«Մի Կողմից Քրտական, Միւս Կողմից Հայկական Մշակոյթ. Դա, Սակայն, Հարստութիւն Չէ, Հէնց Հոգեխոցութիւն Է, Որ Կայ…»
Վարեց՝ ԻՆԱՆՉ ԵԸԼՏԸԶ
Թարգմանեց՝ ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Տիարպեքիրի (Տիգրանակերտ.-«Ակունք») Էղիլ գաւառում ապրող իսլամացուած հայերի պատմութիւնները վերածուած են ժապաւէնի: «Թաքցուած Խաչ» վաւերագրական ժապաւէնում, որի բեմադրիչներ են Ալթան Սանճարն ու Սերհաթ Թեմելը, ներկայացւում է 1915թ. (Հայոց Ցեղասպանութիւն.-«Ակունք») յետոյ իսլամացման ու բռնի ձուլման քաղաքականութեան պատճառով հայ ժողովրդի ստացած հոգեխոցութիւնը:
Վաւերագրական ժապաւէնի անդրանիկ ներկայացումը տեղի ունեցաւ Տիարպեքիրի քաղաքապետարանի մշակոյթի եւ համաժողովների կենտրոնում: Ժապաւէնի ցուցադրութիւնից յետոյ կարճ քննարկում եղաւ ժապաւէնի բեմադրիչների հետ:
Ժապաւէնի ցուցադրութիւնից առաջ «Թաքցուած Խաչ» ժապաւէնի շուրջ զրուցեցինք ժապաւէնի բեմադրիչներից Ալթան Սանճարի հետ: Սանճարը ներկայացրեց իսլամացուած հայերի ստացած հոգեխոցութիւնը եւ ասաց. «Ժապաւէնում չի ներկայացուել նկարահանումներից առաջ նրանց պատմածների մէկ տասներորդն անգամ: Ես վստահ եմ, որ եթէ այդ խօսակցութիւնները եւս ձայնագրուէին, հանդիսատեսը կը սարսռար»:
ԻՆԱՆՉ ԵԸԼՏԸԶ.- Ինչպէ՞ս առաջացաւ իսլամացուած հայերի մասին պատմող ժապաւէնի նկարահանման գաղափարը:
ԱԼԹԱՆ ՍԱՆՃԱՐ.- Մշտապէս ասում ենք, որ այն, ինչ ներկայացւում է ժապաւէնում, մեր պատմութիւնն է: Վաւերագրական ժապաւէնի բոլոր հերոսները ինչ-որ առումով կամ մեր բարեկամներն են, կամ՝ հարեւանները: Մանկութեան տարիներից սկսած՝ մենք լսել ենք այդ պատմութիւնները, պատմութիւններ, որոնք տան պատերից դուրս չէին գալիս: Անցած տարի որոշեցինք յաւերժացնել դրանք եւ սկսեցինք ժապաւէնի նկարահանումները: Այդ գործն արեցինք, քանի որ ցանկանում էինք մեր ներդրումն ունենալ անցեալի հետ առերեսման գործում: Հայոց Ցեղասպանութիւնը թապու է, եւ եթէ չխօսենք այդ թապուի մասին, Թուրքիան երբեք ժողովրդավարական երկիր չի դառնայ: 1915ի մի մասնիկ էլ իսլամացուած հայերն են: Մենք մեր պարտքը համարեցինք փոխանցել նրանց պատմութիւնները:
ԻՆԱՆՉ ԵԸԼՏԸԶ.- Դուք պատմութիւնը սկսում էք 1915 թուից: Ինչո՞վ է դա պայմանաւորուած:
ԱԼԹԱՆ ՍԱՆՃԱՐ.- Այս հողերում ամէն ինչ սկսուել է 1915ից: Եթէ տեղի չունենայ 1915 թուի հետ առերեսումը, Թուրքիայի ժողովրդավարացումն անհնարին կը դառնայ: Վերջին 100 տարում երկրում իրականացուած անտեսման, բռնի ձուլման, հայրենազրկման ու գոյքի բռնագրաւման քաղաքականութեան արմատներից մէկը 1915ն է: Այսօրուայ Թուրքիայի ծիլերը հասունացել են 1915 թուին ու հետագայ տարիներին: Եթէ մենք հիմա փափաքում ենք Թուրքիայում տեսնել ժողովրդավարութիւն եւ յանուն դրա պայքար ենք մղում, ապա պէտք է հայերի դէմ իրագործուած այդ վայրագութիւնները տեսնենք, առերեսուենք դրանց հետ եւ ներողութիւն խնդրենք: Գուցէ այդ ժամանակ Թուրքիայում ապրող ալեւիները, քրտերը եւ այլք ապրեն աւելի հանգիստ մթնոլորտում:
ԻՆԱՆՉ ԵԸԼՏԸԶ.- Մի կողմից մուսուլման, միւս կողմից հայ… Դուք տեսե՞լ էք արդեօք այս խառնուրդի մշակութային դրսեւորումները:
ԱԼԹԱՆ ՍԱՆՃԱՐ.- Իրականում որեւէ խառնուրդի մասին խօսք չկայ, քանի որ մենք ժապաւէնում փորձում ենք մատնանշել իսլամացման միջոցով իրականացուած բռնաձուլման գործընթացը: Իսլամացուած հայերի ձեռքից միայն հաւատքը չէ որ խլուել է, խլուել են նաեւ՝ մշակոյթը, ինքնութիւնը, հողերը, հարստութիւնը, կարճ ասած, հային հայ դարձնող ամէն բան: Սակայն մշակութային կոդերը (գաղտնագիրները-Խմբ.), գուցէ եւ առանց հասկանալու, մինչեւ մեր օրերը փոխանցուել են, եւ այն մարդիկ, որոնք ապրել են որպէս քուրդ մուսուլման, կենդանի են պահել հայկական աւանդոյթները եւ մշակոյթը: Դա հնարաւոր է տեսնել նրանց ուտեստների, լեզուի մէջ, տօների ու հարսանիքների ժամանակ: Հետաքրքիր խառնուրդ է դա՝ մի կողմից քրդական, միւս կողմից հայկական մշակոյթ… սակայն այն հարստութիւն չէ, այլ հէնց հոգեխոցութիւն է, որ կայ:
ԻՆԱՆՉ ԵԸԼՏԸԶ.- Նկարահանումների ժամանակ իսլամացուած հայերը ձեզ ինչպէ՞ս ընդունեցին:
ԱԼԹԱՆ ՍԱՆՃԱՐ.- Մենք նրանց տները ենք գնացել ոչ թէ որպէս խումբ, որը ցանկանում է ժապաւէն նկարահանել, այլ՝ որպէս հարեւան, բարեկամ եւ նոյնիսկ տանտէր: Նրանց մէջ այնքան վախ ու հոգեխոցութիւն կայ, որ եթէ մէկ այլ խումբ այդ դռները թակէր, նրանց պատմութիւնները գուցէ չկարողանար ջրի երես հանել, քանի որ խօսում ենք մի կառոյցի մասին, որը դրսի աշխարհի համար ամբողջովին փակ է:
ԻՆԱՆՉ ԵԸԼՏԸԶ.- Լա՛ւ, իսկ ինչպիսի՞ն էին հայերի ու գաւառներում ապրող քրդերի փոխյարաբերութիւնները:
ԱԼԹԱՆ ՍԱՆՃԱՐ.- Ամբողջ գաւառում արդէն քրդեր են բնակւում: Կենտրոնում խօսում են զազայերէն, իսկ որոշ գիւղերում՝ քուրմանճի բարբառով: Այնտեղ ապրող իսլամացած հայերի մի մեծ զանգուած իրեն համարում է քուրդ. բնակուողները իսլամացուած հայ ընտանիքներին ճանաչում են: Այդ իրավիճակը նրանց յարաբերութիւնների վրայ բացասական չի անդրադառնում: Սակայն չմտածէք, թէ այդ տարածքներում բարեացակամութիւնն ու համատեղ ապրելու մշակութային զարգացածութիւնը շատ բարձր մակարդակի վրայ են: Նրանց յարաբերութիւններում խնդիր չի առաջանում, քանի որ այլեւս չկայ հայկականութիւն: Ի հարկէ, բաւականին շատ է այն մարդկանց թիւը, որոնք պաշտպանում են գաւառում հայերի հետ համատեղ ապրելու գաղափարը, սակայն հետաքրքիր է՝ եթէ հայերը այդ տարածքներում ապրէին իրենց հայկական ինքնութեամբ, իսկապէս իրավիճակն այդպիսին կը լինէ՞ր: Իսլամացումը զուտ կրօնափոխութիւն չէ։
ԻՆԱՆՉ ԵԸԼՏԸԶ.- Վաւերագրական ժապաւէնի անունը «Թաքցուած Խաչ» է… Անատոլիայում ապրող ժողովուրդների մասին աշխատանքներում յատկապէս առաջ է մղւում կրօնական գործօնը: Օրինակ՝ երբ ասում ենք հայ, առաջինը, որ մարդու մտքին գալիս է, քրիստոնէութիւնն է: Վաւերագրական ժապաւէնի վերնագիրն էլ է դա շեշտում… կարծես հաւասարութեան նշան է դրւում հայկականութեան ու քրիստոնեայ լինելու միջեւ: Ժապաւէնի հերոսների գլխաւոր խնդիրը իրենց հաւա՞տքն էր արդեօք: Բացի կրօնից՝ ուրիշ ի՞նչ խնդիրներ ունէին նրանք:
ԱԼԹԱՆ ՍԱՆՃԱՐ.- Ինչպէս վերը նշեցինք, հայկականութիւնը միայն կրօնով չի արտայայտւում: Հասուն հայը, եթէ նրան չեն ստիպում կամ ճնշումների չեն ենթարկում, կարող է կրօնափոխ լինել, կարող է նաեւ աթէիստ դառնալ: Այս ժապաւէնում մենք շեշտում ենք իսլամացումը, որպէսզի ուշադրութիւն հրաւիրենք բռնաձուլման գործընթացի վրայ: Երբ սկսուել է իսլամացման գործընթացը, զուգահեռ գործ է դրուել բռնի ուծացման քաղաքականութիւնը: Եթէ հայերը քրիստոնեայ էլ մնային, գուցէ եւ հայկականութիւնը չկարողանային պահպանել, քանի որ փոխուել էին անունները, նրանց մշակոյթը, տեղի էր ունեցել գոյքի բռնագրաւում եւ հայրենազրկում: Ըստ իս, այդ հայերի գլխաւոր խնդիրը ոչ թէ հաւատքն էր, այլ՝ իրենց պապերի նկատմամբ կիրառուած վայրագութիւնները պատմելը: Հայերին սպաննածների հիմնական խնդիրն էլ հայերի գոյութիւնն էր: Նախկինում հայերը ինչ խնդիր որ ունեցել են, այսօր էլ նոյն խնդիրներին են հանդիպում: Երէկ էլ հայը թշնամի էր, այսօր էլ է թշնամի: Երէկ էլ հայի ունեցուածքի վրա բոլորը աչք ունէին, այսօր էլ ունեն… Կարճ ասած, իսլամացումը բռնաձուլման գործընթաց էր, այլ ոչ թէ՝ զուտ կրօնափոխութիւն…