Ռուսական Սու-30սմ կործանիչի օդաչուական խցիկում վարչապետ Փաշինեանի լուսանկարի հրապարակումից յետոյ, բնականաբար, բուռն քննարկում սկսուեց այդ կործանիչների գնման հեռնակարի շուրջ:
Արդեօք իսկապէ՞ս Հայաստանին պէտք է այդպիսի թանկ զէնք: Ի՞նչ առաւելութիւններ այն կը տայ, ի՞նչ պոտենցիալ ռիսկեր (հաւանական վտանգներ-Խմբ.) է պարունակում: Razm.info-ն կը փորձի վերլուծել ակնկալուող այս գործարքի վերաբերեալ առաւել էական հարցերը:
Հայկական ռազմական աւիացիայի (օդուժ-Խմբ.) զարգացման շուրջ քննարկումները նորութիւն չեն (անգամ դեռ 90ական թուականներին), սակայն նախկինում այդ քննարկումները բաւականաչափ աբստրակտ (վերացական-Խմբ.) կամ զուտ տեսական բնոյթ են կրել: Նշենք սակայն, որ ռուսական կողմի հետ բանակցութիւններում վերջին տարիներին հայկական կողմը նաեւ գործնական հետաքրքրութիւն է դրսեւորել: Վերջերս ռուսական «Կոմերսանտ» կայքը անգամ պնդեց, որ դեռ 2012թ. Հայաստանի հետ կնքուել է Սու-30 կործանիչների մատակարարման պայմանագիր, սակայն այն ուժի մէջ չի մտել ֆինանսական խնդիրների պատճառով: Դժուար է ասել, թէ որքանով է այս տեղեկութիւնը ճիշդ, սակայն կասկածից վեր կարող ենք համարել, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցութեան օրակարգում այս հարցը եղել է:
ՀԱՐՑԻ ԳԻՆԸ
Ռազմական աւիացիան թանկ հաճոյք է: Ու հէնց սա է եղել հայկական աւիացիայի զարգացումն արգելակող հիմնական հանգամանքը: Այսօր էլ Սու-30-ների հնարաւոր ձեռքբերման քննադատողների հիմնական փաստարկներից մէկը հէնց ֆինանսական կողմն է: Ընդ որում՝ ֆինանսական կողմը քննելիս մի կողմից ուռճացուած են ներկայացւում կործանիչների արժէքը, միւս կողմից, սովորաբար, անտեսւում են յարակից այլ ծախսեր:
2014թ. Սեպտեմբերին ինքնաթիռներն արտադրողը «Իրկուտ» գործարանը յայտնեց, որ ՌԴ պաշտպանութեան նախարարութեան հետ կնքուել է 7 Սու-30սմ ինքնաթիռների, ինչպէս նաեւ ինքնաթիռների շահագործումն ապահովող միջոցների վաճառքի պայմանագիր: Պայմանագրի ընդհանուր արժէքն էր 13 միլիարդ ռուբլի (մօտ 360 միլիոն դոլար այն ժամանակուայ փոխարժէքով): Այսպիսով, 1 մեքենայի արժէքը՝ անհրաժեշտ գոյքի հետ կազմել է շուրջ 51–52 մլն. դոլար:
Նոյն տարին Ռուսաստանը Սու-30սմ ինքնաթիռներ է վաճառել նաեւ Ղազախստանին: 4 մեքենայի համար Ղազախստանը վճարեց 5 մլրդ. ռուբլի, այսինքն՝ մէկ մեքենան Ղազախստանին արժեց մօտ 34–35 մլն. դոլար: Իսկ 2015թ. վերջին կնքուած նոր պայմանագրով, Ղազախստանը ստացաւ եւս 7 միաւոր Սու-30սմ 10 մլրդ. ռուբլով կամ մօտ 20 մլն. դոլար իւրաքանչիւր ինքնաթիռի համար:
Նշուած օրինակները ցոյց են տալիս, որ մէկ ինքնաթիռի միջին գինը կարող է մօտաւոր գնահատուել 25-30 մլն. դոլար, իսկ շահագործման համար անհրաժեշտ այլ գոյքը (տարբեր տեխնիկական միջոցներ, սարքաւորումներ, զինամթերք եւ այլն) կը պահանջի եւս մօտ 20-25 մլն. դոլար:
Թանկ հաճոյք է նաեւ անձնակազմերի պատրաստումը: Մէկ օդաչուի պատրաստումը զրոյից կարող է արժենալ մինչեւ 3–4 մլն. դոլար, այսինքն՝ երկու օդաչու ունեցող Սու-30 դէպքում անձնակազմի պատրաստումը կը պահանջի 6–8 մլն. դոլար: Ընդ որում՝ իւրաքանչիւր մեքենայի համար պէտք է պատրաստ ունենալ առնուազն «1.5 անձնակազմ» (լրացուցիչ անձնակազմերը պէտք են ինչպէս չնախատեսուած իրավիճակների դէպքում, օրինակ՝ հիւանդութեան, այնպէս էլ պատերազմում օդաչուներին հանգստանալու հնարաւորութիւն տալու համար): Անգամ եթէ համարենք, որ օդաչուների վերապատրաստումը կարող է մօտ 2 անգամ աւելի էժան նստել (այդ թւում՝ հաշուի առնելով Ռուսաստանի հետ դաշնակցային յարաբերութիւնները), ստացւում է, որ ամէն ինքնաթիռի համար «1.5 անձնակազմ»ի պատրաստումը կը պահանջի 4.5–6 մլն. դոլար:
Եւ վերջապէս պիտի հաշուի առնել նաեւ շահագործման ծախսերը: Իւրաքանչիւր անձնակազմ տարեկան պէտք է առնուազն 100 թռիչքային ժամ ունենայ: Սու-30սմ թռիչքային ժամի ծախսերը գնահատւում են մօտ 35,000 դոլար: Այսինքն՝ իւրաքանչիւր անձնակազմի թռիչքների համար տարեկան առնուազն 3.5 մլն. դոլար պիտի ծախսուի:
Ստորեւ բերուած աղիւսակում նշուած են 1 էսկադրիլիայի (գումարտակի-Խմբ.) համար ակնկալուող ծախսերը՝ ըստ վերը նշուած գնահատականների:
Միաւորի Գինը (մլն. դոլարով), Քանակը, Ընդհանուր ծախսերը
– Ինքնաթիռ. 25–30 մլն. դոլար, 12 հատ, 300–360 մլն. դոլար
– Ինքնաթիռի շահագործման համար անհրաժեշտ լրացուցիչ գոյք. 20–25 մլն. դոլար, 12 հատ, 240–300 մլն. դոլար
Անձնակազմ
– 2 օդաչու. 3–4 մլն. դոլար, 18 հոգի, 54–72 մլն. դոլար
Ընդհանուր՝ 594–732 մլն. դոլար:
Շահագործման տարեկան ծախս՝ 3.5 մլն. դոլար, 18 հոգի, 63 մլն. դոլար։
Այսպիսով, ամենամօտաւոր եւ կոպիտ գնահատականներով 1 էսկադրիլիա ձեռք բերելը եւ այն մարտունակութեան հասցնելը կը պահանջի 594–732 մլն. դոլար՝ գումարած տարեկան 63 մլն. դոլար:
Ի՞ՆՉ ԿԸ ՏԱՅ ՄԵԶ ԿՈՐԾԱՆԻՉ ԱՒԻԱՑԻԱՆ
Գնի հարցում որոշակի յստակութիւն մտցնելուց յետոյ փորձենք հասկանալ, թէ արդեօք այդ գինն արժի՞ վճարել: Նախ, որպէս իրողութիւն պիտի ընդունենք այն փաստը, որ ինչ էլ մենք ձեռք բերենք, Ադրբեջանն ի վիճակի է ձեռք բերել նոյնից, ընդ որում՝ աւելի մեծ քանակով:
Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որ սպառազինութեան մեր գնումները լինեն այնպիսին, որոնք մեզ համար կ՛ապահովեն առաւելագոյն ճկունութիւն, ինչպէս նաեւ մարտավարական առաւելագոյն հնարաւորութիւններ անգամ, եթէ Ադրբեջանը նոյնպէս համանման սպառազինութիւն գնի: Այլ բառերով ասած՝ մենք պիտի մեծացնենք տեխնիկապէս եւ քանակապես մեզ գերազանցող թշնամուն ճիշդ ընտրուած մարտավարութեան շնորհիւ յաղթելու շանսերը:
Այս առումով կործանիչ աւիացիան առաւելագոյն ճկունութիւն ու մարտավարական առաւել լայն զինանոց ապահովող միջոց է: Այսպէս օրինակ. ապրիլեան պատերազմի տիպի պատերազմում հազիւ թէ հայկական կողմը գործի դնի «Իսկանդեր» օպերատիւ-մարտավարական հրթիռները: Դրանք ամենայն հաւանականութեամբ կ՛օգտագործուեն լայնամասշտաբ ու երկարատեւ պատերազմում: Մինչդեռ կործանիչ աւիացիան մարտական խնդիրներ կարող է լուծել ոչ միայն ապրիլեան պատերազմի տիպի, այլ անգամ շատ աւելի լոկալ (տեղական-Խմբ.) ու փոքր բախումների ժամանակ: Աւելին՝ կործանիչ աւիացիան կարող է օգտագործուել անգամ առանձին, նեղ, նախայարձակ գործողութիւններում:
Կործանիչ աւիացիայի ճկունութեան մէկ այլ օրինակ է ցամաքային զօրքերի հետ փոխգործակցութեան ահռելի պոտենցիալը (կարողականութիւնը-Խմբ.), երբ օդուժը կարող է ուղղորդել առաւել կարեւոր թիրախներին կոմբինացուած (զուգակցուած-Խմբ.) օդային, հրթիռային եւ հրետանային հարուածներ հասցնելը:
Յաճախ է քննարկւում նաեւ Ադրբեջանի՝ բաւականին զարգացած ՀՕՊ պայմաններում կործանիչ աւիացիայի նպատակայարմարութեան հարցը: Արդեօք թշնամու ուժեղ հրետանին պատճա՞ռ է սեփական հրետանին չզարգացնելու համար: Կամ ուժեղ հակատանկային հնարաւորութիւնները պատճա՞ռ են, որ հրաժարուենք տանկերից ու այլ զրահատեխնիկայից: Սրանք, իհարկէ, հռետորական հարցեր են: ՀՕՊը երաշխաւորուած չի չէզոքացնում աւիացիայի հնարաւորութիւնները: Առաւել եւս, երբ գործ ունենք բազմաֆունցկիոնալ (բազմաբնոյթ գործողութիւններ կատարող-Խմբ.) կործանիչների հետ, որոնց խնդիրներից մէկը հէնց թշնամու ուժեղ ՀՕՊ ճնշումն է: Կը յաջողուի դա անել թէ ոչ, կախուած է կոնկրետ ռազմական գործողութեան պլանաւորումից ու իրագործումից: Աւելին՝ ընդհանուր առմամբ, ՀՕՊ հնարաւորութիւնների մասին հանրային պատկերացումները բաւականին ուռճացուած են:
ՊՈՏԵՆՑԻԱԼ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Նախորդ հատուածից կարող է տպաւորութիւն ստեղծուել, թէ աւիացիան կախարդական փայտիկ է, որի մէկ շարժումով կը լուծուեն մեր անվտանգութեան խնդիրները, եթէ ընդամէնը 600–700 մլն. դոլար ծախսենք: Իհարկէ այդպէս չէ. Սու-30սմ էսկադրիլիան նաեւ նոր խնդիրներ է ստեղծում:
Նախեւառաջ, եթէ սկսում ենք կառուցել ռազմական աւիացիա, ապա չպէտք է բաւարարուենք միայն կործանիչներ գնելով: Առաջին պլան է դուրս գալու նաեւ սպառազինութիւնում եղած միջոցների կապիտալ նորոգումն ու արդիականացումը: Խօսքն առաջին հերթին Սու-25 գրոհիչների մասին է: Դրանց արդիականացումը Սու-25սմ3 տարբերակով թէեւ լրացուցիչ ծախսեր է ենթադրում (ընդհանուր՝ մօտ 100 մլն. դոլար), սակայն կ՛օգնի էապէս աւելի արդիւնաւէտ դարձնել օդուժը, ինչպէս թշնամու ՀՕՊ ճնշման, այնպէս էլ ցամաքային ուժերին աջակցելու հարցում: Սպառազինութիւնում եղած ուղղաթիռների կապիտալ նորոգման եւ արդիականացման համար կը պահանջուի եւս մօտ 30 մլն. դոլար:
Առանձին խնդիր է նաեւ օդանաւակայաններում ինքնաթիռների պաշտպանութեան հարցն անակնկալ հրթիռային յարձակումներից: Կարելի է ենթադրել, որ «Էրեբունի» աւիաբազայում ռուսական օդուժի հետ համատեղ կայանումը որոշակի պաշտպանութիւն կ՛ապահովուի, քանի որ քիչ հաւանական է թւում, որ Ադրբեջանը կը համարձակուի հարուածել ռուսական ռազմաբազային, սակայն հասկանալի է, որ զուտ սրա վրայ յոյս դնել չի կարելի:
Օդանաւակայանների անվտանգութեան համար անհեռանկարային է նաեւ հակահրթիռային պաշտպանութեան համակարգի զարգացումը, քանի որ այդպիսի համակարգերի իրական արդիւնաւէտութիւնը խիստ կասկածելի է: Ինչպէս ցոյց տուեց Սաուդեան Արաբիայի եւ Եմենի պատերազմը, անգամ այնպիսի հզօր համակարգը, ինչպիսին ամերիկեան Patriot-ն է, հնարաւոր է լինում շրջանցել կամ խոցել գրագէտ ընտրուած մարտավարութեան շնորհիւ:
Եւ վերջապէս պաշտպանուածութիւնը կարելի է բարձրացնել ինքնաթիռները բաշխելով տարբեր օդանաւակայաններում եւ պարբերաբար դրանք տեղափոխելով: Այս տարբերակի համար կը պահանջուի, որ գործող ռազմական օդանաւակայաններից բացի (Էրեբունի, Շիրակ, Արզնի) վերականգնուեն նաեւ ԽՍՀՄ ժամանակ գործած միւս օդանաւակայանների եւ աէրոդրոմների (օդակայաններու-Խմբ.) թռիչքուղիները: Դրանք պիտի կարողանան ապահովել ինքնաթիռների կարճաժամկէտ կայանումն ու սպասարկումը: Օդանաւակայանների, աէրոդրոմների ու թռիչքուղիների ցանցի ընդլայնումը լրացուցիչ կը մեծացնի նաեւ օդուժի մարտավարական հնարաւորութիւնները, ինչը սակայն նոր լրացուցիչ ծախսերի կը բերի:
ԱՄՓՈՓՈՒՄ
Ընդհանուր առմամբ, ինչպէս նշեցինք, օդուժը թանկ հաճոյք է: Ու, ինչպէս տեսանք, բացի զուտ կործանիչների գնումից, ապագայում այն պահանջելու է նաեւ այլ ծախսեր. գրոհիչ ինքնաթիռների ու ուղղաթիռների արդիականացում, լրացուցիչ օդանաւակայանների եւ թռիչքուղիների վերանորոգում կամ կառուցում եւ այլն:
Միւս կողմից գրագէտ կառուցուած եւ հաւասարակշռուած ռազմական աւիացիան ի վիճակի է ապահովել ճկունութիւն, մոբիլութիւն (շարժունակութիւն-Խմբ.) եւ մարտավարական լայն հնարաւորութիւններ աւելին, քան որեւէ այլ զօրատեսակ: Այս իմաստով, այո, օդուժն արժի այն գինը, որը պէտք է վճարուի: Դա թանկ գին է, սակայն որքան էլ, որ թանկ լինի յաղթանակի գինը, պարտութեան գինը բազմապատիկ անգամ աւելի թանկ է:
Ամփոփման մէջ մէկ այլ ուշագրաւ հանգամանքի վրայ էլ ենք ցանկանում ուշադրութիւն դարձնել: «Կոմերսանտ» կայքի վերը յիշատակուած յօդուածում հեղինակը նշում է, որ ռուսական կողմը ցանկանում է հնարաւորինս շուտ սկսել գործարքը, քանի որ «դա պէտք է Իրկուտսկի աւիագործարանը մինչեւ 2022թ. բեռնելու համար»: Սա կարեւոր հանգամանք է: Ռուսաստանը պլանաւորում է 2022թ.ից Իրկուստկում սկսել ՄՍ-21 ուղեւորատար ինքնաթիռների արտադրութիւնը: Ընդ որում՝ այդ պլաններն ամենայն հաւանականութեամբ դեռ կը տեղաշարժուեն «դէպի աջ»: Ուստի առաջիկայ 5 եւ աւելի տարիների համար գործարանն աշխատունակ վիճակում պահելու խնդիր կայ, եւ հետեւաբար Ռուսաստանին ամէն գնով անհրաժեշտ են պատուէրներ: Այս պայմաններում հաւանական գործարքի կոմերցիոն բաղադրիչը ռուսների համար դառնում է նուազ կարեւոր, եւ սա լաւ հնարաւորութիւն է հնարաւորինս ցածր գնով ինքնաթիռներ ձեռք բերելու համար։
«ՌԱԶՄԻՆՖՕ»