ԲԸՐԲԵՆՔ.- Շաբաթ, Հոկտեմբերի 12ին, առաջնորդարանում, Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի գլխաւորութեամբ տեղի ունեցաւ շաբաթօրեայ դպրոցների խորհուրդի եւ Լոս Անջելեսի մի քանի դպրոցների տնօրէնների համատեղ ժողովը: Թեմում գործում են 20 շաբաթօրեայ դպրոցներ, ուր հայոց լեզու, մշակոյթ ու պատմութիւն են ուսանում տարբեր տարիքի 1000ից աւելի սաներ:
Ներկայ էին՝ «Փոքրիկ հրեշտակներ» դպրոցի տնօրէն՝ Յովհաննէս սրկ. Գումրուեանը, Ս. Պետրոս եկեղեցու դպրոցի տնօրէն Ծովինար Մելքոնեանը, Իրաքահայերի միութեան դպրոցի տնօրէն Անահիտ Խաչատուրեանը, Փասադենայի դպրոցի տնօրէն Նորայր Տատուրեանը, Կոստա Մեսայի դպրոցի տնօրէն Գէորգ Մարտիրոսեանը:
Շահագրգիռ եւ արդիւնաւէտ քննարկումների ժամանակ ներկայացուեցին մի քանի կարեւոր հարցեր, ինչպէս օրինակ՝ դպրոցներին կից ծնողական յանձնախումբեր ստեղծել, ըստ հնարաւորին հետեւել ծրագրին եւ դասընթացները համապատասխանացնել դրան եւ դասագրքերը դարձնել միօրինակ ու քայլեր կատարել դպրոցների գործունէութիւնը պարբերաբար հանրութեանը ներկայացնելու համար:
Տնօրէնների առաջարկով եւ առաջնորդի յանձնարարութեամբ, առաջիկայում պիտի ստեղծուի շաբաթօրեաների համար նախատեսուած աղօթքների եւ շարականների մատչելի եւ բացատրական ժողովածու, պիտի պատրաստուի յատուկ վկայական՝ շրջանաւարտներին ըստ կարգի յանձնելու համար:
Սրբազանը յանձնարարեց նաեւ քայլեր սկսել ուսուցիչների վերապատրաստումը, ամէնամեայ հաւաքից բացի, ամրան ամիսներին Հայաստանում անցկացնելու համար, որ օգտակար պիտի լինի բոլոր ուսուցիչների ու դպրոցների համար:
Քննարկման ժամանակ խօսուեց նաեւ դպրոցների այլ խնդիրների մասին, որոնք ընդհանուր էին մէկ կէտում՝ շատ յաճախ հնարաւոր չի լինում ընդունել բոլոր ցանկացող աշակերտներին՝ անհրաժեշտ տեղերի եւ սենեակների բացակայութեան պատճառով:
Այս եւ այլ հարցեր առաւել մանրամասն քննարկելի կը լինեն Յովնան սրբազանի շաբաթօրեայ դպրոցներ յառաջիկայ այցելութիւնների ժամանակ:
(Թղթակցութիւնը՝
առաջնորդարանէն)