Օսմաներէնից թարգմանեց՝
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
2019թ. լրանում է երիտթուրքերի դատավարութիւնների եւ հայերի տեղահանութեան ու կոտորածների մեղադրանքով յարուցուած միւս դատական գործերի մեկնարկի հարիւր տարին: Այդ առթիւ Akunq.net-ն ընթերցողներին է ներկայացնում տուեալ ժամանակաշրջանի գլխաւոր օրաթերթերից մէկում՝ «Ալեմդար»ում հրապարակուած բաց նամակի ամբողջական տեքստի հայերէն թարգմանութիւնը, որի հեղինակը «Ալեմդար»ի տնօրէն Ահմեդ (Փեհլիւան) Քադրին էր: Բաց նամակն ուղղուած էր տուեալ ժամանակաշրջանում այդ դատաքննութիւնն իրականացնող Ռազմական արտակարգ ատեանի նախագահին՝ գեներալ-լէյտենանտ Մուստաֆա Նազըմ փաշային: Նամակը տպագրուել է «Ալեմդար»ի 1919թ. Ապրիլի 25ի համարում, օսմաներէնով: Այն թարգմանուել է մեր կողմից, արաբատառ օսմաներէն բնագրից: «Ալեմդար»ի տնօրէնը բաց նամակում պատմում էր հայերի կոտորածների վայրագութեան մասին, նշում մի քանի պաշտօնեաների անուններ, ովքեր պաշտօնազրկուել էին կառավարութեան կողմից՝ կատարուած չարագործութիւնների վերաբերեալ համապատասխան մարմիններին տեղեկացնելու պատճառով, Ռազմական ատեանի նախագահին խնդրում աւելի լուրջ վերաբերուել ականատեսների վկայութիւններին եւ պատժել բոլոր յանցագործներին.
«Յարգելի՛ նախագահ,
Միաձայն կերպով կարող ենք հաստատել, որ դուք հանդիսանում էք արդար եւ անաչառ անձնաւորութիւն, յատկանիշներ, որ ժառանգել էք մեր ժողովրդից:
Այդ պատճառով կը ցանկանայի կարճ եւ անկեղծ մի խօսակցութիւն ունենալ ձերդ գերազանցութեան հետ: Ես, աքսորուած լինելու պատճառով, ականատես եմ եղել Անատոլիայի բազմաթիւ շրջաններում իրականացուած տեղահանութեանն ու կոտորածներին:
Տեղահանութեանն ու կոտորածներին առաւել ենթարկուած շրջաններն են հանդիսանում Մուշը եւ Անկարան: Մի շրջան[1] գոյութիւն ունի, որից տարագրուած հայերի թուաքանակը հազարների է հասնում. միթէ՞ այդ շրջանում տեղահանութիւնն ու կոտորածները կազմակերպած եւ իրականացրած անձանց քանակը սահմանափակւում է մահապատժի ենթարկուած Քեմալ եւ 15 տարուայ բանտարկութեան դատապարտուած Թիւֆիկ բէյերով: Անձամբ միայն ինձ յայտնի է այդ խնդրին առնչուած համարեա 20 հոգու անուն:
Իսկ ո՞րն է դրա անհրաժեշտութիւնը:
Երբ Քեմալի դատավարութեան ընթացքում մի շարք անուններ բացայայտուեցին, անհրաժեշտ էր, որ դրանք պատշաճ ուշադրութեան արժանացուէին, ձեզ նման արդարադատ անձնաւորութիւնը նրանց անմիջապէս ծանուցագիր ուղարկէր, անհրաժեշտութեան դէպքում մի քանիսին ձերբակալեր եւ արագ կերպով իրականացնէր նրանց դատաքննութիւնը: Արդեօք ի՞նչ պատճառներից ելնելով է, որ կարեւորութիւն չի տրւում այդ խնդրին:
Այդ ինչպէ՞ս է, որ մենք այն տարածքներում, ուր աքսորուել էինք՝ Մուշում եւ Սինոպում եղած ժամանակ, պաշտօնական անձ չհանդիսանալով հանդերձ, տեղեակ ենք, թէ ի~նչ սահմռկեցուցիչ կերպով են կատարուել Տրապիզոնի տեղահանութիւնն ու կոտորածները, որոնց դատաքննութիւնը ներկայում դեռ շարունակւում է, իսկ ձեր նման հնարաւորութիւնների տէր յարգարժան դատարանը չի կարողանում խորանալ մանրամասների մէջ:
Սինոպում մենք հանդիպեցինք առաւօտները Տրապիզոնից դէպի Ստամբուլ մաքսանենգ կերպով իրեր եւ սննդամթերք տեղափոխող լազ նաւաստիների եւ կարողացանք մանրամասներ իմանալ այն մասին, թէ ինչպէս են մեր խեղճ հայ հայրենակիցները ոչնչացուել եւ բնաջնջուել նահանգապետ Ջեմալ Ազմիի եւ իթթիհադական հրոսակախմբին պատկանող իր չարագործ գործակիցների կողմից: Պարզւում է, որ այս խեղճերին՝ կանանց եւ երբեմն նոյնիսկ երեխաներին էլ ներառեալ, Ռումինիա ուղարկելու պատրուակով լցրել են առագաստանաւերն ու մակոյկները եւ շրջահայեցօրէն ափից մէկ ժամ հեռացնելուց յետոյ անմիջապէս ծովը նետել, իսկ երբ ծովում խեղդուողները փորձել են կառչել առագաստանաւերի եզրերից, կացնով կտրել են նրանց մատները:
Անձամբ ականատես չենք եղել այդ արիւնալի եւ ցաւալի տեսարաններին, սակայն մի քանի ընկերներով ուշադրութեամբ լսել ենք այդ ամէնը սեփական աչքով տեսած 40-50 նաւաստիների պատմածը: Բայց միթէ՞ այդ պահին Տրապիզոնում գտնուած պատուաւոր եւ անկողմնակալ անձանց՝ այդ կապակցութեամբ ունեցած տեղեկութիւնները ստանալով՝ կարողացանք բացայայտել ողջ ողբերգութիւնը:
Այն ժամանակ Տրապիզոնի մաքսային գլխաւոր վարչութեան ծառայող, ներկայում մաքսային տեսուչ Բեսիմ բէյին ճանաչում եմ որպէս շատ ողջախոհ մի անձնաւորութեան: Այս մարդը պաշտօնից հեռացուել է Ջեմալ Ազմիի դաժանութեան մասին անհրաժեշտ մարմիններին տեղեկացնելու պատճառով:
Իսկ երկրորդին՝ Քէնան[2] անունը կրող երիտասարդին, հանդիպել եմ Չորումում՝ Ռեֆիկ Հալիդ բէյի տանը: Քէնան բէյին ազատել էին Տրապիզոնի դատական քննչի պաշտօնից, որից յետոյ նա վերադարձել էր Ստամբուլ: Այս հերոսական անձնաւորութիւնը յետ էր կանչուել այն ժամանակուայ արդարադատութեան նախարար Հալիլ բէյի կողմից՝ հայերի հետ կապուած ողբերգական դէպքերի կապակցութեամբ անմիջապէս հետաքննութիւն կատարելու պահանջով հանդէս գալու պատճառով: Քէնան բէյը չէր բաւարարուել միայն իր պաշտօնական պարտականութիւնների իրականացմամբ. անձամբ լուսանկարել էր այդ ողբերգական տեսարանները, որոնց ականատեսն էր դարձել: Այդ ազնիւ անձնաւորութիւնը ինձ պատմել է Ամասիայում անձամբ[3] հայեր սպաննած եւ սրտխառնոց առաջացնող մուհաջիրներից Մեհմեդ Քաբաշ անունը կրող մի արնախում մարդու մասին, որի անունը, սակայն, չենք հանդիպում դատական արձանագրութիւններում:
Աղերսում ենք, որ թէ՛ լուրջ վերաբերուէք ականատեսների վկայութիւններին եւ թէ այսուհետ տեղի ունենալիք դատավարութիւնների ընթացքում առաւել աչալրջութեամբ ծանուցագիր ուղարկէք իւրաքանչիւր վկայակոչուած անձնաւորութեան:
Յուսով ենք, որ տրուելիք բացատրութիւնների միջոցով կը հաստատուի, որ մեր անմեղ ազգը ոչ մի կապ չի ունեցել աւազակախմբերի կողմից կատարուած յանցագործութիւնների հետ, իսկ յանցաւորները հաստատապէս կը պատժուեն:
Արտասահմանցիները մեզ մեղադրում են վերոյիշեալ յանցագործներին թաքցնելու մէջ, մինչդեռ ժողովրդի մտքով երբեք չի անցել նրանց թաքցնել, որովհետեւ կատարուած յանցագործութիւնների պատասխանատուն է ոչ թէ ժողովուրդը, այլ իթթիհադական աւազակախումբը: Ժողովուրդն անմեղ է: Իսկ ճշմարտութեան լրիւ բացայայտումը իրականանալի է բոլոր յանցաւորների դատապարտմամբ միայն:
Առիթից օգտուելով՝ արտայայտում եմ խորին յարգանքներիս հաւաստիքը:
Ահմեդ Քադրի։
25ը Ապրիլի, 1919, «Ալեմդար»»։
«ԱԿՈՒՆՔ»
[1] Խօսքը Եօզղատի մասին է:
[2] Դատական քննիչ Քէնանը Տրապիզոնի դատաքննութեան 1919թ. Մայիսի 10ի նիստում որպէս վկայ ցուցմունքներ էր տուել դատարանին:
[3] Յօդուածի այս հատուածի տպագրումն արգելուել է գրաքննութեան կողմից:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ՝ թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու
Akunq.net
—————–
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
In Memory of
Dr. Jacob
Orphali
Verona, Jaina,
Raffi and Cindy
Orphali
————————————————
Armenian
Evangelical Union of
North America
—————————-
Mr. & Mrs.
Vahe
& Aida
Yeghiazarian