Յունիսի 7-11ը Նախիջեւանում անցկացուեց «Անդրդուելի եղբայրութիւն–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնը: «Ռազմինֆօ»ն հետեւել է այդ զօրավարժութեան ընթացքին. կը փորձենք ամփոփ ներկայացնել մեր դիտարկումները:
Ի՞ՆՉ ՍՑԵՆԱՐՆԵՐ ԷԻՆ ԽԱՂԱՐԿՒՈՒՄ
Ըստ մեր դիտարկումների եւ վերլուծութեան՝ այս զօրավարժութիւնն ընթանում էր պաշտպանական, հակայարձակողական սցենարով, որտեղ հայկական ուժերը ճեղքել էին Նախիջեւանի հիւսիս եւ հիւսիսարեւելեան հատուածի առաջնագիծը ու բնագծերը եւ խորացել մօտ 10-15 կմ:
Այդ հատուածում տեղակայուած Նախիջեւանի առանձին համազօրային բանակի մոտոհրաձգային բրիգադն էլ կենտրոնական ենթակայութեան այլ զօրամասերի (հրթիռահրետանային, աւիացիոն, ինժիներասակրաւորային, յատուկ ջոկատային) եւ Թուրքիայի զինուած ուժերի ստորաբաժանման աջակցութեամբ պէտք է հակագրոհով դուրս մղէր, որոշ տեղերում էլ շրջապատէր հայկական ուժերը եւ կազմակերպէր լեռնանցքների պաշտպանութիւնը:
Ինչ վերաբերում է պաշտպանողական եւ հակայարձակողական սցենարին, ապա մեր դիտարկմամբ Նախիջեւանում անցկացուած նախորդ զօրավարժութիւնները նոյնպէս այս մարտավարութեամբ էին:
Ադրբեջանում, օգտագործելով Նախիջեւանի դիրքը՝ հիմնականում դժուարանցանելի լեռնային պայմանները, շարժւում են Նախիջեւանում ամրանալու, պաշտպանուելու, իսկ Արցախի հատուածում գրոհելու տրամաբանութեամբ, թերեւս հէնց այս հանգամանքով էլ բացատրւում է Արցախի հատուածում յարձակողական, իսկ Նախիջեւանի հատուածում հակահաձակողական սցենարներով զօրավարժութիւնների կազմակերպումը: Սա, իհարկէ, չի նշանակում, որ անհրաժեշտութեան դէպքում Նախիջեւանից ՀՀ զինուած ուժերի ենթակառուցուածքներին եւ կոմունիկացիաներին (հաղորդակցական միջոցներուն-Խմբ.) հարուածելու ծրագրեր չկան, կամ ադրբեջանական կողմը կէտային սադրանքների չի դիմի:
ՈՎՔԵ՞Ր ԵՒ Ի՞ՆՉ ՄԻՋՈՑՆԵՐ ԷԻՆ ՆԵՐԳՐԱՒՈՒԱԾ
Տեխնիկայի քանակի առումով, ըստ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան պաշտօնական հաղորդագրութեան, վարժանքներին ներգրաւուել էր ընդհանուր 5000ի չափ անձնակազմ, շուրջ 200 միաւոր տանկ եւ զրահատեխնիկա, 180 հրթիռահրետանային միջոց, 21 միաւոր ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Բացի այս, թուրքական կողմը իր հետ Նախիջեւան էր բերել առնուազն 6 միաւոր ACV-15 ՀՄՄ:
Հրթիռահրետանային միջոցներից մշտական տեղակայման վայրերից դուրս բերուել եւ օպերատիւ շրջաններ էին տարուել նաեւ «Սմերչ» եւ T-300 «Քասրղա» ՀԿՌՀ-ները: Ի թիւս այլ միջոցների՝ զօրավարժութիւնից առաջ սրանք եւս ցուցադրուել են հետեւելու համար Նախիջեւան եկած Թուրքիայի պաշտպանութեան նախարարին:
Աւիացիոն միջոցներից, ի թիւս Մի-35 եւ Մի–17 ուղղաթիռների, ցամաքում զօրքերին աջակցում էին Սու-25 գրոհիչները, որոնք Նախիջեւանում մշտական տեղակայման էին բերուել 2017ի Օգոստոսին, իսկ մինչ այդ մարտական ինքնաթիռների թռիչքներ Նախիջեւանում չեն արձանագրուել:
Ինչ վերաբերում է ներգրաւուած ստորաբաժանումներին, ապա, մեր կարծիքով, ներգրաւուել էր Նախիջեւանի Քիւրագ քաղաքում տեղակայուած մոտոհրաձգային բրիգադը, որի, այսպէս ասած, պահպանութեան-պաշտպանութեան տիրոյթում էլ անցումն էր վարժանքների կրակային փուլը:
Հէնց Քիւրագի բրիգադին է վերապահուած Նախիջեւանի հիւսիսային եւ հիւսիսարեւելեան սահմանների պաշտպանութիւնը: Այս բրիգադին աջակցում էին կենտրոնական ենթակայութեան թիկունքային ստորաբաժանումներ՝ ի դէմս յատուկջոկատայինների, ինժիներասակրաւորային, հրթիռահրետանային, զրահատանկային, ՀՕՊ (հակաօդային պաշտպանութեան-Խմբ.) եւ աւիացիոն ստորաբաժանումների:
Ենթադրում ենք, որ թուրքական կողմից, ամենայն հաւանականութեամբ, ներգրաւուել էր Նախիջեւանին մօտ տեղակայուած Թուրքիայի Զու 1ին մեխանիզացուած բրիգադի ստորաբաժանումներից մէկը: Այս բրիգադի մասին գրել էինք «Նախիջեւանին մօտ թուրքական զօրամասերը եւ հնարաւոր ռիսկերը» յօդուածում:
Հարկ է նշել, որ Նախիջեւանի առանձին համազօրային բանակից բացի, այս վարժանքներին ներգրգրաւուել էին նաեւ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայութեան, Ներքին զօրքերի եւ Արտակարգ իրավիճակների նախարարութեան ստորաբաժանումներ, որոնք պատերազմի ժամանակ ունեն իրենց յատուկ խնդիրները: Օրինակ՝ նախորդ տարի անցկացուած զօրավարժութեանը Ներքին զօրքերի յատուկջոկատայինները պէտք է դեսանտից պաշտպանէին սեփական ՀՕՊ միջոցները:
ԱՐԴԵՕ՞Ք ՍԱ «ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՕՐԱՎԱՐԺՈՒԹԻՒՆ» ԷՐ – ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ՝ ՈՉ
Ադրբեջանի ՊՆն զօրավարժութեան մասին յայտարարութեան տեքստում նշել էր, որ այն մարտավարական է: Սակայն, օգտագործուած եզրը եւ յայտարարուած թուերը իրար հակասում են, քանի որ մարտավարականը ենթադրում է շատ աւելի քիչ ուժերի ներգրաւուածութիւն եւ աւելի փոքր խնդիրների կատարում:
Ենթադրենք՝ ադրբեջանական կողմը յայտարարուած թուերը ուռճացրել է, եւ իրականում յայտարարուածից աւելի քիչ թուով անձնակազմ է ներգրաւուել, ինչը, ի դէպ, համարում ենք իրատեսական, աւելին՝ Ադրբեջանում այդ պրակտիկան կայ: Այնուամենայնիւ, նոյնիսկ այս պարագայում դա եւս մարտավարական չէր լինի, քանի որ խաղարկւում էր Նախիջեւանի հիւսիս եւ հիւսիսարեւելեան հատուածից հակառակորդի դուրսմղման գործողութիւններ, ինչը Նախիջեւանի պարագայում ռազմավարական նշանակութեան խնդիր է, իսկ ամբողջ Ադրբեջանի ծաւալներով՝ օպերատիւ մակարդակի: