ՔՆԱՐ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ
…15 զաւակ՝ 10 դուստր եւ 5 որդի ունեն մեր հանրապետութեան ամենաերիտասարդ բազմազաւակ ծնողները՝ Մարտիկն ու Անժելան: Մեր այցելութեան օրը տասնհինգ զաւակներից միայն մէկը տանը չէր՝ շատ յարգելի պատճառով. Դանիէլը զինուոր է. այս պահին ծառայում է առաջնագծում: Նրան հանդիպել ու զրուցել էինք ծառայավայրում, իսկ այժմ էլ հիւրընկալուել եմ նրա մե՜ծ ու ջերմ ընտանիքում:
Այս տարի՝ Սեպտեմբերի 21ին, ՀՀ անկախութեան տօնի կապակցութեամբ, ընտանիքի կայացման եւ ամրապնդման գործում ունեցած աւանդի, 15 զաւակ խնամելու եւ դաստիարակելու, նրանց ֆիզիկական եւ բարոյական զարգացումն ապահովելու համար Մելքոնեանները նախագահական նստավայրում անձամբ նախագահի կողմից ստացան ՀՀ բարձրագոյն պարգեւներից մէկը՝ «Ծնողական փառքի» մեդալը: Նոյն օրը ընտանիքին յանձնուեց նաեւ ՀՀ վարչապետի պարգեւը՝ 1 մլն. դրամ:
Արարատի մարզի Այգաւան գիւղում ենք: Տան շեմքին մեզ տարբեր տարիքի երեխաների բազմութիւնն ու, իհարկէ, տանտէրերն են դիմաւորում՝ Մարտիկն ու Անժելան: Տան ներսում անմիջապէս մանկական խինդ-ուրախութեան ալիքներով ենք պարուրւում: Մէկ, երկուս, երեք, չորս, հինգ, վեց… 14 ամենատարբեր բնաւորութիւններ, բոլորն էլ՝ ընդգծուած, միախառնւում են, դառնում կեանքի մի գեղեցիկ սիմֆոնիա, որի ամենաբարձր ու ուրախ հնչիւնները, իհարկէ, փոքրիկների ճռուողիւնն է: Արդէն գրաւել ենք բոլորի ուշադրութիւնը. հերթով մօտենում են՝ բարեւելու ու ծանօթանալու: Բոլորն էլ գեղեցիկ են, բարեկիրթ, մարդամօտ ու նրանցից երջանկութեան ալիքներ են տարածւում շուրջբոլորը:

Բերում են ընտանեկան լուսանկարները: Սենեակի կենտրոնում տեղադրուած մեծ սեղանն անմիջապէս երիզւում է ժպտուն ու շարժուն «օղակով». որոշ աթոռների վրայ երկուսով-երեքով են տեղաւորուել: Լուսանկարները փոխանցում են միմեանց, ցոյց են տալիս մեզ: Դրանցից մէկում Մարտիկն ու Անժելան են պարգեւատրման օրը՝ ՀՀ նախագահի հետ:
– Մեծ ուրախութիւն է, որ մեր պետութիւնը նման ուշադրութեան է արժանացնում բազմազաւակ ընտանիքներին: Վերջերս էլ մարզպետն էր մեզ այցելել… Ես մեծ յոյս ունեմ, որ մեր ընտանիքի օրինակը վարակիչ կը լինի, երկրում ծնելիութեան մակարդակը բարձրացնելու խթան կը դառնայ: Չէ՞ որ երկիրը հզօր է, երբ հզօր է ընտանիքը,- ասում է ընտանիքի հայրը՝ Մարտիկը:
– Մարդիկ այժմ մտածում են՝ երկրորդ երեխան ունենա՞ն, թէ ոչ: Պայմանները, ուժերը կը ներե՞ն, գումարը կը բաւականացնի՞: Ինչպէ՞ս եղաւ, որ այսպիսի մեծ ընտանիք ունենալու որոշում կայացրիք,- հարցնում եմ:
– Մեր այս որոշումը փոքրիկ նախապատմութիւն ունի: Ծնողներս երկար տարիներ երեխայ չեն ունեցել: Ես եօթ տարեկան եմ եղել, երբ հայրս դժբախտ պատահարից մահացել է, ու մայրս ինձ մենակ է մեծացրել: Այնուհետեւ մի ծանր կորուստ էլ ունեցաւ ընտանիքս. մեծ եղբայրս՝ Արթուրը զոհուեց Արցախեան ազատարամտում:
1994թ. Յունուարի 13ին՝ Հորադիզի մատոյցներում եօթ հոգանոց ջոկատով Արթուրը մարտ էր մղել հակառակորդի դէմ, տանկեր էին խոցել, բայց ուժերը շատ անհաւասար էին եղել… Մեծ եղբայրն էլ էր կռւում: Փոխարինում էին միմեանց՝ մէկը գալիս էր, միւսը՝ մեկնում ճակատ:
– Մեծ եղբայրս արդէն երեք երեխայ ունէր: Յունուարի 9ն էր. այդ օրը նրա հերթն էր կռուի մեկնելու: Բայց Արթուրը, որ դեռ նոր էր պատրաստւում ամուսնանալ, ասել էր. «Այս անգամ դու մի՛ գնա, ե՛ս կը գնամ»: Նրա պաշտպանիչ թալիսմանը՝ խաչը, այդպէս էլ կախուած մնաց մահճակալից…
Երբ ես էի պատրաստւում ամուսնանալու, մայրս ինձ ու կնոջս խրատեց. «Չլինեմ-չիմանամ, որ պտուղի «խաթրին դիպչէք»: Որքան Աստուած կը տայ, այնքան երեխայ էլ ունեցէք, ես էլ, քանի դեռ կամ՝ սիրով կը պահեմ»:
Բազմազաւակ ծնողներն, իհարկէ, շատ դժուարութիւններ են ունեցել: Մարտիկը պատմում է, որ երեխաներից 11ը յատկապէս բնակարանային սուղ պայմաններում են մեծացել, բայց իրենք երբեք չեն ընկճուել ու տրտնջացել, միշտ լաւատեսութեամբ են նայել ապագային: Ընտանիքի դուռը միշտ բաց է եղել ու հիմա էլ բաց է, եւ հիւրերին այստեղ դիմաւորում են ուրախ ու աշխոյժ, առողջ, մարդամօտ, ժպտերես երեխաներ: Այս լաւատեսութիւնն ու քչով բաւարարուելու սովորութիւնը, իհարկէ, նոյնպէս դեր են խաղացել, որ ընտանիքին այցելած մարդկանցից շատերը ցանկանան իրենց լուման ներդնել նրանց երջանկութիւնն ամրապնդելու գործում: Կառավարութիւնը, մարզպետարանը, գիւղապետարանը նոյնպէս օգնութեան ձեռք են մեկնել: Այսպէս՝ յարմարութիւններից զուրկ կացարանը փոխարինուել է ընդարձակ տնով: Վերջերս էլ մի բարերար արեւային վահանակներ է տեղադրել տանիքին:
– Ուզում եմ օգտուել առիթից եւ շնորհակալութիւն յայտնել բոլոր նրանց, ովքեր դժուար պահերին կանգնել են մեր ընտանիքի կողքին, թեթեւացրել են մեր հոգսը: Լաւատեսութիւնն է, որ մեզ առանց հիասթափութիւնների ու մեծ հաւատով առաջ շարժուելու հնարաւորութիւն է տալիս: Չենք դժգոհում ու չենք էլ զղջում: Մենք՝ ընտանիքով, միաբան ենք. ինչ խնդիր լինի, իրար հետ քննարկում ենք, խելք-խելքի տալիս, ու յանկարծ տեսնում ենք, որ այդ դժուարութիւնն այլեւս չկայ: Փոխադարձ վստահութիւն, սէր, հաւատ, աւանդապաշտութիւն, ներողամտութիւն. այս արժէքներն են, որ մեր ընտանիքը կուռ ու համերաշխ են պահում,-ասում է Մարտիկը։
Մարտիկի մեծ որդին՝ Բաղդասարը, կրտսեր եղբօրից՝ Դանիէլից առաջ պատուով աւարտել է զինծառայութիւնը: Լաւ զինուոր է եղել. բազում շնորհակալագրերով ու պատուոգրերով է տուն վերադարձել: Մեծ հօրեղբօր օրինակը միշտ աչքի առջեւ՝ ծառայել է սիրով ու նուիրումով: «Միշտ մտածում էի, որ իմ մեծ ընտանիքը՝ քոյրերս, եղբայրներս, ծնողներս հիմա իմ յոյսին են: Մեզ շատ են առաջարկել երկրից գնալ, բայց միշտ հրաժարուել ենք: Այս հողն ու ջուրն են մեզ կերակրել, այստեղ են մեր արմատները: Պէտք է ատամներո՛վ պահենք…»:
– Ի՞նչն է ամենակարեւորը այսքան շատ երեխաներ դաստիարակելու ընթացքում: Դժուար չէ՞,- հարցնում եմ Անժելային՝ տանտիկնոջը:
– Չէ՛, բոլորովին դժուար չէ: Յատկապէս որ՝ արդէն մէկը միւսին օգնում են: Ամենակարեւորը, որ լսող լինեն, հասկացող, նուիրուած լինեն միմեանց, ընկերներին: Լաւ մարդ լինեն: Շատ կ՛ուզենամ, որ մեր հայ մայրիկները չխուսափեն շատ երեխաներ ունենալուց եւ զգան ամէն երեխայի հետ եկող իւրայատուկ երջանկութիւնը: Ի դէպ, ամէն երեխայից յետոյ ես ինձ աւելի առողջ ու առոյգ եմ զգացել:
– Կարո՞ղ ես առանց կանգ առնելու իրար հետեւից երեխաների անունները թուարկել՝ մեծից փոքր,- հարցնում եմ կատակով:
– Դանիէլ, Բաղդասար, Բաւական, Շուշանիկ, Սաթենիկ, Մարիամ, Նազելի, Սառա, Արմինէ, Եսթեր, Սամուէլ, Մելինէ, Աննա, Դաւիթ, Յակոբ: Սա էլ Դանիէլս է,- Անժելան գորովանքով ինձ է մեկնում զինուոր որդու լուսանկարը ու թաքուն սրբում է աչքերը: – Շատ եմ կարօտել: Բոլոր երեխաներս էլ իւրայատուկ են, բայց Դանիէլիս առանձնայատուկ եմ կապուած: Շատ լաւ մարդ է, լաւ ընկեր: Փոքր ժամանակուանից ե՛ւ սովորել, ե՛ւ աշխատել է. ձեռքից ինչ ասես գալիս է. այս տունն ինքն է վերանորոգել, բակի աւազանն էլ իր ձեռքի գործն է: Հիմա էլ զօրամասում, ինչի կարիքը լինի, հասնում, օգնում է:
Ընտանիքի երեք տղայ էլ դեռ պիտի զինուորանան:
– Ես՝ ինքս, առողջական խնդիր եմ ունեցել եւ չեմ ծառայել բանակում: Բայց երեխաներիս այնպէս եմ սովորեցնում, որ եթէ հայրենիքին պէտք է, ուրեմն ոչինչ, ոչինչ պէտք չէ խնայել: Հայրենասիրութիւնը դատարկ խօսք չէ: Այն գործ է: Ես էլ իմ ընտանիքի բարօրութիւնն եմ իմ գործը համարում: Որդիներս հասկանում են, որ այս մեծ ընտանիքը պաշտպանելու համար պէտք է բազմապատկեն իրենց եռանդը,- ասում է Մարտիկը:
– Դանիէլին ի՞նչ ունէք հաղորդելու,- հարցնում եմ երեխաներին ու հաւաքում շուրջս:
Ութամեայ Սամուէլը՝ այս տան երրորդ՝ ապագայ զինուորը, շատ լուրջ է մօտենում ասելիքին. ունքերը մօտեցել են իրար, հայեացքը՝ ցած. «Ուզում եմ, որ շուտ գայ… շատ եմ կարօտել: Ես էլ իրենից յետոյ՝ ութ տարի անց եմ ծառայելու, որ մեր ընտանիքը միշտ խաղաղ, լաւ ապրի»:
Փոքր քոյրերից Մելինէն էլ ասելիք ունի. «Ուզում եմ Դանիէլին ասել՝ շնորհակալութիւն… Թող լաւ ծառայի ու շուտ ետ գայ»:
Սաթենիկն ու Մարիամն արդէն օրիորդներ են. «Դանիէլին ուզում ենք ասել, թող իմանայ՝ իրեն այստեղ շա՜տ սպասողներ կան…»: Այդ «շա՜տ»ը իւրայատուկ հնչերանգով են արտաբերում: Աղջիկների խորամանկ ժպիտի ու բազմանշանակ հնչերանգի մէջ գաղտնիք է ենթադրւում: Սկզբում չեմուչում են անում, իրար նայում, յետոյ հայեացքով ցոյց են տալիս. «Ա՛յ, էստեղ նայէք՝ կը հասկանաք…». շրջանակի մէջ երիտասարդի լուսանկարն է՝ մի գեղեցիկ աղջկայ հետ: Պարզ է: Մի խօսքով, Դանիէլ ջան, նա էլ է քեզ կարօտում ու սպասում…
Ընտանեկան լուսանկարի համար բոլորին խնդրում ենք մի տեղ հաւաքուել, ինչը հեշտ գործ չէ. երեխաները վազվզում են բակում: Բայց որոշ ժամանակ անց յաջողւում է բոլորին մի տեղ ժողովել: Պստիկները արագ-արագ հաշւում են միմեանց ու ասում՝ «16 չէ՛, 17 հոգի ենք»: Ու փոքրիկ թաթիկներով ցոյց են տալիս. «Դանիէլն էլ ա՜յ էստեղ կը կանգնէր՝ իմ կողքին», Մելինէն է: «Չէ՛, իմ կողքին՝ ա՜յ էստե՛ղ», սա էլ Աննան է:
Եւս մէկ ակնթարթ, եւ լուսանկարչական ապարատի կադրում է յայտնւում այս մե՜ծ ընտանիքը… «Առայժմ 17 հոգանոց»՝ յիշում եմ Մարտիկի խօսքը:
«ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ»
–Լուսանկարը՝ ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈԹՒՐԵԱՆի
———————–
Արամ
եւ Նայիրի
Մատէնլեան
Թո՛ղ Նոր Տարին
Մեզի Բերէ
Նոր
Յաջողութիւններ
Շնորհաւոր
որ Տարի
Եւ Ս. Ծնունդ
————————–
Շնորհաւոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ
Ամենալաւ Մաղթանքներով
Մեր Սիրելի Հայ Ազգին եւ Հայրենիքին
Յարատեւ Յաջողութիւն, Փայլուն Ապագայ
Եւ Կանաչ Ճանապարհ
Տիկ. Մարալ Տապաղեան-Անճարկօլեան,
Նախագահ
Իրաքահայերու Ընտանեկան Միութիւն
Շաբաթօրեայ Վարժարան
Եւ Յարակից Մարմիններ