Աղջիկ երեխայի միջազգային օրը՝ Հոկտեմբերի 11ին, Երեւանում մեկնարկել է «#Բաւական է» արշաւը՝ ընդդէմ սեռով պայմանաւորուած յղիութեան արհեստական ընդհատումների: Արշաւը սկսուել է Մայր Հայաստան յուշարձանի մօտ, որը նաեւ խորհրդանշում է հայ կնոջ հաւաքական կերպարը, եւ նշուած նախաձեռնութեան դէպքում, այն իւրայատուկ միջոց է՝ աղջիկ երեխայի եւ հասարակութեան մէջ կնոջ հանդէպ խտրական վերաբերմունքի մասին բարձրաձայնելու համար:
Արշաւի նպատակներից է՝ Հայաստանում աղջիկ երեխաների թերարժեւորման եւ սեռով պայմանաւորուած յղիութեան արհեստական ընդհատումների վերաբերեալ մտահոգիչ ցուցանիշների մասին իրազեկումը, եւ երեւոյթի՝ ժողովրդագրական, սոցիալական ու տնտեսական բացասական ազդեցութիւնների մասին տեղեկութեան տարածումը: Նախաձեռնողն է «Doping» ստեղծարար ընկերութիւնը՝ ՄԱԿի Բնակչութեան հիմնադրամի հայաստանեան գրասենեակի եւ ՀՀ առողջապահութեան նախարարութեան հետ համագործակցութեամբ:
Ամէն տարի Հայաստանում չի ծնւում շուրջ 1400 աղջիկ: Երեխայի սեռի ընտրութեան միտումի շարունակման դէպքում, 2060թ. Հայաստանում չի ծնուի գրեթէ 93,000 աղջիկ, նշուած է ՄԱԿի՝ Բնակչութեան հիմնադրամի կողմից 2016թ.ին պատրաստուած «Հանրային հետազօտութիւն Հայաստանում սեռական եւ վերարտադրողական առողջութեան իրաւունքների իրացման վերաբերեալ» զեկոյցում: Պաշտօնական վիճակագրական տուեալների համաձայն՝ 1993թ.ից սկսած Հայաստանում նորածինների սեռերի յարաբերակցութիւնը շեղուել է՝ տատանուելով 110ից 120 տղայ 100 աղջկայ դիմաց միջակայքում: Մինչդեռ կենսաբանօրէն ընդունուած նորմալ յարաբերակցութիւն է համարւում 102-106 տղայ 100 աղջկայ դիմաց յարաբերակցութիւնը:
ՄԱԿի բնակչութեան հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Յարութիւնեանի խօսքով, Հայաստանում անցկացուել են հետազօտութիւններ, բացայայտելու խնդրի հիմնական պատճառները: «Պատճառները շատ են, բայց հիմնականում խմբաւորւում են չորս խմբում: Առաջինը՝ տնտեսական հիմնաւորումներն են. զոյգերը մտածում են, որ ընտանիքի կերակրողը տղամարդն է: Երկրորդ խումբը տոհմի շարունակութեան հետ կապուած պատճառաբանութիւնն է: Երրորդը՝ ուժի եւ հեղինակութեան հետ. մեր հասարակութիւնում տղաներն աւելի մոբիլ (շարժուն-Խմբ.) են, աւելի շատ ձեռքբերումներ կարող են ունենալ աշխատանքում: Չորրորդ պատճառը կապում են անվտանգութեան խնդիրների հետ՝ ցանկանում են ունենալ հայրենիքի պաշտպան»:
Յարութիւնեանի խօսքով, ըստ վիճակագրութեան, տղայ երեխային աւելի շատ նախապատուութիւն են տալիս յատկապէս Հայաստանի մարզերում: Սեռով պայմանաւորուած յղիութեան արհեստական ընդհատման հետեւանքների մասին իրազեկման բարձրացման նպատակով, Մակի համապատասխան բաժանմունքն, ըստ Ծովինար Յարութիւնեանի, տարաբնոյթ ձեռնարկներ է նախաձեռնում, յատկապէս մարզերում՝ աշխատելով բուժաշխատողների, սոցիալական ծառայութիւններ տրամադրողների, եւ հոգեւորականների հետ՝ խմբեր, որոնք մշտական առնչութիւն ունեն երիտասարդ զոյգերի, յղիների հետ՝ նրանց յորդորելու, որ խտրականութիւն չդնեն տղայ եւ աղջիկ երեխաների միջեւ:
«Դոփինգ» ընկերութեան ստեղծագործական տնօրէն Յովհաննէս Մարգարեանը պատմում է, որ արշաւին հնչեղութիւն տալու նպատակով նկարահանել են տեսահոլովակ, որտեղ բացառապէս ներկայացուած են հայ յաջողուած ու յայտնի տղամարդիկ. «Տեսահոլովակում որոշեցինք դիմել հնարքի՝ ներկայացնել մեր ազգային ձեռքբերումները եւ միանգամից փոխել տրամադրութիւնը՝ նշելով, որ առաջատար ենք նաեւ սեռով պայմանաւորուած յղիութեան արհեստական ընդհատումների հարցում: Վերջում էլ ասում ենք, որ գերադասում ենք արական սեռը, եւ այդ պատճառով չէինք կարող հոլովակում ներառել աղջիկների», նշում է Մարգարեանը՝ յոյս յայտնելով, որ արշաւը ազդեցութիւն կ՛ունենայ սեռով պայմանաւորուած յղիութեան արհեստական ընդհատման հարցում:
Արշաւի անունն ու պաշտօնական հեշթեգն է՝ #Բաւականէ (#Bavakane): Ցանկացողները կարող են միանալ արշաւին՝ իրենց սոցհարթակների միջոցով տարածելով տեղեկատուութիւնը: