ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանի ելոյթը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախաձեռնած հանրահաւաքի ժամանակ:
Ելոյթը ներկայացնում ենք ստորեւ` ամբողջութեամբ
Հանրահաւաքն ունի շատ յստակ առաքելութիւն:
Նախ՝ ահազանգ հնչեցնել իշխանութիւններին, որ այսպէս շարունակել չի կարելի: Մենք ընդհուպ մօտեցել ենք անշրջելիութեան կէտին, այն կէտին, որից յետոյ կորուստներն անդառնալի են լինում:
Իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը ոչ միայն համահունչ չէ երկրի դիմագրաւած մարտահրաւէրներին եւ ժողովրդի սպասումներին, այլեւ գնալով առաջացնում է նոր վտանգներ, կուտակում նոր խնդիրներ: Սա մի սպառնալիք է, որն այս ինքնագոհ եւ ինքնահաւան իշխանութիւնը չի զգում ու չի էլ պատրաստւում դրա դէմն առնել: Դրա համար եկել ենք ասելու՝ լրջացէ՛ք, դուրս եկէք ձեր այս ինքնասիրահարուած ու էյֆորիկ վիճակից:
Որ սթափուելու պահն է, ցոյց են տալիս այս վարչախմբի իշխանավարման մէկամեայ հետեւանքները: Այլեւս ակնյայտ է, որ համաժողովրդական շարժումը, որի կողքին կանգնել ենք նաեւ մենք, վաղուց արդէն չունի իր սկզբնական թափն ու ընդգրկումը: Ինչպէս եւ յաճախ է պատահել մարդկութեան պատմութեան ընթացքում, դա տեղի է ունենում այն պատճառով, որ շարժման առաջնորդը ժամանակի ընթացքում շարժումը սկսում է փոխարինել իրենով եւ հետզհետէ ձեռք է բերում ժողովրդի անունից խօսելու բացառիկ իրաւունք: Արդիւնքում, առաջ-առաջ գոռալով, յետ-յետ ենք գնում, քանզի կրկին վերադառնում ենք միահեծան ու միանձնեայ կառավարմանը, բայց այս անգամ իբրեւ թէ ժողովրդի կամքով ու պահանջով: Արդէն ժողովրդի անունով պարբերաբար կարելի է տապալել սահմանադրական կարգը, շրջանցել օրէնքներն ու կասեցնել ցանկացած պետական մարմնի լիազօրութիւն: Սա մի ընթացք է, որը գուժում է, ոչ աւելի, ոչ պակաս սահմանադրական պետութեան վերջի մասին: Հէնց այս դէպքերի համար է ժողովրդական խօսքն ասում. «Մրից ելանք, մրջուրն ընկանք»:
Էլ չեմ ասում, որ ամէն առիթով սէր ու համերաշխութիւն գոռալիս միայն ատելութիւնն ու թշնամանքն է աւելացել:
Այս իշխանութիւնները չեն էլ նկատում, որ, անընդհատ նախկինների հետ համեմատուելով, կամաց-կամաց սկսում են նախկիններին նմանուել: Հասկացէ՛ք, որ, ցեխաջրով լուացուելով, չեն մաքրւում, ցեխոտւում են:
Հասկացէ՛ք նաեւ, որ այո՛, բացառուած է, չի կարող լինել վերադարձ անցեալին, բայց սա էլ ճիշտ չի մեկնաբանւում: Չվերադառնալ անցեալին՝ նշանակում է չվերադառնալ անցեալի յոռի բարքերին ու արատներին, այլ ոչ թէ ջնջել այն ամէնը, ինչ եղել է անցեալում: Անցեալում շատ դրական բաներ էլ են եղել: Անցեալում յաղթանակներ ու մեծագոյն ձեռքբերումներ են եղել: Պատմութիւնը ձեզնից չի սկսուելու, ուշքի եկէք: Ձեռքբերուածի արժէքը չգիտակցելով՝ եղածն էլ կը կորցնենք:
Եթէ չի գիտակցւում, որ մէր հաւաքական ուժի միակ յուսալի աղբիւրը մեր ունեցած աւելի քան տասը միլիոն հայութիւնն ու 42 հազար քառ.կմ դարձած Հայաստանն ու Արցախն են, ուրեմն կորուստներն անխուսափելի են լինելու, իսկ մեր ապագան՝ վտանգուած: Եթէ Ազատամարտի յաղթական այս ձեռքբերումը մեզնից անգամ մէկի մտքով անցնում է ստորադասել որեւէ այլ՝ թէկուզեւ կարեւոր բանից, ուրեմն մեր սերունդն ազգովի սթափուելու խնդիր ունի:
Աւելին՝ եթէ դաւադիր պատերազմի մասին յայտարարութիւնը սոսկ վարկած կամ թէկուզ հիմնաւոր կասկած է, այլ ոչ թէ կոնկրետ բացայայտում, ապա դա ոչ միայն վտանգաւոր է, այլեւ մեծագոյն նուէր Ադրբեջանին: Յիշէ՛ք, որ Ադրբեջանը հէնց այդ տրամաբանութեամբ էլ արդարացնում էր 2016 թուականի՝ իր ապրիլեան ագրեսիան:
Այո՛, այսպէս շարունակել չի կարելի, հէնց ա՛յս ահազանգն է հնչեցնում մեր հանրահաւաքը:
Սակայն չկայ երաշխիք, որ իշխանութիւններն անհրաժեշտ լրջութիւն կդրսեւօրէն եւ չեն շարունակի այս գահավիժող ընթացքը: Որովհետեւ ձեւաւորւում է մի կայուն տպաւորութիւն, որ ոմանք ստացել են իշխանութիւն ու չգիտեն, թէ դրա հետ ինչ անեն, ու անում են խելքներին ինչ փչի:
Անհրաժեշտ երաշխիքը կարող տալ դարձեալ նոյն ինքը՝ հայ մարդը, Հայաստանի քաղաքացին, բայց ոչ թէ որեւէ մէկին կուռք դարձրած՝ կուրօրէն հետեւողը, այլ ինքնուրոյն, ազատ մտածող ու գործող հայ մարդը: Հետեւաբար, այս հանրահաւաքով, պէտք է մեկնարկի երկրի համընդհանուր զարգացումը բնականոն հուն տեղափոխելու համար իշխանութիւններին հակակշռելու եւ զսպելու քաղաքական եւ քաղաքացիական հետեւողական մի գործընթաց: Սա նշանակում է ոչ միայն սկսել դեղին քարտերի մի շարժում եւ իշխանութեան ամէն սխալ, վնասակար ու վտանգաւոր քայլի համար իշխանութեանը դեղին քարտ ցոյց տալ, այլեւ ցոյց տալ, թէ որն է Հայաստանի, հայութեան համար երկրի զարգացման բնականոն հունը: Իսկ սա արդէն այն հարցն է, որի առջեւ կանգնում է ու պէտք է կանգնի Հայաստանի որեւէ իշխանութիւն:
Եւ սա բխում է այն պարզ իրողութիւնից, որի մէջ գտնւում են Հայաստանն ու Արցախը: Փաստն այն է, որ մենք պատերազմի եւ շրջափակման մէջ ենք: Նաեւ նոյնքան ակնյայտ է, որ մենք պարտաւոր ենք զարգանալ պատերազմական, շրջափակման եւ դէպի ծով ելք չունենալու պայմաններում՝ առանց զիջելու մեր համազգային շահերն ու ձեռքբերումները: Այս նպատակին հասնելու համար յիրաւի մեզ պէտք են խորքային ու բազմակողմանի փոփոխութիւններ: Այսպիսի նպատակային եւ յստակ ծրագրուած փոփոխութիւններին իսկապէս այլընտրանք չկայ:
«Զարգանալ՝ չզիջելով» գաղափարն իր բոլոր՝ ազգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեւոր-մշակութային եւ այլ բաղադրիչներով կեանքի կոչելու համար բոլոր շահագրգիռ ուժերին եւ անձանց համախմբելու եւ գործի մղելու մեկնարկն է, որ ազդարարւում է այս հանրահաւաքով:
Այո՛, մենք կարող ենք եւ պէտք է զարգացնենք մեր երկիրը՝ առանց թշնամուն զիջելու:
Լրջացէ՛ք եւ ստանձնէ՛ք ազգային իշխանութիւններին վայել՝ ձեզ բաժին հասած յանձնառութիւնը, ապա թէ՝ ոչ, այս դեղին քարտերը մի օր կարմիր կը դառնան: