Թարգմանեց՝ ԶԱՌԱ ՊՕՂՈՍԵԱՆ
Յուլիսի 11ին Լոնդոնում՝ Cha-tham House-ում հիւրընկալուել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը եւ պատասխանել քննարկման մասնակիցների հարցերին: Commonspace.eu կայքը դրուագներ է ներկայացրել քննարկման «օն դը ռեկորդ» մասից:
Հաջիեւը վրդովմունք է յայտնել Հայաստանի իշխանութիւնների վարքագծի շուրջ: Ըստ նրա, Բաքուն յոյս ունէր, որ Փաշինեանի իշխանութեան գալը փոխելու է խաղի կանոնները, սակայն փոխարէնը ականատես է լինում «մէկ քայլ առաջ եւ երկու քայլ յետ» գործընթացի:
Նա պնդել է, որ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ լուրջ խնդիրներ չկան եւ երկու երկրների միջեւ յարաբերութիւնները բնութագրել է «ռոմանտիկ»: Հաջիեւը լաւատես է Ադրբեջանի եւ Եւրամիութեան միջեւ յարաբերութիւնների ներկայիս վիճակի վերաբերեալ: Ըստ նրա՝ նոր համաձայնագրի շուրջ բանակցութիւնները առաջընթաց են գրանցում, եւ երեք գլուխներից երկուսն արդէն համաձայնեցուել են, իսկ երրորդ գլխում ընդամէնը մի քանի հարց է մնացել:
Ադրբեջանի արտաքին քաղաքական հիմնական երեք նպատակներն են՝ ամրապնդել երկրի անկախութիւնը, վերականգնել տարածքային ամբողջականութիւնը եւ իրականացնել տարածաշրջանային համագործակցութիւնը, որոնք այն հետապնդում է, իր բնութագրմամբ, երեք գործիքների միջոցով՝ էներգետիկ դիւանագիտութիւն, տրանսպորտային դիւանագիտութիւն եւ good-offices դիւանագիտութիւն (ԼՂ (Արցախ-Խմբ.) հակամարտութեան կարգաւորմանն ուղղութեամբ երրորդ կողմերին յօգուտ իրենց ներգրաւելու դիւանագիտական գործիքներ):
«ՂԱՐԱԲԱՂԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԸՒՍ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է»
Խօսելով ղարաբաղեան հակամարտութեան մասին՝ Հաջիեւը նշել է, որ Դուշանբէում նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ ոչ պաշտօնական հանդիպումը դրել է հրադադարի ամրապնդման, թէժ գծերի ստեղծման եւ էական ու կառուցողական բանակցութիւնների սկիզբը: Փարիզում արտգործնախարարների հանդիպման ժամանակ պայմանաւորուածութիւն էր ձեռք բերուել «ժողովուրդներին պատրաստել խաղաղութեան»: Այնուամենայնիւ, ըստ նրա, այդ ժամանակից ի վեր «Հայաստանը ոչ կառուցողական մօտեցում է ունեցել, եւ դա շարունակուել է Դաւոսում, Վիեննայում եւ Վաշինգտոնում կայացած այլ հանդիպումների ժամանակ»: Հաջիեւի խօսքով, վերադարձ է նկատւում Սարգսեան/Նալբանդեան բանակցային ոճին:
Ըստ Հաջիեւի, Բաքուն յոյս ունէր, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գալը կը փոխէր խաղի կանոնները: Փոխարէնը, նրանք ականատեսն են «մէկ քայլ առաջ եւ երկու քայլ յետ» գործընթացի: Հայաստանի արտգործնախարարն ու պաշտպանութեան նախարարը խաղում էին «լաւ ոստիկան, վատ ոստիկան» խաղը, մինչդեռ Փաշինեանը, ըստ նրա, մի օր մի բան է ասում, յաջորդ օրը՝ այլ բան:
Chatham House-ի փորձագէտ Լոուրենս Բրոերսի հարցին ի պատասխան, Հաջիեւը նշել է, որ Հայաստանը փորձում է հնարաւորինս ձգձգել բանակցային գործընթացը՝ գեղեցիկ, բայց ոչ բովանդակային խօսքերով՝ միաժամանակ փորձելով շփման գիծը վերածել սահմանի: Ադրբեջանը պնդում էր, որ պէտք է հիմնարար բանակցութիւններ լինեն, որոնք կը ներառեն հայկական զօրքերի դուրսբերման եւ տարածքների վերադարձման մասին քննարկումներ: Ըստ Հաջիեւի՝ դրան զուգահեռ կարող են լուծուել Հայաստանի անվտանգութեան մտահոգութիւնները: Ադրբեջանը պատրաստ է դրան, բայց հայկական կողմը շարունակում է բարձրացնել արհեստական հարցեր՝ խուսափելու հիմնարար հարցերի շուրջ քննարկումներից:
Պատասխանելով ղարաբաղեան հարցի փորձագէտ եւ հեղինակ Թոմ դը Վաալի հարցին, թէ որն էր Լեռնային Ղարաբաղի հարցում հայերին ուղղուած ադրբեջանական առաջարկը, Հաջիեւը նշել է, որ ցանկացած երկրի համար տարածքային ամբողջականութիւնը սրբազան է, եւ Ադրբեջանը չի կարող թոյլ տալ, որ պետութիւն ստեղծուի իր պետութեան մէջ: Սակայն Ադրբեջանը նոյնպէս պատրաստ էր խօսել այն մասին, թէ ինչպէս Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը կը կարողանայ իրականացնել իր ինքնորոշման իրաւունքը՝ ադրբեջանական պետութեան ներսում: Նա ասել է, որ Եւրամիութիւնում մոդելներ կան, որոնք կարող են դիտարկուել, այդ թւում՝ Ալտիդ Ադիջեն/Հարաւային Տիրոլը եւ Ալանդեան կղզիները: Ադրբեջանի սահմանադրութեան շրջանակներում կայ նաեւ Նախիջեւանի մոդելը (նմուշը-Խմբ.): Նա նշել է, որ կարելի էր դիմել այլ երկրների սահմանադրական փորձագէտներին՝ օգնելու ճիշդ մոդել մշակել:
Հաջիեւը նկատել է, որ Հայաստանի արտգործնախարարը վերջերս ղարաբաղեան խնդիրը Հայաստանի համար որակել էր գոյաբանական: Հաջիեւը նշել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի համար եւս գոյաբանական խնդիր է: Ադրբեջանը չի ցանկանում ժխտել Լեռնային Ղարաբաղի հայերի ապահով եւ բարեկեցիկ կեանքի իրաւունքը: «Մենք պատրաստ ենք քննարկել մանրամասները/գործընթացները», ասել է նա:
ԱԴՐԲԵՋԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ «ՌՈՄԱՆՏԻԿ» ԵՆ
Բրիտանական LINKS կազմակերպութիւնից Դենիս Սամմուտը հարց է ուղղել ադրբեջանա-վրացական յարաբերութիւնների մասին, եւ այն մտահոգութիւնների, որ Ադրբեջանը չի կարողացել ճիշդ լուծում տալ սահմանի վրայ Դաւիթ Գարեջի վանքային համալիրի խնդրին: Հաջիեւը նշել է, որ Վրաստան-Ադրբեջան յարաբերութիւնները լաւ են, նոյնիսկ կարելի է դրանք նկարագրել որպէս ռոմանտիկ, եւ իրենք յարգում են միմեանց եւ հասկանում, որ կախուած են միմեանցից: Հաջիեւի խօսքով՝ ադրբեջանական բիզնեսները (գործառնութիւնները-Խմբ.) Վրաստանում ամենախոշոր հարկատուներն են, եւ ամէն տարի Վրաստան այցելում է 1.6 միլիոն ադրբեջանցի զբօսաշրջիկ: Հաջիեւը նշել է, որ իրենք ունեն փոխշահաւէտ ծրագրեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջէյհան նաւթամուղը եւ անդրանատոլեան գազատարը (Trans-Anatolian Natural Gas Pipeline – TANAP):
Դաւիթ Գարեջի վանքի հարցի վերաբերեալ Հաջիեւն ասել է, թէ չի կարծում, որ այդտեղ խնդիր կայ: Ըստ նրա՝ սահմանազատման խնդիրներ կան, եւ հարցին գոյութիւն ունեցող պատմական փաստաթղթերի եւ քարտէզների հիման վրայ լուծում տալու համար ստեղծուել է իրաւափորձագէտների յանձնաժողով: Նման հարցերը, ըստ Հաջիեւի, գոյութիւն ունէին նոյնիսկ Նիդեռլանդների եւ Բելգիայի միջեւ: Ադրբեջանցի պաշտօնեան խոստովանել է, որ այդ թեմայով կան «զգացմունքային ձայներ», բայց կարծում է՝ դրանք այժմ հանդարտուել են, ու այժմ ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Ադրբեջանը հասկանում են իրենց յարաբերութիւնների ռազմավարական արժէքը:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՒ ԵՒՐԱՄԻՈՒԹԻՒՆԸ
Դենիս Սամմուտը, Մաքս Ֆրասը եւ Մուրատ Իսմայիլովը մի քանի հարց են ուղղել Ադրբեջան-ԵՄ յարաբերութիւնների, Արեւելեան գործընկերութեան եւ ղարաբաղեան հակամարտութեան շուրջ ԵՄ դիրքորոշման վերաբերեալ:
Հիքմեթ Հաջիեւը ողջունել է վերջերս Եւրամիութեան խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Բաքու կատարած այցը՝ այն որակելով ծայրայեղ բեղմնաւոր եւ դրական: Նրա խօսքով, Ադրբեջանի եւ ԵՄի միջեւ նոր համաձայնագրի բանակցութիւններում զգալի առաջընթաց է արձանագրուել, քաղաքական եւ ոլորտային գլուխները փակուել են, այժմ քննարկման ենթակայ մնացել է ընդամէնը «մի քանի հարց»՝ առեւտրի շուրջ: Հաջիեւը նշել է, որ ԵՄն աջակցում է Արեւելեան գործընկերութեան բոլոր երկրների, այդ թւում Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանը:
Խօսելով Արեւելեան գործընկերութեան մասին՝ Հաջիեւը նշել է, որ պէտք է խուսափել «բոլորին նոյն արշինով չափելու» մօտեցումից: Տարբեր երկրներ տարբեր տնտեսական ներուժ ունեն: Ադրբեջանը չի պատրաստւում ԵՄից տնտեսական օգնութիւն հայցել:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
Թամարա Դրագաձեն, Ջակուբ Չաբայը եւ ուրիշներ հարցեր են ուղղել Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի եւ «Գլոբալ Հարաւ»ի (Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրները) հետ յարաբերութիւնների շուրջ: Հաջիեւը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի միջեւ ռազմավարական երկխօսութիւն է ընթանում, եւ Ադրբեջանը լաւ յարաբերութիւններ է հաստատել Ռուսաստանի հետ, այդ թւում՝ ամուր տնտեսական յարաբերութիւնների միջոցով:
Չինաստանի «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեան մասին խօսելով՝ Հաջիեւը յայտնել է, որ այն տեղաւորւում է Ադրբեջանի տրանսպորտային ռազմավարութիւնում: Նա բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի հետ յարաբերութիւնները՝ համոզմունք յայտնելով, որ դրանք շարունակուելու են Բրեքզիթից յետոյ:
ԿՐԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Օքսֆորդի համալսարանի գիտնական Անդրանիկ Իսրայէլեանը Հաջիեւին հարցեր է յղել մի շարք կէտերի շուրջ, այդ թւում՝ Ղարաբաղի, Ադրբեջանում կառավարման խնդիրների, հայերի՝ իրենց նախնիների հողերում ապրելու իրաւունքի, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի եւ Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման վերաբերեալ: Հաջիեւը ափսոսանք է յայտնել, որ երիտասարդ հայերը պատրաստ չեն նոր մօտեցում ընդունել Ադրբեջանի հետ յարաբերութիւններում: Նա աւելացրել է, որ իւրաքանչիւր երկրի բարգաւաճումը կախուած է հարեւանների հետ լաւ յարաբերութիւններից, եւ որ նա հաւատում է, որ պէտք է լինի բարգաւաճ Հայաստան, բայց դա միայն հնարաւոր կը լինի տարածաշրջանում խաղաղութեան դէպքում: