«Իրանի Հայ Դատի Յանձնախումբը Գործունէութիւն Է Ծաւալում Հակահայկական Նախաձեռնութիւնները Չէզոքացնելու Համար»
«Ապառաժ»ը Թեհրանում գործող Alikonline կայքի խմբագիր Արամ Շահնազարեանի հետ զրուցել է Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների, յետագայ զարգացումների, հնարաւոր վտանգների եւ հայկական կողմի քայլերի մասին:
«ԱՊԱՌԱԺ».- Մերձաւոր Արեւելքում բաւականին երկար ժամանակ տիրում է լարուած մթնոլորտ: Արդեօք սպասելի՞ էր Իրան-ԱՄՆ առճակատումը:
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ.- Մինչ վերջերս գրեթէ բոլորը խօսում էին Իրան-ԱՄՆ ռազմական առճակատման բարձր հնարաւորութեան մասին: Սակայն, երկու երկրների ղեկավարների յայտարարութիւններից յետոյ, ակնյայտ դարձաւ, որ կողմերը փորձում են հնարաւորինս հեռու մնալ գոնէ ուղղակի առճակատման վտանգից, եւ դեէսկալացիայի (ապամագլցումի-Խմբ.) հարցով որոշակի քայլեր են ձեռնարկում:
Ընդգծեմ, որ սա ուղղակի առճակատման մասին է, իսկ կողմերի միջեւ հիբրիդային (համացանցային-Խմբ.) պատերազմի վտանգը դեռեւս շարունակում է օդում կախուած մնալ:
«ԱՊԱՌԱԺ».- Իրանի բարձրագոյն ղեկավար այաթոլա Ալի Խամենէին յայտարարել է, որ Իրաքում գտնուող Ամերիկեան յենակէտերի խոցումը միայն ազդակ է եւ գեներալ Սուլէյմանիի սպանութեան վրէժը կ՛իրագործուի, երբ Ամերիկեան ուժերը դուրս շպրտուեն տարածաշրջանից: Իրանն ի՞նչ քայլեր է ծրագրում ձեռնարկել այդ ուղղութեամբ:
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ.- Արտատարածաշրջանային ուժերի հեռացումը տարածաշրջանից Իրանի ռազմավարական կարեւոր նպատակներից մէկն է:
Դեռեւս իրավիճակի վերջին թէժացումից առաջ, Իրանը տարածաշրջանի երկրներին էր ներկայացրել «Հորմոզի խաղաղութեան նախագիծը», որը ենթադրում է տարածաշրջանային անվտանգութեան եւ կայունութեան ապահովումը՝ տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցութեամբ: Այս կապակցութեամբ, մինչ վերջին թէժացումն Իրանը տարբեր մակարդակներով բանակցութիւններ էր վարում տարածաշրջանի մի քանի երկրների՝ Իրաքի, Կատարի, Օմանի եւ Քուէյթի հետ: Այս նախաձեռնութեան առանցքային բաղադրիչն արտատարածաշրջանային ուժերի հեռացումն է տարածաշրջանից:
Իսկ ինչ վերաբերում է վերջին թէժացումից յետոյ, ամերիկեան ուժերի տարածաշրջանից դուրս շպրտման մասին յայտարարութիւններին, ապա Իրանը կարող է օգտագործել իր տարածաշրջանային արբանեակ ուժերի բոլոր հնարաւորութիւններն այն իրականցնելու համար: Դրա վառ ապացոյցը գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութիւնից յետոյ, ԱՄՆ գլխաւորած հակաահաբեկչական կօալիցիայի ուժերի, Իրաքից հեռանալու մասին այդ երկրի խորհրդարանի որոշումն էր, որն Իրանի հետ սերտ կապեր ունեցող շիա քաղաքական կուսակցութիւնների նախաձեռնութիւնն էր:
Այս համատեքստում, պէտք է նշեմ, որ արտատարածաշրջանային ուժերի հեռացումը տարածաշրջանից չափազանց բարդ եւ երկարատեւ գործընթաց է ենթադրում, որի իրականացման շանսերը, գոնէ այս պահի դրութեամբ այնքան էլ մեծ չեն: Սա գիտակցում են նաեւ Թեհրանում, եւ փորձում են գործընթացն օգտագործել ամերիկեան ուժերի մանեւրի (զորաշարժի-Խմբ.) հնարաւորութիւնները մաքսիմալ (առաւելագոյն-Խմբ.) սահմանափակելու համար:
«ԱՊԱՌԱԺ».- Իրանի նկատմամբ ԱՄՆ կիրառած պատժամիջոցներն ինչպէ՞ս անդրադարձան Իրանի տնտեսութեան վրայ եւ Իրանն ի՞նչ միջոցներով կարող է խուսափել կամ քայլեր ձեռնարկել՝ տնտեսական կայունութիւնը պահպանելու համար:
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ.- Իրանի նկատմամբ գործադրուող տնտեսական տոտալ (ամբողջական-Խմբ.) ճնշումը չէր կարող բացասաբար չազդել երկրի տնտեսութեան վրայ: Դրա հետեւանքները տեսանելի են ամէնուրեք, մասնաւորապէս՝ շարքային քաղաքացիների առօրեայ կենսամակարդակի վրայ, որն էլ հասարակական որոշակի դժգոհութեան պատճառ է դարձել:
Բենզինի գնի թանկացման պատճառով, անցեալ Նոյեմբերին երկրում տեղի ունեցած զանգուածային անկարգութիւնները հէնց այդ դժոգութեան արդիւնքն էին:
Տնտեսական կայունութիւնը պահպանելու համար, իշխանութիւններն առաջին հերթին փորձում են ապաւինել ներքին ռեսուրսներին (միջոցներուն-Խմբ.) եւ զարկ տալ հայրենական արտադրութեանը՝ ձեւաւորել ինքնաբաւ տնտեսութիւն: Այս գործընթացն ի դէպ, նորութիւն չէ: Իսլամական յեղափոխութեան յաղթանակից ի վեր, Իրանը դէմ-յանդիման է կանգնած ամերիկեան եւ արեւմտեան ամենատարբեր պատժամիջոցների, որոնց յաղթահարման համար վերոնշեալ մարտավարութիւնն է կիրառում: Դրան զուգահեռ, մշտապէս միջոցներ է ձեռնարկում պատժամիջոցները շրջանցելու համար:
«ԱՊԱՌԱԺ».- Տարածաշրջանի ապակայունութիւնը կարող է ստանալ լայնամասշտաբ (լայնածաւալ-Խմբ.) պատերազմական բնոյթ: Դէպքերի նման զարգացումը ինչպիսի՞ ազդեցութիւն կարող է ունենալ Հայաստանի վրայ:
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ.- Կարծում եմ երկու կարծիք լինել չի կարող, որ դէպքերի նման անցանկալի զարգացումն ինչպիսի անկանխատեսելի եւ աղէտալի հետեւանքներ կարող է ունենալ հայկական զոյգ պետութիւնների՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների համար:
Եթէ դէպքերը զարգանան ձեր նշած ուղղութեամբ, կարծում եմ, որ ադրբեջանցիները հանգիստ չեն նստի տեղները եւ կը փորձեն ակտիւանալ, (աշխոյժանալ-Խմբ.) եթէ, իհարկէ, պայմանները նպաստաւոր լինեն:
Yerkir.am-ի հետ հարցազրոյցում, առիթ ունեցել եմ նշելու, որ հայկական կողմը պէտք է պահպանի զգօնութիւնը, վարի նախաձեռնողական քաղաքականութիւն, տարբեր մակարդակներում խորհրդակցութիւններ ունենայ տարբեր երկրների հետ, որպէսզի սցենարի (բեմագրութեան-Խմբ.) վատագոյն զարգացման դէպքում անգամ, կարողանայ ստեղծուած իրավիճակից ելք գտնել:
«ԱՊԱՌԱԺ».- Ո՞րն է Իրանի դերը տարածաշրջանի կայունութիւնն ապահովելու գործում:
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ.- Իր մարդկային, ռազմական եւ տնտեսական ռեսուրսներով (թէկուզ տոտալ պատժամիջոցների պայմաններում) Իրանը, Թուրքիայի եւ Սաուդիան Արաբիայի կողքին (չմոռանանք նաեւ Իսրայէլին) շարունակում է մնալ որպէս տարածաշրջանային գերտերութիւններից մէկը, որը ցանկացած պահի կարող է խառնել խաղաքարտերը եւ խաղի սեփական պայմանները թելադրել:
Առանց Իրանի գործուն ներգրաւուածութեան անհնար է պատկերացնել տարածաշրջանային անվտանգութիւնն ու կայունութիւնը: Չմոռանանք առանցքային եւ չափազանց որոշիչ այն դերակատարութեան մասին, որն Իրանն ունեցել է Իրաքում եւ Սիրիայում ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարի գործում, ի դէպ, հէնց գեներալ Ղասեմ Սոլէյմանիի ղեկավարութեամբ:
«ԱՊԱՌԱԺ».- Իրանում ադրբեջանական համայնքի ներկայութիւնն ի՞նչ ազդեցութիւն ունի Իրան- Հայաստան յարաբերութիւնների վրայ:
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ.- Ադրբեջանական համայնքի ներկայութիւնը չի կարող որոշիչ ազդեցութիւն ունենալ Իրան-Հայաստան յարաբերութիւնների վրայ: Իրանի արտաքին քաղաքականութիւնը, այդ թւում՝ հարաւկովկասեան քաղաքականութիւնը, բնականաբար, ձեւաւորւում է բոլորովին այլ մակարդակում, որտեղ բացառապէս հաշուի են առնւում երկրի անմիջական շահերը, արտաքին քաղաքականութեան հետ կապուած առաջնահերթութիւններն ու մարտահրաւէրները, ինչպէս նաեւ՝ բազմաթիւ այլ գործօններ:
Չմոռանանք, որ Իրանի տարածաշրջանային քաղաքականութիւնում յատուկ դեր եւ նշանակութիւն է վերապահուած Հայաստանի հետ յարաբերութիւններին, որոնք անմիջական նշանակութիւն ունեն յատկապէս երկրի ազգային անվտանգութեան շահերի ապահովման հարցում:
«ԱՊԱՌԱԺ».- Ադրբեջանցիների կողմից տարածուող հակահայկական ստայօդ լուրերին հակազդելու ուղղութեամբ վերջերս ինչ-որ չափով կարողացանք յաջողութիւն գրանցել: Հայկական կողմն ի՞նչ միջոցներ պէտք է ձեռնարկի ադրբեջանական լոբիին հակազդելու համար:
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ.- Այս կապակցութեամբ, նախ ցանկանում եմ յատուկ ընդգծել գեներալ Սոլէյմանիի սպանութեան հետ կապուած ԱՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արշաւիր Ղարամեանի, եւ նախկին քարտուղար Վիտալի Բալասանեանի ֆէյսբուքեան գրառումները, որոնք մեծապէս նպաստեցին չէզոքացնելու նախօրէին ադրբեջանական լրատուամիջոցների կողմից շրջանառուող «ֆէյք» (կեղծ-Խմբ.) լուրն այն մասին, թէ իբր ՀՀ վարչապետը շնորհաւորել է ԱՄՆ նախագահին գեներալի սպանութեան կապակցութեամբ:
Դա չափազանց կարեւոր քայլ էր, որը նպաստեց չէզոքացնելու Իրանում պանազերիական շրջանակների կողմից տիրաժաւորուող (արտատպուող-Խմբ.) այդ կեղծ լուրը:
Ձեր հարցին ի պատասխան, պէտք է նշեմ, որ հայկական կողմին անհրաժեշտ է ցուցաբերել ակտիւ քարոզչական, տեղեկատուական նախաձեռնողական քաղաքականութիւն: Լինել առաւել ակտիւ՝ ազդողի, այլ ոչ թէ հակազդողի դերում: Դա իմ կարծիքով չափազանց կարեւոր է:
Հէնց վերոնշեալ հակահայկական միջադէպի հետ կապուած, պաշտօնական Երեւանի դանդաղկոտութիւնը, եւ ուշացած արձագանգը կարող էր լուրջ հետեւանքներ ունենալ:
Ցանկանում եմ նշել, որ Իրանի Հայ Դատի յանձնախումբը գործունէութիւն է ծաւալում հակահայկական նախաձեռնութիւնները չէզոքացնելու համար: Սակայն, կան դէպքեր երբ անհրաժեշտ է պետական մակարդակով արձագանգ՝ Երեւանից: