Ամերիկայի Հայ ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութեան նախաձեռնութեամբ, Գլենդելում կայացաւ համահայկական հարթակում, բնոյթով բացառիկ երկու ձեռնարկ՝ տարբեր ոլորտներում համաշխարհային ճանաչում ունեցող հայ եւ ամերիկացի գիտնականների մասնակցութեամբ գիտաժողով, եւ բարձր տեխնոլոգիաների (արհեստագիտութեան) ոլորտի Հայաստանից ու ԱՄՆից ներկայացուած ընկերութիւնների ցուցահանդէս:
Նախաձեռնութեան նպատակներն, ըստ կազմակերպիչների, մի քանիսն էին: «Գիտաժողովի միջոցով ցանկանում էինք մէկ հարթակում ներկայացնել գիտութեան, արհեստագիտութեան, ճարտարագիտութեան եւ մատեմատիկայի (ԳԱՃՄ, STEM) ոլորտում մեր գիտական ներուժը, եւ ընտրել էինք ոլորտի լաւագոյն մասնագէտների, ովքեր հանդէս եկան իւրաքանչիւրն իրենց թեմայով զեկոյցներով: Գիտական ոլորտում իրենց ընթացիկ ուսումնասիրութիւնները ներկայացնելու հնարաւորութիւն էինք ստեղծել նաեւ տարբեր համալսարաններում սովորող ուսանողների, ինչը լաւագոյն առիթ էր մեր երիտասարդների համար ներկայանալ եւ ծանօթանալ ճանաչուած մասնագէտների հետ: Գիտաժողովը նաեւ միջավայր տրամադրեց ԳԱՃՄ ոլորտի ներկայացուցիչներին՝ հանդիպելու, նոր կապեր հաստատելու եւ համագործակցութեան հնարաւորութիւններ քննարկելու համար», նշեց Ամերիկայի Հայ ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութեան խորհրդի անդամ Արամ Տէր Մարտիրոսեանը:
Սեպտեմբերի 15ին, Գլենդելի հանրային գրադարանի սրահում, համակարգչային գիտութեան, բժշկութեան, աստղագիտութեան, ռոբոտաշինութեան, քիմիայի ոլորտներում զարգացումների մասին բանախօսութիւններով հանդէս եկան դոկտորներ՝ Նաիրա Յովակիմեանը, Վարուժան Գորջեանը, Շանթ Շեքերդեմեանը, Արմէն Մկրտչեանը, Ստեֆան Շերերը, Գրեգ Բարդինգը, Ջահան Դաւլաթին: Ամերիկահայ բանախօսները մեծապէս կարեւորեցին գիտաժողովը՝ նշելով, որ այն նպաստում է նաեւ համահայկական գիտական ներուժի ճանաչմանն ու արդիւնքում նաեւ Հայաստանում տարբեր ուղղութիւններով նախագծերի ստեղծմանը:
Իլինոյի համալսարանի Մեխանիկայի եւ Տեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր, կառավարման տեսաբան Նաիրա Յովակիմեանի բանախօսութեան թեմաներից էր ապագայի օդային ռոբոտների զարգացումը: «Ներկայացնում էի համալսարանում իրականացուող մեր գիտական աշխատանքները, որոնք հիմնականում անօդաչու թռչող սարքերին են առնչւում, ինչպէս նաեւ որոշ մեծ մարդատար ինքնաթիռների, օրինակ՝ ինչպէս կարելի է չուերթներն անվտանգ իրականացնել ծայրայեղ անկայուն եղանակային պայմանների պարագայում: Անօդաչու թռչող սարքերի դէպքում, ուսումնասիրում ենք, թէ ինչպէս կարող են չբախուել միմեանց, մարդկանց, շրջանցել առանց անհանգստացնելու, որպէսզի մարդիկ թռչող սարքերի միջավայրում իրենց ապահով, հանգիստ զգան, եւ կարողանան օգտագործել կենցաղում: Այսինքն, մենք փորձում ենք անօդաչու թռչող սարքերին տեղափոխել ռոբոտների դաշտ», պատմեց Յովակիմեանը:
Անդրադառնալով Հայաստանին, նա նշեց, որ խնդիրներ շատ կան, որովհետեւ գիտական որոշ ուղղութիւններ վերջին տարիներին չեն զարգացել բաւականաչափ արագ, եւ ըստ այդմ, գիտական նուաճումների, ներդրումների համար, ըստ գիտնականի, բաւարար բազա (հիմք) չկայ: «Սակայն կայ պայծառ, աշխատասէր երիտասարդութիւն, ով ձգտում է յեղափոխել իրավիճակը, եւ նրանց միջոցով միգուցէ առաջիկայ տասը տարում կարողանանք տեսնել մեծ աճ: Ես միշտ պատրաստ եմ օգտակար լինել Հայաստանին եւ ինձ դիմող երիտասարդ մասնագէտներին», յայտնեց Յովակիմեանը:
«ՄքՔինզի» ընկերութեան Լոս Անջելեսի մասնաճիւղի ղեկավար Արմէն Մկրտչեանն էլ իր զեկոյցում ներկայացրեց ինքնավար մեքենաների զարգացման ներկայ փուլը՝ նշելով առաւելութիւնների մասին, որոնք շուտով հասանելի կը լինեն ինքնավարների շնորհիւ:
Աստղագէտ Վարուժան Գորջեանը պատմեց «ՆԱՍԱ»ի «Ջէյ.Փի.Էլ» լաբորատորիայում «Սփիթցեր» տիեզերական աստղադիտակի նախագծում իր երկարամեայ գործունէութեան մասին, որ ներառում է խոշոր սեւ անցքերը, աստղերի ձեւաւորումն ու մոլորակների ուսումնասիրութիւնը: «Եու.Սի.Էլ.Էյ.» համալսարանի վիրաբոյժ, դոցենտ Շանթ Շեքերդեմեանը բացի գործնական աշխատանքից, ներգրաւուած է նաեւ մանկաբուժութեան ոլորտում հետազօտական աշխատանքերում: Նա, նաեւ մեծապէս ներգրաւուած է Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի համակարգչային գիտութեան եւ նեարդային տեղեկատուութեան մշակման բաժանմունքների դոցենտ Ստեֆան Շերերը ներկայացրեց իր հետազօտութիւններից մէկը, որի նպատակն է աւտոմատ կերպով ճանաչել, բնութագրել, մոդելաւորել եւ սինթեզել (համադրել) անհատների բազմամոդալ (ոչ) բանաւոր պահուածքը ինչպէս մարդ-մեքենայ, այնպէս էլ՝ մեքենայի օգնութեամբ՝ մարդ-մարդ փոխգործակցութիւնը: «Քալ Փոլի» համալսարանի դոցենտ Գրեգ Բարդինգը խօսեց բիովառելիքի, Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի քիմիայի դոցենտ Ջահան Դաւլաթին էլ հանդէս եկաւ՝ «Լոյս, Էլեկտրոններ, Պրոտոններ. Դասեր մոդելային համակարգերից եւ ֆոտօկատալիտիկայի (photocatalysis) ներուժը» խորագրով բանախօսութեամբ:
Ճանաչուած գիտնականների զեկոյցներից յետոյ, հարթակը տրամադրուեց ուսանողներին, ովքեր ներկայացրեցին իրենց ուսումնասիրութիւններն արեւային վառելիքի, բնապահպանութեան, տեղեկատուական տեխնոլոգիաների, կենսաբանութեան եւ այլ թեմաներով:
Ամերիկայի Հայ ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութեան խորհրդի անդամ Ռիչարդ Օհանեանն անդրադառնալով աննախադէպ ձեռնարկին, նշեց, որ գիտաժողովի նպատակներից է, համախմբել հայ եւ օտար գիտնականների, մասնագէտների՝ հնարաւորութիւն ստեղծելով երկխօսութեան ծաւալման, նոր մտքեր յղանալու, եւ միաւորելով ստեղծագործական ներուժը՝ փոխշահաւէտ նոր ծրագրեր ստեղծելու: Արամ Տէր Մարտիրոսեանն էլ նշեց, որ նախաձեռնութիւնն ամերիկահայ գիտական հանրութեան երազանքի իրականացումն է, եւ այն առաւել գործնական դարձնելու նպատակով էլ Սեպտեմբերի 16ին եւ 17ին կազմակերպուել էր ցուցահանդէս, որին մասնակցում էին Հայաստանից ինչպէս նաեւ ԱՄՆից տեխնոլոգիական ոլորտի կայացած ընկերութիւնների եւ սթարթափների ներկայացուցիչներ: «Մեր գիտութեան եւ ճարտարագիտութեան զարգացումը տեսնում ենք Հայաստանի եւ Լոս Անջելեսի միջեւ կամուրջի ստեղծմամբ: Մեր հայրենիքում ունենք գիտական մրցունակ ներուժ, որը կարողանում է արտադրել, բայց դժուարութիւն ունի շուկայ դուրս գալու: Այս հարցի լուծումը մենք ենք՝ ԱՄՆում բնակուող հայերս, որ ունենք ուղիներ եւ հնարաւորութիւններ օգուտ տալու Հայաստանին: Ամերիկայի Հայ Ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութեան կազմակերպած նման ձեռնարկները, որ այսուհետ տեղի կ՛ունենան նաեւ տարուայ ընթացքում, պէտք է դառնան այն կամուրջը, որի միջոցով Հայաստանի տնտեսութիւնը դուրս կը գայ համաշխարհային շուկայ, որովհետեւ մուտքը Ամերիկեան շուկայ ենթադրում է, որ ամբողջ աշխարհի շուկան բաց կը լինի հայկական ապրանքանիշների եւ ծառայութիւնների համար», նշում է Արամ Տէր Մարտիրոսեանը:
ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ
Գլենդելի սրտում, Լոս Անջելեսի հայկական միութեան շէնքում, երկու օր շարունակ, հանրութիւնն առիթ ունեցաւ ծանօթանալու Հայաստանում գործող ընկերութիւնների, որոնցից որոշներն արդէն յաջողութեամբ գործում են միջազգային շուկայում:
XCloud Networks ընկերութիւնը, որն առաջարկում է ցանցային լուծումներ, օգնում է տուեալների կենտրոններին արագացնել, մեքենայացնել ցանցի հետ կապուած առօրեայ բոլոր գործառոյթները՝ նուազագոյնի հասցնելով մարդկային գործօնը, ներկայում մրցակցում է ոլորտում աշխարհի առաջատար ընկերութիւնների, այդ թւում՝ Cisco Systems-ի եւ Juniper Networks-ի հետ: Ընկերութեան համահիմնադիր եւ ղեկավար Ալեքս Սարոյեանն իր՝ շուրջ 20 տարուայ փորձառութեան արդիւնքում հանդէս է եկել նորարութեամբ եւ XCloud Networks-ը մշակել է լուծում, որն էականօրէն հեշտացնում եւ արագացնում է ցանցային ենթակառուցուածքների կառավարումը: «Աշխարհում տուեալների կենտրոնների պահանջն արագօրէն աճում է, եւ արդիւնքում ստացւում է, որ ընկերութիւնը շատ դէպքերում ստիպուած է լինում սպասել, մինչեւ ցանցային ճարտարագէտը պատրաստի ենթակառուցուածքը: Պահանջարկից ելնելով, որոշեցինք աւտոմատացնել ցանցային ճարտարագէտի աշխատանքը, եւ նրան տալ յարմար գործիք, որի արդիւնքում, նա կարիք չի ունենայ ամէն սարքի մասին յատուկ գիտելիքներ սովորելու, եւ առանց խորանալու մանրամասների մէջ՝ կարող է շատ աւելի մեծ ենթակառուցուածք կառավարել: Մեր յաճախորդները շահում են առաջին հերթին այն առումով, որ մրցակիցներից արագ իրենց բիզնեսը կարող են մեծացնել, եւ հեշտութեամբ միլիոնաւոր դոլարներ խնայել՝ բիւջէի շուրջ 80 տոկոսի չափով», յայտնեց Ալեքս Սարոյեանը:
XCloud Networks ընկերութեան զարգացումը սկսել է Հայաստանում, այնուհետեւ Սարոյեանը տեղափոխուել է Սիլիկոն Հովիտ, եւ ընկերութիւնն ընդգրկուել է «Բերկլի» համալսարանի «Սքայտեք» կոչուող աքսելերացիոն (արագացնող) համակարգում, ստացել ներդրում նաեւ նրանց կողմից: Յաճախորդները՝ ԱՄՆից, Եւրոպայից եւ Հայաստանից են: Սարոյեանը կարեւորեց Լոս Աջելեսում անցկացուած ձեռնարկը՝ ճանաչելի դառնալու, նոր յաճախորդներ եւ ներդրողներ ձեռք բերելու տարբեր ոլորտների հայկական ընկերութիւններին միաւորելու առումով:
Գիւմրիում հիմնադրուած եւ Երեւանում մասնաճիւղ ունեցող «իՍուափ Գլոբալ» (eSwap) եւ «Ջիօսերվիս» ընկերութիւնների հիմնադիր տնօրէն Կարէն Նիկողոսեանը ներկայացնելով արտադրանքը՝ նշում է, որ որակային առումով մրցում են ծրագրաւորում առաջարկող միջազգային յայտնի ընկերութիւնների հետ, ունեն աշխատանքային հարուստ փորձ, եւ ամերիկեան կազմակերպութիւններին համապատասխան աշխատանքային մշակոյթ:
eSwap-ն առցանց խանութների ղեկավարման համակարգ է այն մարդկանց համար, ովքեր զբաղւում են առցանց առեւտրով, եւ իրենց ապրանքները վաճառում են «իԲէյ», «Ամազոն», «Շոփիֆ» եւ այլ կայքերում: «Մենք փորձել ենք միաւորել ամէն ինչ եւ ղեկավարել մէկ հարթակի միջոցով. մեր ապրանքը միացուած է հաշուապահական եւ առաքման ընկերութիւնների հետ, որ թոյլ է տալիս ամէն ինչ ղեկավարել մէկ կէտից: Աշխատում ենք «Քուիքբուք» եւ այլ հաշուապահական, ու յիսունից աւելի առաքման ընկերութիւնների հետ: Կատարում ենք ապրանքային մնացորդների կառավարում, կանխատեսումներ առցանց խանութների համար, նաեւ գնային կանխատեսումներ՝ թէ ինչ գնով կարող են իրենց ապրանքը վաճառել «Ամազոն» եւ այլ առցանց կայքերում: «Ջիօսերվիս»ը զբաղւում է ծրագրերի եւ կայքերի մոբայլ հաւելուածների մշակմամբ, աշխատում ենք հիմնականում երկու մոդելով՝ «աութսորսինգ» եւ «աութսթաֆինգ»՝ այսինքն, կարող էք ԱՄՆում բնակուելով ունենալ ծրագրաւորման թիմ՝ զարգացման կենտրոն Հայաստանում, եւ մենք կարող ենք ստեղծել տարբեր ծրագրեր՝ սկսած սթարթափներից մինչեւ բանկային եւ ֆինանսական ոլորտի ծրագրեր», պատմեց Նիկողոսեանը: Նա նշում է, որ ունեն 100ից աւելի յաճախորդներ ԱՄՆում: Արտադրանքն անվճար տեղադրուած է իրենց կայքում եւ ցանկացողները կարող են փորձել: ԱՄՆ այցից ակնկալում են վաճառքի ծաւալների մեծացում: Նա արդիւնաւէտ համարեց Ամերիկայի Հայ Ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութեան նախաձեռնութիւնն ու տարբեր թիրախային խմբերի հետ ծանօթացումը, որի արդիւնքում համագործակցութեան նոր առաջարկներ է ստացել:
Հայաստանի առաջին եւ ներկայում առաջատար ուղեւորափոխադրող «Ջի.Ջի.» ծառայութիւնը մուտք է գործում նաեւ ամերիկեան շուկայ: Ընկերութեան՝ «Շաթլ» նախագիծը՝ փոքր հանրակառքով առաջին փորձնական ուղեւորափոխադրումը կատարել է Յուլիսին՝ Լոս Անջելես- Սան Ֆրանցիսկօ եւ հակառակ երթուղով: Ընկերութեան ամերիկեան ներկայացուցիչ Տարօն Լիզագուբը նշում է, որ ամերիկեան շուկայ գալու նպատակն այն է, որ ցանկանում ենք ընկերութիւնը ճանաչելի դարձնել աշխարհում, եւ Կալիֆորնիան ամենաճիշդ վայրն է այդ առումով. «այսինքն, եթէ յաջողես այստեղ՝ ապրանքանիշը համաշխարհային ճանաչում ձեռք կը բերի»: Տարօնը, անդրադառնալով «Ջի.Ջի.»ի հնարաւոր մարտահրաւէրներին նշում է, որ պատրաստուած են՝ ծանօթ են ոլորտի տեղական առաջատարներին ու գործելաոճին, եւ հաշուի են առել դա իրենց ռազմավարութիւնը մշակելիս: «Ջի.Ջի.»ն, առաջին հերթին տարբերուելու է նմանատիպ միւս ընկերութիւններից՝ ներդնելով սիրտ ու հոգի: Մեր գործընկերներին՝ վարորդներին, ովքեր կը դառնան թիմի անդամ, առաջարկելու ենք բացառիկ պայմաններ՝ իւրաքանչիւր պատուերից նրանցից գանձելով 15տոկոսից քիչ, այն դէպքում, երբ այստեղ գործող նմանատիպ ընկերութիւնները պահանջում են 20 տոկոսից աւելի»:
Armenia360.org-ի շնորհիւ Հայաստանի լուսանկարները յայտնուել են «Գուգլ»ի՝ (google street view via 360 imagery) քարտէզում: Ընկերութեան հիմնադիրն ամերիկահայ Ջօ Յովհաննէս Յակոբեանն է, ով տարիներ առաջ, Հայաստան իր այցից յետոյ սիրողական մի քանի լուսանկար էր տեղադրել «Գուգլ» քարտէզում եւ մի քանի ամիս անց «Գուգլ»ից ստանալով հաղորդագրութիւն առ այն, որ լուսանկարները կէս միլիոն դիտում են ունեցել, որոշում է, որ Հայաստանը պէտք է առաւելագոյնը ներկայացուած լինի քարտէզում: «Ամերիկայում վաղուց «Սթրիթ վիւ» տեխնոլոգիան ներդրուած է, եւ «Գուգլ» ընկերութիւնն է լուսանկարում փողոցները 360 աստիճանով: Տեղեկանալով, որ Հայաստանը նման ձեւաչափով ներկայացուած չէ «Գուգլ» հարթակում, Յովհաննէս Յակոբեանը որոշեց թիմ ձեւաւորել Հայաստանում, եւ այդպէս ծանօթացանք ու սկսեցինք միասին աշխատել», պատմում է ընկերութեան ներկայացուցիչ տեխնիկական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Աննա Սիմոնեանը, ով բարձրագոյն մատեմատիկա եւ ծրագրաւորում էր դասաւանդում ԵՊՀում: Առաջին փուլում, Յովհաննէս Յակոբեանը միայնակ քայլել է Երեւանում եւ մարզերում՝ տեսախցիկը գլխին, երկրորդ փուլը՝ հեծանիւով էր: Անձնական ֆինանսական միջոցներով եւ չորս հոգանոց թիմով, նրան յաջողւում է լուսանկարել Երեւանի 85 տոկոսն ու Հայաստանի տասը մեծագոյն քաղաքները: Ներկայում տեղադրուած է 730 հազար լուսանկար, որոնք ունեցել են շուրջ 32 միլիոն դիտում, ընկերութիւնն էլ դարձել է «Գուգլ»ի վստահելի գործընկերը: Աննա Սիմոնեանը նշում է, որ սա խօսում է այն մասին, որ Հայաստանը մեծ հետաքրքրութիւն է առաջացնում աշխարհում, նախաձեռնութիւնը խթանում է զբօսաշրջութիւնը: Նա տեղեկացրեց, որ աշխատանքները դեռ աւարտուած չեն, եւ հովանաւորների աջակցութեամբ ծրագիրը կարող է ամբողջանալ:
Ճարտարագիտական ընկերակցութեան ներկայացուցիչ Մարինա Սագուինեանը պատմեց Հայաստանում կառուցուող Ճարտարագիտական քաղաքի մասին, որի նպատակն է զարգացնել ճարտարագիտութիւնը, Բարձր Տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում: «Քաղաքում արդէն գործում են մի քանի ընկերութիւններ: Այս պահին տեղի է ունենում ընդլայնում, որ ֆինանսաւորուել է Համաշխարհային Բանկի, ՀՀ կառավարութեան եւ մասնաւոր ընկերութունների կողմից: Քաղաքում տեղակայուած են լինելու 32 կազմակերպութիւններ, ինչպէս նաեւ ճարտարագիտական ինկուբատոր (թսխիչ)՝ 38 նորաստեղծ կազմակերպութիւններով: Ծրագրով նախատեսւում է ոլորտի 1500 բարձրակարգ մասնագէտի պատրաստում եւ վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, սթարթափների հիմնում, կազմակերպութիւնների գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացում եւ արտահանման ծաւալի մեծացում», նշեց Սագուինեանը: Քաղաքում նաեւ լինելու է գրադարան, գիտութեան եւ արհեստագիտութեան թանգարան, ընթացքի մէջ է արհեստագիտութեան աւագ դպրոցի ստեղծումը: Սագուինեանի խօսքով, ստեղծուելու է էկոհամակարգ (բնապահպանական համակարգ)՝ համագործակցութիւն Հայաստանի ճարտարագիտական համասլարանի, Գիտութիւնների ակադեմիայի եւ ընկերութիւնների միջեւ:
Յակոբ Ագանեանը ներկայացնում էր ԱՄՆում գործող Solar Hydrogen Holding-ը, որը ստեղծել է ջրածնի գեներատոր (արտադրող մեքենայ)՝ որպէս մաքուր վառելիքի աղբիւր, ինչպէս նաեւ‘ բժշկական սարքաւորումներ: «Մի գործիք ենք ստեղծել, որը օգտագործում է մարմնի ձգողականութիւնը, եւ օրինակ մէջքի խնդիր ունեցողների մօտ, ձգուելու միջոցով ցաւը կարող է անհետանալ»: Ագանեանը պատմեց էլեկտրօսիմուլեացիայի (ելեկտրական ձեւացումի) միջոցով բուժման մասին, որ արտայայտւում է տարբեր առարկաների միջոցով. «Ապարանջանը՝ դնում ենք ձեռքին, եւ այն հաղորդակցուելով մարմնի հետ էլեկտրոսիմուլեացիա է անում՝ արդիւնքում ստանում ենք մինչեւ 1.4 վոլտ հոսանք: Արեան ճնշման, արտրիտով, եւ այլ տարբեր հիւանդութիւններով տառապող մարդկանց դէպքում սա հիանալի միջոց է: Ունենք նաեւ երիտասարդացնող յատուկ վիրակապեր, որոնք օգտակար կարող են լինել յիշողութեան, կնճիռների վերացման համար»: Ագանեանը յայտնեց նաեւ, որ իրենց կողմից ստեղծուած սարքի միջոցով այսուհետ հնարաւոր կը լինի ստանալ մի քանի «նանօ» մասնիկներ, ինչը բացառիկ է: Նա յայտնեց, որ ցանկանում են մասնակցել Հայաստանոմ «Նանօ» կենտրոնի ստեղծմանը՝ նշելով որ իրենց տեխնոլոգիաները կարող են հիմք հանդիսանալ:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի սթարթափ նախագծերը ներկայացնում էր Արամ Տէր Մարտիրոսեանը, ում ԱՄՆում մեծ յաջողութեամբ գործող «Քընեքթ Թու Քոմիւնիքէյշնզ» (Connect To Communications) ընկերութիւնը մասնաճիւղ եւ բազմաթիւ աշխատակիցներ ունի նաեւ Վանաձորում:
Անօրինական անտառահատումները կանխելու նպատակով ստեղծուած գերզգայուն ձայնորսիչ Forest Guard համակարգի սարքերը վայրկեանների ընթացքում որսում են կացնի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժիչի ձայն եւ GSM ազդանշաններ ուղարկում «սերվերին» (համացանցային ծառայութեան համակարգին), որտեղ յատուկ մշակուած ծրագիրը տարբերակում է դրանց բնոյթը եւ կօօրդինատները (թիւերը) փոխանցում է ցանցում գրանցուած համակարգերին՝ անտառի պահպանութիւնն ապահովողների հեռախօսներին ու համակարգիչներին: Սարքերն արդէն տեղադրուել են Ստեփանաւանի անտառտնտեսութեան տարածքներում: Վանաձորի մէկ այլ սթարթափ է «Սմարթ Լոք»ը. խելացի փականը տեղադրւում է դռան վրայ, եւ հնարաւորութիւն է ստեղծւում հեռախօսի հետ կապի միջոցով բացել եւ փակել տան, աշխատասենեակի դուռը:
«Քընեքթ Թու Քոմիւնիքէյշնզ» ընկերութեան գրեթէ բոլոր ծառայութիւնների տեխնիկական մասն ապահովւում են Հայաստանից աշխատակիցները: Աւելի քան 22 տարի գործող ընկերութիւնն առաջարկում է ամբողջական հաղորդակցութիւն եւ բարձր տեխնոլոգիական ծառայութիւններ. մատչելի հեռախօսակապ, հեռուստատեսային անտենա՝ հարիւրաւոր ալիքներով, արագ եւ որակեալ ինտերնետ կապ, բնակարանի անվտանգութեան ապահովման համակարգեր եւ տեխնոլոգիական այլ ծառայութիւններ:
Ցուցահանդէսին մասնակցում էին բազմաթիւ այլ ընկերութիւններ՝Applied Earth Sciences, ArmERG, ARPA, AUA, CyberSec, Disqo, DPFE Corp, Eye Motion, Global Gaming, Hybrid Systems Corp, MindHeart Lab, NPUA Substrates Rubbing Technology Mass Production, Numatic Engineering, ONEX RF, Photo Stellar, Savely:
«Փորձել էինք ստեղծել առիթ, որ տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերութիւններ հանդիպեն նոյն տարածքում եւ ծանօթանան, կիսուեն փորձով ու նաեւ միմեանց օգտակար լինեն», նշում է Ամերիկայի Հայ ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութեան խորհրդի անդամ Շանթէ Բաբումեանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանից ժամանած ընկերութիւնների ներկայացուցիչների համար իրենք նաեւ այլ առիթներ են ստեղծել, այդ թւում՝ նրանց հետ միասին այցելել են Գլենդելի քաղաքապետարան եւ կառավարող խորհրդի անդամների հետ քննարկել երկկողմ հնարաւոր համագործակցութեան հարցեր: Որոշուել է ստեղծել մշտական յանձնախումբ, որը կը զբաղուի փորձի փոխանակում կազմակերպելով հայաստանցի եւ ամերիկացի մասնագէտների միջեւ՝ այդ թւում փոխադարձ այցեր եւ ծրագրերի իրականացմանը աջակցութիւն:
Ամերիկայի Հայ ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութեան խորհրդի անդամները նշեցին, որ նախաձեռնութիւնը լինելու է ամէնամեայ: