Բժիշկները սիրում են՝ երբ հիւանդները համագործակցում են եւ նպաստում արդիւնաւէտ բուժմանը: Այստեղ շարունակում ենք նախորդ համարում մեր ներակայացրած արեան հետազօտութեան բացատրութիւնները: Ուշադրութիւն դարձրէք նաեւ ախտանշաններին՝ որպէսզի անհրաժեշտութեան դէպքում դուք յուշէք բժշկին՝ նշանակելու համար տուեալ քննութիւնը:
ԲՈՐԲՈՔՄԱՆ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐ
Զարկերակների բորբոքման արդիւնքում սրտանօթային հիւանդութիւնների առաջացումը կանխելու համար արեան մէջ C-ռէակտիւ սպիտակուցի բաղադրութեանը ուշադրութիւն դարձրէք: Քննութիւնը յանձնելու համար հարկաւոր է միանգամայն առողջ վիճակում ներկայանալ: Բարձր զգայունութեամբ զինուած հետազօտութիւնն ի վիճակի է ամենաչնչին բորբոքումն անգամ գրանցել: 1 մգ/լ.ից ցածր ցուցանիշը դրական արդիւնք է համարւում: 3 մգ/լ.ից բարձր արդիւնքի դէպքում սրտի կաթուած ստանալու վտանգը կրկնակի բարձր է:
ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁ
Շագանակագեղձի քաղցկեղի դէմ արդիւնաւէտ կանխարգելիչ պայքար մղելու համար հարկաւոր է պարզել անտիգենի՝ PSA-ի առկայութիւնը: Հարկ է նշել, որ PSA-թեստը ճշգրիտ արդիւնքներ չի ապահովում, քանի որ այն կարող է, արտաքին գործօնների ազդեցութեամբ, խաբուսիկ տուեալներ հաղորդել: Մասնաւորապէս, բարձր ցուցանիշը կարող է, ինչպէս շագանակագեղձի փքման, այնպէս էլ պրոստատիտ կոչուող վարակի առկայութեան նշան լինել: Այդ դէպքում ուշադրութիւն է դարձւում ցուցանիշի փոփոխութեանը: Ամէն տարի PSA-թեստ յանձնէք եւ նախորդի հետ համեմատէք՝ համոզուելու համար, որ յետագայ հետազօտութիւններն աւելորդ են:
ՎԱՀԱՆԱՁԵՒ ԳԵՂՁ
Վահանաձեւ գեղձի հետ կապուած խնդիրները կանանց եւ տղամարդկանց հաւասարապէս են սպառնում: Այս պարագայում հիմնական պատճառը սթրեսն ու քնի պակասն են: Բուժումն ուշացնելու դէպքում յիշեալ խնդիրներն այլ՝ առաւել վտանգաւոր հիւանդութիւններ առաջացնելու սպառնալիք են պարունակում:
Վահանաձեւ գեղձի հորմոնի (TSH) թեստը կը փարատի ձեր բոլոր կասկածները՝ օրգանի աշխատանքի վերաբերեալ: Արդիւնքների՝ նորմայից ցածր կամ բարձր լինելու պարագայում բժիշկը կարող է յաւելեալ T3 կամ T4 թեստեր նշանակել:
Միայն յիշէք, որ արեան քննութիւն կատարւում է ինը ժամ սոված մնալուց յետոյ: Կարող էք ջուր խմել: Արիւն յանձնելուց առաջ խորհուրդ չի տրւում ծխել կամ մաստակ ծամել:
Առողջ եղէք: