ԿԱՐԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Սահմանադրական դատարանի նախագահին առնչուող գրիչի պատմութիւնը եւս մէկ անգամ ցոյց տուեց, որ այս կառավարութիւնը հանրութեան հետ հաղորդակցութեան խնդիր ունի:
2018ի թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ սկսուած եւ ծրագրուող բարեփոխումների մասին ռազմավարական հաղորդակցութիւն չկայ: Հաղորդակցութեան բացակայութիւնը երեւում է նաեւ հէնց կառավարող թիմի ու կառավարութեան ներսում:
Հանրութեանը պարզ եւ հասկանալի ուղերձներ յղելու փոխարէն դիսկուրսը (խօսոյթը-Խմբ.) յաճախ ակամայ մղւում է պարզունակ մանիպուլեացիաների (ձեռնածութիւններու-Խմբ.) դաշտ՝ «լաւ հումք» դառնալով դրան սպասող մի շարք լրատուականների ու գործիչների համար:
Հանրութեան հետ ճիշդ հաղորդակցուելու բացը գնալով աւելի բաց է դառնում:
Խօսեմ օրինակներով:
Փակուեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնը, փոխարէնը բացուեց «Օրբելի» կենտրոնը: Որեւէ կերպ հանրութիւնը չիմացաւ, թէ ինչու մէկ կիսաորակ կենտրոնը փոխարինւում է մէկ այլ կիսաորակ կենտրոնով:
Քննադատուեց եւ փակուեց «Արի տուն» ծրագիրը, փոխարէնը սկսուեց «Քայլ դէպի տուն»ը: Այս երկու ծրագրերն ըստ էութեան նոյնն են: Չբացատրուեց, թէ ինչու այդպէս որոշուեց, ինչ պէտք է փոխուի դրանից:
Փակուեց Ռազմավարական նախաձեռնութիւնների կենտրոնը: Ասուեց, որ քաղաքականութիւնների մշակման գործը պէտք է արուի նախարարութիւնների ներսում, ոչ թէ առանձին կառոյցի կողմից, որ այդ կենտրոնում շատ բարձր աշխատավարձեր էին ստանում եւ այլն: Առայսօր չի բացատրուել, թէ արդեօք նախարարութիւնների ներսում ձեւաւորուե՞լ են այդ խմբերը, որոնք կարող են մրցունակ ծրագրեր մշակել:
Կառավարութիւնը որոշում է, որ իր աշխատանքի արդիւնաւէտութիւնը կախուած է նաեւ պաշտօնեաների ու աշխատակիցների մարդավայել աշխատավարձից: Բացը որոշւում է լրացնել պարգեւավճարներով: Ինչ խօսք, կոռուպցիայի (զեղծարարութեան-Խմբ.) դէմ պայքարի շրջանակում կարեւոր քայլ է ծրարով աշխատավարձերից հրաժարումը: Բայց յանկարծ ստացւում է, որ պարգեւավճարները գաղտնի են տրուել: Եւ կառավարութիւնը, փոխանակ նախապէս բացատրէր իր որոշման նպատակը, սկսում է ստեղծուած իրավիճակի տակից դուրս գալ: Դէ, իհարկէ, հանրութիւնը դեռ չգիտի, թէ ինչ չափորոշիչներով են պարգեւավճար ստանում իր վարձու աշխատողները կամ արդեօք կայ որեւէ չափորոշիչ:
Կրթութեան երկար անուն ունեցող նախարարութիւնը որոշում է, որ հայոց լեզուն, գրականութիւնը եւ հայոց պատմութիւնը բուհերի ոչ մասնագիտական ուղղութիւնների համար չպէտք է լինեն պարտադիր առարկաներ: Միգուցէ որոշումն ունէր խորը հիմնաւորումներ, բայց հանրութիւնը անհաղորդ էր դրանց: Ոչ էլ դրան հանրային քննարկում էր նախորդել: Չեմ խօսում, թէ դրանով ինչ «իւղոտ թեմա» մատուցուեց իրենց տէրերի վերադարձը փափագող լրատուականներին:
Առողջապահութեան նախարարը, որ բարեփոխիչներից է այս կառավարութիւնում, ներկայացնում է առողջութեան պարտադիր ապահովագրութեան հայեցակարգը: Հայեցակարգի մշակմանը հանրային քննարկումներ չէին նախորդել: Եւ, որ աւելի տարօրինակ է, պարզւում է, որ քննարկումնէր թերեւս չեն եղել նաեւ կառավարութեան միւս գերատեսչութիւնների հետ: Ֆինանսների նախարարը հրապարակային դէմ է արտայայտւում հայեցակարգին: Հանրութիւնն ինչպէ՞ս իմանայ՝ կառավարութիւնն ինչ է ուզում անել իր հետ:
Գիւղական վայրերում ծննդատների փակման որոշումը: Էլի «իւղոտ թեմա» նախկինների համար՝ «ազգը տանում են կործանման», «չեն ուզում, որ երկրի բնակչութիւնն աճի» եւ այլն: Նախարարութիւնը յայտնւում է ոչ թէ պրոակտիւ (ազդող, նախաձեռնող-Խմբ.) արշաւ ու ռեֆորմ (բարեկարգումներ-Խմբ.) անողի դերում, այլ հարուածներին ռէակտիւ (հակազդող-Խմբ.) պատասխանողի: Ու այս թաշկալայում (իրարանցումին մէջ-Խմբ.) երկրորդական, երրորդական պլան (խորապատկերին մէջ-Խմբ.) է մղւում ամենակարեւորը, թէ ինչու է կարեւոր ծննդօգնութեան ծառայութեան որակի բարձրացումը, հէնց թէկուզ ժողովրդագրութեան աճի տեսանկիւնից:
Վարչապետը յայտարարում է «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Ինչ խօսք՝ իւրաքանչիւր հայի համար ականջահաճոյ յայտարարութիւն: Սակայն դրա յետեւում չկար յաջորդող քայլերի տրամաբանութիւնը: Յետոյ Փարիզում ադրբեջանցի բլոգերի հարցին ի պատասխան վարչապետն իր յայտարարութիւնը դնում է Ալիեւի՝ «Երեւանը ադրբեջանական քաղաք է, Զանգեզուրը ադրբեջանական հող է» յայտարարութիւնների կոնտեքստում (համաբնագիրին մէջ-Խմբ.), «որովհետեւ չենք ուզում վախեցող ազգի տպաւորութիւն թողնել»:
2019ի Հոկտեմբերին, վարչապետը յայտարարում է, որ 2020ին 10 միլիոն ծառ ենք տնկելու: Էլի լաւ մտադրութիւն, լաւ գաղափար: Սակայն սրա յետեւում կրկին չկայ որեւէ գործողութիւն, որեւէ հաշուարկ՝ որտեղ են տնկելու, ինչ ծառատեսակներ են տնկելու, որքան է Հայաստանի տնկարանների արտադրական հնարաւորութիւնը, որտեղից այդքան տնկի, ով է տնկելու, որտեղից փող: Իսկ 2020ի բիւջէում մասշտաբային այս ծրագրի համար նախատեսուած է ընդամէնը 414 միլիոն դրամ՝ «անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքների» տողով: Համեմատութեան համար՝ 2019ին այս նպատակի համար յատկացուել էր 426 միլիոն դրամ: Այդ ինչպէ՞ս է ստացւում, որ 2020ի այսպիսի յաւակնոտ ծրագրի համար նոյնիսկ աւելի քիչ գումար է յատկացւում, քան նախորդ տարի: Միգուցէ աւելի ճիշդ լինէր, որ վարչապետը նախքան նման յայտարարութիւնը աւելի կոնկրետ (յստակ-Խմբ.) ծրագի՞ր ունենար:
Վարչապետը յայտարարում է, որ 2050ին հասնելու ենք 5 միլիոն բնակչութեան: Մի կողմ թողնենք, որ ՄԱԿի Բնակչութեան հիմնադրամը (UNFPA) Հայաստանում 2050ին կանխատեսում է 2.81 միլիոն՝ ներկայիս 2.96 միլիոն բնակչութեան փոխարէն: Ի՞նչ տեսլականով, գործողութիւնների ի՞նչ ծրագրով ենք հասնելու այս անիրատեսական թուին: Իհարկէ, որոշ քայլեր արւում են, օրինակ՝ նորածինների համար տրուող նպաստների աւելացումը: Բայց արդեօք այս յայտարարութեան յետեւում մշակուած ժողովրդագրական ռազմավարութիւն կա՞ր, թէ էլի ձեռի հետ յայտարարութիւն էր:
Կառավարութիւնը որոշում է, որ մորթը պարտադիր պէտք է սպանդանոցներում արուի: Սակայն պարզւում է, որ բաւարար թուով սպանդանոցներ չկան, լոգիստիկ (միջոցներու կառավարման-Խմբ.) լուրջ խնդիրներ լուծուած չեն, սոցիալական (ընկերային-Խմբ.) հետեւանքները հաշուարկուած չեն: Մսավաճառների ու գիւղացիների մի քանի օրուայ ցոյց, եւ որոշման կիրարկումը յետաձգւում է մինչեւ Յունիս:
Ամուլսարի հանքի շահագործման թեման հանրութեան համար մնաց ամենաարծարծուածներից ու ամենաանհասկանալիներից մէկը: Հանքի շահագործման դէպքում հանրային լուրջ դժգոհութիւնների ու հանքի շահագործումն արգելելու դէպքում երկրի համար ֆինանսական հնարաւոր մեծ կորուստների արանքում կառավարութիւնը չի կողմնորոշւում կամ կողմնորոշուել է եւ չի կարողանում իր որոշումը հաղորդել հանրութեանը:
Վարչապետի՝ դատարանների շրջափակման կոչը՝ առանց գործողութիւնների յետագայ յստակ պլանի (ծրագիրի-Խմբ.), եւս ձախողուած հաղորդակցութիւնների շարքից է: Այսրոպէական նման պոռթկումները ստուերում են դատաիրաւական բուն բարեփոխումները, առաջնային խնդիրները մղում երկրորդ պլան ու պարարտ հող ստեղծում կառավարութեան ձախողումը տենչացող նախկինների համար:
Իսկ Հրայր Թովմասեանի գրիչի պատմութիւնը վերջին դրուագն էր, թէ ինչու չի կարելի անել նման բան: Ոչ ոք կասկած չունի, որ հէնց Թովմասեանի գրած սահմանադրութիւններով էին Սերժ Սարգսեանն ու Բակօ Սահակեանը փորձում «յաւերժանալ» Հայաստանում ու Արցախում, որ հէնց այդ ծառայութիւնների համար է Թովմասեանը ստացել ՍԴ նախագահի պաշտօնը: Սակայն, երբ ամբողջ ազգը սպասում է «Հրայրի մեղսագործութիւնների մասին համոզիչ փաստարկների», յանկարծ յայտնւում է գրիչի մասին մի հեքիաթ… ու կրկին յարձակումների մեծ ճակատ յեղափոխութեան, դրա արժէքների ու ակնկալիքների վրայ:
***
Հանրութեան ակնկալիքները մեծ են լեգիտիմ (օրինական-Խմբ.) կառավարութիւնից: Կառավարութիւնը յաճախ իր լեգիտիմութիւնը շռայլում է «շագրենի կաշուի» (Հոնորէ Տը Պալզաքի վերնագիրը. գիրքը կը պատմէ փոքրացող կաշիի մը մասին-Խմբ.) նման, փոխանակ այն օգտագործելու արմատական ու արագ բարեփոխումներ անելու համար:
(Վերեւի շարքը կարելի է շարունակել):
«ՍԻՎԻԼՆԵԹ»
Աս գորղը իրական դաշնակցականի պէս գրեր է: Ըսել կուզեմ որ ամէն բան կէտը կէտին դրէր է եւ փաստերով խօսեր է: Ես չէի գիտեր որ «ՍԻՎԻԼՆԵԹ»ը դաշնակցութեան կողմը անցեր է: Առաջ Փաշինեանին կը գովէր հա կը գովէր: Աս գրուածքէն անանկ կը հասկցուի, որ նոր կառավարութիւնը լաւ բաներ ընելու տեղը կը փչէ ու կը փչէ մէկն ալ չի ըսեր որ աս փչոցներուն վերջը մեր երկիրը ուր պիտի հասնի: Պէտք է ասանկ յօդուածներ շատ գրէք, որպէսզի ժողովուրդին աչքը բանաք իրականութեան եւ հասկցնէք, որ աս Նիկոլը եւ իր չոճուխ ընկերները կառավարութիւն ըսելէն բան մը չեն հասկնար: