«Քաղաքական Իշխանութիւնն Ուզում Է Ձեւաւորել Սեփական Քիմքին Համապատասխան Դատական Իշխանութիւն»
Վարեց՝ ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Վենետիկի յանձնաժողովը, որը մասնագիտացուած խորհրդատուական մարմին է եւ, ըստ էութեան, Եւրոպայի խորհրդի պաշտօնական տեսակէտն արտայայտողը, հաստատեց այն պնդումները, որ ե՛ւ ՀՅԴն ե՛ւ շատ այլ անձինք արել էին: Խօսքը դատարանների նկատմամբ ապօրինի գործողութիւնները, մասնաւորապէս՝ դատարանների շրջափակումը, քաղաքական իշխանութեան կողմից դատաւորների նկատմամբ ճնշումներն անթոյլատրելի համարելու մասին է: Այս մասին yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՅԴ մասնագիտական յանձնախմբերի համակարգող Արծուիկ Մինասեանը:
Յիշեցնենք, որ Վենետիկի յանձնաժողովի 119րդ նստաշրջանում արձանագրութիւն է ընդունուել (Յունիսի 21-22), որը յոյժ կարեւոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերեալ:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Երկրորդ պնդումն է, որ սահմանադրական արդարադատութեան մարմինը՝ Սահմանադրական դատարանը, չի կարող որեւէ ձեւով այս կամ այն մանիպուլեատիւ յայտարարութիւնների զոհը դառնալ: Մասնաւորապէս՝ խօսքը վերաբերում է ՍԴ դատաւորի եւ, ըստ էութեան, իշխանութեան վարքագիծը որդեգրած անձի յայտարարութեանն առ այն, որ ՍԴն չունի իրաւազօր կազմ, եւ ինքը դատարանի նախագահն է: Վենետիկի յանձնաժողովը փաստեց, որ նման յայտարարութիւնները ոչ միայն չեն համապատասխանում իրաւունքի միջազգային սկզբունքներին, այլ նաեւ ՀՀ Սահմանադրութեանը: Յանձնաժողովն անթոյլատրելի համարեց նման վարքագիծը՝ աւելի շատ կենտրոնանալով այն հարցի վրայ, որ դատական համակարգը իսկապէս ենթակայ է բարեփոխումների՝ որպէս երրորդ կարեւոր ճիւղ, ուղղութիւն՝ պետութեան հաւասարակշիռ ընթացքն ապահովելու տեսակէտից, այն է՝ լրացնել եւ հակակշռել օրէնսդիր ու գործադիր իշխանութիւններին: Ակնկալւում է նաեւ, որ Վենետիկի յանձնաժողովը, իր այս գնահատականին զուգահեռ, պէտք է աշխատի նաեւ բարեփոխումների օրակարգի ուղղութեամբ: Ակնյայտ է, որ յանձնաժողովը չի ընդունել այն պնդումներն ու փաստարկները, որոնք իշխանութիւնները ներկայացրել են թէ՛ անցումային արդարադատութեան եւ թէ դրա առանձին գործիքների կիրառման հարցում:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Անցումային արդարադատութեան իրականացման՝ իշխանութիւնների փորձերի մասին խօսելիս ՀՅԴն ասում է՝ քաղաքական օրակարգ է բերուել մի գաղափար, որը չունի պատշաճ փաստաթղթաւորուած հայեցակարգ, մինչդեռ դրա բացակայութիւնը լի է անորոշութիւններով ու բարձր ռիսկերով: Արդարադատութեան համակարգի բարեփոխումների հետ կապուած հայեցակարգային ի՞նչ թէզեր էք դուք առաջարկում:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- ՀՅԴ ԳՄն ստեղծել է ոլորտային, մասնագիտական յանձնախմբեր, եւ յանձնախմբերի գրասենեակը հրապարակեց դատարանների շուրջ ու անցումային արդարադատութեան վերաբերեալ իրաւական-քաղաքական վերլուծութիւն, որում նախ փաստեցինք, որ, այո, օրակարգ բերուած հասկացութիւնները, ինչպիսիք են՝ անցումային արդարադատութիւնը, վեթինգը (ստուգում-Խմբ.), լիւստրացիան կամ գաղտնազերծումը, ճիշդ է, միջազգային փորձում կիրառուել են, բայց, ցաւօք, իշխանութիւնն այս հասկացութիւնները հրապարակ նետեց առանց որեւէ յստակ հայեցակարգային մօտեցումների ու պատշաճ վերլուծութիւնների: Մենք այս փաստաթղթի առաջին մասում վկայակոչել ենք այս բացը եւ անդրադարձել, թէ, ի վերջոյ, ՀՀում ինչպիսի մօտեցումներ կան՝ առնուազն փաստաթղթաւորուած տեսքով: Բացառութեամբ մէկ-երկու դէպքի, չկայ խորքային վերլուծութիւն: Ստացւում է, որ օրակարգ են նետուել հարցեր, գաղափարներ՝ առանց հաշիւ տալու, թէ դրանք ինչ ակունքներ պէտք է ունեցած լինեն եւ ինչ հետեւանքների կարող են յանգեցնել, եթէ չկշռադատուած գործողութեան գնան: Անցումային արդարադատութիւնը, ինչպէս նաեւ վեթինգը, մնացեալ գործիքները, որպէս կանոն, կիրառւում են այն երկրներում, որտեղ հասարակութիւնը բախուել է կա՛մ պատերազմների, կա՛մ այնպիսի էթնիկ զտումների, որոնք մարդու իրաւունքների զանգուածային խախտումներն անչափելի մեծ են դարձրել, ուստի անհրաժեշտ է, որ այդ հասարակութիւններում վերահաստատուի սերունդների միջեւ համերաշխութիւն, եւ ներսերնդային թշնամանքը վերանայ: Բնականաբար, անցումային արդարադատութիւնն ունի որոշակի ժամկէտ եւ յստակ թիրախներ: Միջազգային փորձը վկայում է, որ այդ թիրախներն ու ժամկէտները որոշելիս չափազանց կարեւոր է, թէ հասարակութիւնը զարգացման ի՞նչ փուլում է գտնւում, որո՞նք են այդ հասարակութեան մարտահրաւէրները, արդեօ՞ք արդարադատութեան նկատմամբ ընկալումը համարժէք է այն գործիքներին, որոնք ներկայացւում են: Միջազգային փորձը հաստատում է, որ չկայ որեւէ երկիր, որտեղ անցումային արդարադատութիւնը եւ բոլոր գործիքակազմերը, որոնք կիրառուել են, ճշգրտօրէն արտայայտել են այն նպատակները, որոնց համար նախապէս մշակուել են: Անգամ եւրոպական երկրներում շեղումներն այն ծաւալների են եղել, որ ստիպուած են եղել առանձին դէպքերում նոյնիսկ դադարեցնել այդպիսի գործընթացները: Հիմա միջազգային՝ այսպիսի ոչ դրական փորձի պայմաններում ՀՀում փորձ է արւում դրանք կիրառել: Մենք այս փաստաթղթի միւս բաժնում փորձել ենք ՀՀում այս գաղափարն օրակարգ բերած անձանց մոտիվացիան հասկանալ: Նախորդ տարուայ ժողովրդային շարժման արդիւնքում գալով իշխանութեան՝ ներկայիս ղեկավարները յայտարարում էին, որ ժողովրդից թալանուածը պէտք է հետ բերուի, մարդկանց նկատմամբ անարդար վերաբերմունքը, խախտուած ընտրութիւնների բացասական հետեւանքները պէտք է վերանան եւ այլն, եւ այլն: Բայց իրականում այս յայտարարութիւնները, երբ նայում ենք օրակարգ նետուած գաղափարները, բացարձակապէս կապ չունեն իրար հետ մի քանի պատճառով. առաջին՝ ինչպէս ցոյց տուեց դատարանների նկատմամբ իշխանութեան յարձակումը, ընդամէնը ցանկութիւն կայ ձեւաւորել սեփական իշխանութեան, քաղաքական սեփական շահերը սպասարկող դատական համակարգ, այլ ոչ թէ առհասարակ արդարադատութիւն երաշխաւորող, ուստի ցանկացած նման մեկնաբանութիւն յանգում է մէկ բանի՝ որքանով նախկինում թալանուած գումարները ծառայում են այսօրուայ քաղաքական իշխանութեան նպատակներին, այդքանով դրանք կը համարուեն արդար: Կամ՝ որքանով նախկին դատական համակարգում եղած անձինք պատրաստ են ծառայել այսօրուայ քաղաքական իշխանութեանը, այդքանով այդ դատաւորները կը համարուեն վեթինգի ենթարկուած, եւ այսպէս շարունակ: Այլ կերպ ասած՝ ՀՀում անցումային արդարադատութեան մեխանիզմների կիրառման քաղաքական ենթատեքստն ակնյայտօրէն ապացուցում է մէկ բան՝ քաղաքական իշխանութիւնը պարզապէս ուզում է ձեւաւորել սեփական քիմքին համապատասխան դատական իշխանութիւն, ինչն անթոյլատրելի է եւ որեւէ ձեւով չի կարող ծառայել ՀՀի՝ աւելի իրաւական, ժողովրդավար եւ սոցիալական պետութիւն դառնալու՝ սահմանադրական ու համաժողովրդական նպատակներին:
Մէկ այլ բաժնում վերլուծել ենք նաեւ, թէ, այնուամենայնիւ, անցումային արդարադատութեան եւ դրա առանձին գործիքակազմերի՝ վեթինգի, լիւստրացիայի ներդրման դէպքում ինչ կարեւոր հարցերի պէտք է պատասխանել: Այստեղ թուարկուած են շուրջ երկու տասնեակից աւելի հարցեր, որոնց պատասխանները չկան, եւ սա՝ ոչ միայն հայեցակարգային կամ սկզբունքների մակարդակով, այլ նաեւ մեր գործող Սահմանադրութեամբ, օրէնսդրութեամբ, հետեւաբար՝ առանց նման հարցերի պատասխանների առնուազն արկածախնդրութիւն է գնալ վիրահատական կամ, ինչպէս իրենք սիրում են օգտագործել, հեքիմական, վիրաբուժական մեթոդների, որի արդիւնքն ակնյայտօրէն չի կարող լաւը լինել, քան այսօր կայ: Իհարկէ, այսօրուանը լաւը չէ, սա բոլորս հասկանում ենք: Այսօրուայ դատական համակարգը կարիք ունի լուրջ բարեփոխումների: Դրա համար մեր փաստաթղթի եզրափակիչ մասում մենք անդրադարձել ենք դատական համակարգի բարեփոխումների իրական օրակարգին՝ սկսած դատարանների անկախութեան երաշխաւորման մեխանիզմներից, աւարտուած դատարանների պատասխանատուութեան ամբողջական համակարգի գործադրմամբ, այդ թւում՝ դատաւորների մասնագիտական ունակութիւնների, գոյքային համարժէքութեան, դատական իշխանութեան ներսում նրանց պատասխանատուութեան ծնուելու եւ իրականացնելու մեխանիզմների առումով եւ այլն: Սա՝ ի տարբերութիւն այն մօտեցումների, որ առաջարկում են քաղաքական իշխանութիւնները, իսկ նրանք առաջարկում են՝ դատաւորը պէտք է պատասխանատուութեան ենթարկուի քաղաքական այս կամ այն ուժի ցանկութեամբ: Այս մօտեցումը մենք մերժում ենք, այն մերժւում է նաեւ միջազգային լաւագոյն փորձում: Դատական համակարգը պէտք է լինի քաղաքական իշխանութիւնից զերծ, ապաքաղաքական, եւ ինքը պէտք է ծնի իր մէջ թէ՛ պատասխանատուութեան, թէ՛ արդարադատութեան մեխանիզմների ինքնազարգացումը: Դրա համար դատական իշխանութիւնը՝ որպէս իշխանութեան երրորդ ճիւղ, ուղղութիւն, մշտապէս միջազգային մի շարք կազմակերպութիւնների կողմից համարւում է ինքնավար մարմինների ամբողջութիւն: Դատարանների անկախութիւնը ներքին եւ արտաքին ուղղուածութեամբ միտուած է կարեւոր ձեռքբերման՝ դատարանները պէտք է անկախութիւն ունենան ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում: Այսինքն՝ չպէտք է կախուածութեան եւ զսպման այնպիսի մեխանիզմ լինի, որ կաշկանդի դատաւորի կողմից արդարադատութեան իրականացումը, նաեւ արտաքին ազդեցութիւնից պէտք է զերծ լինի, որ կարողանայ ինքը՝ որպէս դատական ամբողջական համակարգ, ապահովել ՍԴով իր վրայ դրուած պարտականութիւնների պատշաճ իրականացումը: Այս ամէնը ենթադրում է նաեւ, որ դատարանները պէտք է ունենան սոցիալական պաշտպանութեան լիարժէք եւ ամբողջական համակարգ՝ սկսած վարձատրութիւնից, առողջապահական ծառայութիւնների մատուցումից, նրանց ինքնակրթութեան եւ գիտելիքների ձեռք բերման հնարաւորութիւնից եւ աւարտուած նրանով, որ դատաւորը որեւէ ձեւով եւ որեւէ անգամ չպէտք է պատասխանատուութեան ենթարկուի իր կողմից կայացուած այնպիսի վճռի համար, որի հիմքում թէեւ օրէնքն է, իրաւունքի գերակայութիւնը, բայց, այնուամենայնիւ, իր ներքին համոզումն է եղել, որը ենթակայ չի եղել տարբեր ազդեցութիւնների՝ կաշառք, վարչական ճնշում, փողոցային արդարադատութիւն: Այս հարցերը պահանջում են դատական համակարգի հիմնարար բարեփոխումներ, եւ մենք կողմ ենք այս մօտեցմանը: Առաջարկել ենք եւ հրապարակել միջազգային մի շարք փաստաթղթեր, այդ թւում՝ ՄԱԿի, Եւրոպայի խորհրդի բարձրագոյն դատական կազմաւորումների հրապարակած սկզբունքները, որոնք վերաբերում են դատական համակարգի բարեփոխումներին եւ անկախ դատական իշխանութեան ձեւաւորմանը:
Այստեղ ուզում եմ կարեւորել ՀՀ Սահմանադրութեամբ ամրագրուած եւ միջազգային փորձում տեղ գտած ԲԴԽի դերակատարութիւնը: Ի վերջոյ, բարեփոխումների շարժիչ ուժը եւ գեներացնողը հէնց ԲԴԽն է, ինչպէս շատ երկրներում, մինչդեռ քաղաքական իշխանութիւնը եւ պալատական առանձին մասնագէտներ փորձում են ներկայացնել, թէ իբր քաղաքական իշխանութիւնն է գեներացնողը: Բացարձակ՝ ոչ, քաղաքական իշխանութիւնը կարող է առաջադրել արդարադատութեան իրականացման պահանջներ, բայց ոչ երբեք դառնալ գործադրողը կամ ճնշողը դատական համակարգի, որպէսզի այն լինի աւելի արդարամիտ ու արդարադատութիւն երաշխաւորող, ապահովող: ԲԴԽի դերակատարութիւնը չափազանց կարեւոր է այս հարցում, եւ մեր կողմից ընդունելի չէ, որ քաղաքական իշխանութիւնը փորձ է անում, հէնց ԲԴԽն նուաճելով, անցում կատարել ՍԴի նուաճմանը, այնուհետեւ՝ նաեւ դատարանների սեփական ճաշակին համապատասխան ձեւաւորմանը:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Կարելի՞ է ենթադրել, որ դատականից յետոյ անցում կը կատարուի նաեւ քաղաքական վեթինգին, երբ լիւստրացիայի կ՛ենթարկուեն քաղաքական ուժերը, առանձին գործիչներ:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Պէտք արձանագրել, որ իշխանութեան եկած քաղաքական ուժը անթաքոյց իր մօտեցումները հրապարակում է հասարակական-քաղաքական կեանքի բոլոր ուղղութիւններում, ուստի չի բացառւում, աւելին՝ առանձին դէպքեր նոյնիսկ հաստատում են այդ մտավախութիւնը, որ 4րդ իշխանութեան վրայ է լինելու յարձակում, քաղաքական կուսակցութիւնների, գործիչների, եւ այսպէս շարունակ: Ի վերջոյ, սա աւտորիտար ռեժիմին բնորոշ վարքագիծ է, եւ եթէ ժամանակին չկասեցնենք այս ընթացքը եւ իշխանութեանը չվերադարձնենք իրաւական, ժողովրդավարական պետութեան կայացման հուն, իշխանութիւնը կարող է այլասերման մի այնպիսի աստիճանի հասնել, որ մի օր էլ հռչակի իշխանութեան եւ պետութեան նոյնականացում:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Ին՞չ ձեւով էք պատկերացնում այդ կասեցումը, մասնաւորապէս՝ ձեր ուժի կողմից:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Կասեցման կարեւոր քայլերից մէկը պէտք է լինի յատկապէս հասարակութեան այն հատուածի համախմբումը, որը գիտակցում է ստեղծուած վիճակը եւ, առանց այս կամ այն քաղաքական ուժին համակրելու ու սատարելու, ընդունում է այն գաղափարներն ու մօտեցումները, որոնք հրապարակւում են եւ անհրաժեշտ են մեր պետականութեան ամրացման գործում: Մեր հաւատն այն մարդկանց եւ ուժերի վրայ է, որոնք գիտակցում են ներկայ պայմաններում ձեւաւորուող սպառնալիքները, համարում, որ օր առաջ դրանց դէմը պէտք է առնել:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- ՀՅԴի՝ քաղաքական տարբեր ուժերի հետ պարբերաբար հանդիպումները ենթադրում են, որ համախոհութեան հարթա՞կ կայ:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Այո, կայ այդպիսի հնարաւորութիւն, եւ շատ հնարաւոր է՝ այն քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են մեր գնահատականներն ու մօտեցումները, առնուազն ձեւաւորուի միասնական տեսակէտների բանաձեւում: Սա իրատեսական է, առաջիկայ օրերը ցոյց կը տան: