«Տեսակէտ» մամուլի ակումբում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ) հիմնադրամի տնօրէն Յարութիւն Մարութեանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում վերջինս ամփոփեց իր պաշտօնավարման ամիսներին ՀՑԹԻ ծաւալած գործունէութիւնը:
Հայոց Ցեղասպանութեան թանգարանը շարունակել է իր հիմնական առաքելութիւնը, ընդունուել են պատուիրակութիւններ, թանգարանն ունեցել է շուրջ 100 հազար այցելու, որից 79.235ը՝ օտարերկրացիներ, եւ նրանց թւում՝ 316ը թուրքեր եւ Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացիներ:

2018-19թթ. ընթացքում շարունակուել է նաեւ գիտահաւաքչական աշխատանքը: ՀՑԹԻը ձեռք է բերել հնատիպ գրքեր եւ ալբոմներ, լուսանկարներ, բացիկներ, նամականիշներ, ձեռագիր յուշեր, ցեղասպանութեան վերապրողների վերաբերեալ անձնական փաստաթղթեր եւ կենսագրական տուեալներ, տեսագրութիւններ: Ձեռք են բերուել հարիւրաւոր գրքեր եւ ալբոմներ (հնատիպ եւ նորատիպ), հնատիպ ու նորատիպ պարբերական մամուլ, լուսանկարներ եւ սեւանկարներ, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեանն առնչուող այլ նիւթեր:
Տնօրէն պարոն Մարութեանը նշեց, որ իր հիմնական նպատակն է նախ՝ կարգաւորել թանգարան-ինստիտուտի աշխատանքները հինգ հիմնական ուղղութիւններով՝ գիտական, կրթական, մշակութային, յիշողութեան, քարոզչական, ապա դրանց նոր լիցք հաղորդել:
«Տեղ են գտել կառուցուածքային փոփոխութիւններ՝ յստակեցուել են բաժինների գործառոյթները, ձեւաւորուել են նոր բաժիններ: Ներկայումս թանգարանում առկայ է երեք գիտահետազօտական բաժին՝ Յուշագրութիւնների, վաւերագրերի եւ մամուլի ուսումնասիրութեան, Հայոց Ցեղասպանութեան զոհերի փաստագրման եւ տուեալների հաւաքագրման, Համեմատական ցեղասպանագիտութեան բաժին, որի կազմում գործում է Այսրկովկասի հայութեան զանգուածային կոտորածների ուսումնասիրութեան ծրագիրը», շեշտադրեց պարոն Մարութեանը:
«Ցեղասպանագիտական Հանդէս»ի 2018թ. մէկ համար հրատարակուեց անցեալ տարեվերջին, եւս մէկը՝ առաջիկայ շաբաթների ընթացքում: Տարուայ ընթացքում կը հրատարակուի եւս երկու համար հայերէն, առնուազն մէկը՝ անգլերէն: Փոփոխուել եւ թարմացուել են ամսագրերի խմբագրական կազմերը, ամսագրերը համապատասխանեցուել են միջազգային չափանիշներին, աշխատանքներ են տարւում ամսագրերի հասանելիութիւնն աւելացնելու ուղղութեամբ:
«Հաստիքների մասնակիօրէն օպտիմալացման շնորհիւ աշխատանքի ենք ընդունել չորս նոր աշխատակիցների՝ ամէն մէկը 0.5 դրոյքի շրջանակներում: Գիտաշխատողների աշխատանքային պարտականութիւնների շրջանակը յստակեցուել է ու կանոնակարգուել՝ փորձելու ենք հետեւողականօրէն հետամուտ լինել դրա իրականացմանը», նոր աշխատակիցներ ընդունելու հարցին պատասխանեց պարոն Մարութեանը:
ՀՑԹԻ ունեցել է ակտիւ մասնակցութիւն հանրապետական եւ միջազգային նշանակութիւն ունեցող՝ ի մասնաւորի Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի եւ Ընդդէմ ցեղասպանութեան յանցագործութեան Երրորդ գլոբալ ֆորումի կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին:
«Կարեւորում ենք տարեկան առնուազն մէկ միջազգային գիտաժողովի անցկացում, օրինակ աշնանը ֆինանսական խնդիրների բարեյաջող կազմակերպման դէպքում տեղի կ՛ունենայ «Հայոց փրկութեան գործը Մերձաւոր Արեւելքում 1915-1923թթ.» միջազգային գիտաժողովը», ասաց պարոն Մարութեանը. «Յաջորդ տարի, նոյնպէս, նախատեսւում է Կանադայի մարդու իրաւունքների թանգարանի հետ կազմակերպել «Երեխաների բռնի տեղափոխումը որպէս ցեղասպանական գործողութիւն. Հայոց Ցեղասպանութեան, Հոլոքոստի եւ տեղաբնիկների ցեղասպանութեան օրինակներով» միջազգային գիտաժողով: Այժմ բանակցում ենք Լեհաստանի «Պիլեկի» ինստիտուտի հետ որպէս համագործակցութեան երրորդ կողմ»:
ՀՑԹԻն ձեռնամուխ է եղել երեք ծաւալուն ծրագրերի իրականացման.
– Հայոց Ցեղասպանութեան զոհերի եւ վերապրողների էլեկտրոնային շտեմարան.
– Հայոց Ցեղասպանութեան վերապրողների տեսաձայնագրութիւնների շտեմարան.
– Հայոց Ցեղասպանութեանն առնչուող յուշագրութիւնների շտեմարան:
ՀՑԹԻ ընթացիկ ակտիւութիւններից է մեթոդաբանական սեմինարների շարքը: Արդէն անց է կացուել եօթ դասախօսութիւն եւ քննարկում, առաջիկայ օրերին կը կայանայ ութերորդը:
Միջազգային գիտական համագործակցութեան շրջանակներում համագործակցութեան պայմանագրեր են կնքուել եւ կնքուելու ինչպէս ներհայաստանեան, այնպէս էլ արտասահմանեան կազմակերպութիւնների հետ: «Կայ ակտիւ շփում Ինֆորմատիկայի եւ աւտոմատացման ինստիտուտի հետ եւ շուտով կը կնքենք համագործակցութեան պայմանագիր, միւսը «Արարատ» կոնեակի գործարանի թանգարանի հետ համաձայնագիրն է, որը կը կնքուի արդէն Ուրբաթ օրը», նշեց տնօրէնը:
ՀՑԹԻ արտասահմանեան գործընկերներից փոխըմբռնման յուշագիր է կնքել Կանադայի մարդու իրաւունքների թանգարանի հետ, բանակցութիւններ են ընթացել ՀՑԹԻում աշխատանքային այցով ժամանած Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի Շօա հիմնադրամի հետ, Պոտսդամում՝ «Լեփսիուս Հաուս»ի հետ: Բանակցութիւններ են տարւում նաեւ այլ միջազգային հեղինակութիւն ունեցող կազմակերպութիւնների հետ, արդէն Մայիսի վերջը կը լինի շօշափելի արդիւնք, ինչի մասին լրացուցիչ կը յայտարարուի:
Ապրիլի 24ին ընդառաջ կը բացուի «Հայոց Ցեղասպանութեան 150ամեայ վկաները. Կոմիտաս վարդապետ եւ Յովհաննէս Թումանեան» ժամանակաւոր ցուցադրութիւնը:
«Գիտաժողովների դահլիճի նախասրահում ստեղծում ենք փոքր պատկերասրահ, ուր վերացուցադրուելու են Ժանսեմի կտաւները», յաւելեց պարոն Մարութեանը:
Օգոստոսի վերջին ՀՑԹԻում կը բացուի ժամանակաւոր ցուցադրութիւն՝ նուիրուած Առաջին համաշխարհային պատերազմի հայ գերիների կեանքին Աւստրիայի համակենտրոնացման ճամբարներում:
«Մէկ-մէկուկէս ամիս առաջ ՀՑԹԻում մեկնարկեց նաեւ Կրթական ծրագրի փորձնական շարքը, իսկ արդէն մօտ օրերս ծրագիրը կը գործարկուի աւելի լայն մասշտաբով: Դիմել ենք նաեւ դրամաշնորհի: Ծրագրի շրջանակներում նախատեսւում է թանգարան այցելած աշակերտների հետ՝ ցուցադրութիւնը դիտելուց յետոյ, ամրապնդել ստացուած գիտելիքները՝ որոշակի թեմաներով դասախօսութիւններ կարդալու եւ քննարկումների ճանապարհով: Հնարաւորութեան պարագայում նախատեսւում է նաեւ աշակերտների խմբերի եւ ուսուցիչների վերապատրաստումներ, իսկ ամրան ամիսների ընթացքում՝ նաեւ սփիւռքահայերի համար», ասաց պարոն Մարութեանը:
Աստիճանաբար կանոնակարգւում են նաեւ ֆոնդերի աշխատանքները, տարւում են աշխատանքներ նաեւ թանգարան-ինստիտուտի վեբկայքի թարմացման հարցում:
«Միւս տարի թանգարան-ինստիտուտի 25ամեակն է: Կազմելու ենք առաջարկութիւնների շարք, կը կիսուենք Նախարարութեան հետ», նշեց պրն. Մարութեանը:
Այժմէական է մնում Ծիծեռնակաբերդի զբօսայգու հարցը՝ շուրջ 100 հա. տարածք, որի խնամքի համար անհրաժեշտ են կոնցեպտուալ (յղացական-Խմբ.) նոր մօտեցում, բարերարների ընդգրկում այս եւ այլ հարցերի շուրջ:
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
St. Mary’s ADHC
Glendale Hye Funeral
Services, Inc.