Վրաստան կատարած երկօրեայ պաշտօնական այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Զօհրապ Մնացականեանը, 2019 թուականի Յուլիսի 24ին այցելեց Վիրահայոց թեմի Հաւլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դաւթեանի եւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ռուբէն Սադոյեանի ընկերակցութեամբ, նախարար Մնացականեանը եւ պատուիրակութեան անդամները մոմեր վառեցին հայոց հինաւուրց տաճարում, ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում կանգնեցուած բարերար Ալեքսանդր Մանթաշեանցի արձանին եւ Հայոց Ցեղասպանանութեան զոհերի յիշատակի խաչքարին:
«Հայարտան» նստավայրում ՀՀ արտաքին գերատեսչութեան ղեկավարի եւ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի կարճատեւ զրոյցից յետոյ, հիւրերը տեղափոխուեցին դահլիճ, որտեղ կայացաւ հանդիպում վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Տէրունական աղօթքից յետոյ նախարար Զօհրապ Մնացականեանը արձանագրեց ՀՀ եւ Վրաստանի արդի միջպետական յարաբերութիւնները, որոնք ընթանում են փոխադարձ յարգանքի եւ փոխըմբռնման սկզբունքներով, ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականութեան գերակայութիւնները եւ մարտահրաւէրները, Արցախի խնդրի խաղաղ կարգաւորման ուղենիշը:
ՀՀ արտաքին գործերի նախարարը, անդրադարձ կատարեց վիրահայ պատմական համայնքի դերին ու նշանակութեանը Հայաստանի եւ Վրաստանի բարեկամական յարաբերութիւնների զարգացման գործում, կարեւորեց ժամանակակից իրականութիւնում համայնքային կառոյցների գործունէութիւնը մայրենի լեզուով կրթութեան, լրատուամիջոցների, թատերական արուեստի եւ մշակոյթի զարգացման, ազգային աւանդոյթները պահպանելու ուղղութեամբ, Վրաստանի իշխանութիւնների կողմից ցուցաբերուող օժանդակութիւնը, ընդգծեց երկրի պետական լեզուի տիրապետման անհրաժեշտութիւնը:
Այնուհետեւ ներկաների կողմից հարցուպատասխանի ձեւաչափով բարձրացուեցին Արցախի հիմնախնդրի կարգաւորման, Վրաստանում հայոց եկեղեցիների իրաւական կարգավիճակի, Եկեղեցական յարաբերութիւնների, դեսպանութեան շէնքի հարցերը, համայնքային համակարգի վերափոխմանը, երիտասարդների գործունէութեան ակտիւացմանը (աշխուժացումը-Խմբ.), հայ-վրացական տուրիզմի զարգացմանը ուղղուած միտումները:
Հանդիպումն ընթացաւ հետաքրքիր եւ բովանդակալից:
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԴԻՒԱՆ