ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Վարչապետ Նիկոլ Փաշինեան Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի անդամներուն կոչ ուղղեց քննարկել համահայկական պիւտճէ ստեղծելու գաղափարը:
Յունիս 18ին տեղի ունեցած Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի տարեկան ժողովի ընթացքին Փաշինեանը նշեց, որ համահայկական պիւտճէ ստեղծելով հնարաւոր կը դառնայ այս գործընթացին ապահովել աշխարհի իւրաքանչիւր հայու ներգրաւուածութիւնը, ինչ որ հայապահպանման խթան կը հանդիսանայ:
«Արդեօք Հայաստան համահայկական հիմնադրամը պէ՞տք է ծրագրեր իրականացնի Սփիւռքում: Այս հարցի շուրջ բանավէճը, կարծում եմ, կապուած է ընկալումների հետ, որ հիմնադրամը հիմնականում ֆիզիկական ինչ-որ կառոյցներ ստեղծող մարմին է, եւ այստեղից է հարց ծագում՝ եթէ հիմնադրամն, օրինակ, ճանապարհ կամ շէնք կառուցող մարմին է, ինչու պէտք է սփիւռքում շէնք կամ ճանապարհ կառուցի: Այսպիսով, անտրամաբանական է, բայց կայ նաեւ ուրիշ խնդիր, որը կապուած է հայկական ամբողջականութեան եւ ինքնութեան հետ: Մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամէն տարի բազմաթիւ հայ երիտասարդներ կտրւում են հայկական ինքնութիւնից, եւ սա շատ լուրջ խնդիր է, որի հետ մենք այսօր առերեսւում ենք: Արդեօք սա մի թեմա չէ, որով մենք պէտք է զբաղուենք: Այսինքն՝ հայկական ինքնութիւնն առաւել գրաւիչ դարձնելու համար սփիւռքի մեր երիտասարդութեան համար: Նոր ժամանակներում, ցաւօք, օբյեկտիւ եւ սուբյեկտիւ հանգամանքների բերումով շատ մարդիկ կտրւում են հայկական օրակարգից, եւ այդպիսով կտր-ւում են հայկական ինքնութիւնից, եւ երիտասարդութեանը վերադարձնելը կ՛ամ պահելը հայկական ինքնութեան եւ օրակարգի շրջանակում, մի խնդիր է, որով կարծում եմ, որ պէտք է զբաղուի նաեւ հիմնադրամը: Դա կարող է լինել Հայաստանը, հայկական օրակարգը, ծրագրերն աւելի գրաւիչ դարձնելու համար, որպէսզի մարդիկ իմանան, թէ իրենք ինչպէս կարող են ներգրաւուած լինել: Ի վերջոյ, փիլիսոփայութիւնը Հայաստան հիմնադրամի նոր ժամանակներում պէտք է ոչ թէ գումարը, այլ ներգրաւուածութիւնը լինի: Հայաստան համահայկական հիմնադրամը պէտք է ոչ թէ փող տալու եւ փող ծախսելու տեղ լինի, այլ ներգրաւուած լինելու միջոց լինի, ամբողջի մաս կազմելու զգացողութեամբ օժտի իւրաքանչիւր մարդու:
Այս առումով, կարծում եմ, շատ գրաւիչ է համահայկական բիւջէի գաղափարը, եւ մենք պէտք է շատ աւելի մեծ խնդիրներ դնենք մեր առաջ: Օրինակ՝ Հայաստան համահայկական հիմնադրամի բիւջէն պէտք է երկարաժամկէտ կտրուածքով համեմատելի դառնայ Հայաստանի պետական բիւջէի հետ, որպէսզի մեր ազգային եւ պետական ամբիցիաները (փառասիրութիւնները-Խմբ.) մենք կարողանանք սպասարկել կոնկրետ: Մենք ունենք ներուժ, երազանքներ, ցանկութիւններ, բայց չունենք դրանք կեանքի կոչելու գործիք, եւ հետեւաբար համահայկական բիւջէի տրամաբանութիւնը ես կ՛առաջարկէի, որ որեւէ ձեւով քննարկուէր», ըսաւ Փաշինեան: