայն, հիւրերը հաւաքուեցին թէյի սեղանի շուրջ, որից յետոյ ներկայ գտնուեցին Վրաստանի խորհրդարանի պատգամաւոր Դաւիթ Ճիճինաձէի կողմից «Յովհ. Թումանեանի տուն» կենտրոնին նուիրած Ամենայն Հայոց բանաստեղծի բրոնզաձոյլ արձանի (քանդակագործ՝ Դաւիթ Սիրբիլաձէ) բացմանը։
Բանաստեղծի ծննդեան օրը, նախկին տարիների նման, Վիրահայ համայնքի անդամները, գրողներ եւ հասարակական գործիչներ, դպրոցականներ այցելեցին Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների Խոջիվանքի պանթէոն, որտեղ նրանց միացան Հայաստանից ժամանած ՀՀ Մշակոյթի փոխնախարար Տիգրան Գա-լստեանը, խորհրդական Արուսեակ Տէրչանեանը, մերձաւոր Սփիւռքի հետ կապերի բաժնի ղեկավար Տարօն Շագոյեանը, «ՋԱՀ» բարեգործական միութեան նախագահ Սօս Սահակեանը եւ ուրիշներ։
Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի նախագահութեամբ եւ հոգեւոր դասի մասնակցութեամբ Յովհաննէս Թումանեանի շիրմաքարի մօտ կատարուեց հոգեհանգստեան կարգ, ծաղիկներ խոնարհուեցին հայոց մեծերի տապանաքարերին։ Այնուհետեւ երջանկայիշատակ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջեանի սկիզբ դրած աւանդոյթի համաձայն, նրա դուստրերի կողմից իրականացուեց գիրք նուիրելու արարողութիւնը։
Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրուան նուիրուած միջոցառումը շարունակուեց Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։ Միջոցառմանը ներկայ էին Վրաստանի խորհրդարանի պատգամաւորներ, քոյր եկեղեցիների առաջնորդներ, տարբեր կառոյցների ներկայացուցիչներ։ Դահլիճում «Լոռուայ ձոր» հայրենակցական միութեան նախաձեռնութեամբ եւ աջակցութեամբ ցուցադրուեցին թբիլիսահայ ճանաչուած նկարիչ Թենգիզ Միկոյանցի «Թումանեանի հետքերով» կտաւները։
Ու սկսուեց յոբելեանական գրական գեղարուեստական միջոցառումը, որը վարում էին «Յովհաննէս Թումանեանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանէ Յովսէփեանը եւ Վիրահայոց թեմի մշակոյթի բաժնի տնօրէն Սուրէն Աբրամեանը։
Հայ-վրացական բարեկամութեան մեծ ջատագով Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150ամեայ յոբելեանին նուիրուած ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի շնորհաւորական ուղերձը ներկայացրեց Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ռուբէն Սադոյեանը։ Իսկ Վրաստանի նախագահի վարչութեան աշխատակից Կոնստանտինէ Նացվլիշվիլին փոխանցեց Վրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշվիլիի շնորհաւորանքը։
Թումանեան համաժողովրդական բանաստեղծի, բազմաժանր գրողի, ակտիւ հասարակական գործչի եւ մարդ-քաղաքացու մեծութիւնը կարեւորեցին եւ շնորհաւորանքի խօսք ասացին Վրաստանի Գրողների միութեան համանախագահ Մաղուալա Գոնաշվիլին, «Լոռուայ ձոր» հայրենակցական միութեան նախագահ Սերգօ Երիցեանը, թումանեանագէտ Սուսաննա Յովհաննիսեանը։ Միջոցառմանը ներկայ էր Թումանեանի ծոռնուհին՝ Ելենա Կոլեսնիկովան, իսկ միւս ծոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկեանը Գերմանիայից յղել էր իր շնորհաւորանքի եւ երախտիքի ուղերձը։
Մենակատարներ Սվետլանա Տատոեւայի, Աննա Բադալեանի, Աիդա Բազոյեանի, Իւանէ Մկրտ-չեանի, Ս. Գէորգ առաջնորդանիստ եկեղեցու «Մակար Եկմալեան» երգչախմբի կատարմամբ դահլիճում տարածուեցին Թումանեանի անմահ ստեղծագործութիւնների մեղեդիները, հայերէն եւ վրացերէն ասմունքեցին Մհեր Մելիքեանը, Նանօ Պողոսովան, Գարի Ղալամքարովը։
Յաւարտ միջոցառման օրհնութեան եւ գնահատանքի խօսքով հանդէս եկաւ թեմակալ առաջնորդը։
Վազգէն սրբազանը շնորհաւորելով ներկաներին, գնահատանքի խօսքեր ուղղեց կազմակերպիչներին՝ ի դէմս յոբելեանական յանձնախմբի, Վիրահայոց թեմի «Յովհաննէս Թումանեանի տուն» կենտրոնի, Թբիլիսիի Պետրոս Ադամեանի անուան հայպետդրամայի թատրոնի, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի եւ «Լոռուայ ձոր» հայրենակցական միութեան: Անդրադարձ կատարելով յոբելեանական միջոցառումներին յուշամեդալներին ունեցած աւանդին, Վազգէն եպիսկոպոսը առաջին յուշամեդալները փոխանցեց ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար, Յովհաննէս Թումանեանի տօնակատարութեան պետական յանձնաժողովի նախագահ Արայիկ Յարութիւնեանին, Վրաստանի խորհրդարանի պատգամաւոր Դաւիթ Ճիճինաձէին եւ IDeA հիմնադրամի նախագահ Ռուբէն Վարդանեանի ներկայացուցչին:
Թեմակալ առաջնորդը փոխանցեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնութիւնը եւ շնորհաւորանքը Յովհ. Թումանեանին նուիրուած յոբելեանական միջոցառման կապակցութեամբ։
Հայոց մեծ բանաստեղծի ծննդեան օրը Թբիլիսիում դարձաւ յիրաւի տօնական եւ թումանեանական շնչով յագեցած: Յովհաննէս Թումանեանի եւ Կոմիտաս վարդապետի 150ամեայ յոբելեաններին նուիրուած միջոցառումները վիրահայ համայնքում կը շարունակուեն ողջ տարուայ ընթացքում։
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ
ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ